Փետրվարի 27-ին Բըրբանկ քաղաքի առաջնորդարանի եկեղեցու դահլիճում հանդիպում էր բանաստեղծ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարությունյանի հետ: Հանդիպումը Լոս Անջելեսի գրական հասարակայնության հետ նախաձեռնել և կազմակերպել էր գրող, արվեստաբան Նաթելլա Լալաբեկյանը:
Տեր Ներսեսի օրհնական խոսքից և աղոթքից հետո Ն. Լալաբեկյանը ներկայացրեց բազմավաստակ և գերարդիական բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանին` նրա պոեզիան համեմատելով Ներուդայի, Էլիոթի, Սանգուինետտի պոեզիայի հետ:
Բանաստեղծ Գրիշ Դավթյանը, խոսելով Ա. Հարությունյանի անցած գրական ուղու մասին, հատուկ շեշտեց մարդու վիճակի և ժամանակակից կյանքի յուրօրինակ փոխհարաբերությունները նրա պոեզիայում:
Այնուհետև բեմ ելավ Արտեմ Հարությունյանը: Նախ մի քանի ղարաբաղյան թևավոր կատակներ նվիրելով ներկաներին` ջերմ ու ուրախ մթնոլորտ ստեղծեց: Ապա սկսեց միայն իրեն հատուկ անմիջականությամբ ու էներգետիկայով արտասանել ու կարդալ իր ստեղծագործությունները` դահլիճին դարձնելով մասնակից, գրավելով բոլորի սրտերը: Նրա արտասանության պրոցեսը դարձավ կյանքի ընթացք, մի ներկայացում, որտեղ ներկաները ապրում են և հիանում, ինչը շատ ավելին է, քան պոեզիան:
Հանդիպման երկրորդ մասն սկսվեց հանրաճանաչ երգչուհի Անահիտ Ներսիսյանի երաժշտական կատարումով:
Ելույթ ունեցավ Armenian observer լրագրի երկար տարիների խմբագիր, գրող, հրապարակախոս Օշին Քեշիշյանը: Նա խոսեց Ա. Հարությունյանի ստեղծագործական արժանիքների, նրան բնորոշ գեղարվեստական նվաճումների, յուրահատուկ խորաթափանց տեսիլային աշխարհի մասին, որն այսօր եզակի երևույթ է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:
Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Նա Արտեմ Հարությունյանին անվանեց նոր մարդու բարդ ներաշխարհը պատկերող նոր դարաշրջանի բանաստեղծ:
Վազգեն ԱԲՈՎՅԱՆ
Գրող, Կալիֆորնիայի հայ գրողների միության վարչության անդամ