Բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նոր գիրքը կոչվում է «Ես գիտեմ` ով եմ…»: Այն բացվում է տաղանդավոր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի 2009 թվականին գրված մեծարժեք առաջաբանով, որի մեջ երկու բառ խիստ բնորոշ է Բաբկեն Սիմոնյան բանաստեղծին, հասարակական գործչին, հայրենասերին: Դրանք են «Նվիրյալը» և «Բազմաճառագ»:
Հայաստանի գրողների և Սերբիայի գրողների միության անդամ, բազմաթիվ պատվավոր մրցանակների արժանացած բանաստեղծն այս նոր գրքում հավաքել է իր անտիպներն ու ընթերցողին է ներկայացնում իսկական հայի հոգու հարստությունը, որը գումարումն է մեր պատմական արժեքների և այսօրվա ազգային հպարտության արժանի երևույթների:
Նա հետևորդն է մեր դասական բանաստեղծների տաղաչափական ավանդույթների, որոնց միջոցով սրտի խորքից խոստովանում է իր համար այն թանկ իրողությունը, թե ինքը հային հատուկ աստվածային արդարամտության, մարդասիրության, քաջության ու ազատատենչության չափածո մատենագիրն է: «Ես գիտեմ` ով եմ…» գիրքը նվիրված է բանաստեղծի հորը` ծագումով վանեցի Ավետիս Սիմոնյանի 100-ամյակին: Վանը, Արտամետը, Մհերի դուռը, Վարագա վանքը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին այս հրաշալի գրքի անձնավորված կերպարներն են: Բաբկեն Սիմոնյանը իրեն զգում է պատմական Հայաստանի զավակը և իր որդիական ապրումները փոխանցում է այնպիսի նրբությամբ, որ հայրենասիրական ամենանվիրական զգացմունքներն ընթերցողին թվում են անձնական: Ամեն ճշմարիտ հայ, հայրենասեր անհատ այս գրքի տողերի մեջ տեսնում է նաև իրեն, որովհետև այն, ինչ ասվում է, թանկագին է, հավերժական և, ամենակարևորը` լուսավոր:
Հայաստանի անցյալն ու ներկան միահյուսվում են հիանալի բանաստեղծություններում, որոնցում տեսնում ենք ողջ Մեծ Հայքը, ազատատենչ Արցախը, Վարդան Մամիկոնյանին ու Սողոմոն Թեհլիրյանին, Խրիմյան Հայրիկին ու Արամ Ա Կաթողիկոսին, Ֆրանց Վերֆելին ու Եղիշե Չարենցին:
Կա՞ արդյոք որևէ հայ, որ Եռաբլուրի կողքից անցնելիս չփոթորկվի և խոնարհման ցանկություն չունենա Արցախի համար զոհված հայ նահատակ զինվորների շիրիմների առաջ, և ահա երևույթի բանաստեղծական դրսևորումը.
Ո՜վ Եռաբլուր,//Դու` նահատակաց հավերժ պանթեոն,// Դու` հիշողություն, դու` մորմոք ու ցավ, //Դու հայ զինվորի հոգու կանթեղով//Լույս ես պարգևել մեր հողին Արցախ…
Որքան տեղին է հնչում Բաբկեն Սիմոնյանի պատասխանը ցարդ հայերին ֆիզիկական, հոգևոր և բարոյական սպառնալիքներ տեղացող ու դրանք իրականացնող երբեմնի քոչվոր ցեղերին ուղղված խոսքը.
