Անայիս ԷԱԼՏԸԶՃԵԱՆ
Սիրելի բարեկամներ.
Այսօր հարկ է, որ ինծի համար ըլլայ ուրախութեան և երջանկութեան օր: Իրաւամբ այդպես ալ է, եթե պահ մը մոռնանք թէ Զարեհը ի՜նչ յուզումով, ի՜նչ խանդավառութեամբ պիտի ընկերանար մեզի (եթէ հոս ներկայ եղած ըլլար մեզի հետ): Այսուհանդերձ մխիթարական է և սփոփարար որ նման հանդիսութիւններ շատ անգամներ տեղի ունեցած են անցեալին հոս իսկ Երևանի մէջ իր ներկայութեամբ: Ուրեմն «գնա մեռիր, եկուր սիրեմ» ի պարագայ մը խնդրոյ առարկայ չէ, այլ ընդհակառակը կրկնութիւն մը այն պատիւ յարգանքին, գնահատականին և սիրոյ, որոնց Հայրենիքը զինք արժանի նկատեց, մանաւանդ զինք պարգևատրելով պետական շքանշանով (եղաւ առաջին պոլսահայը զայն ստացող): Ան, նման պատիվներու արժանացաւ նաև սփիւռքի զանազան հայաշատ կենտրոններու մէջ: Ի՞նչն էր Զահրատը այսքան բացառիկ պատիւներու արժանացնող մասնայատկութիւնը:
Իր գրականութեան մասին հանգամանօրէն արտայայտուեցան բանախօսներ: Ակներև է որ ինձմէ գրաքննական արտայայտութիւններ չի սպասուիր: Նախ ես պիտանի ակադեմիական պատրաստուածութիւն չունիմ, ոչ ալ հաւակնութիւն Զահրատի գրականութեան նրբութիւնները բզիկ բզիկ վերլուծելու: Ես պարզապէս գրասէր որևէ անհատի նման հիացած եմ իր բանաստեղծական լեզուին, իր հրաշալի գիւտերուն, երբ ամենահասարակ իրը, երևոյթը թռիչք կառնէ կը սաւառնի բանաստեղծական պատկերի, ներշնչումի արտայայտութեան վերածւիելով: Եւ այս ամենքը այնքան պարզօրէն որ ընկալելի կդառնայ ամէնքին: Զարեհը մեծ է արևմտահայ բանաստեղծական լեզուին մէջ իր ներմուծած յեղաշրջումով, մեկտի թողելով նախապէս գործածուած գունագէղ, ծաղկալից բանաստեղծական ասութիւննէրը, արդիականացնելով թէ լեզուն և թէ միանգամայն թելադրելով այն թաքուն խորիմաստը կը յամինայ մեր գիտակցութեան մէջ: Միջին ընթերցողը, ինչպէս իսկապէս կարտայայտուէ ինք իր մասին «Զահրատը, ուրիշը, տարբերը»: Եղան և կան քննադատներ որոնք զինք քննադատեցին նաև հայրենասիրական գրականութիւն չմշակած ըլլալով: Անոնք կամ իր ամբողջական վաստակին անտեղեակ ըլլալու են, կամ անկարող թափանցելու քօղարկուած իմաստին որ իրեն պահուած կըլլայ: Զարեհը հռետորական, ամբոխավարական աժան գրականութիւն չէ մշակած: Իր ոճը ազնուական է, անուղղակի թելադրական: Երբեմն ճիգ կը պահանջէ:
Պարտիմ նշել թե Ալեքս Թօփճեանն էր, որ1960-ականներուն գիւտը ըրաւ Զահրատին և զայն ծանօթացուց համայն Հայաստանի գրական շրջանակներուն: Յետագային այդ ծիրը այնպէս մը լայնցաւ որ Զահրատի ամէն անգամ Երևան այցը կը դիմաւորուէր մեծ խանդավառութեամբ, գրկաբաց: Ան կ’ըլլար կիզակէտը ամէն ուշադրութեան, ոմանց նախանձը քրքրելու աստիճան:
