Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

 

ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՂԻ ՃԱՇԱԿՈՒՄԸ
«Խնձորը օգտակար է
առողջությանը»,-
ասաց Եվան Ադամին,
ու կերան:

ՔԵՐԱԿԱՆԸ
…և սահմանեց քերականը՝
հարցականները դնել
ձայնավորների վրա -
թող բարձր հնչեն հարցերը:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Ամոթ ձեզ,
փրչոտ հրեշտակներ,
թռչելիս տեսնում ենք ձեր
թևատակերի մազը:

ՄԵՂԱՅԱԿԱՆ
Չմտածեցի՝ ինչ եմ անում,
կարծեցի, թե մտածել եմ:

ԱՆՄԱՀՆԵՐԸ
…և դարձրին մահն էլ նրանք
երկիմաստ:

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ
Գողանալ չկա Երկիր մոլորակից –
գողանաս՝ ո՞ւր տանես:

ԿՈՐԱԾ ՄԱՐԴԸ
Այ թե որտեղ էիր`
հիշողությանս մեջ,-
մոռացել էի բոլորովին:

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.
Խոսում ենք –
և այնքան բառեր ենք բաց թողնում
նախադասություններից:

2.
Լռում ենք –
այնքան նախադասություններ կան,
որ չենք իմանում, թե որն ասենք:

ԳՅՈՒՂԻ ՄԱՐԴԸ
Ջուր չկա լուսնի վրա,
իբր որ թռչենք՝
ի՞նչ ենք ցանելու այնտեղ:

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Ի՜նչ վատ լռություն է,
ոչինչ չի լսվում:

ՄԵՂՍԱՎՈՐԸ
…և դեռ համարձակվում է խոսել
մեր բառերով:

ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Ապրեցի անցյալս,
ապրում եմ ներկաս,
շուտով կանցնեմ
ապագաս ապրելուն:
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
Ատլանտյան օվկիանոսը
դատարկել,
լցնել Խաղաղ օվկիանոսի մեջ,
խառնել:

ԲԱՅԵՐԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
Եղել են հայերը միշտ
մի բան անող կամ լինող,
ու դրա համար են հենց
բայերը հայերենում
այսքան շատ:

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Զանգահարեցի Եվրոպային –
անհանգիստ էի, ուզում էի հարցնել.
«Այս ի՞նչ է կատարվում քեզ հետ,
Եվրոպա,
ամենուր ցույցեր են, ընդվզումներ,
ընդհարումներ, անկարգություններ-
անհամերաշխություն է»:

ՄՏԱԾՎԱԾ ԲԱՌԸ
Մի բառ եմ մտածել,
չգիտեմ՝ ում ասեմ, ինչպես ասեմ –
առաջին անգամ է ասվելու:

ԱՍԵԼՈՒ ՈՒԺԸ
Օ՜, այս ինչքա՜ն բաներ
կան աշխարհում,
բոլորը ասելով են եղել:

ՁԱԽՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երկու ոտք ունենալ,
երկուսն էլ՝ ձախ:

ԳԵՂԵՑԻԿ
ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեկն է արևը,
մեկն է լուսինը –
ավելին ի՞նչ էինք անելու:

ԼՈՒՌ ԽՈՍՔԸ
…և մինչև բառերն արտասանեի,
արդեն ասել էի ամեն ինչ:

ՊԱՏԱՀՈՂ ԴԵՊՔԵՐ
…և լինում է՝ խոսում է մարդը,
բառերը մենք ենք ասում:

ԼՌՈՂ ՄԱՐԴԸ
Ինչ լավ էր լռում,
եթե այդպես խոսե՜լ կարողանար…

ՊՈԼԻԳԼՈՏԸ
Խոսել հինգ լեզվով՝
հինգ լեզվով լռել:

ԵՐԿԻՆՔԸ
Լավ է, որ բարձր է երկինքը –
հանգիստ
անցնում ենք նրա տակով:

ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՈՍՔԸ
Մաքուր պահեք,- ասաց,-
ձեր անունները,
դրանք հետո
հայրանուններ են դառնում:

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Այս ինչպե՞ս ես կյանքիդ
ճանապարհը անցնում,
փոշու մեջ կորցրիր մեզ:

ՄԵՐ ԵՐԹԸ
Խելահեղորեն,
գլխապատառ
սլանում ենք դեպի ապագա –
օ՜, այսպես որ գնա՝
այլևս ուժ չի մնա
վերադարձի համար:

ԱՉՔԵՐՆ ՈՒ ԱԿԱՆՋՆԵՐԸ
Ինչե՜ր չգիտեն
աչքերն ու ականջները –
սկզբից
նրանք են իմանում ամեն ինչ:

ԱԹՈՌՆԵՐԸ
Աթոռներ, աթոռներ,
այս ինչքա՜ն եք նման դուք
նստելու ձևին:

ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Շա՜տ առաջ գնացինք, շա՜տ –
ետևում մնաց ապագան:

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Բարձրացրե՜ք,
բարձրացրե՜ք
արյան մակարդակը ձեր մեջ –
չորացած ուղեղներով եք դատում:

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Այս ինչքան մարդ կա կանգնած –
«Ոտքի, դատարանն է գալիս»,-
ասել են նրանց:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՄՈՏ
…և ասաց Աստված.
«Կգնաս, այդ բաները
Սատանայից կխնդրես,
որդյա՛կ իմ»:

ԹՌՉՈՒՆՆԵՐԸ
Այս քանի՜ թռչուն՝ ծառին –
բոլորին թռցնես՝
դժվար տեղավորվեն մի երկնքում:

ՓՐԿՕՂԱԿՆԵՐԸ
Օ՜, փրկօղակներ, փրկօղակներ,
ձեզ վատատեսները հորինեցին:

ՄԱՅԹԻ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ
Զգույշ անցեք
մրջյունների վրայով –
կտեսնեն նրանք ձեր
ծակ կոշիկները:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՌԸ
Դժվարանում եմ խոսել
հիշողությանս հետ,
մի բառ գիտի միայն՝ «Եղել է»:

ԱՄԵՐԻԳՈ ՎԵՍՊՈՒՉԻ
Հազար անգամ ասա՝ «Ամերիկա»,
և ոչ ոք չի հիշի
Ամերիգո Վեսպուչիին:

ԹԵՄԻԴԱՆ
Ի՜նչ արդար դատեցիր,
Թեմի՛դա,
դու խիղճ չունես:

ՄՈՆԱ ԼԻԶԱ
Օ՜, այդ ձեզ նայելով է նա
խորհրդավոր ժպտում –
ճանաչեց:

ՏԱՐՏՅՈՒՖ
Ի՜նչ լավ էր ստում՝
ճշմարտությունը գիտեր:

ՔՎԱԶԻՄՈԴՈ
Ծնվեց ժամանակից շուտ –
դեմքի ձևավորումը
չէր ավարտվել:

ԳԱՐԳԱՆՏՅՈՒԱ
Այնպես էր փռվում մահճակալին,
որ թվում էր՝ իջնելու է
միաժամանակ նրա երկու կողմից:

ՀԵՐՈՍՏՐԱՏ - 2022
Այ թե անմահանալ
կենդանության օրոք:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ
Ես լավագույն
նկարիչը չեմ:
Ես լավագույն
արձանագործը չեմ:
Ես լավագույն
ճարտարապետը չեմ:
Ես լավագույն
ճարտարագետը չեմ:
Լավագո՜ւյն
Լեոնարդո դա Վինչին եմ ես:

ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ
Չկարողացա՜վ գրավել Մակեդոնացին
Անժելի սիրտը:
«Լավ,- ասաց,- գնամ
Եգիպտոսը գրավեմ»:

ԼԻԱԼՈՒՍԻՆԸ
Ի՜նչ պայծառ է լիալուսինը,
լավ է, լույս կմնա
վաղվա գիշերվա համար:

ՈՐՍՈՐԴԸ
Եղնիկ էր խփել որսորդը –
այնքան էր ուրախացել, կարծես
փրկել էր նրան գայլից:

ՀԱՅԱՑՔԸ
Ո՞վ է հաշվել՝ օրվա մեջ
քանի հայացք է դուրս գալիս
մեր աչքերից:

ԲՐՈՆԶԵ ՁԻԵՐԸ
Կեցվածք ընդունեք, արձանների
բրոնզե ձիեր,
դուք կանգնած եք,
հեծյալները՝ նստած:

ԲԱՌԵՐԸ
Ի՜նչ ծանրակշիռ բառեր կան,
հազիվ ենք արտասանում:

ԻՐԵՐԸ
Շատացե՜լ են, շատացե՜լ են իրերը,
այդքան բառեր չկան՝
անվանելու դրանց:

ԹՂԹԱԽԱՂԸ
…և այնպես էին խաղաթղթերը
շարել ձեռքներին, որ կարծես
հովհար լինեին բռնած:

ՓՈՂԸ
Փող գտա, ­
այնքան ուրախացա,
որ ես չէի կորցրել:

ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ – 1
Անկախանայի ինձանից –
ապրեի առանձին՝
մի նախաստե՜ղծ,
երբևէ չապրած կյանքով:

ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ – 2
…հետաձգե՜լ կյանքը՝
լավ ժամանակներում
ապրելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։