Բանաստեղծություն ծաղկող աղջիկ՝ Նոնա Պողոսյան / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ինքնագիտակցման արդյունքում բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը վաղուց է արել իր բացահայտումները և ոչ թե լքել է լռության տարածքը, այլ նրանք կանգնել են կողք կողքի, դեմ դիմաց ու ճանաչել իրար՝ ինքն ու լռությունը: Ճանաչել ու միահյուսվել են, ինչպես մեկը մյուսի մեջ ապրող պտուղն ու կորիզը: Ժամանակը կորցրել է իր զորությունը, չի խեղդել նրանց իրար մեջ, այլ թույլ է տվել, որ լռության միջից լսվի ինքնագիտակցված բանաստեղծուհու ճիչը:
…Այս քաղաքի ճակատագրում//կանգնելու տեղ չկա…//Ու ինձ չի փրկի ոչ մի սիրախաղ…
Շարժում կա «բառաթափ լռության» մեջ, ճիշտ այնպես, ինչպես սառցապատ գետի անդորրը, որի տակ դեռ քչքչում, փսփսում են մաքուր ջրերը: Բայց սառույցն այլևս չի տեղավորվում ժամանակի մեջ, ճայթում է ու ճչում, երբ գարունը ճեղքում է նրա կուրծքը: Այնքան թանձրացած ու անսքող է ինքնության գիտակցումը, որ բառը դուրս է հորդում ու հոսում առաջ, ետևում թողնելով սառույցի հալվող լռությունը: Լռության մեջ նյութվող սիրախաղերի պարտությունն այլևս ակնհայտ է աշխարհընկալումների ողջ տարածքում, և այդ ֆոնին ծայր առած ինքնագիտակցումն արդեն ինքնամերժում չէ, ընդհակառակը, երախտիքի խոսք՝ ուղղված լռությանը.
…Դու այնքան լռին ես ներգաղթել իմ մեջ,//Որ չեմ հասկացել, ինչպես շատացա քեզնով,//Ինչպես թանձրացավ իմ ինքնությունը,//Իրողությունս դարձավ անսքող…
Խոսքը կենդանի գոյությամբ ապրող ու շնչող մայրաքաղաքի՝ Երևանի մասին է: Քաղաք, որ թանձրացել է ինքնության հասնող խրոխտ թանձրությամբ: Խրոխտ, վեհորեն ու հպարտությամբ պահվող ինքնություն, որտեղ երգեր են դառնում հոգին ակոսող բոլոր ճիչերը, ու ծայր է առնում խոստովանությունը՝
Աշուններիդ մասին են բառաթափ երգերս,//Գարուններիդ մասին են մաշված ձյուներն իմ…
Խորհրդավոր գաղտնիքներ պահող սառույցն այլևս ժամկետանց է, չկա: Իր հունի մեջ ազատորեն շարժվելու զգացողությունից ջարդվում են սառույցները, ու բանաստեղծուհու ներաշխարհից դուրս է հորդում սերն ու հավատարմությունը Երևանին.
Դու չես ձայնում ինձ,//Բայց չեմ գնա, մեկ է…
Բանաստեղծական հոգիներում թագավորող լռության տակ, սառցապատ գետի միջից պոռթկալու իրենց հերթին սպասող մաքրամաքուր, սիրառատ ու նվիրյալ ջրերից զատ, հաճախ` պատեպատ զարկվող քամիներ են շնչում: Բանաստեղծական հոգիները ակոսող խռովահույզ քամիներ, որոնք դուրս են հորդում որպես փոթորկահույզ տողեր:
«Ես քամիների հետ գնացի.//Որ փոթորիկների հետ վերադառնամ»,- այսպես հայտարարում է բանաստեղծուհին և զգուշացնում՝ «…Ես կգամ շառաչելու ձեր գիշերներում…»: Եվ շառաչում է, սակայն շառաչում՝ սեփական գիշերներում, ուր հավաքված են բոլորը՝ հայրենիքը, քաղաքը, երկիրը, մեծը ու փոքրը: Այդ սեփական գիշերներն են միախառնվել հայրենիքի, քաղաքի, երկրի, մեծի ու փոքրի գիշերներին:
…Եվ ինքնաճանաչումն ինքնագնահատականի է տանում.
Ես անխնա հոսում էի ձեր աչքերով,//Հորդառատ թափվում ձեր մտքերին,//Ինձ ներեք՝ թե ձեզ տրվեցի բեռով,// Որ երբեք ուսիցս վար չդրի://. . . //Ես անխնա տրվում էի ձեր կրակին,//Մոխիրներից ձեր կայծեր հանում,//Ու թափանցիկ էի ձեր ճերմակին,//Ու ձեր սևի վրա՝ աննկատ գույն…
Ահա ավելին, քան անշահախնդիր նվիրումի մասին ասված կամ արված որևէ բնութագիր կարող է լինել, այն էլ՝ չափածոյում: Ավելին է խոսքը, որովհետև ավելին է ապրումը: Երբ ավելին է ապրումը, դժվարանում ես տարանջատել բանաստեղծուհուն նրանից, ում մասին բարձրաձայնվում է.
Ես անխնա զարկվեցի ձեր սրտերին,//Անդուռ, անհասցե ու անանուն…//…Մի օր էլ տեսա՝ դուք եք իմ գերին,//Ու իմ տողերով եք խիղճը ձայնում…
Ինքնագիտակցման յուրաքանչյուր պահ ծաղկող ծաղիկ է բանաստեղծական ծառի ճյուղին: Ծաղկող ծաղիկ, ծաղկող աղջիկ՝ Նոնա: Ծաղիկ՝ կյանքի ծառին, կյանք, որ ծաղկած կանգնել է իր առջև, սկսվելով նախաբանից.
Նախաբանն ես իմ…//Ուր ես սկսվում եմ//Քո շշունջներից…//. . .//…Վերջաբանն ես իմ…//…Դու ինձ կփակես//Պաղ մի օր աշնան՝//Խոստովանելով,//Որ այս աշխարհում//Իմ մեջ ես թերթել//Ծաղկող աղջկան…
Նոնա Պողոսյանի «Ժամկետանց լռությունը» նրա հանդիպումն է սեփական կյանքի ծառի ու ճյուղերի հետ, որ իրականություն է դարձել շատի ու քչի, մեծի ու փոքրի, թույլի ու հզորի, ճակատագրի ու դիպվածի խաչմերուկներին և անպայման այնտեղ, ուր լռությունը հասել է իր լրումին:
Երբ լռությունն այլևս ավարտված է, պետք է խոսել, բարձրաձայնել, հասկանալ ու հասկացնել, որ ունենք այն, ինչ ունենք: Դե, եթե, իսկապես, մերն է մեր ունեցածը, ուրեմն նրա ներկայությունը` իր ամբողջ շատի մեջ, կամ այն ինքնամոռաց ընդունելու ճանապարհն է ճիշտը.
Քո ներկայությունն այնքան շատ է,//Որ միշտ բացակա եմ ինձնից ստանում…//Թույլ տուր տեղավորվել կողքիդ՝// Առանց նախապայմանների, //Հաճոյանքը ջնջած…
Այսպիսին է երևանյան թեմայով գրված բանաստեղծությունների շարքը՝ առանց նվիրվելու, նրա առջև խոնարհվելու, նրանից չբաժանվելու հրապարակային ու ամպագոռգոռ հայտարարությունների, այլ միայն լռությունից նոր պոկված շշնջյուններով:
Հենց լռությունից էլ պոկված են բանաստեղծուհու պատկերավոր, զարմանալի անցումներով, գեղեցիկ համադրումներով իրար հետ միահյուսվող խոսքերը, որ տրամադրում են չընկրկել, որքան էլ ցավոտ է իրականությունը.
…Հիմա ես ամեն թռիչքից առաջ//Արնոտ փետուրներ եմ տեսնում երազում…
Նոնա Պողոսյանը շարունակ բացվող ծաղիկ-աղջիկ է իր բանաստեղծության ճյուղին: Նրա բանաստեղծական խոսքին հատուկ է բազմակետի միջոցով շունչ առնելն ու ընթերցողին հենց այնտեղ հրաժեշտ տալը: Սակայն ընթերցողի հետ նրա դրած ճամփի պաշարը այնքան գրավիչ, այնքան կյանքային ու խոստումնալից է, որ նա չի կարող հապաղել, չի կարող չառաջանալ ու չանցնել բազմակետի խորհուրդների միջով: Բազմակետից այն կողմ ընթերցողի անցումն սկսվում է առանց բանաստեղծուհու և ավարտվում կրկին նրա հետ՝ կյանք կոչվող աղ ու հացի շուրջը.
Ես սառել եմ ձեր աչքերում,//Ու քարացել ձեր շուրթերին…//Թե երևաք իմ կողմերում՝//Ինձ տարեք ձեր աղ ու հացին…
Աղ ու հաց, այսինքն` կյանք, գոյություն, իրականություն, և այդ ամենին համ տվող իմաստ, մարդկային կյանքն իր ճշգրիտ իմաստի մեջ տեսնելու փնտրտուք: Իրականությունը մարտահրավերի պես, բայց շպրտված է ստեղծագործող անհատի առջև: Ի՞նչ անի ստեղծագործող հոգին, ի՞նչ անի բանաստեղծուհին… Իրականությունը «ծամվում» է իր բոլոր կողմերով, երևութապես առաջադրվող հոգեբանական խնդիրների առջև կանգնեցնում… Իրականությունը «ծամվում» է, բայց չի մարսվում, խնդիրը` խիղճ անունով, սեղմում է կոկորդը.
Ուզում եմ բռնել օրը…//Չի ստացվում://Ձեռքերս լիքն են խղճով…:
Ի՞նչ անի ստեղծագործող հոգին, ի՞նչ անի բանաստեղծուհին, երբ այս ամենից զատ՝
Հանկարծ տողերի արձակ դաշտերում//Լիրբ պատերազմի քամին վըշվըշաց…
Բանաստեղծություն ծաղկող աղջկա կյանքի գրքի մեջ կարմիրով գծված լուսանցք կա՝ արյունոտ սահման… Պատերազմապատ տարածքներ են այստեղ, ու՝
Ես գրում եմ պատերազմապատ տարածքներում,//Ուր պատերազմազերծումը քաղաքականություն է՝//Լրբի շոր հագած…
Պատերազմազերծում… Իսկապես, չարչրկված խոսք, բաժակաճառ՝ քաղաքականության խրախճանքների սեղաններին: Միայն սահմանին է, որ խոցված սիրտ է, որ տաք արյուն է, մայրերի արցունք: Միայն սահմանին են խրամատները:
Խրամատները, որպես այդպիսին, հայտնություն չեն ո՛չ հայի, ո՛չ էլ այլ ժողովուրդների համար: Սակայն բարձրագոչ ճիչ է այստեղ՝ Նոնա Պողոսյանի ինքնության այն երեսին, որ պատերազմապատ է: Ժպիտ աղերսող խաղաղության ճիչ է այն ու՝
Բաց նամակներ են//Երկրից՝ երկինք//Խրամատները…
Արկերը խանգարում են թերթել հիշողությունը աղավնիների երանության մասին, և բանաստեղծական ծառի ճյուղին ահա՝
…Ուսերիս վերցրած հիմա տանում եմ//Չծնված երգի դին անշնչացած…
Նոնա Պողոսյան: Ծաղիկ, որ զրուցում է սեփական ճյուղի, ծառի ու նրանից վեր գտնվողի հետ: Նրան հաղթանակ է պետք: Հաղթանակ սահմանին, որպեսզի վերջ տրվի սրտի երկփեղկվածությանը, որպեսզի ետ դառնա պատերազմապատ տարածքներից ու շարունակի ծաղկել հոգում անթեղած լռության միջից:
Այնպես, ինչպես մոխիրներից հառնող փյունիկ թռչունը, ծաղկել կարող է ժամկետանց լռությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։