Արդեն մօտ 9 տարի է որ չկայ Զահրատը: Յէտմահու հրատարակուեցան 8 հատորներ, իրմէ և իր մասին` երեք հայերեն (որոնցմէ երկուքը աշխատասիրուած իմ կողմէ), երեք անգլերէն թարգմանութեամբ, մէկ թրքերեն, մեկ ալ պարսկերէն: 8-9 տարուան շրջանի մը համար քիչ մէջբերում մըն ալ չէ ասիկա և անգամ մը ևս կուգայ ապացուցանել թե անոր գործը կորստեան չէ մատնուած, հակառակ որ գտնուեցան անձեր որոնք ճիգ չխնայեցին զինքը մոռցնիլ տալու համար:
Ինծի նուիրած է հատոր մը «Մեկ քարով երկու գարունը», նաև բազմաթիւ բանաստեղծութիւններ, միշտ անկեղծ, միշտ հարազատ, այն ինչ որ կար հոգիին մէջ, դրական կամ ժխտական, առանց թաքցնելու կամ կեղծելու շինծու զգացումնէր: Ես ալ այդ է որ պիտի սպասէի իրաւ մարդէ մը որ եղաւ իմ կեանքի ընկերը տասնամեակներով: Շատ սիրեցի զինքը, ամէն ոք սիրեց զինքը: Տարիներ անց անգամ մը երբ Երևան էինք զարմանքով կը նշմարէի թե հանգուցեալ Հրանդ Մաթէոսեան շուքի պէս կը հետևէր Զարեհին, պատրաստակամ զայն պատուելու, գոհ ձգելու: Շուարած էի: Մաթէոսեանի նման հսկայ մը… Ինչպէ՞ս կըլլար: Շփոթս յայտնեցի տիկին Վերժինին: Ի՞նչն էր որ իր ամուսինը կը մղեր նման վերաբերմունքի: «Գիտե՞ք ըսավ, գաղտնիք մը յայտնելու պէս, համեստ մարդ է ան»: Արդեօք ա՞յս էր որ Զահրատը կդարձնէր խառիզմաթիք բոլորին, նաև իր լավատես, բարեմիտ հումորը որ կը ճառագայթէր թե իր անձէն և թե իր քերթողութիւնէն:
Ան երջանիկ մարդ մըն էր, երբ կը գրեր:
Նախաստեղծ էությամբ ու կոչումով՝ որպես «մի ոմն բանաստեղծ Զահրատ…»
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Անցած տասնամյակների ընթացքում շատերն են փորձել սպառիչ գնահատականներ տալ Զահրատի անձին ու գործին, բայց, կարծում ենք, ի վերջո, ճշմարտությանը մոտ են նրանք, ովքեր բարձրագոչ որակումներ տալուց, հավակնոտ համեմատություններ անելուց ավելի, ընդգծել են նրա ստեղծագործական անհատականության ինքնատիպությունը՝ համարելով այն պարզապես անկրկնելի, անօրինակելի, իսկապես նորարարական: Այս իմաստով միանգամայն իրավացի է Ալեքսանդր Թոփչյանը, երբ գրում է՝ «Բանաստեղծներ շատ ունեցանք 20-րդ դարում, փառապանծ, իսկապէս հոյակապ, իսկապէս բանաստեղծ, բայց Զահրատն ուրիշ է: Նա ո՛չ մեծ է, ոչ էլ փոքր է նրանցից: Նա իսկապէս եզակի է»:
Բայց ո՞րն է զահրատյան անկրկնելիության կամ ինքնատիպության գաղտնիքը: Նախ և առաջ՝ իր անհատական էությունը, գրողի և մարդու ներաշխարհային ուրույն տեսակը, որի արմատները անքակտելիորեն կապված են իր, իր տոհմի և իր ազգի կենսագրությանը:
