Վազգեն Սարգսյանը, ինչպես և պետք էր սպասել, չդարձավ տնտեսության վարչապետ: Նրա նախասիրությունների շրջանակն այլ ոլորտներում էր: Հատկապես արտաքին քաղաքականության ու ռազմական համագործակցության խնդիրներում նա շարունակում էր մնալ գլխավոր դերակատարն ու կարգավորողը: Մե՛րթ Մոսկվայում էր, մե՛րթ՝ Յալթայում, մե՛րթ՝ Թբիլիսիում, իսկ սեպտեմբերի վերջին նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԱՄՆ: Մեկնումից առաջ վարչապետն ասաց, որ ինքը պատրաստվում է ԱՄՆ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարությանը միջնորդել, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն Թուրքիայի վրա: Տվյալ դեպքում վարչապետն ակնկալում էր, թե այդ ճնշումների արդյունքում Թուրքիան կբացի սահմանը, առևտրատնտեսական հարաբերություններ կսկսի Հայաստանի հետ, և մեր երկիրը նրան էլեկտրաէներգիա, ցեմենտ ու այլ արտադրատեսակներ վաճառելու հնարավորություն կստանա: Սարգսյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ հրապարակավ հայտարարում էր այդ մասին՝ չերկյուղելով երդվյալ ընդդիմադիրների ու ազգայնականների պարսավանքներից:
Միացյալ Նահանգներ կատարած այցը գնահատվեց խիստ դրական, ձեռք բերվեցին կարևոր համաձայնություններ, միջազգային կառույցներին ներկայացվեց եռամյա ծրագիր: Կարծես թե ամեն ինչ սպասվածից ավելի հաջող էր: Միայն թե օրեր անց Հայաստան վերադարձած Վ. Սարգսյանի տրամադրությունը բոլորին զարմացրեց: Նա մտահոգ էր, նույնիսկ տխուր: Շուտով հայտնի դարձավ, որ ամերիկյան բոլոր հանդիպումների ժամանակ Հայաստանն անվանել են կոռումպացված երկիր, պահանջել են կտրուկ միջոցներ ձեռք առնել, իսկ Համաշխարհային բանկը տեղեկացրել էր, որ 2000 թվից Հայաստանին այլևս բյուջետային վարկեր չեն տրամադրվելու: Վարչապետի եզրահանգումը մեկն էր. «Մեր տունը մենք ենք շինելու»:
Հոկտեմբերի 22-ին Վ. Սարգսյանը կրկին հեռուստաելույթով դիմեց ժողովրդին: Խոսեց 2000թ. բյուջեի նախագծի, տեղական ինքնակառավարման մարմինների մոտեցող ընտրությունների և, իհարկե, կաշառակերության ու հովանավորչության դեմ նախապատրաստվող անզիջում պայքարի մասին…
Հ. Գ.
Նրան մնացել էր ապրելու 6 օր…