Աստղիկ ՍՈՂՈՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
Հոգեբույժ, գրող Վարդգես Դավթյանի և գրաքննադատ Անի Փաշայանի «Առնետի դարի մայրամուտը» (2020 թ.) գիրքն իրապես նոր էջ է բացում հայ գրականագիտության ասպարեզում: Մեթոդների սինկրետիկ կիրառմամբ գրված այս աշխատությունը եռաշերտ է. հեղինակները գրքի հիմնախնդիրը բազմակողմ ուսումնասիրելու համար ընթերցողին առաջարկում են երեք «մուտք»՝ երկխոսություն-զրույց, գեղարվեստական ճեպանովելներ և գրականագիտական վերլուծություն-հոդված:
Գեղարվեստական նյութի մատուցման այս երեք ձևերը հնարավորություն են տալիս ընթերցողին բազմապլան ընդգրկվածությամբ ծանոթանալ Վարդգես Դավթյան գրողին և մտածողին՝ մի կողմից՝ գրական հարցազրույցի կառույցով մտնելով նրա դատումների և արարումների աշխարհը, մյուս կողմից՝ հարաբերվելով բուն ճեպանովելներին: Եվ այս երկկողմ «ծանոթությունը» լրացնելու է գալիս Ա. Փաշայանի ամփոփ հոդվածը, որ վերջին շտրիխներն է դնում Վ. Դավթյան գրողի ձևավորված դիմանկարի վրա:
Գրողի գրչին ընթերցողը ծանոթանում է քայլ առ քայլ՝ գնալով ոչ թե գրական տեքստ – հեղինակային դատումներ ընդունված ճանապարհով, այլ շրջված կառույցով. նախ ընթերցել գրողի մտորումները կյանքի ու գրականության մասին և նոր միայն ձեռքն առնել բուն գեղարվեստական գործերը: Ճեպանովելները մերօրյա կյանքի խելացնոր ռիթմին ու բնույթին բնորոշ երկեր են՝ դասական նովելի դիպաշարի արագ ընթացքի և անսպասելի ավարտի ժամանակակից գերխտացումներ: Երկարաշունչ վեպերին սովոր հայ ընթերցողին, սակայն, թերևս խորթ թվան կարճառոտ նախադասություններով ու պարզ կառույցով այս խորիմաստ գործերը, որոնց «հարմարվելու» համար ժամանակ է պետք: Սովորույթի այդ հնարավոր խոչընդոտը հաղթահարելու համար էլ հեղինակները կիրառել են ոչ ստանդարտ մոտեցում՝ գրքին տալով յուրօրինակ կառույց. որպես առաջին քայլ հարցազրույցների միջոցով ընթերցողի առջև բացել գրողի աշխարհընկալումը, գրական մոտեցումները, հետո մատուցել «հիմնական խորտիկը»: Ստացվում է՝ կարդացողն ընթերցանության առաջին փուլում կարծիք է կազմում գրականության հանդեպ Վարդգես Դավթյանի հայացքի մասին, երկրորդում՝ ընթերցում վերջինիս գրականությունը, իսկ երրորդում՝ ամբողջացնում պատկերն Անի Փաշայանի մասնագիտական վերլուծության շնորհիվ:
Քանիցս շեշտվեց, որ «Առնետի դարի մայրամուտը» ունի տարբերվող կառույց: Եվ իրոք, այն բազմապլան է ոչ միայն ձևի (ճեպանովելների մատուցման), այլև բովանդակության նպատակաուղղվածության առումներով: Գրքի առաջին մասում ներառված հարցազրույցները կարևոր են ինչպես գրողի ներաշխարհի և մտածողության ծանոթության համար, այնպես էլ խիստ արժեքավոր են գրականագիտական և արվեստաբանական տարաբնույթ հարցադրումների ուսումնասիրության դիտանկյունից: Գրականագետ-հոգեբույժ բազմաբովանդակ հարցազրույցը բարձրացնում է կարևոր հարցադրումներ և մատնանշում ժամանակակից գրականության զարգացման նոր ու խոստումնալից հեռանկարները: Անի Փաշայանն ու Վարդգես Դավթյանը բռնում են գրականության ընկալման ու մատուցման նուրբ լարերից՝ փորձելով հայ գրականությունը պրոյեկտել ժամանակակից գրականագիտությանը հուզող հարցերի պրիզմայով՝ միջգիտակարգային գրականագիտություն, գրականության հոգեբուժական արժեք, գրականության գիտական-էվրիստիկական (հայտնագործչական) նշանակություն, գենդերային իդենտիֆիկացիա և այլն:
Մանկական գրականությանը նվիրված հարցազրույցը, օրինակ, եզակի է հայ գրականագիտության համապատկերում: Գրքի հեղինակները մատնանշել են երեխայի հոգեբանության և նրան հրամցվող գրականության միջև անցնող նուրբ թելը, որին պետք է ուշադրություն դարձնեն մանկագիրները. գրականությունը թրծում է մանկան հոգին, բայց և կարող է վնասել այն, ուստի այս համատեքստում շատ կարևոր է ճիշտ գրքերի ընթերցումը:
Հարցազրույցը վարող Ա. Փաշայանի կողմից ընտրված տեղին հարցերի և դրանց տրվող պատասխանների համատեքստում քննվում են մանկական գրականության ու հեքիաթների խորքային կողմերը. ո՞ր տարիքի երեխաների համար է հարկավոր գրքեր կարդալ, ի՞նչ նշանակություն ունի ռիթմը, ի՞նչ տոնայնությամբ կարդալ, սարսափի դերը հեքիաթներում, բարու և չարի խնդիրը, հեքիաթը՝ որպես իրական կյանքի ընկալման բանալի և այլն: Հոգեբույժ Վ. Դավթյանը մանկական տեքստերը քննում է գործառական տեսանկյունից, մեկնում դրանց ռեցեպտիվ (ընկալողական) կողմը, հոգեբանական նշանակությունը: Կարևոր անդրադարձ է տրվում նաև դպրոցում մանկական գրականության ուսուցման և պատանեկան գրականության գրագետ ընտրության խնդիրներին:
Այսպիսով՝ «Առնետի դարի մայրամուտը» ունի բազմաշերտ կառույց. դրա մասերը և՛ առանձին-առանձին՝ որպես ինքնուրույն միավորներ, և՛ ընդհանրության մեջ կարևոր հարցադրումներ են բարձրացնում, շոշափում առօրեական խնդիրներ: Գիրքը հասցեագրված է ընթերցողների լայն լսարանին, այն հաստատապես կհետաքրքրի և՛ գրականագետներին, և՛ գրողներին, և՛ հոգեբաններին, և՛ ընթերցող լայն շրջաններին: Գրականագիտական այս մոտեցումը, իմ կարծիքով, վարակիչ կարող է դառնալ ու նոր դռներ բացել տարբեր բնագավառներում:
