Միխայլո Սիդորժևսկին «Ուկրաինական Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է:
Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահն է: Բանաստեղծությունների «Երկու աշխարհների միջև կես-կես» ժողովածուի և հրապարակախոսական գրքերի հեղինակ է:
«ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՄՅՈՒՍ ԿՅԱՆՔՈՒՄ» շարքից
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՔ
Փոքրիկս իմ, քույր իմ,
Արի գնանք մի այնպիսի տեղ,
Որտեղ քեզ հետ կլինենք անբաժան:
Շառլ Բոդլեր
…արի, փոքրի՛կս, քո՛ւյր իմ,
այս թաց ու շաղ օրվա միջին
ճամփա ընկնենք մենք երկուսով,
գնանք դու և
ես ձեռք ձեռքի տված,
մինչև ծերն այս աշխարհի,
ուր ծաղկազարդ գորգ է փռված
ճանապարհի կողմերում,
որտեղ մի այրված կամուրջ կա
գետի վրա ափեափ,
կա երկնի բույր,
փայլփլուն ճաճանչ,
այն, ինչ հմայում, տանում է մեզ…
տե՛ս, իմ սիրած.
գիշերվա ճերմակ սավանը
դեղին արևն է պատռտում,
և քո ձեռքը իմ ձեռքի մեջ,
իսկ քողարձակ երկնքի մեջ
մենավոր թռչուն է ճախրում…
ես էլ այնպես ասում եմ քեզ.
այս գունեղագեղ աշխարհն,
իմացիր, ուր փախչում ենք,
պատկանում է մեն-միայն մեզ,
արի գնանք հեռո՜ւ-հեռու,
որ ի վերջո լինենք միասին…
հետներս կառնենք
խնձորենու ծաղկաթերթեր,
տրիպոլյան մի շղարթ արև,
աշնան օշինդրի մի խրձիկ,
ա՛յ, անձրևի արցունքն այս աղի՝
լույս աշխարհի վրա թափված,
նաև արյունի մարմրումը
ճակատագրի անիվի վրա…
…մենք կծլկենք, երբ գարուն գա,
երբ որ անձրևը կթափվի, չէ՞…
***
… թող դա լինի աշնան մի օր,
խենթ փոթորկի պաղ մոխրի մեջ.
այնժամ վհատված աշխարհը
սրբազան և մի քիչ ձանձիր
թաց ապակուց կնշմարվի,
իսկ անձրևի պաղ շիթերը
թող մեղադրեն թոշնած ամռան
դեղնած արևի շողերին.
…և որբացած առավոտի
լույսը կբացվի առանց քեզ
թոշնած ծաղկանց
լքված այգում,
և մեր անհագ ըղձանքների
ունայնությունը կլինի…
դու ասացիր՝ ամեն բան կանցնի,
թե ամեն ինչ կանցնի-կգնա,
ու լոկ սպիներ կմնան,
մեկ էլ օշինդրի դառը հոտ
և տխրության համն աղի,
ինչպես ոստայնը սարդի հյուսած
խորթ աշխարհի վիհի վրա…
այո՛, թող լինի դա աշնան մի օր,
երբ թուխպն է ծածկում գետինը գոլ,
երկարում են ստվերները
և քանի դեռ-
հիշում ես-
հրես մի քնքուշ ծաղիկ…
և Մեծ Արջի միայնակ աստղերը
երկնքի մագաղաթի վրա…
և անտեսանելի ծղրիդները
խոտերի մեջ,
որ հատում են ժամանակը
գլխիվայր
պերճ օգոստոսին…
և մեր Կաստանեդան…
նաև մեր քնկոտ գետը
ափերի մեջ գերեվար…
և բախտագուշակ լուսնյակը,-
այնտեղ, ուր անսահման է
գիշերը դրախտային,
սոճու ճյուղերով պսակված…
իսկ հիշո՞ւմ ես դու,
ինչպես առավոտ ծեգին
խենթորեն ու մեղկ
բացվել էին վարդերը թաց,
գույները մուգ կարմիր…
Ուկրաիներենից թարգմանությունը՝ Ռաիսա Ղարագյոզյանի