Հայրը՝ Մովսես Խորենը, Պոլսում էր ծնվել, սակայն պապի պապը Արևելյան Հայաստանից էր՝ Գորիսից: Հետագայում, թերևս, արյան հենց այդ կանչից են ծնվել բանաստեղծական տողերը՝ «Քար մըն ալ ես եմ // Գորիսի քարանձավներէն փրթած»… Պապը Պոլսոյ արքունիքի մէջ «եալտըզճիբաշի»՝ պալատի նկարիչը ու նաև ոսկեզօծողն է եղել: Այստեղից էլ նրանց տոհմական Եալտըզճեան ազգանունը: Մոր ընտանիքը Սամաթիայից էր: Սիրել է կրկնել, որ շատ նման էր մորը, և իր յուրահատուկ հումորն էլ նրանից էր ժառանգել: Ցավոք, հայրը հիվանդացել ու շատ վաղ է մահացել՝ թոքախտից, երբ Զարեհն ընդամենը երեք տարեկան էր: Ավելի ուշ այն հարցին, թե 1915-ին զոհ տվե՞լ են, Զահրատը պատասխանել է՝ «Չենք տուել, բայց Եղեռնի անարիւն զոհերն էլ քիչ չէին»:
Եվ ահա ծննդյան իսկ օրից աշխարհի ու կյանքի «տաքը պաղը ճանչցած» պատանին ստիպված էր առևտրով զբաղվել: Սակայն, ինչպես ինքն է խոստովանել՝ նաև «Գողանալու, անհետանալու պէս մտնում էի ինքս իմ մէջ ու գրո՜ւմ, գրում էի»: Ընդհանրապես, գրել սկսել է վեց տարեկանից: Մի կարճ պահ՝ 40-ական թվականներին, փորձել է հանգավոր գրել, դասական ոճով ու ձևով: Բայց արագ հասկացել է, որ «աղուոր չէ», իրենը չէ: Առաջին բանաստեղծությունը՝ «Աստղ մը» վերնագրով, տպագրվել է 1943 թվականին «Ժամանակ» օրաթերթի գրական էջում: Արդեն, ինչպես ինքն է ասում, փոխել էր ուղղությունը, սկսել էր «պարզ գրել, առանց յանգի»: Սակայն զգուշացնում էր, թե «չկարծէք գրածս բոլորովին անկաշկանդ է, իր ներքին կշռոյթը ունի, ներդաշն է, իր ներքին երաժշտութեամբ ու ներքին իմաստներով մէկ բանաստեղծական գրգիռ ունի»:
Իհարկե, դաշտը, ուր ոտք էր դնում պատանի Զարեհը, անմարդաբնակ չէր բոլորովին: Նրանից առաջ արդեն կային Կարպիս Ճանճիկյանն ու Հայկազն Գալուստյանը: Առաջինը՝ ցավոք, թոքախտից վախճանվեց 26 տարեկանում, երկրորդը՝ տեղափոխվեց Երևան «ու ձգեց գրելը»: Բայց մինչ այդ նրանք՝ Գեղամ Սևանի բնորոշմամբ՝ «նոր խօսքի անմիջական ռահվիրաները», հասցրել էին նշել «իսթանպուլահայ բանաստեղծութեան ուղին», որի բացած հետքերով գնաց, այսպես կոչված «երեք հրացանակիրների» հրաշալի եռյակը՝ Զահրատը, Խրախունին և Հատտեճյանը: Այնպես որ, այս եռյակին բաժին ընկավ պոլսահայ, հետագայում պարզվեց նաև ամբողջ սփյուռքահայ պոեզիայի դրոշակակիրը լինելու ծանր առաքելությունը:
Անսովոր ու «տարօրինակ շարժումը» առաջին պահ, մեղմ ասած, բարյացակամության չարժանացավ: Պայքարն ընթանում էր ավանդների և նորարարության խնդրի շուրջ: «Մերժել 200 տարուայ աւանդութեուն մը, ստեղծել գեղեցկութեան նոր իտէալ մը՝ դիւրին բան չէ աւանդապահ ու պահպանողական ազգի մը մէջ», գրում է Վահե Օշականը: Ըստ նրա, մի սէնարիօ (սցենար) է սա, որի «գլխաւոր դերակատարն էր Զահրատ, սէնարիօ մը որ կը կոչուի նաեւ առարկայական խորհրդանշական բանաստեղծութիւն որուն գաղափարախօսը եղաւ Զարեհ Խրախունի»: Նոր պոեզիայի գլխավոր հատկանիշներից մեկն այն էր, թե «Այլեւս զգացումներուն պիտի չխօսի բանաստեղծութիւնը, այլ՝ իմացականութեան»: Այս իմաստով բնորոշ է հիշյալ տարիներին Վահագն Դավթյան – Ալեքսանդր Թոփչյան բանավեճը:
Այդ օրերի բանաստեղծական արձագանքն են «Հերոսամարտ» քերթվածի տողերը՝
…Մենք ալ մեր // Հերոսամարտը մղեցինք
Մեր անցեալին մէջ մենք ալ
Վերապրեցանք վիրաւոր
Զահրատյան քերթվածների պոետիկային անդրադառնալիս, շատերն են նախապատվությունը տվել արտահայտման պարզությանը: «Լեզուն, ըսելու կերպը իմ ուզածս է (…) պարզ, յստակ, վճիտ, ինչպէս մեր հայերէնը աղուոր խօսողի մը բերնին մէջ», գրել է Հակոբ Մնձուրին: Սակայն պարզություն հասկացությունը ենթադրում է նաև մտածողության, կենսափիլիսոփայության ուրույն որակ, որ քչերի մենաշնորհն է: Հայտնի է Հովհաննես Թումանյանի դասական ձևակերպումը՝ գրականությունը աչքի պես պարզ ու աչքի պես բարդ պիտի լինի: Պատահական չէ, որ Զահրատի պոեզիան համեմատել են Ակնա հայրենների, ճապոնական հոքուների հետ: Պոետիկայի առումով զահրատյան պոեզիայի ինքնատիպության հատկանիշներից է համարվել նաև «խոսակցական լեզվի դարձուածքային գանձարանի օգտագործումը», որը գրեթե անթարգմանելի է դարձնում այն: Այդուհանդերձ, չմոռանանք, որ Զահրատի անկրկնելի քերթվածները թարգմանվել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ լեզուներով: Ավելին՝ լիտվացի ճանաչված բանաստեղծ Մարցելիուս Մարտինայտիսը, Ալ. Թոփչյանի հավաստումով՝ հմայված Զահրատի Կիկոյով, կարճ ժամանակ հետո ստեղծեց նրա լիտվացի երկվորյակին՝ Կուկուտիսին: Զահրատի առիթով կարելի է խոսել նաև մտքի անակնկալ շրջադարձերի, գյուտերի, իմաստասիրական խորիմաստ բառախաղերի և այլ յուրահատկությունների մասին: Թերևս, միայն Զահրատը կարող էր ասել՝ «Եվ այդպես կենալ կենալը մոռցած», «Չորս դիեն՝ մըռայլ երգեր կըկաթին»… Իսկ ո՞վ է սերը «գովերգել» Զահրատի նման՝ ասենք, «Կարկին» քերթվածի մեջ՝
Մեկ ոտքին ես – մեկ ոտքին դուն // Դուն անմատույց կեդրոն լույսի
Ես բոլորտիքդ շրջանակ թափառուն
Ինքնատիպ են նաև բնության զահրատյան զգացողություններն ու պատկերները: Նրա ընկալմամբ՝ «Ծառ մը կը բուսնի – կանանչ // քերթուածի մը պէս», «Ցնցուղը պիտի շարունակէ // գարուն սրսկել», և այսպես շարունակ…
Զահրատն իր թաղի քերթողն է, լեզուն աղքատ է թաղեցիների նման, բայց դա չի խանգարում, որ պար խաղա «բառերուն հետ», բառերն իր զինվորներն են, իսկ ինքը՝ «բառերու խենթ ռազմավար»: Քանզի այդ բառերը կազմված են մեսրոպաբույր տառերից, որոնք «Ուր որ ըլլան հողմացրիվ ուր որ գաղթեն (…) ազատություն կբուրեն» («Մեսրոպաբույր»): Իսկ տաղերի միակ հարստությունը թաղեցիների հոգերն են: Ահա թե ինչու, իր պատկերները «թաղեցիների երազները» ունեն՝ գույնզգույն, լույս-լույս… («Թաղ»):
