«Աչերն է ծով, ունքըն թուխ ամպ, մազն է դեղձան ոսկի թելէն…»։
Հովհաննես Թլկուրանցի
Եվ Գագիկ Սարոյանի վառ կակաչը, զատիկը, յոթ սիրտը ու մեկ էլ՝ կակաչը՝ աղջիկ յար, սիրածը՝ յար մի կակաչ, զատիկը՝ զառ հուլունք, ու սիրտը մերօրյա բանաստեղծի: Մերօրյա երգերը՝ իբրև սեր, մերօրյա ծղոտը՝ ոչ մեր օրերի համբույրի վկա, և սերը՝ ամոթխած, խոնարհ ու ձկան նման… հասկացող։ Ահա նրա տողերը, գույները, բույրերը, երգերը՝ վկաների ներկայությամբ և թաքուն, աշխարհի առջև գոց ու բաց՝ անհավանական: Անգամ մեկ բանաստեղծությունից զգալի է ոգին՝ փրկագնված մատյաններից մինչև որդեգրված գրքեր, «կապտամելան երկինքներ» և երկիր հսկողից մինչև որդան կարմիր ու մինչև երկաթագրեր։ Նրա գրեթե ոչ մի տող այս՝ «հայրենիք ու սեր» հյուսվածքից չի հեռանում, ճիշտ հակառակը, որքան խորանում են էջերը, կապն այնքան ամրապինդ է դառնում։ Վկան՝ նոր կառուցվող տունը բանաստեղծի, որ ներսում սերն է սպասում, շինանյութը ողջը բերված Էրգրից՝ շյուղ առ շյուղ, օրհնված, անշուշտ, որպես արդեն իրար բերված, մեկացած հայրենիք՝ այնքան սպասված։
Եվ հոնգուր-հոնգուր կարմրող մայրամուտ, ու՝ «աչքս կպավ երազի խաս թևիկներին», իսկ արեգակը սերմի խոհով, արեգակը՝ մայրական այնքան։ Դե իսկ ամբողջական կառույցը՝ ընդամենը մեն-մի զանգակի հենքի վրա, որ աճում է հոգու դարավանդին և անանուն է այնքան ու այնքան անխիղճ, և որի անունն է Խիղճ։
Այս ամենն, իհարկե, ստեղծում է համապատասխան գեղաշուք նախատրամադրությունը, և ապա՝ սահուն մեծքայլ դարձ դեպի Միջնադար, իսկ կենտրոնում ինքն է՝ ոչ ավելի, ոչ պակաս, «զտարյուն խև» Հովհաննես Թլկուրանցին։ Բնականաբար, նա ամենևին էլ պատահաբար չի հայտնվում այստեղ. նրա և նրա բոլոր ժամանակակիցների համար առկա է համապատասխան միջավայրը՝ հարուստ, կոլորիտային բառապաշարով, երթևեկող պատկերներով՝ շոշափելի, լիարյուն. «Հետո Հոգիդ կալեկոծես // Միջնադարյան զուլալ գանձով…», և կհայտնվի «ճեղքուկ նուռը», խնձորը՝ սիրո խորհրդանիշ, ոսկե խաղողը՝ իջած խաչքարերի հյուսվածքներից՝ Տրտու գետի տրտում ալիքներում զովանալու։
Եվ, անշուշտ, վերադարձը դեպի քեզ՝ հաղթելու ներսի ու դրսի ցրտին, տարապայման իրողություններին՝ թե՛ ժամանակային առումով, թե՛ դուրս ժամանակից ու տարածությունից։
Ապրված օրերի, երազների ու երազանքների սերտ դաշնի լուռ վկաներն են Գագիկ Սարոյանի բանաստեղծությունները։ Եվ ժողովածուն միահավաք ամբողջություն է. ասելիքը սկսվում է երեկ, իր լրումին հասնում այսօր և շարունակվում վաղվա մեջ։
Մանտրա, մանի, տաղ, հայրեն ու գորանի, տարազիկով տաղիկ ու տաղի տարազ, մինչև քաղաքային բլյուզ։ Ու «հոգավորը»՝ սերը պոետի, սիրուհին միջնադարյան հայրենների, որ «ընդամենը քամու բերած խատուտիկներից կառչած լույս է»։
«Չտխրե՛ս… // Հենց գարունը գա, // Քեզ հայրեն կդարձնեմ…»։ «Համաձայն եմ // Վերադառնալ միջնադար՝ // Ազնիվ հայրենիքը գինու, // Ամոթխած տաղերի // Երկիրը տատրակե…»։ Եվ «Համաձայն եմ // Վերադառնալ նախշի մեջ՝ // Կիսայրված մատյանի…»։ «Իսկ գուցե // Մի օր մի զատիկ կգա // Վաղ միջնադարից // Եվ քեզ կծաղկի // Տխրության վիճակ-մագաղաթներին…»։
Շարականի կանաչագույն, մանուշակ, ուրցի բույր ու սրոհունդ, կին, գինի, շոգ, «ամոթխած տաղերի երկիրը տատրակե»։ Եվ բոլոր ինքնատիպ էջերից առանձնացված՝ միջնադարյան շունչը մեր օրեր հասցրած տող-մտքերը, որոնք ծորում են ինչպես գույները տաք-հալվող օգոստոսյան կեսօրին, ու կաթում… «Ի դեպ, // Ո՞վ կասի, // Թե հոգին ոնց է կաթում խոտերին…»։ Իսկ լուսանցազարդերում ձուկը՝ բանաստեղծի «մանրանկարներում» արված ոսկով ու ջրաներկով, «Եվ արևի բոցեղեն լարերին, մի թռչուն նվագում է իր թռիչքը…»։
«Իմ ճանապարհը սկսվեց և կավարտվի Թռչնակերպ վարդնյակի տիեզերքում՝ // Մի կիսատ մնացած խաչքարից համբարձված, // Դեպի հևքը ամենաիրական լռության…»: