Մեր ծեր, բարի երկրագունդն իր հերթական պտույտն է ավարտում, ու միջոցը լույս, հույս է սփռում Հայոց անդաստանում՝ Արարատյան ոստանից ընդհուպ Մշո դաշտահովիտն ու Զեյթունի լեռնակարկառները: Ամանորի այս գիշերը մենք հավատում ենք մեր անցյալին, մեր ներկային ու հատկապես՝ ապագային: Այդ զորեղ, աներեր հավատը մեզ հայոց զինվորն է հաղորդում, որ պատմության քառուղիներում մաքառել, բայց երբեք չի պարտվել, թշնամու արյունռուշտ երախից խլել, մեզ է հասցրել մեր լեզուն, երկնառաք գրերը, աստվածներին ու աստվածությունները, վերջապես ամենաթանկն ու ամենասիրելին՝ հողը, որի վրա աներեր կանգնում, հույսով ենք նայում պատմական արդարության վերականգնմանը:
Միայն թե հայ զինվորը սոսկ ազգային ռազմազգեստ հագած հուրհեր ու հրաչ վահագնածինը չէ, հայ զինվորը ե՛ս եմ, դո՛ւ ես, մենք բոլորս ենք, մենք բոլորս մեկընդմիշտ պիտի հավատանք մեր ուժերին, պիտի մեկտեղենք մեր ուժերն ու հաղթենք:
Երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանն ամեն Ամանորի բաժակ էր բարձրացնում, մաղթում. «Մյուս տարի՝ Վանում»:
Ես իմ բաժակը խփում եմ նրա բաժակին, հավելում. «Մյուս տարի՝ Շուշիում»: