Հայերը համաշխարհային պարարվեստում

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԼույս է տեսել գրող, հայագետ
Արծվի Բախչինյանի «Հայերը
համաշխարհային
պարարվեստում» գիրքը:
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ – Ինչպե՞ս ծնվեց «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը գրելու գաղափարը:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ – Ինձ մշտապես հետաքրքրել է, թե մեր ժողովրդի զավակները ի՛նչ չափով և ի՛նչ որակով են մասնակցություն ունեցել համաշխարհային քաղաքակրթությանը, մասնավորապես՝ արվեստին (անկախ նրանից, թե որերորդ սերնդի ու քանի տոկոսանոց հայ են, ունեցել են հայկական ինքնություն թե ոչ): Եվ քանի որ արվեստի՝ ինձ ամենից հոգեհարազատ տեսակներն են կինոարվեստը և պարարվեստը (մասնավորապես՝ բեմական պարը), աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային կյանքում հայության մասնակցության վերաբերյալ իմ պրպտումներում հատուկ ուշադրություն եմ դարձրել այդ բնագավառների գործիչներին: 2004 թ. լույս տեսավ «Հայերը համաշխարհային կինոյում» գիրքս, իսկ հիմա նույնի «հարազատ քույրը»՝ «Հայերը համաշխարհային պարարվեստում», որի վրա աշխատել եմ քսան տարուց ավելի:
Գ. Ա. – Համառոտ ներկայացրեք գիրքը:
Ա. Բ. – «Մի տանիքի» ներքո, 376 էջում հավաքված են տվյալներ 19-րդ դարից մինչև մեր օրերը աշխարհի մոտ 40 երկրներում գործած և գործող 740-ից ավելի հայ և հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսույցների և պարարվեստին առնչվող այլ մասնագիտությունների գործիչների վերաբերյալ: Կենսագրություններ են, երբեմն՝ նրանց արվեստի վերաբերյալ դիտարկումներ, սակայն սա ոչ թե պարագիտական աշխատություն է (քավ լիցի, ես խորեոլոգ՝ պարագետ չեմ), այլ՝ պատմություն: Սա մի սփյուռքագետ բանասերի՝ պարարվեստի հանդեպ սիրո արտահայտությունն է, այն լավագույնը, որը նա կարող էր կատարել՝ «վճարելով» իր «պարտքը» արվեստի այդ տեսակի և նրա զարգացման մեջ Հայաստանից դուրս մեր հայրենակիցների մասնակցության վերհանման գործում: Այստեղ ընթերցողը չորուցամաք փաստերից բացի կգտնի բավականին հետաքրքրաշարժ, գունագեղ անձնավորությունների կենսագրականներ, կտեղեկանան տարբեր ուշագրավ, քիչ հայտնի փաստերի վերաբերյալ, կհպարտանա այսօր Արևմուտքի բեմերում աչքի ընկնող հայաստանցի պարողներով:
Գ. Ա. -Կթվարկե՞ք նման մի քանի անձանց:
Ա. Բ. – Ո՞ւմ ասեմ, ո՞ւմ թողնեմ… Եվգինե Արիստակյան, որ 1921-ին առաջին հայկական բալետն է բեմադրել Կոստանդնուպոլսում: Սերգեյ Կևորկով՝ Գևորգյան, որն Ադրբեջանի բալետի հիմնադիրն է: Ադրինա Օտերո՝ Փանոսյան, որ իսպանական և ֆլամենկո պարերի մեծ աստղ էր 1930-40-ական թվականներին: Մադամ Ռուզան՝ Սարգսյան, բալետի լեգենդար ուսուցչուհի Փարիզում, որին աշակերտել են 20-րդ դարի ֆրանսիական բալետի մեծերից շատերը: Թամարա Խանում՝ Պետրոսյան, որը բեմ է հանել ուզբեկական կանացի պարը: «Հզոր զգացմունքներ»՝ եվրոպական բալետի առաջնակարգ հայ պարողներից կազմված բալետի շրջիկ խմբի անդամները: Պարող-պարուհիների մի ստվար բանակ՝ Չիլիից մինչև Կանադա, Պորտուգալիայից մինչև Չինաստան, Սինգապուր և Ճապոնիա…
Գ. Ա. – Ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում:
Ա. Բ. -Ստեղծման գործում հաճախ աջակցել են իրենք՝ պարարվեստի գործիչները, որոնց ես տարիներ շարունակ դիմել եմ նամակներով՝ խնդրելով տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ: Վաթսունից ավելի գործիչներ սիրով արձագանքել են, ոմանք էլ անպատասխան են թողել դիմումներս: Սփյուռքահայ և հայազգի պարողների հանդեպ իմ հետաքրքրությունները ժամանակին բավականին խրախուսում էր հանգուցյալ երգահան-երաժշտագետ Ծովակ Համբարձումյանը, որը նույնպես նյութեր է հավաքել այդ թեմայով, սակայն հասցրեց միայն հոդվածաշար հրատարակել: Ինչ վերաբերում է հրատարակությանը, ապա դրան սիրահոժար կերպով նպաստել են պարուհի-պարադիր Աննա Ջանբազյանը ԱՄՆ-ից ու հատկապես՝ պարուհի-պարուսույց Սոնա Փոլատյան Օրճանյանը Կանադայից, առանց որի հովանավորության այսօր գիրքը լույս տեսած չէր լինի: Ի դեպ, ասեմ, որ իմ նախորդ համանման աշխատությունը՝ «Հայերը համաշխարհային կինոյում»-ը, նույնպես սիրահոժար կերպով հովանավորել էր սփյուռքահայ մի արվեստագիտուհի (թաիլանդաբնակ նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդը): Ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ իրենց կյանքը գեղեցիկին նվիրած ու իմ աշխատանքը այդքան գործնական կերպով գնահատած մեր այս ազնիվ հայրենակցուհիներին:
Հարցազրույցը` Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։