Ես գյուղ եմ եկել նկարչի ու հնագետի հետ, հին, բակունցյան ժամանակների նման: Հնագետը շրջում է լքված գերեզմանոցներում, շոյում հին տապանաքարերը, ասես դրանց տակ իր սիրելիներն են պառկած, և անընդհատ վաղեմությունը կորցրած մեղադրական կարդում: Որտե՞ղ փնտրենք Մխիթար վարդապետի մատուռը, Տվարաեղցին, Սուրբ Նշան ուխտատեղին, Վարդիգյուղի եկեղեցին: Ինչպե՞ս ենք պահպանում զմայլելի սարահարթի գեղեցկուհին՝ սրբատաշ, սպիտակ, տորոնագույն և երկնագույն քարերով կառուցված Մշկավանքը: Բավական չէ՞ քանդենք, հողին հավասարեցնենք անցյալի մեր արժեքները՝ շփոթելով աստծո տների հետ: Ո՞ւր է Սուրբ Աստվածածինն իր գրչագիր ու թղթյալ ավետարանով, գրված «սարկավագ Նասիպի կողմից Դիզակ գավառի Տագ գյուղում, հայոց ՌԺԲ թվին»: Չէ՞ որ եկեղեցին կարող էր Կողբի ճարտարապետական զարդը դառնալ:
Այս վերջին հարցը լսելով, նկարիչը, որ մի երկու ամիս առաջ մասնակցել է Կողբի դպրոցի հիմնադրման 100-ամյակի արարողությանը, ծիծաղում է: Ժամանակին պետք է գյուղի անունը աթեիստ դնեին: Քանդեցին եկեղեցին (կարծես քարհանք չկար, քար չկար) և նրա քարերով դպրոց կառուցեցին: Այժմ էլ եկեղեցու մետաղյա զանգը կախված է գյուղի երկու միջնակարգ դպրոցներից մեկի քիվին:
Ոչ մի արձանագրություն չի պահպանվել գյուղի հիմնադրման մասին: Սակայն կա Սանդրո Սարդարյանի եզրահանգումը. Կողբի տարածքում գտնված շատ իրեր վերաբերում են էնեոլիթի դարաշրջանին: Կա Խորենացու Պատմությունը, կա Բուզանդի Պատմությունը, որոնք վկայում են, թե Կողբը Կողբափոր գավառի կենտրոնն է եղել: (Այժմ գյուղը նահանջել է հարավ, և հնոց ավերակների վրա ծփում են կարտոֆիլի ու լոբու մարգերը): Ուրեմն, գրավոր աղբյուրների տվյալներով, գյուղը ամենաքիչը… 1600 տարեկան է, և կողբեցիները բաղձանքով սպասում են, որ ի վերջո պետականորեն կնշվի այդ տոնը: Դա կլինի հայկական գյուղի տոն՝ ուղղված հինավուրց բնակավայրի ինքնատիպության պահպանմանը:
Ահա թե ինչու հնագետը թախանձում է նկարչին թղթին հանձնել խաչքարերը, պատկերաքանդակները, հազվագյուտ արձանագրությունները. «Վաղը սրանք էլ կփչանան, հետքը չի մնա»: Կավերվեն, ինչպես վերջին գետնատունը, վերջին ջրաղացը, վերջին դարբնոցը, վերջին… ինչպես վերջին տանիքները կղմինդրով՝ կարմիր, ճաք տված նռան գույնով, հնարամտորեն թրծված պտուկներով, որ այնպես ներդաշնակում էր տեղական քարին ու միջավայրին… Նա դժգոհում է Սարդարապատի ազգագրության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանից, որ Նոյեմբերյան արշավախումբ է ուղարկել հնագիտական նյութեր հավաքելու: Ի՞նչ է անելու այդքան նյութը: Գոնե մշակեն, ետ ուղարկեն: Թե չէ ամեն ինչ կենտրոնացնում ենք… կենտրոններում: Եվ ծածուկ, արշավախմբի ականջից հեռու, համոզում է պառավ գեղջկուհուն, որ արծաթե հյուսածո գոտին, Ախալցխայի վարպետների ձեռքի գործ, չվաճառի. ժառանգել ես տատիդ տատից, կտակիր թոռանդ, գոտու հետ պատմությունդ ես փոխանցում:
Նա չգիտի, որ թանգարանի առաջարկով Կողբում հիմնվելու է ազգագրական մասնաճյուղ, որը շատ բան կփրկի կորստից:
(Դուբրովնիկում, Հին քաղաքում, մի կրպակ մտա, ուր արծաթե գոտիներ էին վաճառում: Ճարպիկ գործամոլը հոր գինը դրել էր դրանց վրա և պարծենում էր, որ գրեթե ձրի հայթայթել է կովկասցի զբոսաշրջիկներից):
Նկարիչը մի քիչ ծույլ է, մի քիչ տաղանդավոր և շատ-շատ հավանում է իրեն: Բայց ահա բնաշխարհի գեղեցկությամբ արբած, մոռացել է և ծուլությունը, և տաղանդը, անգամ՝ իր եսը: Ոտքերը դիմհար անելով, նա մագլցում է վիթխարի հաճարենուն, որ հողից դուրս փչած մեդուզա է հիշեցնում: Բարձրանում է հրճվանքից հևալով, բնության ձևերը, գույները, գծերը կոխկրտելով… Մի հարցազրույցում նա հայտարարել է. «Ես բնությունից չեմ նկարում, իմ արվեստը բարձր է նատուրայից» և այժմ լիաթոք ծիծաղում է… Անտառը լիքն է նախապատմական շշուկներով, անտառն անխոս ունկնդրում է ինքնավստահ հյուրի աղաղակները և ձայնագրում մամուռի դարավոր ձայնադարանում: Նկարիչը ծառի գագաթից ներքև է նայում և անմիջապես հիշում վերջում ծիծաղողի մասին առակը:
Հնագետը ցուցումներ է տալիս, թե ինչպես անվթար իջնի:
– Այ թե ինչ է նշանակամ կտրվել ազգային հողից,- ծիծաղում է նա:
– Ես պետք է գյուղում ապրեի,- հոգնությունից հևալով ասում է նկարիչը,- մարդկանց նկարեի:
– Թերևս,- բարձրաձայն հաստատում է հնագետը, իսկ մտքում նախատում նրան. «Փոխանակ բնությունից սովորի՝ փախչում է»: Նախատում է նաև բանաստեղծ ընկերոջը, որ բանաստեղծության հերքում-խճողումի այս դարում բարդ ու ինքնատիպ երևալու մարմաջով տարված, հաճախ չի գտնում հարկավոր բառը, ապրումը, պատկերը և նմանվում է ծովախորշի դատարկ խեցիներում մարգարիտ փնտրող հուսահատ բախտախնդրի: Իսկ Բնությունը լիքն է ապրումներով ու զգացողություններով:
– Բայց ես չեմ կարող միաժամանակ և մարդկանց նկարել, և բնությունը,- չէր հանգստանում նկարիչը:
Առավոտյան կողմ նա փորձեց նկարել գյուղի ամենատարեց կնոջը, որի տարիքը եռանիշ թվով է չափվում, բայց շուտով զարհուրած ետ եկավ. չեմ նկարի, դեմք չէ, այլ կնճիռների կծիկ: Հնագետը հռհռում էր և ոչ առանց քենի հեգնում. ախր, նույն այդ կնճիռները Հրաչյա Ներսիսյանի՝ քո վրձնած դիմանկարում հանճարի կնիք են արտահայտում, հիմա ի՞նչ պատահեց…
Մենք խորանում ենք դեպի թանձրացող գույների աշխարհը: Շուրջբոլոր հին իմաստունների պես ծալապատիկ նստած լեռներ են՝ գլխներին անտառների կանաչ չալմաներ: Անտառն այնպիսի խիտ սաղարթներով է ստվերել երկինքը, որ թվում է՝ հենված է ծառերին: Մեղմ ծկլտում է Թթուջուրը, և մեզ թվում է, թե լսում ենք Ռամոյի կլավեսինի սյուիտը:
– Ինչո՞ւ այսպիսի աղբյուրների մոտ տուրիստական հանգրվաններ չեն հիմնում,- զարմանքով հարցրեց տեղացիներից մեկը:
Նկարիչն ու հնագետը վրա տվին.
– Գոնե մի հատված էլ պահենք կուսական վիճակում, ի՞նչ ենք ամենուր կամովին արագացնում քաղաքակրթության մուտքը…
Քիչ առաջ մեր ճանապարհը կտրեց Ռուբենսի ձիերի գույնը փոխ առած եղնիկը, խլշեց ականջները, հոտոտեց օդը, ապա սիգաճեմ վարգեց՝ շփացած իր հասցեին շռայլված հաճոյախոսություններից (անտառտնտեսության դիրեկտոր Գառնիկ Ավագյանի ահից ո՞վ կհամարձակվի ծուռ նայել նրան):
Ով տափաստանում է ծնվել, նա չի զգա անտառի հմայքը: Մի քանդակային ճյուղ, որդան կարմիրով արևավորված մի կաղնետերև, մի փունջ կարմրացոլ հոն` կատարյալ իքեբանա: Ահա կակաչների հովիտը: Ահա անթառամների հովիտը: Վայրի մեխակների հովիտը: Արծաթե գույների հովիտը: Հյութեղ արոտավայրերը ծաղկունքի իսկական հանրագիտարան են: Կտրում-անցնում ես անտառներն ու հովիտները, անտառներն ու հովիտները, էլի… էլի… ու քեզ պարուրում է այն խաբուսիկ գգացողությունը, որ անվերջանալի է, հորիզոն չունի Հայաստան աշխարհը և մանավանդ զուր են կոչել քարերի երկիր:
Գարնանավերջին այսպես, այս հովիտներով, երբ հողը ցեխակոլոլ Է դառնում անձրևների միալար հինվածքից, ձգվում է քոչվորների հանդիսավոր շղթան մինչև Գիժ սար, ուր չհալվող ձնհոր կա, յոթնակնյա աղբյուր, մթին քարանձավներ: Երբեմն բռունցքաչափ կարկուտը ամպրոպի նվագակցությամբ լցվում է սերուցքի կոթերը, երբեմն հեղեղը քշում-տանում է նորածին հորթուկին, քամին թռցնում է վրանների թաղիքը, երբեմն ձյուն է գալիս ամառնակեսին,- բայց մարդիկ սիրում են բնությունը և ավելի են կապվում նրան:
Մշուշը շերամի որդ է, մշուշը աչք չունի. դանդաղ, բայց նյութական սողում է սարերի փեշերով, և նորակառույց ճանապարհը մեզ տանում է Կարմիրգյուղի յայլաները: Մեզ ընդառաջ են վազում կաթնասերից և սառն օդից դեմքները կարմիր քերքեշով պատած երեխաները («Գեղավո՜ր է գալիս»): Նրանք բոկոտն վազում են ցողածածկ մարգագետնի վրայով, և մեզ թվում է, թե նրանք վազում են տատիս օժիտի «Դեղնաքունջ» գորգի վրայով…
– Ես նկարաշար եմ ստեղծելու «Գյուղն է շեն պահում երկիրը» թեմայով,- մտախոհ ասում է նկարիչը:
– Այս հիանալի աշխարհը պետք Է լրջորեն ուսումնասիրել,- ինքնախոստումի նման հնչում է հնագետի արձագանքը: Եվ նույն օրը, երկրորդ ավտոբուսով նրանք Նոյեմբերյանից մեկնում են Երևան:
հատված
ԱՐՄԱՏ ԵՎ ՍԱՂԱՐԹ / Լևոն ԱՆԱՆՅԱՆ
