Ի ՏՐԻՏՈՒՐ ԵՎ ԱՆՏՐՏՈՒՆՋ / ՎԱԼԵՐԻ ՓԻԼՈՅԱՆ

Հրաչյա-Սարուխան-2
Ժամանակին անդրադառնալով Ալ.Բլոկի ստեղծագործությանը՝ ռուսական պոեզիայի խորաթափանց մեծերից Օսիպ Մանդելշտամը նշել է. «Գրական իմաստով Բլոկը լուսավորված պահպանողական էր: Այն ամենում, ինչ վերաբերում էր ոճի, ռիթմի, կերպարայնության հարցերին, նա զարմանալիորեն զգույշ էր. ոչ մի բացահայտ անջատում անցյալի հետ: Գրականության մեջ որպես նորարարի պատկերացնելով Բլոկին՝ հիշում ես անգլիացի լորդին՝ պալատում մեծ տակտով բիլլ անցկացնող: Դա ինչ-որ ոչ ռուսական, ավելի շուտ անգլիական պահպանողականություն էր: Գրական հեղափոխություն՝ ավանդույթի և անբասիր օրինապահության սահմաններում: Սկսելով Վլ.Սոլովյովից և Ֆետից ուղղակի, համարյա աշակերտական կախվածությունից՝ Բլոկը մինչև վերջ չընդհատեց իր ստանձնած պարտավորություններից ոչ մեկը, մի կողմ չնետեց ոչ մի ակնածանք, չկոխկրտեց ոչ մի կանոն: Նա միայն բարդացրեց իր պոետական credo-ն…»:
Արդեն լուսաշխարհ եկած «Ի տրիտուր» ժողովածուն հաստատում է, որ Մանդելշտամի դիտարկումը կարող է վերաբերել նաև Սարուխանի պոեզիային, որովհետև և՛ այստեղ, և՛ նախորդած ժողովածուներում դրսևորված է այն, ինչ կարելի է կոչել բանաստեղծության (և ընդհանրապես գրականության) արդար պահպանողականություն, ինչն անցյալ-անցավորածի հետ ժառանգորդության առաջին ցուցիչն է և ոչ միայն: Ինչո՞ւ ենք այսպես բարձրաձայնում, զի ճշմարիտ գրականությունն ավելի ճշմարիտ, տոհմիկ ու երկարակյաց է, քան այն ստեղծող մարդը կամ ընդհանրապես մարդը: Բառի լավագույն իմաստով պահպանողական և բառի լավագույն իմաստով նորարար է ներկայանում Հր. Սարուխանը: «Ի տրիտուր» ժողովածուն ի դերև է հանում բանաստեղծի վաղվա օրվա, անցնելիք ճանապարհի հետ կապված բոլոր կասկածները:
Բառն այստեղ ծավալ ունի, հնչողություն ու ձայն, բայց բառն առաջին հերթին ոգու խորհրդի բացահայտիչն է, Սարուխանի ոգեղենության տաճարի բանալին, որին հարկ է ճշգրիտ մոտենալ՝ չտարվելով զգացմունքային զեղումներով, այլապես չենք գտնի ելակետային զգացական հիմքը:
«Ի տրիտուր» ժողովածուն վկայում է, որ պոեզիան այն ազնիվ արվեստն է, որ իր մեջ կարող է ներառել և՛ գույն ու գծի պերճանքը, և՛ ճարտարապետական կառուցիկությունը, և՛ ռիթմ ու հընչյունի, լռության ու ձայնի կախարդանքը, ինչպես նաև իմացության խորխորատներն ու բարձունքները հասնելու կարողությունը: Եվ հավաստում է, որ պոեզիան ոգու ծննդավայրն է ու հայրենիքը, որի հանդեպ իրականությունը գլուխկախ, խեղճ ծառա է միայն, քանզի ամեն ինչ անցավոր է, իսկ ինքը՝ Նորին Մեծության Բանաստեղծությունը, մշտամնա: Այնպես որ տեղին չի թվում հեղինակի «Ի վերջո» անհարցական կասկածը.
Ծխախոտ ու սուրճ,
Սիրտ ու մոխրաման,
Գրիչ ու թղթեր
Ու գավաթ ջրի՝
Սեղանով հանդերձ
Պիտի մոխրանան,
Կրա՜կն անթեղեն
Քո ձեռագրի…
Սակայն տեղին է թվում «անթեղել» բառը, որովհետև սա այն մոխիրն է, որ կրակն է պահում իր մեջ, ու ինչքան էլ ձեռագրերն այրվեն, պահպանելու են հոգիներ հրդեհելու իրենց զորությունը:
Ժողովածուն բանաստեղծական շարք չէ, սակայն ունի իր կոնկրետ սկիզբն ու վերջը՝ «Հուշասյուն» և «Կրկնաղերս»: Բանաստեղծությունների հերթագայությունը չի պատճառաբանվում արարման ժամանակի կամ թեմատիկ զարգացման հանգամանքներով և, սակայն, ունի իր տրամաբանությունը: Բայց հայոց բանաստեղծության՝ շատ բան տեսած պարտեզ-անդաստանում ժանրի, հորձանքի, ասելիքի անկրկնելիություն ունեցող «Կրկնաղերս»-ով չի ավարտվում գիրքը: Խորհուրդ պիտի փնտրել նրանում, որ նախորդ ժողովածուներից այստեղ են «թափառումներով հասել» երեք գործեր՝ «Կասկածի գիշեր», «Ի՞նչ շենշնորհ բան տեսար» և «Յոթ մահացու մեղք», որոնք ասես հեղինակի հիշատակարան-ապաշխարանքն են՝ Կասկած-Ունայնություն-Մեղքից հեռացող: Գիրքն սկսվում է տերունական աղոթքի «Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց…» տողով, ուրեմն և բնական է «եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ…»-ի զգացողություն-արտահայտությունը:
Սարուխանի յուրաքանչյուր պատկեր ինքնափնտրտուք ու ինքնարտահայտում է, պոետական ես-ի ամբողջացման դրսեվորում, որ չի կարող թույլ տալ անփութություն ո՛չ տողի, ո՛չ էլ ինքն իր անձի հանդեպ: Գրքում տեղ են գտել տարիների հետ ձևավորված «Հոբելյանական» շարքը և «Հուշասյուն», «Ինքնակամ աքսոր», «Ճգնաժամ (ինքնանկար)», «Ինքնամխիթարանք», «Տարիների իմ հեռվում», «Կրկնաղերս», այլ գործեր, որոնց գլխավոր գործող անձը հեղինակային ես-ն է՝ շրջանակված իր հիշողությամբ ու հուշերով՝
Զի անցյալն այստեղ
ինձ չի մոռանում՝
Բաժին է հանում իր
ցող ու ձյունից,
Որ ամեն գիշեր
Անուն առ Անուն
Պսակներ հյուսեմ
հիշողություններից:
Ըստ Սարուխանի «գրականության տեսության»՝ չի կարող լինել բանաստեղծություն՝ առանց գյուտ-նորարարության: Մի դեպքում դա արտահայտվում է որպես ձև, մի այլ դեպքում՝ չափ ու կշռույթի տեսքով, մի երրորդ դեպքում՝ իմաստային մակարդակում կամ հանգուցալուծման մեջ, ինչպես ասենք՝
Տարիների իմ հեռվում
Ոչ ինձ հետ եմ, ոչ՝ մենակ,
Իրենց արևն ինձ բաշխած
Հոգվոց հետ եմ շարունակ,

Ու իրենց հետ՝ ոչ մանուկ,
Ոչ տարեց եմ, ոչ ջահել-
Վասն իմ այս վայելքի
Տեսնես ո՞վ է վճարել…
Սարուխանը նաև այսօր շարունակում է ձևի փնտրտուքները՝ ստեղծելով փորձարարական պոեզիայի նմուշներ, ինչպես «Անառակ որդի», «Թևավոր պատանք»…
Ամեն մի իրավ արվեստագետ հաստատապես խենթ է, երբ փորձում է, ժամանակին ձեռնոց նետելով, այդ նույն ժամանակից կորզել իր ապրած անկրկնելի վայրկյանն ու պահը կամ պահպանել որոշակի զգացմունք ու զգացողություն, որոնք հաճախ չունեն իրենց մտային ձևակերպումը, բայց խոսք ու պատկերի «այլասացությամբ» ընթերցողի մոտ ստեղծում են հեղինակի ապրումին հարիր պատկերներ: Այդպիսին է «Ինքնին պոեզիա»-ն, ուր գույների բառային զուգակցությունները և մտքի շարույթը հանգեցնում են յուրահատուկ ալիտերացիայի աստիճանավորման, և դեղին է-տեղին է իգական հանգը մեզ անսպասելիորեն, բայց տեղին հասցնում է միֆերի հավերժական աշխարհը, ուր կան Պարիս ու Հեղինե: Բայց միֆն այստեղ նպատակ չէ, այլ միջոց, որ մետաֆորի արժեք ունի և հուշում է ոչ թե հավերժական արժեքների մշտամնան, այլ ամեն պահ ու վայրկյանի հավերժելու իրավունքը, այլապես անիմաստ կլինի « տեղին է/ Դըժգունությունս քեզ ափսոսող» բանատողը: Կիսատողերի երկար (հնգավանկ) և կարճ (քառավանկ) զուգակցությունը բերում է ռիթմի յուրահատկություն, երբ ասես զգացողությունը թրթռում է ու մարելու է, ուրեմն և՝ հասնելու է վերջին, սակայն («Ինքնին պոեզիան» կարող ենք նաև զուտ բնապատկեր ենթադրել) ի՞նչ է լինելու այդ վերջից հետո.