Զահրատն ինքը շատ ճշգրիտ է ձևակերպել բանաստեղծի ինքնատիպության գաղտնիքը՝ «… ան որ իր կեանքին մէջը կը շարունակէ գոնէ քիչ մը բանաստեղծութեամբ ապրիլ, շատ աւելի պայծառ, շատ աւելի երջանիկ աչքերով կը նայի աշխարհին»:
Շատ քչերին է հաջողվում ստեղծել կերպարներ, որ մնան ժողովրդի հիշողության մեջ, դառնան հասարակ անուն, այլ խոսքով՝ շարունակեն ապրել իրենց ինքնուրույն կյանքով՝ միշտ կենդանի: Այդպիսին է Զահրատի Կիկոն: Ինչպես Օտյանի Փանջունին, Մաթևոսյանի հովիվները, Աղասի Այվազյանի Գրիգորն ու Կիրակոսը… «Կիկօն իմ միջի, ձեր միջի, իւրաքանչիւրի միջի մարդն է: Նրանք մեր գաղտնի Կիկօներն են», ասել է Զահրատը հարցազրույցներից մեկում:
Ասվել է, որ Կիկոն նոր ժամանակների մեջ շփոթված «փոքր» մարդն է: Թվում է, նման հերոսը պիտի անպաշտպան լինի, խեղճ, ներքաշված, բայց այստեղ է, որ Զահրատը, ասես աննկատ, միանում է իր հերոսին, բարձրացնում նրան բանաստեղծական հոգու երկնքի մակարդակին: Բայց լսենք Զարեհ Խրախունու բանալի-բացատրությունը՝ «Բանաստեղծութիւնը մեզի ծանօթ բաներու մասին պիտի խօսի, զանոնք բացայայտօրէն գործածելով իբր խորհրդանշաններ…»: Նշանակում է, զահրատյան բառը, խոսքը չպետք է ընկալել սոսկ նրա բառարանային նշանակությամբ, այլ նաև խորհրդանշանային իմաստների տեսանկյունից: Եվ ահա Կիկոյի «միտքը ման կուգա քաղաքե քաղաք», «կսավառնի մոլորակե մոլորակ», «կճախրե աստղե աստղ»՝ խորհելով աշխարհի ու տիեզերքի մասին: Կիկոն նաև պաշտպանված է, ունի «վահան մը լույս // Վահան մ’աննյութ – զուտ գաղափար – բորբ հավատք», որով՝ հպարտ բռնած կրծքին՝ դիմակայում է «լուտանքներուն դեմ մոլեգնած աշխարհին» /«Արկածախնդրություն», «Վահան»/: Իսկ չէ՞ որ դա նաև բանաստեղծի նկարագիրն է՝ «Ինքնությունս այնքան խոր է – այնքան խիտ // Որ ձեր գիտցած տիեզերքին սահմաններեն կհորդի…» («Զարմանահրաշ»), «Անջրպետի լարախաղացն եմ…» («Լարախաղացը»): Նաև «ոսկեմատ դերձակ» է բանաստեղծը, որ շատ սերերից պատռվող սրտերը ուզում է կարել, ալքիմիկոս, որի գործը սեր չափել ու սեր կշռելն է… («Ոչ»): «Շաղախն է», որ իրար է զոդում մարդկանց «աշխարհացրիվ անունները», «շաղկապն է» նրանց միջև… («Հոծ»): Կարճ ասած՝ բանաստեղծը, որ ոչինչ չունի երկրային նյութական «բարիքներից», իր կյանքի իմաստն ու երջանկությունը տեսնում է «ամենուն հետ» ծնվելու, երգելու, մեռնելու և նույնիսկ մոռցվելու մեջ: Եվ կոչ է անում բոլորին՝
Բացեք ձեր պատուհանը դարն երգողներուն,
Անոնք ձեր մտերիմներն են // Դուք եք անոնք: («Դարուն երգը»)
Այստեղ է, որ արդեն նույնանում են ոչ միայն Զահրատն ու Կիկոն, այլև ամենքը՝ փոքրն ու մեծը, իրականությունն ու երազը, երազատենչն ու երազահյուսը: Այսինքն՝
Մեկ անգամ Կիկո զերո / / … Հարյուր անգամ Կիկո մենք: /«Զերո»/
Շատ է խոսվել ու գրվել, որ ծնվելով և ապրելով Պոլսում՝ Եղեռնին հաջորդած տարիներին ու տասնամյակներին, բանաստեղծը, բնականաբար, չէր կարող թեկուզ և արվեստի լեզվով բարձրաձայն, լիարժեքորեն արտահայտել իր ազգային ու հայրենասիրական զգացումներն ու խոհերը: Այս ամենը ճիշտ է, բայց ճիշտ է նաև այն, որ հայրենիքի, հայրենի հողի ու դարավոր մշակույթի նկատմամբ անսահման սերն ու նվիրումը ներծծված է նրա ամեն մի տողում ու պատկերում: Վկան՝ «Առանց մղձավանջի» քերթվածը՝ Մենք գետ ենք եղել հոսող և եթե պետք է «ծովն ու լիճը ոռոգել», կարող ենք անել: «Նետ ենք եղել – սլացել և թե պետք է անջրպետներ ծակել», կանենք: Մենք թեև «կետ ենք եղեր փոքրիկ», թե «անհրաժեշտ է օր մ’ալ կորսվիլ»՝ Մենք չենք կորսվիր:
Ահա և «Էջմիածին»-ը («Քարանուագ» շարքից)՝
Քարը ոչ ջուր է ոչ օդ – ոչ արեւ // Եթէ խաչքար չէ…
«Իմ մտահոգութիւններս առաւելապէս համամարդկային եղած են: (…) Որովհետեւ, կուզեմ որ օտարները հայութիւնը ճանչնան ոչ թէ իբրեւ էթնիք հաւաքականութիւն, ո՛չ թէ իբրեւ փոքրիկ համայնք, այլ իբրեւ ազգ մը, որ պատմութեան բաներ մը կու տայ: Ոչ թէ միայն ազգային ցաւերը կերգէ, այլ (…) մարդկութեան ընտանիքին մաս կը կազմէ (…) Ու ասիկա պէ՛տք է ծանօթացնել օտարներուն…», ասել է Զահրատը իր երկրային կյանքն ավարտելուց մեկ տարի առաջ՝ 2006-ին, Մոնրեալում:
Նա մի քանի անգամ եղել էր նաև Հայաստանի Հանրապետությունում՝ անկախացումից առաջ և հետո: Բայց անկախ ռեժիմներից, բոլոր տեսակի քաղաքական թե սոցիալական հանգամանքներից, Հայրենիքը նրա համար կյանքի ամենամեծ ազդակն էր, քանզի հավատացած էր, որ «Ամէն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի իր սրտի մէջ»: Ուրեմն և՝ Հայաստան գալը «հողը կոխոտել չէ: Հայաստան գալը ինքզինքը հաստատ զգալն է: Ճանապարհ գնալ չէ, տուն գալ է»: Թեև բազմաթիվ պարգևներ ուներ, այդ թվում նաև Միջազգային բանաստեղծների միության կողմից շնորհված «Պսակավոր բանաստեղծ» տիտղոսը, բայց առավել հպարտանում էր Հայաստանում գնահատվելու՝ Մովսես Խորենացի մեդալով պարգևատրվելու համար: Երջանիկ էր, որ «Անկախ Հայաստան ունենալու երազը գտանք իրականութեան մէջ», երկիրը քիչ-քիչ ոտքի է կանգնում: Զարմանալի իրատես էր՝ սրտացավ հետևում էր ու գիտեր, որ «դժուարութիւնները շատ են…», որ «Անկախութիւն ունենալը քիչ է, հարկաւոր է նաեւ մարդը իրեն անկախ զգայ: Եվ այդպիսին լինելու ամենազօրաւոր ազդակը տնտեսականն է»… Բայց նաև անուղղելի լավատես էր ու համոզված, որ «նեղութեան այս շրջանն էլ հետզհետէ կանցնի», և ազգը «խորքերից իր ուժը կը հանի ու կը յաղթի»:
Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Զահրատը հրատարակել է բանաստեղծական ութ ժողովածու: Շա՞տ է, թե քիչ: Դժվար է պատասխանը, մանավանդ խոստովանել է, թե շատ է գրել, տասը քերթվածից ինը պատռել, զամբյուղն է նետել: Որովհետև նրա բանաստեղծությունը հիմնված էր գյուտերի վրա, իսկ գյուտերը ամեն վայրկյան չեն այցելում նույնիսկ ամենից տաղանդավորներին: Որովհետև ցանկացել է, որ իր բանաստեղծութիւնը «անթերի ըլլայ, բանաստեղծութի՛ւն ըլլայ ոչ թէ պարապ խօսք…»:
Ահա թե ինչու, մի քանի հատոր անտիպներ է թողել, վիթխարի մի արխիվ: Նրա մահից հետո անցած տարիներին այդ անտիպները Ստամբուլում հրատարակվեցին երեք ծավալուն հատորներով՝ «Դդումի համը» (2009), «Անտիպ թերթս» (2012) և «Եկեր եմ կերթամ այսպէս-որու ինչ» (2012): Բայց դա էլ դեռ ամբողջը չէ: Այստեղ չենք կարող առանձնահատուկ չնշել բանաստեղծի տիկնոջ՝ Անայիս Եալտըզճեանի նվիրումն ու կատարած ծավալուն աշխատանքը՝ «մեծաւ մասամբ ցիրուցան» այդ ձեռագրերը «հաւաքելու, զատելու, ստկելու և դասաւորելու» համար:
Այսօր արդեն հաստատապես կարող ենք վկայել, որ տասնամյակների փորձության միջով անցած Զահրատի բանաստեղծությունը ոչ միայն ազգային, այլև համամարդկային հնչողություն ու ճանաչում ունի: Նրա քերթվածների հիման վրա երգեր են հորինվել և հորինվում, նրա պոեզիայի մասին համալսարանական ավարտաճառեր են գրվել և գրվում՝ ոչ միայն Հայաստանում և ոչ միայն հայերի կողմից…
«Ինչո՞ւ էիր աշխարհ եկել: Ի՞նչ հասկացար, ի՞նչ արեցիր, ինչո՞ւ» Լևոն Շանթի, Պերճ Զեյթունցյանի վեպերից մեզ լավ ծանոթ հարցին, որ հենց ինքն է տվել իրեն, Զահրատը պատասխանել է՝ «Պատասխանը իմ անունն է: Սեւակն իր անունը թողեց, գնաց: Չարենցն իր անունը թողեց, գնաց: Երանի նրանց: Մենք բոլորս ունենք պարտականութիւններ, պիտի կատարենք: Պիտի խրախուսենք նրանց, ովքեր գալու են մեր հետեւից, ուղղութիւն տանք: Յիշենք, որ մենք ոչ առաջինն էինք, ոչ վերջինը»:
Այսօր ահա մենք հավաքվել ենք հավաստելու, որ Զահրատը նույնպես իր անունը թողեց ու գնաց: Բայց ինչպես բոլոր մեծերը, մնաց ու մնալու է պոեզիայի իսկական սիրահարների, մեր բոլորի, հարազատ ժողովրդի սրտում և հիշողության մեջ՝ նախ և առաջ իր նախաստեղծ էությամբ ու կոչումով՝ որպես «մի ոմն տաղասաց…, մի ոմն բանաստեղծ Զահրատ…»: Երանի նրան:
Թորոս ԹՈՐԱՆԵԱՆ
ԶԱՀՐԱՏԻՆ
Ուշ աշնան քամին ծառերը սանտրեց
Ու մէկ-մէկ խլեց տերեւներն ամէն,
Աշունը ահա մազերս ներկեց
Լոյս-սպիտակով խաբել զիս կարծեց…
Գարնան հետ քիչ ետք ծառերը բոլոր
Կը ծաղկին դարձեալ հարսնեւորի պէս,
Բայց ծաղկումիս իմ կայծը քիչ առ քիչ
Կ’աղօտի աւա՜ղ, արեւմարն ինչպէս…
Բայց գիտեմ աշնան ու ձմրան դէմ ալ
Կուրծք տալ քաջաբար երգերով իմ խեռ,
Որոնք պիտ ընդմիշտ սէրերս տանին
Յոգնած բայց յամառ դարերուն անմեռ…
Ու պիտի դարձեալ արեւծագի պէս
Ողողէ լոյսով աշխարհը համայն.
Ու գիտեմ՝ գիտեն բոլորը արդէն
Որ սկիզբ ունիմ բայց չունիմ վախճան: