2021-ը ամենքիս կամքով լինի ապրեցնող / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

էդվարդ միլիտոնյան«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» – Պարո՛ն Մի­լի­տոնյան, անցնող տարին դաժանորեն ճակատագրական եղավ Արցախի և Հայաստանի համար: Օրեր անց պատմություն կդառնա 2020 թվականը, մինչ այդ փորձենք ամփոփել այս դժվար տարում ՀԳՄ գործունեությունը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – 2020 թվականը մեր պատմության մեջ կհիշատակվի ամենածանր տարիներից մեկը և՛ կորոնավիրուսի, և՛ Արցախի պատերազմական գործողությունների առումով:
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը տևած պատերազմի ծանր ընթացքի մասին խոսելը բոլորիս համար դժվար է, դա լուրջ քննարկումների նյութ է: Ամբողջ հայության՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի համար մեծ փորձություն էր: Ողջ ժողովուրդը կամքը լարել էր՝ պայքարելու, հաջողության հասնելու, սակայն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին՝ գիշատիչ վարձկանների ընդգրկումով, և Ադրբեջանի՝ իր ողջ զինանոցով հարձակումը Արցախի վրա որոշեցին պատերազմի ելքը: Իրողությունն այն է, որ ինչքան էլ մեր զինվորների դիմադրությունը, հերոսականությունը բարձր լիներ, որոշիչ եղավ նոր տեխնոլոգիաների, նոր զինատեսակների առկայությունը: Սա ևս պետք է հավելյալ ազդակ լինի, որ երբեք որևէ պատերազմից հետո չհանգստանանք, հատկապես եթե հաղթած ենք լինում: Հաղթության դափնիների վրա հանգիստ չքնենք, քանզի պատերազմից հետո ամենամեծ ճշմարտությունն այն է, որ պիտի պատրաստվենք նոր պատերազմի: Առայժմ սա է մեզ տրված մեր տարածաշրջանում: Մենք թերացել ենք ճշգրիտ և թշնամուն համարժեք նոր տեխնոլոգիաներով պատերազմին պատրաստվելու գործում: Ակնհայտ է և անժխտելի Հայաստանի և Արցախի կառավարությունների տապալումը: Նախկին կառավարողների պատասխանատվությունն էլ փոքր չէ այս դառը պարտության մեջ: Բաժանարար գծերն ավելի են շեշտել ու շեշտում անհանդուրժողականության, ազգային դիմադրության ներուժի անկման ու անպատասխանատվության մթնոլորտի ձևավորումը, որից օգտվեց թշնամին:
Տարին անդառնալի զոհերով, ցավերով, դառնություններով այնպես է խեղդում մեզ, որ այլ թեմաներով խոսելու ցանկությունը կորսվում է, բայց գրական կյանքը շարունակվել է, Գրողների միությունը 2020 թվականին հնարավորինս աշխատել է մասնակցություն ունենալ գրողական խնդիրների լուծման գործում: Հենց տարեսկզբից մեր ծրագրերն իրագործվել են տարբեր ուղղություններով:
2020 թվականին Միությունը աշխատել, գործել և հատկապես մինչև մարտի կեսը լիարժեք իրագործել է այն ծրագրերը, որոնց մասին տարեսկզբից հայտարարել ենք՝ գրական հանդիպումներ, Գիրք նվիրելու օր, տարբեր ստեղծագործական հարցերի, գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, մրցանակների հանձնում և այլն: Մասնավորապես՝ տարեսկզբին հանձնեցինք 2019 թվականի ՀԳՄ ամենամյա, ինչպես նաև «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» մրցանակները, ամփոփեցինք Պաշտպանության նախարարության հետ հայտարարած մրցանակաբաշխության արդյունքները, 2020 թ. փետրվարի 19-ին Հայաստանում, հատկապես Երևանում, ինչպես նաև Թբիլիսիում, Արցախում Գիրք նվիրելու օրը բազմազան միջոցառումներ կազմակերպեցինք, ֆլեշմոբ եղավ Գրողների միության Պոեզիայի պուրակում, որտեղ գրողները և ՀԳՄ աշխատակիցները հարյուրավոր գրքեր նվիրաբերեցին ընթերցողներին, 30-ից ավելի դպրոցներում գրողները հանդիպումներ ունեցան աշակերտների հետ, նշվեց Հովհ. Թումանյանի ծննդյան օրը: Այդ ոգով գործեցին նաև մարզերի գրական բաժանմունքները:
Մարտի կեսերից արդեն կորոնավիրուսի պատճառով ունեցանք դժվարություններ՝ Գրողների միությունում լայն քննարկումներ, հանդիպումներ, շնորհանդեսներ կազմակերպելու առումով: Ուստի ՀԳՄ Կլոր սրահում նախաձեռնեցինք գրողների ու թարգմանիչների հետ «Դիմակահանդես» խորագրով առցանց հանդիպումներ, քննարկումներ, որոնք ներկայացվեցին Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մասնավորապես՝ քննարկվեց Ներսես Խառատյանի «Պատասխան տալու ժամանակը» վեպը, տեղի ունեցավ «Արդի հայ գրողներ և բանաստեղծներ» քրդերեն ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաև հանդիպում այդ ժողովածուի թարգմանիչ Մռազե Ջամալի հետ, «Ֆերնանդո Պեսսոայի քնարերգությունը» հայերեն ժողովածուն ներկայացրեց թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, նոր թարգմանական գրքերով ու հեղինակային երգերով ներկայացավ Աշոտ Ալեքսանյանը: Այդ ընթացքում ՀԳՄ-ի գրական գործունեության մասին մոտ տասը live (ուղիղ եթեր) եմ ունեցել Ֆեյսբուքում՝ ամեն շաբաթ ներկայացնելով, թե ինչ ընթացքի մեջ է գրական դաշտը:
Կորոնավիրուսի ընթացքում՝ մայիս, հունիս, հուլիս ամիսներին, միացյալ հանդիպումներ կազմակերպեցինք գրադարանների, թանգարանների հետ, լույս տեսած գրքերի, հոբելյանների առիթով: Միջոցառումներ կազմակերպվեցին Արվեստի և գրականության թանգարանում՝ Ղազարոս Աղայանի ծննդյան օրվա, Չարենցի տուն-թանգարանում, Իսահակյանի անվան գրադարանում և Իսահակյանի տուն-թանգարանում՝ Ավետիք Իսահակյանի հատորների լույսընծայման և ծննդյան 145-ամյակի առիթով: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում նշվեց Հենրիկ Էդոյանի 80-ամյակը, ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հալեպահայ գրող Հակոբ Միքայելյանի «Ճակատագրի սև կատուն» վեպի շնորհանդեսը, Գրականության ինստիտուտի հետ հեռավար նշեցինք Ղևոնդ Ալիշանի հոբելյանը, Համազգային թատրոնում՝ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակը: Ունեցել ենք մի շարք թեմաներով քննարկումներ, հատկապես գրականության և լեզվի դասագրքերի առնչությամբ ՀԳՄ վարչության նիստում արծարծված մեր առաջարկությունները, դիտողությունները ուղարկել ենք ԿԳՄՍ նախարարություն, այդ քննարկումներին բազմաթիվ էջեր է նվիրել «Գրական թերթը»: Բացի նշվածներից, կազմակերպվել են այլ հանդիպումներ ու գրքերի շնորհանդեսներ, որոնք համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով եղել են հիմնականում ոչ մարդաշատ:
Պետք է նշեմ, որ որոշակի աշխատանք է կատարվել թարգմանական ծրագրերի առումով: Տարեսկզբին մասնակցել ենք «Ղազախստանի բանաստեղծների և արձակագիրների անթոլոգիայի» հրատարակմանը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Ղազախստանի դեսպանության հետ համատեղ: Ի դեպ, Ղազախստանի հետ մեր ծրագրերը շարունակվում են. անցյալ տարվա տարեվերջին Ղազախստանում իմ առաջաբանով հրատարակվեց հայ դասական բանաստեղծների անթոլոգիա: Աբայի 175-ամյակին նվիրված հեռավար հանդիսության ընթացքում, որին զեկուցումով մասնակցեցի նաև ես, Ղազախստանի գրողների միության քարտուղարը հայտարարեց, որ ժամանակակից հայ գրողների անթոլոգիա են պատրաստում: Իրանում հրատարակվել են Մկրտիչ Սարգսյանի, Սամվել Կոսյանի ժողովածուները, վերահրատարակվել է նվաստիս «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը՝ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ: Պատրաստ է տպագրության նաև Ավետիք Իսահակյանի արձակ երկերի ժողովածուն՝ Գարուն Սարգսյանի թարգմանությամբ, իմ առաջաբանով: Գերմանիայում տպագրության է պատրաստվում հայ ժամանակակից գրողների անթոլոգիան, որը կազմել է Ագապի Մկրտչյանը: Ուկրաինայում հրատարակվել է Վարդան Գրիգորյանի «Մանյա այրք» վեպը՝ Օլեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ: Նշեմ, որ Ուկրաինայի գրական մամուլը պարբերաբար հրատարակում է մեր գրողների ստեղծագործություններից Բոժկոյի թարգմանությամբ: Լեհաստանում Կալինա Զիոլան մշտապես ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններն է տարածում, ներկայացնում տարբեր հանդիպումների ժամանակ: Պիտի հրատարակենք Լիտվայի բանաստեղծների անթոլոգիան, նրանք էլ պատրաստում են մեր գրողների անթոլոգիան: Վերջինս պետք է հրատարակվեր այս տարի, սակայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել է: Պիտի խոստովանենք, որ ամբողջ աշխարհում էլ համավարակը ծանր հետք է թողել, աշխարհի գրական կազմակերպությունները, ավանդական փառատոների կազմակերպիչները պլանավորել էին միջազգային փառատոներ, հանդիպումներ, գրքերի ցուցահանդեսներ իրականացնել, սակայն դրանց մի մասը չկայացավ, մի մասն էլ առցանց եղավ: Այնպես որ, այդ առումով տարին շատ ծանր էր ամբողջ աշխարհի գրական կազմակերպությունների համար:
Կորոնավիրուսի հենց առաջին օրերին Գրողների միությունը կապի մեջ է եղել գրողների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակից, պարենային և ֆինանսական որոշակի աջակցություն հատկացրել Երևանի և մարզերի գրողներին: Ծաղկաձորի ստեղծագործական տունն ամբողջությամբ հատկացված էր մեկուսացածներին: Դա մեր գրողների տուրքն էր համավարակի դեմ պայքարում:
