Մեր գրական-մշակութային անդաստանը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի մտավորական և հասարակական գործիչ, հրապարակախոս, թարգմանիչ, բանաստեղծ Լևոն Զաքարի Անանյանը:
Ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1971-ին` «Մանկավարժ» թերթից: Լ. Անանյանի անունը սերտորեն կապվում է լայն համարում ունեցող «Գարուն» ամսագրի հետ, որտեղ նա աշխատանքի է անցել 1975-ին, իսկ 1990-ից` գլխավորել այդ հանդեսը: «Գարունի» էջերում նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով, ակնարկներով, էսսեներով, որոնք գրավել են հասարակական լայն ուշադրություն: Որպես հրապարակախոս՝ նա արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակի (1983 թ.):
Իր խմբագրման տարիների «Գարունը», չնայած դժվարին ժամանակներին, շարունակեց մնալ գրական կյանքի բաբախուն զարկերակ և նոր սերնդի դարբնոց: Լ. Անանյանի նախաձեռնությամբ 1992-ին հիմնադրվեց այդ ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչությունը, որը բնագրից կատարված թարգմանություններով մեր ընթերցողին ներկայացրեց համաշխարհային գրականության բարձրակարգ նմուշներ:
2001-ից Լ. Անանյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը: Նրա բեղմնավոր գործունեության արդյունքում հայաստանյան գրական կյանքը նոր վերելք ապրեց: Հայրենիք-Սփյուռք գրական առնչությունների ընդլայնմանն ու խորացմանը նպատակամղված հետևողական քաղաքականությունը, ժամանակակից հայ գրականությունը միջազգային ասպարեզ հանելուն և մեր երկիրը այլ ժողովուրդների գրականության հանդիպատեղի դարձնելուն մղված ջանքերը տվեցին շոշափելի պտուղներ: Նրա ղեկավարության օրոք Հայաստանի գրողների միությունը հատկապես մեծ դեր խաղաց երիտասարդ գրողների կայացման գործում: Աշխուժացավ հրատարակչական գործունեությունը` ՀԳՄ հրատարակչություն և տպարան հիմնելու շնորհիվ: Իր անդուլ եռանդով ծառայելով գրական ընտանիքի հոգսերին ու խնդիրներին` Լ. Անանյանը զգալիորեն նպաստեց մեր ընդհանուր մշակութային կյանքի աշխուժացմանը:
Կազմակերպչական և հասարակական բազմածավալ աշխատանքներին զուգահեռ` նա շարունակում էր ստեղծագործող մարդու իր գործունեությունը, տպագրելով հոդվածներ, կազմելով «Գարուն» ամսագրի մատենագիտությունը, խմբագրելով գրքեր, հրատարակելով «Արմատ և սաղարթ», «Տագնապներ», «Դիմակայություն», «Ժամանակ և ոգի» էսսեների և հոդվածների ժողովածուները, «Հուշանվեր» և «Հավերժ պահմտոցի» բանաստեղծական հատորյակները: Նրա գրչին է պատկանում նաև «Թատրոնը բեմում և էկրանին» աշխատությունը:
Բարձր է գնահատվել Լ. Անանյանի գործունեությունը. 2008 թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել ԼՂՀ պետական և ՀՀ գերատեսչական պարգևների:
Հայրենասեր մտավորականի, գրական անխոնջ մշակի, Հայաստանում, Արցախում և արտերկրում լայն ճանաչում ձեռք բերած գործչի` Լևոն Անանյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր գրական-մշակութային հանրության և ընթերցողների սրտերում:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