***
Ավետիք Իսահակյանը իր ստեղծագործական կյանքի ընթացքում խուսափել է հեշտ գրված, դյուրածին ստեղծագործություններից. «Ես ծանր եմ գրում, խնամքով, գոնե այդպես եմ ուզում անել»: Այդպես ծանր գրելուց հետո էլ, սակայն, բանաստեղծը շարունակ վերանայում էր գրածները՝ ներշնչման պահին թույլ տված հնարավոր սայթաքումներից խուսափելու նպատակով:
Եվ հիրավի, իր գրական գործունեության վաղ շրջանում անգամ Իսահակյանը չէր շտապում նոր գրած գործերը տպագրության հանձնել. մի որոշ ժամանակ պահում էր մոտը, վերստին վերանայելու նպատակով. «Թաժա գրած բան է, թող ամսիմ չափ մնա սառի, որ գլխի ընկնեմ, օտարի աչքով նայեմ, անաչառ իմանամ լավ եմ գրել, թե վատ»: Իսկ երբ արդեն «գլխի էր ընկնում», ուղղում էր, մաքրագրում, որից հետո սևագիր օրինակը պատռում և զամբյուղն էր գցում: Ուստիև շատ քիչ նմուշներ են մնացել բանաստեղծի արխիվում նրա ձեռագրերի նախնական այդ օրինակներից:
Ձեռագրերի վրա կատարած Իսահակյանի վաղ շրջանի մշակումները մեծ մասամբ մասնակի բնույթի ուղղումներ են եղել: Նա բավականացել է հաճախ բառեր փոխելով կամ բառերը ետ ու առաջ տեղադրելով: Ուղղելու ընթացքում երբեմն էլ հաջող բառը ջնջել, փոխարինել է անհաջող բառով:
Բանաստեղծը հաճախ վերամշակում էր իր հին ու նոր, տպագիր ու անտիպ ստեղծագործությունները՝ մրմնջալով. «Լավագույնը լավի թշնամին է»: Ամեն գրողի սակայն չի տրված լավագույն ձևով վերամշակելու տաղանդ: Իսահակյանը այնպես էր վերամշակում իր ստեղծագործությունները, որ նրա արարչական գրչի տակ կատարվում էր արվեստի իսկական հրաշք:
Իսահակյանը նման բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ է մշակման ենթարկել նաև օտարազգի հեղինակներից կատարած թարգմանությունները:
***
Պատմվածք կամ վեպ գրելիս Բակունցի ամենասիրելի զբաղմունքը արդեն գրվածը արտագրելն է եղել:
***
Շիրվանզադեն ասում էր. «Պետք է գրել ճիշտ, այնքան ճիշտ, որ ոչ մի արարած աշխարհիս երեսին, թեկուզ դա Կանտը կամ անգամ Հեգելը լինի, մեկ է, չհանդգնի երկու կերպ բացատրել գրածդ…»:
Ահա ղեկավարվելով այս սկզբունքով՝ վիպասանը գրելիս ահռելի ու մանրակրկիտ աշխատանք էր թափում, պարզապես տանջվում էր, որպեսզի յուրաքանչյուր նախադասությունը լավ ստացվի: Մի առանձին թերթիկի վրա գրում էր նախադասությունը, ապա կարդում և եթե անհրաժեշտ էր համարում, փոխում էր գրածը: Նորից էր անդրադառնում գրածին, բառեր էր ավելացնում ու բառեր ջնջում, և այդպես շարունակ, մինչև նախադասությունն ստանում էր իր ուզած ձևը: Դրանից հետո միայն վերջնատարբերակը մաքրագրում էր տետրի մեջ: Իսկ զամբյուղը հա՛ լցվում էր ճմռթված ու պատառոտված թերթիկներով:
– Տանել չեմ կարող սևագրություն,- ասում էր վիպասանը և ոչնչացնում բոլոր սևագրությունները՝ ոչ մի հետք չթողնելով հետագայում իր ստեղծագործական մտքի ընթացքն ուսումնասիրելու համար:
***
Դերենիկ Դեմիրճյանը աներևակայելի աշխատասեր է եղել: Նա տանից գրեթե դուրս չի եկել. օրնիբուն նստած գրել է: Սեղանի մոտ աշխատելու սովորություն չի ունեցել: Նստել է բազմոցի եզրին, մի մեծ գիրք կամ բառարան դրել ծնկներին, վրան՝ թուղթ և գրել տենդորեն: Գրել է մատիտով: (Փակագծերում ասենք, որ մատիտով էր գրել նաև Էռնստ Հեմինգուեյը. նա երբեք չի ասել, թե այսքան էջ կամ այսքան մամուլ է գրել, այլ` «Այսօր այսքան մատիտ եմ գրել»): Գրականություններից, աշխատություններից, այլևայլ նյութերից օգտվելու կարիք չի զգացել գրելու ժամանակ. ամեն ինչ գլխի մեջ պատրաստ՝ հանձնել է թղթին՝ դեմքեր, դեպքեր, բախումներ, հերոսական դրվագներ, բնության նկարագրություններ…
Գրել է արագ, չափազանց արագ: «Վարդանանքը» ձեռնարկել է 1943-ի փետրվարին և նույն թվականի ամռանն ավարտել է Ա հատորը: Այդ ընթացքում գրելիս է եղել նաև «Սերն իր պարտականությունների մեջ» չորս գործողությամբ դրաման, հետևել դրանց տպագրության գործընթացին, զբաղվել ռուսերեն լեզվով թարգմանելու հարցերով: 1944-ի սկզբներում նույն եռանդով գրել է և՛ «Վարդանանքի» Բ գիրքը, և՛ «Քաջ Նազար» երգիծական վեպը` գտնվելով առողջական ծանր վիճակում:
«Վարդանանքի» առաջին գիրքը հրատարակվել, և տպաքանակը դեռ վաճառատուն նոր-նոր հասած՝ սպառվել է: Արձագանքներն աներևակայելի են եղել: «Զարմանալի գրվածք դուրս եկավ,- պիտի ասեր վիպասանը,- դեռ չվերջացրած, գործը չավարտված՝ ամենքը հավանում են: Ի՞նչ է սրա գաղտնիքը»:
***
Հովսեփ Օրբելին աներևակայելի ճարտասան (հռետոր) է եղել: Հայտնի է, որ ճարտասանությունը գիտություն է ու արվեստ, գիտելիք ու հմտություն:
«Ճարտասանությունը համոզելու արվեստ է»,- ասել է Դավիթ Անհաղթը: (Տե՛ս Վալերի Միրզոյան, Ճարտասանություն, «Գր. Տաթևացի» հրատ., Եր., 2004, էջ 3): Օրբելին, հարկավ, տիրապետել է ոչ միայն համոզելու, այլև ունկնդիրների սերն ու համակրանքը գրավելու արվեստին:
Երբ Օրբելին ամբիոնի վրա կռթնած ճառ ասելիս է եղել կամ թեյի սեղանի շուրջ զրուցելիս, առաջին իսկ վայրկյաններից «գոմշի կոտոշը բռնած (Տիգրան Հախումյանի բնորոշումն է)՝ իր ձեռքերի մեջ է պահել լսարանի լարված ուշադրությունը»: Բանավոր խոսքի և պատմություններ հյուսելու մեծ վարպետ է եղել: Սակայն գրելու սեր չի ունեցել: Մտերիմները երբ խնդրել են գրի առնել այն ամենը, ինչը այդպես եռանդով և համուհոտով պատմում է, իսկույն, ասես, համրացել է, փայլատակող աչքերը ակնթարթորեն խամրել են, շրթունքները՝ դալկացել:
Գրելու սեր չի ունեցել Օրբելին: Իսկ եթե հարկադրված հանձն է առել շարադրել որևէ հոդված, ընթերցողին զարմացրել է նրա ոճը՝ երկարաշունչ ու ծանր, հաճախ տասը-տասներկու տողից բաղկացած նախադասություններ, միջանկյալ դարձվածքների առատություն, լեզվական խորդուբորդություններ… Լոկ հազվադեպ պահերին, երբ գրելիք հոդվածը ինքնաբերաբար է հղացել, մտքի ու սրտի, այսպես ասած՝ անուղղակի թելադրանքով, ծնվել են կենդանի, պատկերավոր տողեր, հոդվածն էլ նրա բանավոր ելույթի կամ զրույցի սղագրական յուրատեսակ կրկնօրինակն է թվացել: