Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը»

1 001_3Տարիներ շարունակ հանրային ռադիոյի եթերում հնչում է «Ապրելու բանաձև» հաղորդաշարը, որն ինքնին հուզիչ է, բայց նաև հույս, հպարտություն ու լավատեսություն ներշնչող: Հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած մեր քաջազունների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով սեփական վիշտը: Գոհար Մարտիկյանի որդին` սերժանտ Աշոտ Չախոյանը, հատուկ նշանակության գնդի առաջին զոհն է, որի պատմությունով էլ տրվեց և՛ հաղորդման, և՛ մատենաշարի մեկնարկը: «Ապրելու բանաձև» հաղորդաշարը ոչ միայն պահպանվում է հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում, այլև վերածվել է բազմահատոր մատենաշարի: «Ապրելու բանաձև» հաղորդաշարի ու մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանին հաջողվել է պատմավավերագրական փաստագրումներով հերոսների մասին խոսել առանձին-առանձին, բարձրարժեք գրական-գեղարվեստական ստեղծագործության չափանիշներով ներկայացնել կերպարներ, որոնք միանգամից հարազատ ու սիրելի են դառնում: Նման հաջողությամբ մեզանից քչերը կարող են հպարտանալ: «Մենք անպայման կունենանք այն Հայաստանը, որի մասին երազում է մեզնից յուրաքանչյուրը, եթե այս հերոսների սխրանքի պատմությունն ու նրանց ապրելու բանաձևը դառնա մեր ապրելու բանաձևը»,- հարցազրույցներից մեկում այսպես է ասել Գոհար Մարտիկյանը:
Այսօր «Ապրելու բանաձևը» ոչ միայն ռադիոունկնդիրների կողմից սիրված և գնահատված հաղորդաշար է, այլև վերածվել է նույնանուն գրքի: Այսինքն` հայ հերոս ազատամարտիկների կյանքն ու սխրանքի պատմությունը տարիների փոշու տակ չի մնա:
Այն բազմահատոր մի մատենաշար է, հերոսապատում-վիպերգ, պատմության յուրօրինակ դասագիրք, որտեղ պատշաճ մանրամասնությամբ նկարագրված են իրադարձությունները, մարտական գործողությունները և առաջին հերթին մարդիկ, որոնք կերտում էին հերոսական այդ պատմությունը:
Այս պատմություններում կրկնություններ չկան: Յուրաքանչյուր հերոսի «Ապրելու բանաձևը» տարբերվող է` չնայած նրան, որ բանաձևը մեկն է եղել. նրանք կերտել են հաղթանակ ու կռվել են հանուն Հայրենիքի:
«Ապրելու բանաձև» ռադիոհաղորդմանն ու համանուն մատենաշարին հետևող յուրաքանչյուրը կարող է հաստատել, որ, բացի համապարփակ տեղեկատվությունից, մենք ունկնդիր ենք լինում գեղեցիկ ու անաղարտ հայերենի, որը մեզ հիշեցնում է, թե ի՜նչ փառահեղ է հայոց լեզուն ու ինչպիսի հարուստ բառապաշար ունի այն:

Մանկավարժական համալսարանի
Մշակույթի ֆակուլտետի
ռադիոլրագրության բաժնի
2014 թ. երկրորդ կուրսի ուսանողներ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։