ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՄԵՆՔ
ԴԱՌՆԱԼ ՎԵՐՀՈՒՇ
1.
Որքան էլ լավատես ու վստահ,
Որ կելնենք տեղից էլ անհնար,
Որքան էլ… թվա աշխարհը
Շանթարգել մեկմեկու համար,
Բայց էլի տագնապը ծակում է
Իմ սիրտը, երբ շուրջս եմ դիտում.
Ուրագ են չորս կողմը, որոնց
Ծառերը փորձով չեն հավատում:
2.
Ուրագ են, ու ծառ ենք մի տեղ…
Ուրագը դեռ փառք է սակայն.
Սև մաղձից մեկ էլ սևակնում,
Դառնում են կատաղած յաթաղան:
Ինչպես որ դարձան մեզ համար,
Մեր անտառն աջ ու ձախ հատվեց…
Լավ էր՝ մենք եղանք համառ,
Խավարում մեր ուղին չընդհատվեց:
3.
Մեզնից աջ, նայում եմ՝ իրենք են,
Մեզնից ձախ՝ իրենք են, օ՜, Տե՛ր,
Ուզում են հարավն ու հյուսիսը
Նույնպես իրենցով պատել:
Պատել ու պլշած աչքերով,
Իբրև թե շատ են զարմացած,
Չորս կողմից նայել մեզ, հարցնել՝
Երկնքի՞ց ենք մենք ընկել ցած:
4.
Երկնքից ենք մենք, այդպես է,
Չենք ընկել, սակայն, իմացեք,
Մնացել ենք մենք նույն տեղում,
Երկի՛նքն է մի քիչ բարձրացել:
Սա տեղն է մեր հին դրախտի,
Մեր հոգին նույն խինդն է լցնում,
Բայց օտար շնչով պղծված՝
Երբեմն դժոխք է հիշեցնում…
5.
Եղել ենք էն գլխից ու կանք,
Իսկ ոմանք «գուքան ու կերթան»:
Ամեն մի եկող-գնացող
Թռցրել է մեզնից ինչ-որ բան:
Ձեր հերթն է. եկել եք դուք էլ,
Դա, ախր, պահելու բան չէ.
Փորձում եք թաքցնել, սակայն…
Հարգի չէ՞ ձեզ մոտ ամաչել…
6.
Որքան էլ մենք ձեր արանքում
Սեպ թվանք, թվանք աչքի փուշ,
Դուրս գալու ոչ մի միտք չունենք,
Չենք ուզում մենք դառնալ վերհուշ:
Մենք, որ ինքներս շատերի
Կորստյանը եղել ենք վկա.
Կենդանի վկա ենք նաև,
Որ մահ՝ հառնածին չկա՜…
ԸՆԾԱ
Այնպես եմ տեսնում ու զգում երկիրս,
Ինչպես… ինքս հենց ինձ:
Եվ չեմ ուզում նրան ցավ պատճառվի
Դրսից և կամ ներսից:
Առանց այդ էլ, ախր, նա հանգիստ չէ…
Հեչ որ բան չլինի՝
Ցավող հին վերքերն է ապաքինում
Եվ դեռ հասցնում է
Դժվար իր այսօրվա
(Թե Աստված տա՝ նաև վաղվա օրվա)
Ծանր հոգսը հոգալ:
…Երկի՛ր իմ մայր,
Ավելին, քան քեզ երգով լինել սատար,
Ես չեմ կարող:
Ուրեմն՝ երգերս քեզ ծայրեիծայր:
Ընդունիր, օ՜, ներող,
Ընդունիր իմ ընծան՝
Աղքատ այն այրու լումաների նման…
ԷՔՍՊՐՈՄՏ
Ես կայի, դուք չկայիք:
Բայց ահա եկել ու ինձ
Հարցնում եք՝ որտե՞ղ էի:
Ես կայի, դուք չկայիք:
Սակայն ես վստա՛հ էի,
Որ մի օր պիտի գայիք:
Եվ հիմա չսպասելով
Նոր հարցին ձեր՝ ինձ տալիք,
Ասում եմ.
– Անցյա՛լ եմ ես,
Ներկա՛ եմ,
Նաև՝ գալի՜ք:
***
Ճաշակեցի թե՛ խինդ, թե՛ տխրություն:
Ու հիմա, երբ քիչ-քիչ մոտենում եմ
Ի վերուստ սահմանված վերջնագծիս,
Եվ ողջ ապրած կյանքս
(կորուստներով բոլոր ու գտածով)
Մտքի իմ էկրանին
վերապրում եմ կրկին,
Ամեն բանից առաջ
Երախտագիտությամբ եմ
լցվում մի անսահման՝
Այդքա՛ն, այդքա՛ն,
այդքա՛ն լուսավոր բան
Տեսնել, վայելելուս ու զգալուս համար,
Զարմանալուս համար,
Երազելուս համար ու սիրելուս համար,
և, մանավանդ, այդ ամենը՝
Իմ աղոթքով ու օրհնանքով,
ու մաղթանքով ցողված,
Իբրև կտակ և
ամենամեծ ժառանգություն,
Իմ թոռներին ու իմ երկրին
Ուրախությամբ
փոխանցելուս համար…