Իսկ մեզ` հայերիս,//Դարերից եկող հինավուրց ազգին,//Միշտ փրկելու է պայքարի ոգին// Եվ ո՛ւժը բազկի…
Տասնամյակներ է, ինչ Բաբկեն Սիմոնյանն իրականացնում է կարևոր ու պատվարժան առաքելություն. նա իր թարգմանություններով կամրջում է երկու իրար նվիրված քրիստոնյա ժողովուրդների գրական արժեքները:
Ինչպես պատմական Հայաստանը, այնպես էլ Սերբիան` իր հերոսական անցյալով, իր ազգային արժեքներով, բանաստեղծին դարձրել են իրենց որդեգիրը, և սերբերենը նա գիտի այնքան կատարյալ, որքան մայրենին:
Որքան խորն է հասկացել դեռ պատանի Բաբկենը, որ հային հարկավոր է հաղորդակից դառնալ ճակատագրով խիստ նման սերբ ժողովրդի պատմությանը, գրականությանը, մշակույթին: Նվիրումը տվել է իր ցանկալի արդյունքը. հայ ընթերցողի սեղանին դրված են սերբ գրողների երկերը, նրանց բանաստեղծությունները` նվիրված Հայաստանին, միաժամանակ հայ բանաստեղծները Բաբկեն Սիմոնյանի լեզվով խոսեցին սերբերեն: Արդյոք աստվածահաճո չէ՞, որ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի սերբերեն թարգմանության առաջաբանը գրել է Բաբկեն Սիմոնյանը: Նա հրաշալի գիտի սերբական մշակույթը և հայ հանրությանը Սերբիայի մասին պատմող դասախոսությունները համեմում է սերբական ազատասիրական այնպիսի երգերով, որոնք, թվում է, թե հայերեն են հնչում:
«Ես գիտեմ` ով եմ…» գիրքն ունի տարբեր բաժիններ. նրանում կան սիրո երգեր, որոնք հնչում են զգացմունքի պատանեկան մաքրությամբ, կան տխուր երգեր` նվիրված հարազատ մարդկանց կորստի մշտամորմոք ցավին:
Բանաստեղծություններից մեկը վերնագրված է «Աղոթք առ Հայաստան»: Աղոթքն ուղղված է ամեն հայի Աստծու հովանավորությունն ունենալու համար: Այսպիսի մի աղոթք դեռ XI դարում գրել է մեր մեծերից Հովհաննես Սարկավագ Իմաստասերը, ով նույնպես ուզում էր հայերին իր աղոթքով պաշտպանել վայրի ցեղերի հարձակումներից: Ժամանակակից հայ բանաստեղծը գրում է.
Աղոթք եմ անում կռվից տուն դարձող այրերի համար,// Ճաքած ձեռքերով խմոր շաղախող մայրերի համար,//Աղոթք եմ անում թոնրից նոր հանած տաք հացի համար,// Օջախը լցնող մանկական ճիչի ու լացի համար:
Բեյրութը, Վենետիկը, Կիևը, Սերբիայի տեսարժան վայրերը վերակենդանանում են Սիմոնյանի քերթվածներում:
Գրքի ավարտին տեղադրված են հայ և օտարազգի նշանավոր մարդկանց կարծիքները բանաստեղծի մասին:
Ազգերը շարունակում են իրենց երկրային կյանքը, երբ նրանց գրողները հետագա սերունդների մեջ ներարկում են ազգային ինքնագիտակցության առաջնահերթ զգացմունքը: Այս առումով, Բաբկեն Սիմոնյանի գիրքը շարունակում է Մովսես Խորենացու, Եղիշեի, Խ.Աբովյանի, Վ.Տերյանի, Ե.Չարենցի ավանդույթը:
Գիրքը բացվում է «Ես գիտեմ` ով եմ…» բանաստեղծությամբ, որը պետք է զետեղել հայ գրականության դպրոցական դասագրքերում` թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի: Ահա մի հատված այդ հրաշալի քերթվածից.
Սյուն ու խոյա՜կ եմ, սրբատաշ քա՜ր եմ,
Լույսի երկի՜ր եմ, Գառնո տաճա՜ր եմ,
Ես ջնարակված կուժ ու սափո՜ր եմ,
Սափորից պոկված խեցե բեկո՜ր եմ:
Ես Ավարա՜յր եմ ու գետ եմ Տղմուտ,
Խիզախ Վարդան եմ, զինվո՜ր եմ հմուտ:
Մհերի դու՜ռ եմ ավերակ Վանում,
Հին աստվածներն են ուր հանգրվանում,
Նարեկավանք եմ ու Աղթամա՜ր եմ,
Բարության, սիրո, լույսի կամա՜ր եմ,
Ես Արտամետ եմ ու Այգեստա՜ն եմ,
Հայոց սրբալույս հող ու ոստա՜ն եմ…
ԳԻՐՔ, ՈՐ ԿԱՐԴՈՒՄ ԵՍ ՄԵԿ ՇՆՉՈՎ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

One thought on “ԳԻՐՔ, ՈՐ ԿԱՐԴՈՒՄ ԵՍ ՄԵԿ ՇՆՉՈՎ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ”