Ավետիք Իսահակյանի ծննդյան
145-ամյակին նվիրված գիտաժողով
Դեկտեմբերի 17-18-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ավետիք Իսահակյան-145» գիտաժողովը: Այն հեռարձակվեց առցանց` ուղիղ միացմամբ թանգարանի ֆեյսբուքյան էջով, որին հնարավորություն ունեցան հետևելու իսահակյանասերներ, հազարավոր հետևորդներ ոչ միայն հայրենիքից, այլև աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել բանասիրության դոկտորներ, երիտասարդ գրականագետներ և այդ ասպարեզում իրենց առաջին քայլերն անող հետազոտողներ: Զեկուցողներ կային Գյումրուց, Վանաձորից, Իջևանից, Էջմիածնից:
Գիտաժողովը յուրահատուկ սեմինարի բնույթ էր կրում, քանի որ յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի էր ունենում ակտիվ քննարկում, կարծիքների և մտքերի փոխանակում: Եզակի էին մեկնաբանությունները, լրացումներն ու առաջարկությունները, մանավանդ երիտասարդ իսահակյանագետներին` տրված պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի կողմից: Առաջարկ եղավ «Աբու-Լալա Մահարի» անմահ գրական կոթողը աշխարհին ներկայացնելու 12 լեզվով` ամփոփված մեկ գրքում: Առաջարկի հեղինակը ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանն էր (թեմա` «Աբու-Լալա Մահարի» պոեմի առաջին ֆրանսերեն թարգմանությունը»): Գիտական և արժեքավոր զեկուցումներով հանդես եկան պատմաբան, պ.գ.թ. Կարինե Բազեյանը («Շիրակի ազգագրությունը Իսահակյանի արձակում»` կարևորելով Իսահակյանի ստեղծագործության մեջ առկա ազգագրական հարուստ նյութը), բ.գ.դ. Վազգեն Համբարձումյանը («Բառի պատկերագրությունը Ավետիք Իսահակյանի վաղ շրջանի չափածոյում»), պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը («Կինը և սերը Իսահակյանի ստեղծագործության մեջ»), բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը («Ավետիք Իսահակյանի մասին հուշագրության էջերից»), Վալերի Փիլոյանը («Իսահակյան-Հրանտ Մաթևոսյան. ժառանգորդության հարցեր»), Վաչագան Ավագյանը («Ավետիք Իսահակյանի և Արշակ Չոպանյանի առնչություններից»), Էմմա Թեմրազյանը («Ավետիք Իսահակյան և Հովհաննես Մասեհյան. հանճարեղ բարեկամությունը»), Քնարիկ Ավետիսյանը («Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի նկարազարդումները»), բ.գ.թ. Աշոտ Գալստյանը («Ավ. Իսահակյան. բնորդը հուշագրության մեջ»): Ուշագրավ էին երիտասարդ բանախոսների մեկնաբանություններն ու դիտարկումները` Լիլիթ Սեյրանյան, Արմեն Մանուկյան, Նունե Մկրտչյան, Անի Ղազարյան, Անահիտ Ղարիբյան, Շողեր Խաչատրյան, Լուսինե Սահակյան, Լուսինե Հայրիյան, Անի Փաշայան: Գիտաժողովին մասնակցեցին տուն-թանգարանների ներկայացուցիչներ` Կարինե Քոչար (Երվանդ Քոչարի տուն-թանգարան), Անուշ Թասալյան (Եղիշե Չարենցի տուն-թանգարան), Քրիստինե Աբրահամյան (Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան): Առանձնահատուկ հետաքրքիր էր լսել բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանին. զեկուցման թեման էր` «Ավետիք Իսահակյանը հուշագիր»: Խոսելով Վարպետի` հայ արվեստի և գրականության երևելիներին վերաբերող հուշերի մասին՝ գրականագետը շեշտում է, որ այստեղ զետեղված նյութերը սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում: Գիտաժողովի ընթացքում Ավիկ Իսահակյանը ներկայացրեց Իսահակյանի ակադեմիական հրատարակության 13-րդ հատորը, որտեղ զետեղված էին նշված հուշերը:
Այս գիտաժողովը մեկ անգամ ևս հաստատեց, թե որքան արդիական ու մեծ է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալումն ու խորիմաստ՝ փիլիսոփայությունը. «Հայ ժողովուրդը չմեռնող ժողովուրդ է, որքան էլ որ նա փոքրանա` նա պիտի հետապնդե իր դատը իր խոսքով, իր արվեստով, իր գրականությամբ և իր զենքով և արյունով…»:
Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի
հանրահռչակման բաժնի վարիչ