Ոչ նարնջագույն, ոչ դեղին է,
Ոչ դարչնակարմիր, ոչ էլ բոսոր.
Գույն չունի, Աշո՛ւն,
բայց տեղին է
Դժգունությունս քեզ ափսոսող,
Զի տերևներին քո Հեղինե
Առևանգելով՝ Պարիսը հողմ
Արդեն Ամուրի աղեղին է
Քեզ զոհաբերում…
սիրուց այն կողմ:
Թերևս արձանագրենք, թե Աշնան այս զգացողությունը մերձ է Թումանյան («Հոգնած դաշտերին…»), Տերյան («Ոսկեհանդերձ եկար և միգասքող…»), Չարենց («Ցուրտ է, աշունը շրշում է…»), Սահյան («Անտառում ամպի ծվեններ կային…») Մեծաց աշուններին, սակայն սա լոկ աշուն չէ, այլ կենսազգացողություն, կենաց ճանապարհի, իմաստնանալու աշնանամուտը: Ուրեմն, ինքնին պոեզիա ու աշնան զարմանալի զգացողություն լինելով՝ բանաստեղծությունը նաև Սարուխանի հոգու և մտածումների մի արտացոլքն է՝ թեմայով, բայց ոչ արտաքուստ Ուրիշներին նման, ներքուստ՝ զուտ Իրենը:
Ու թե հասել ենք միֆին, անհնար է շրջանցել «Սիզիփոս և Պենելոպե» բանաստեղծությունը: Սիզիփոս և Պենելոպե՝ երկու հավերժ տառապյալներ՝ դատապարտված անպտուղ աշխատանքի ու սպասման, երկու համառ հակառակվողներ, որ ընդդիմանում են աստվածների կամքին ու համառ դատաստանին՝ հաստատելով մարդկայինը: Երկու կերպար՝ իրարից այնքա՜ն հեռու և այնքան նման: Սակայն ելակետային այս հարթության մեջ չեն մնում նրանք: Սիզիփոսն «առասպելի սեփականությունն է», Պենելոպեն՝ դուստրն ու նշանառված զոհը կյանքի: Եվ ահա Սիզիփոսի վերաբերմամբ հերքվում է առասպելն «իրականում»՝ կյանքով.
1.Օ՜, դարեր էր ճգնել,
և գլորվող քարը
Գագաթին էր կարծես.
և՛ս մի ճիգ,-
Սակայն իրականում…
անգագաթ էր սարը,-
Եվ առասպելն իսկույն
դարձավ ի չիք,

Երբ հակառակ կողմի
անհայտ զառիթափով
Ամենահայտ քարը
գահավիժեց թափով…
Եթե առասպելի ժամանակի ներսում դարը նվազագույն միավոր է, ապա մարդկային ժամանակի համար երևի քսան տարին դարի արժեք ունի: Ահա և իրական կյանքի քսանամյա կարոտը կարող է հերքել կյանքն առասպելով.
2. Քսան տարի կարոտն
անվերջորեն խոցեց…
Բայց մղձավանջ-
տենդում երբ աչքերը գոցեց,

Թվաց՝ սեղեխների
պարսն իրական
Գունախաղ է գործքի
իր ոստայնում,-
Ոդիսևսը միֆ է…
Ինքը, հոժարակամ,
Սիզիփոսի հետ է
ամուսնանում…
Ջնջվում են կյանքի ու առասպելի սահմանները, և… Բայց մինչ այդ հիշենք Ալբեր Քամյուի դիտարկումը. «Ամեն մի ակնթարթ այն բանից հետո, երբ Սիզիփոսը լքեց գագաթը և աստիճանաբար իջնում է դեպի աստվածների կացարանները, նա ոգով վեր է ելնում իր ճակատագրից: Նա ժայռաբեկորից ավելի ամուր է: Սիզիփոսը՝ աստվածների պրոլետարը՝ անզոր և խռովված, լիովին գիտի մարդկային ճակատագրի ողջ ոչնչությունը. հենց այդ մասին է մտածում՝ իջնելով ցած: Մտքի պայծառությունը, որ ասես նրա համար պիտի տառապանք դառնա, միաժամանակ ապահովում է նրա հաղթանակը»: Ի վերջո նա գտնում է «աբսուրդ հաղթանակի իր բանաձևը» (Ալ.Քամյու), կամ Հր.Սարուխանն է ազատում նրան աստվածների նզովքից՝ շնորհելով «աբսուրդ հաղթանակի իր բանաձևը»:
Ուրեմն, իրո՛ք, ջնջվում են կյանքի ու առասպելի սահմանները («Թվաց՝ Ոդիսևսը միֆ է…»), և ստեղծվում է գրի մի պայմանականություն, որ կյանքից զորեղ է…
Ուշագրավ է և ասելիք ունի նաև բանաստեղծական տների (քառատող-երկտող, երկտող-քառատող) յուրահատուկ ընթացքը, որ ասես վերելք ու անկում է նշում:
Շատ տարիներ առաջ Սարուխանի գործերից մեկը՝ «Անձրևն անցներ, ու մամուռը փայլեր պատին…», գիտակցվեց որպես հայրենասիրական պոեզիայի շքեղ արտահայտություններից մեկը, որ ներդաշն է ներկայանում Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի հայրենիքներին և օրերից մի օր հայտնվելու է դպրոցական դասագրքերում: Նշված ու այլ հեղինակների գործերում Արարատը կա որպես հավերժության վկա ու հավերժելու խորհուրդ: Այս ժողովածուն էլ է մեզ ականջալուր ու ականատես դարձնում նույն խորհրդին.
Ձյան ներքո կատարն է նույն՝
Միևնույն լյառն Արարատ,
Ինչքան էլ ջրեր հոսեն՝
Հորդաբուխ և հորդառատ:
Եվ ինչքան էլ առ հայրենիքն ունեցած սերը վկայող և հղված հավաստագրեր ու կենաց-հորդորներ գրվեն, էլի ամենաճշմարիտը մնում է «Սթափների կիրակին», որ երկրի օրվա մասին անկեղծագույն ճիչ է, որդիական պահված, ուր կարելի է Տիրոջ և չարենցյան «Թող ոչ մի զոհ…»-ի ինքնազոհությունը տեսնել…
Եվ «Նախնականություն»-ը, որ ասես բիբլիական ժամանակների զրնգուն արձագանք ունի իր ներսում.
Երբ միտք էր միտքն իմ,
Միտքն իմ երբ ինքն էր,
Երկինք էր միտքն իմ՝
Ինքն իր երկինքն էր.
Երկինքն իր Մարմին,
Երկինքն իր Հոգի,-
Իր անիրական
Երկինքն իրոքի…
Եվ «Անհուն փակուղի»-ն, որ թումանյանական քառյակագրության լավագույն ավանդույթների զարգացում է ու թումանյանական տիեզերազգացողություն.
Միտքս մթնում՝ տուն է մտնում.
Տուն չկա…
Տունը գտնում՝ քուն է մտնում.
Քուն չկա…
Մտմտում է
Մտաբևեռ իր մթնում,-
Է՜ս է ասես՝ հո՛ւն է գտնում… Հուն չկա:
Ծավալով ու ներառածով մեծ չէ ժողովածուն. ընդգրկում է 69 գործ (բայց քանա՞կս որն է), որոնք որակական նոր մի մակարդակ են ենթադրում ինչպես Սարուխանի, այնպես էլ մերօրյա բանաստեղծության անդաստանում: Իր ճանապարհի թերևս ամենասկզբից դասականության ճանապարհն ընտրած հեղինակի համար իդեալ է թումանյանական իմաստնության պարզությունը, որին ձգտում է ինքը, և որը Սարուխանի պոեզիայում կա որպես ոգեղեն-հայրական ներկայության ու ավանդույթի ժառանգորդություն: Այս տեսակետից կան գործեր, որ իրենց պարզությամբ, տաղաչափական անթերիությամբ, իմաստասիրական խորքով առանձնանում են: Խոսքը վերաբերում է ինչպես հիշատակվածներին, այնպես էլ համարյա բոլոր երկերին:
Եվս մի իրողություն. ժողովածուի մեջ ներառված թվով 21 երկեր (գրքի մոտ մեկ երրորդը) համապատասխանում են քառյակի ժանրային յուրահատկություններին, այսինքն՝ «Ի տրիտուր»-ը նաև քառյակների գիրք է, չնայած հեղինակը հաճախ քառյակը տողատում է՝ դարձնելով ութնյակ: Իսկ քառյակը ենթադրում է այն, ինչ ձևակերպել է Զահրատը. «Շատը գիտնալ / եւ այդ շատը գիտնալ քիչի վերածել/ այդ քիչով/ կարենալ շատը պատմել»,- ասել է՝ իմաստնություն…

…Քանի դեռ քավարան
այս Երկրում
Հինավուրց Նորի հետ և հնի
Տառետառ տանջվում եմ
ու բերկրում,
Դեռ շուտ է, ինձ կանչող չլինի,– ասում է Բանաստեղծը, քանզի դեռ «Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին» և անտըրտունջ հղկելու ու բյուրեղացնելու է Հինավուրց նորի և Նորվող հնի՝ Պոեզիայի իր տաճարը՝ բերկրություն բերելով և՛ իրեն, և՛ ընթերցողին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։