Կորոնավիրուսը ՀԳՄ-ի վրա էլ տնտեսապես շատ ուժեղ ազդեց, չի գործել «Բոհեմ» թատրոնը, այլ վարձակալներ ևս, բայց հիմնականում գրական գործունեությունը շարունակվեց, մամուլը հրատարակվեց, գրական բաժանմունքները շարունակեցին իրենց գործունեությունը, պահպանվում են միջազգային կապերը: Աջակցել ենք Շիրակի գրական բաժանմունքին՝ ամառվա ջրհեղեղի պատճառած վնասը վերացնելու և հետագա հեղեղներից խուսափելու գործում:

ԳԹ – Պատերազմի օրերին ի՞նչ մասնակցություն ունեցավ Գրողների միությունը, ինչպիսի՞ գործողություններ իրականացվեցին ի նպաստ մեր պայքարի:
Է.Մ. – 2020 թ. ամենածանր հարվածը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը տևած պատերազմն էր: Գրողների միությունը հնարավորությունների սահմաններում փորձել է ամեն կերպ օգտակար լինել Արցախի պայքարին: Մասնավորապես՝ «Նոր գիրք» գրախանութում թե՛ ՀԳՄ-ի, թե՛ գրողների հրատարակած գրքերը դրվել են վաճառքի, որից ստացված ամբողջ գումարը հատկացվել և հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՀԳՄ Կլոր սրահում քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքին իրենց նպաստը բերեցին կին գրողները, ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես-վաճառք «Գրող-նկարիչները բանակին» խորագրով, նկարների վաճառքից գոյացած հասույթը փոխանցվել է «Հայաստան» համահայկական և «Աջակցություն զինվորին» հիմնադրամներին: Ծաղկաձորի ստեղծագործական տանն ապաստան է գտել գրեթե 90 արցախցի մանուկ ու կին: Հադրութից և Շուշիից դեռևս մնացողներ կան այստեղ: ՀԳՄ-ն գումար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր գրողները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել զորամասերում, հիվանդանոցներում՝ վիրավոր զինվորների հետ:
Այդ ընթացքում գրական մամուլում, հատկապես «Գրական թերթում» թղթային և առցանց տարբերակներով հրապարակվել են բազմաթիվ գրողների հոդվածներ, ստեղծագործություններ, էսսեներ, ԶԼՄ-ներում գրողները հանդես են եկել հարցազրույցներով, իրենց նկատառումներով. մեր գրական կազմակերպությունը այդ օրերին շատ լարված աշխատում էր:

ԳԹ – Սոցիալական ցանցերում երբեմն-երբեմն բարձրաձայնում են, թե ինչու մտավորականությունը չի հայտնում իր կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Ի՞նչ կասեք այս առումով:
Է.Մ. – Պատերազմի հաջորդ իսկ օրից և՛ «Գրական թերթում», և՛ ԶԼՄ-ներում, և՛ սոցիալական ցանցերում մեր գրողները ելույթներ են ունեցել և ունենում՝ հայտնելով իրենց կարծիքը: Պարզապես երևի շատերը չգիտեն, որ այդ մարդիկ գրող են: «Գրական թերթը» մշտապես անդրադարձել է և՛ պատերազմի ընթացքին, և՛ պատերազմից հետո իրավիճակին: Ովքեր ծանոթ են, կիմանան՝ ինչ է գրվում, ինչ են ասում: Այնպես չէ, որ բոլորը միանշանակ մի կարծիք ունեն: Ոմանք շտապ պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, ոմանք զգուշացնում են նախկինների վերադարձի ուրվականով, ոմանք, քաղաքական անցուդարձից հոգնած, լռում են կամ խոսում տարբեր միջավայրերում, ոմանք, որոշակի հեռանկար չտեսնելով, կամուկացի մեջ են: Սակայն մի բան հաստատ է՝ փոփոխության պահանջ կա, այս հեղձուկ ճգնաժամից օր առաջ դուրս գալու, մկանների լարումով, սթափությամբ, մեզ պարտադրված նոր իրողությունը գնահատելու կամքով ոտքի կանգնելու: Մեր փոխարեն մեր սահմանը ռուսական զորքը առայժմ կպաշտպանի, բայց մեր փոխարեն չի արարելու մեր ոգեղեն, իրական ներկան ու ապագան: Այսօր հնարավորությունները կան կարծիքներ հայտնելու ոչ միայն «Գրական թերթում»:
Ովքեր ասում են՝ մտավորականների խոսքը չի լսվում, գիտակցում են, թե ոչ, բայց հենց իրենք են մտավորականներ, ուրեմն՝ իրենց խոսքը ինչո՞ւ չեն ասում: Մեր մտավորականները, ովքեր խոսք, կարծիք ունեն ասելու, հրապարակում են, իսկ ով էլ չի ասում, դա էլ է կարծիք: Պարզապես պետք է ընդունենք, որ երբ որոշակի լարված վիճակներ են առաջանում, հանկարծ հիշում են մտավորականներին, իսկ երբ այդ լարումն անցնում է, խաղաղ ժամանակներում մտավորականին ոչ ոք չի հիշում: Մեր հանրապետության բյուջեն լավագույնս խոսում է այդ մասին: Բյուջեում գիտության, մշակույթի մասնահանման տոկոսն արդեն վերաբերմունք է մտավորականությանը: Եվ հիմա մտավորականությունից անվերջ պահանջել, թե նա ամեն կուսակցության կամ ամեն խմբի առաջ, ամեն մի միջոցառման ժամանակ պիտի մի դեմքով գա, կանգնի ու խոսի, ինձ ստիպում է հիշել այն ժամանակները, երբ չկային սոցցանցեր, երբ մամուլը ազատ չէր, երբ հեռուստատեսությունը ճանապարհ չէր տալիս ու հազիվ առիթ էր լինում տարեկան մի ժողովում խոսել կամ չխոսել: Հիմա ամեն օր են խոսում: Եթե որևէ մեկը չի ուզում նկատել, Աստված իր հետ, բայց մտավորականի ասածն էլ պիտի ընկալել, պիտի հասկանալ, պիտի ընդունել, որ կա նաև այսպիսի կարծիք, այսպիսի առաջարկություն, գուցե իրարամերժ: Պարտադիր չէ, և հնարավոր էլ չէ, որ բոլորը մի կարծիք ունենան, և բոլորից պահանջել, որ այսպես պիտի մտածել, քարացած կաղապար է: Նույն ժամանակահատվածում ապրող Տոլստոյը և Դոստոևսկին նույն հարցի վերաբերյալ չունեին նմանատիպ դիրքորոշում, վերաբերմունք:
Կրկնում եմ՝ չի կարելի մեղադրել, թե մտավորականը չի խոսում: Նրանք ելույթներ են ունենում, հրապարակում են իրենց մտահոգությունները: Ես նոյեմբերի 11-ից ֆեյսբուքյան իմ էջում իմ առաջարկությունները գրել եմ, «Գրական թերթում» հրապարակել եմ, տարբեր հարցազրույցներով խոսել եմ: Ես և՛ իմ անունից եմ խոսում, և՛ նաև որոշակիորեն ներկայացնում եմ, որ գրողական մթնոլորտում կան նաև այսպիսի կարծիքներ: Բայց ես բոլորի փոխարեն խոսելու իրավունք չունեմ: Ամեն մարդ իր կարծիքը ազատորեն հայտնում է, և դա է ճշմարտությունը: Ի դեպ, ՀԳՄ-ն վերջին 25 տարում, որքան հիշում եմ, որևէ քաղաքական իրավիճակի մասին միասնական հայտարարություններ չի հրապարակել: Նախորդ նախագահները իրենք ներկայացրել են իրենց դիրքորոշումները։
Առաջինը, որ ասվել է, հետևյալն է՝ Ազգային ժողովը՝ մեր պետության իրավասու մարմինը, պատերազմից առաջի, պատերազմի ընթացքի և պատերազմից հետոյի իրադրության մասին պիտի գումարեր արտահերթ նիստեր, համադրեին և՛ նախկին ու ներկա նախագահների խոսքերը, և՛ ներկա վարչապետի կարծիքները, եթե հարգում էին մեր պետական մարմինը, գային, քննարկեին, իրար երեսի ասեին ճշմարտությունը: Թե չէ՝ նրանք ասում են՝ վարչապետը սխալ է, վերջինս նրանց սխալն է ասում, և այդպես օդի մեջ իրար հեռահար ռմբակոծություններ են անում, բայց որևէ լուրջ, կոնկրետ եզրակացության չեն հանգում, հասարակայնությունը չի իմանում՝ ո՛վ ճիշտ ասաց, ո՛վ՝ սխալ, արդյո՞ք 25 տարի միջազգային դիվանագիտական հանրույթը մեզ պարտադրում էր յոթ շրջանների վերադարձնելը: Այդ մասին պիտի հստակ ասվեր, որպեսզի ժողովուրդը իմանար, չմտածեր՝ սա դավաճան է, նա հերոս է, և այսպես դավաճան-հերոս փնտրելով՝ վերածվի փսորված օրգանիզմի: Ազգային ժողովը, էլի եմ պնդում, նախ և առաջ պիտի այդ հանդիպումը կազմակերպեր, կլիներ բաց թե փակ, թող իրենք որոշեին, բայց որոշակի բաներ, կարծում եմ, ժողովուրդը պիտի իմանար, և այնտեղ պիտի ներկա լինեին նաև ոչ խորհրդարանական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, և լիներ իսկապես համատեղ մի քննարկում: Հիմա չկա այդ քննարկումը, հիմա կա կա՛մ Հրապարակում, կա՛մ տարբեր միջավայրերում:
Մեր գրողները բոլոր հնարավորություններն ունեն և ասել են իրենց կարծիքները, ամեն մեկը տարբեր, նույնիսկ հակընդդեմ: Այնպես որ, ասել, թե մտավորականությունը ձայն չի հանում, մեծ սխալ է, ուղղակի այդ ձայնը ինչ-որ մեկին դուր կգա թե չի գա, ա՛յ, սա է հարցը: Ստեղծագործող մտավորականի խոսքը ճանաչելու համար, հատկապես՝ գրողի, նրա գրքերը պիտի կարդալ: Ի վերջո, գրողի հիմնական գործը գրականությունն է, այդ գրականությունը պիտի ընթերցեին, այդ գրականությունից պիտի ստանային ժամանակի որոշակի բնութագիր, մարդու հոգեբանություն, լեզվա­մտածողություն, տագնապներ, հոգսեր և այլն: Չպետք է սպասել, որ հենց վիճակը լարվի, գրողը պիտի ելնի, ասի՝ այսպես արեք: Ես շատ լավ հիշում եմ 88-ի հանրահավաքները. որևէ հայտնի գրողի կարծիք այնտեղ հալած յուղի տեղ չի ընդունվել՝ կա՛մ ծափահարել են, կա՛մ մի քանի օր հետո դավաճան են համարել: Մշտապես այդպես է:
Ի դեպ, գրողն իր խոսքն է ասում, մի ուրիշ քաղաքագետ, մասնագետ կարող է ավելի հետաքրքիր վերլուծություն անել: Այս հարցերի վերաբերյալ դիվանագետը կարող է ավելին ասել, քան գրողը, որովհետև նա ավելի ծանոթ է և՛ դիվանագիտական արխիվներին, և՛ պատմությանը, և՛ ներկային, և թերևս ինքը կարող է ներկայացնել, թե որտեղ են մեր դիվանագիտական վրիպումները, որտեղ են մեր քաղաքագիտական մտքի թերությունները, որտեղ են մեր հոգեբանության այն վտանգավոր խութերը, որտեղ մենք անընդհատ կարող ենք սխալվել: Չպետք է մտածենք, թե այնպիսի ճշմարտություններ ենք բարբառում, որոնք ի վերուստ տրված են մեզ, ո՛չ: Այնպես որ, այս վիճակը խորը քննարկման, վերլուծության կարիք ունի: Ամեն մեկը՝ հին թե նոր, պետք է քննի իր մեղքի չափը և խոստովանի ժողովրդին, ուրիշին մեղադրելուց առաջ մտածի, թե ինքը ինչով է թերացել, և ըստ այդմ ամեն մեկը որոշի՝ մնո՞ւմ է, թե՞ ոչ, համահո՞ւնչ է պաշտոնին, արե՞լ է այն գործը, որ պիտի աներ, իսկ նոր թեկնածուները իրենց հստակ ծրագիրը ներկայացնեն: Ժամանակն է հուզականից անցնել սթափ իրատեսական քայլերի։ Եթե քաղաքականության մեջ են, ապա իրենց քաղաքականությունը ո՞ւր է բերել-հասցրել մեզ, չէ՞ որ գրողը չի բերել, մտավորականը չի հանգեցրել այս վիճակին: Սրան հանգեցրել են քաղաքականության այն դեմքերն ու հոսանքները, որոնք ղեկավարել են ժամանակին և կառավարում են այսօր, ովքեր քաղաքականություն, դիվանագիտություն են մշակել ու մշակում, ովքեր հանրության մեջ գաղափարներ են տարածում: Իսկ գրողները մեր հոգևոր, մշակութային, մեր ազգային մտածողության պահապաններն են և մշտապես սուր ելույթներ են ունենում, հրապարակում «Գրական թերթում», ինչպես, օրինակ, կրթության, բնապահպանական, մշակութային թեմաները: Մեր գրողները մշտապես խոսում են այն մասին, ինչը առնչվում է մեր ինքնությանը:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, կարծում եմ՝ ամեն գեներալ իր խոսքը նախ պետք է մի անգամ չափ ու ձևի ենթարկի, հետո որոշի՝ հայտնե՞լ հանրությանը, թե՞ ոչ: Հարցեր կան, որոնք պետք է իրենց ներսում քննարկեն կամ ան­վտանգության խորհրդում, ոչ այդպես բացահայտ, մանավանդ երբ թշնամին ամեն տառից մեր ամբողջ հասարակության տարբեր շերտերի, հատկապես պաշտպանության, անվտանգության և այլ բնագավառների մասին կարծիքներ է հավաքում: Այս պատերազմը սկսվելուն նաև որոշները նպաստեցին այն ելույթներով, որոնցում ասում էին, թե ինչու չի հարձակվում թշնամին, երբ մենք այսպիսի վիճակում ենք, մեր սահմանները, մեր հոգեբանությունը, մեր զենքը այսպիսին է և այլն: Մի՞թե գրողը պիտի գա, փրկի: Գրող եմ, ասում եմ՝ ինչո՞ւ ժամանակին, գեներալնե՛ր, ճշմարտությունը չեք ասել, հրաժարական չեք տվել, շարունակել եք պաշտոնավարել բարձր դիրքերում և հիմա միմյանց եք մեղադրում: Հասարակությունը չգիտի՝ այդ ռմբակոծիչը, որ գնել են, ճի՞շտ է, թե՞ սխալ, չի էլ կարող իմանալ, պատկան մարմինները պիտի դրանք քննարկեն: Թույլ տեղը միշտ գտնում են մտավորականությանը և պահանջներ են ներկայացնում, այնինչ մտավորականությունը հիմա պահանջ ունի նրանցից՝ և՛ կառավարողներից՝ Վարչապետի, Նախագահի գլխավորությամբ, և՛ խորհրդարանական ու արտախորհրդարանային այն կուսակցություններից, որոնք ազգային ծրագրեր են առաջարկում՝ ծայրահեղ, ոչ իրական, որոնք ընտրվելուց հետո չեն կարողանում իրագործել և տապալում են ամբողջ գործը: Հայրենիքը հասցրեցիք այս վիճակին, հիմա ումի՞ց եք պահանջում: Ձեր ծրագրերը, ձեր գործունեությունը վերլուծեք, ձեր քաղաքական միտքը վերլուծեք, ձեր մեղքը, սխալը խոստովանեք: Գրողն այս պահանջներն ունի: Քաղաքական, կուսակցական գործիչները պետք է իմանան, որ գրողը գրելու է այդ մասին: Ժամանակը մնալու է գրականության մեջ իր որոշակի կերպարներով՝ երգիծական, դրամատիկ կամ ողբերգական, մնալու են պատմության մեջ: Ե՛վ փանջունիականություն կա, և՛ Պարոնյանի Ազգային ջոջերը կան, և՛ Դեմիրճյանի Հայը, և՛ Քաջ Նազարը և այլն: Այդ ամենը մնալու է պատմության և առաջին հերթին գրականության մեջ: Այնպես որ, ես քաղաքական գործիչներին՝ և՛ կառավարող, և՛ չկառավարող, ու բոլորին հորդորում եմ՝ իրենց ծրագրերը շատ իրատեսական կազմեն, որովհետև մենք պարտվեցինք տեսիլային մտածողության և իրատեսական մտածողության բախումից: Ճանաչենք մեզ և թշնամուն, կտեսնենք, որ նրանք շատ ռացիոնալ քննող մարդիկ են, մենք՝ երազային, սրա-նրա հույսին մնացող, հավատացող, որ աշխարհի հզորները պիտի լինեն արդարության, քրիստոնյայի կողմը, այնինչ, դրանք բոլորը հուզական, պարզունակ ենթադրություններ են: Բարեկամին թշնամի, թշնամուն բարեկամ համարողները մշտապես ծնվում են մեր քաղաքական հեղհեղուկ դաշտում: Լավ կլիներ, որ մտավորականության մասին խոսողները նախ և առաջ գրականություն կարդային: Շատերի խոսքից պարզորոշ է, որ ժամանակակից գրականությանը ծանոթ չեն, մի քանի դասական անուն են շրջանառում:
Միամիտ առաջարկ անեմ մեր քաղաքական գործիչներին՝ և՛ իշխանավոր, և՛ ընդդիմադիր, իրար հանդիպելու, զրուցելու, վիճելու: Ինչ-որ չափով ճգնաժամից դուրս գալու միասնական ուղի գտնելու համար առաջարկում եմ հանդիպման վայր ՀԳՄ Կլոր սրահը: Մեր մեծերի լուսանկարների ու նրանց հոգիների հովանու ներքո: Հիշեք՝ Թումանյանը ինչ դառը խոսքեր է գրել 20-ական թվականների մեր քաղաքական կյանքի մասին, մեր ներսից մեզ ավերելու վիճակի վերաբերյալ: Կլոր սրահում Նա կհետևի ձեզ, սիրելի՛ գործիչներ:
Ցավալի է, որ դեկտեմբերի 19-ի Սգո օրը Եռաբլուրում ցուցանեց մեր այսօրվա դաժան ճշմարտությունը: Բոլորս սթափվելու կարիք ունենք:

ԳԹ – Ի՞նչ կմաղթեք ՀԳՄ անդամներին և մեր ընթերցողներին գալիք 2021 թվականին:
Է. Մ. – Մեր ժողովրդի պատմությունը դարերով ապրելու կերպ է թելադրել մեզ իր փորձությամբ, իր հուսավառությամբ, հուսահատությամբ, բայց միշտ կամային ջիղը գործել է, ապրելու, ստեղծագործելու ջիղը: Կցանկանայի, որ բոլորս հավատայինք, ու 2021 թիվը ամենքիս կամքով, ջանքով լինի ապրեցնող, արարող, նոր, հետաքրքիր գաղափարների ժամանակ լինի, ուժ ունենանք վերջապես դուրս գալու կաղապարային մտածողությունից, նոր աշխարհաքաղաքական իրողությունները ընկալենք և մեր դերը, մեր ապրելու կերպը մեր հանրապետության, Արցախի, Սփյուռքի համատեղ միակամությամբ, ուժով, հոգևոր խտացումով դարձնենք մեր գալիքի արևոտ տարիներից մեկը՝ 2021 թվականը: Բոլորին ցանկանում եմ հավատ, հույս, սեր:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։