ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍԻ «ԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ»-Ը

Հակոբ ՄովսեսՖելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սկզբում խոսքն էր, որով Աստված ասաց. «Թող լույս լինի. և լույս եղավ»: Այսինքն` խոսքն իր գոյությամբ արդեն իսկ կատարված, ապրված եղելություն է:
Ահա այս սկզբից է գալիս Հակոբ Մովսեսը: Իսկ, եթե «բանը», որ նույն ինքը` խոսքն է, կար ամենասկզբում, ուրեմն` ի՞նչ են ստեղծում բանաստեղծներն ընդհանրապես. ես դա հարցնում եմ «բանաստեղծ» հասկացությունն այսօր զանգվածաբար նույն ձևով ընդունողների կողմից: Իսկ եթե մի կողմ կանգնենք այդ զանգվածից, կտեսնենք, որ, իսկապես, Հակոբ Մովսեսը «Բանաստեղծություն ոչ թե գրում է, այլ ապրում: Կամ գրում է հենց այն պատճառով, որ ապրում է» (Կարեն Սվասյան, «Գրական թերթ», 2012 թ., 7 սեպտ., N 28): Կարեն Սվասյանի այս խոսքն ավելի ընդլայնելով` ասենք, որ Հակոբ Մովսեսի բանաստեղծական խոսքը ոչ միայն անհատապես իր կամ իր կողմից խոսվածի գոյության երաշխիքն է, այլև մեր բոլորիս գոյության երաշխիքն է, որովհետև մենք բոլորս գալիս ենք նույն սկզբից, և մեր լինելության կերպի մասին էլ հենց նրա խոսքն է: Այդ նույն սկզբում, իհարկե, չկար այն ամենը, ինչը Կարեն Սվասյանը նկատել է որպես Հակոբ Մովսեսի խորշանքի առարկաներ. «…Մոդան, մոդայականությունը, մոդեռնը, պոստմոդեռնը, ողջ այդ ճղճղան, խմող, երկարամազ-երկարամորուս և հիգիենիկ իմաստով ոչ անբասիր արտ-միաբանությունը, որը բանաստեղծությանը արդեն այլ կերպ չի գիտակցում, քան խումհարի միջոց […]: Հակոբ Մովսեսն ինձ համար մնում է այն բանաստեղծը, ում պոեզիան տեսակցության է կանչել…- շարունակում է Կարեն Սվասյանը: – Նա պարզապես հիվանդացել է բանաստեղծությամբ` իմանալով, որ իրեն նրանից արդեն չի փրկի ոչ ոք»:
Այս բանաստեղծությամբ հիվանդանալը, այն իր մաշկի տակ` մինչև հոգու խորքերը կրելն այլ բան է, այդ հիվանդության պատմությանը ընդամենը ծանոթ լինելով այն տեսանելի ներկայացնելու փորձեր անելը` այլ բան:
Հակոբ Մովսեսն ինքը լրջորեն ու անդառնալի հիվանդացել է բանաստեղծությամբ: Նա չի ցանկացել և չի ցանկանում օգտագործել (թեև լավագույն ձևով ծանոթ է) աշխարհի բանաստեղծության առաջարկած պատրաստուկները, հազար ու մի «իզմերի» ստեղծած պատվաստանյութերը` հիվանդությունը դյուրին տանելու, այդ հիվանդությանը հաղթելով նրան տիրելու համար: Ընդհակառակը, նա ինքն է դարձել բանաստեղծության գերին, գնացել-մխրճվել է այն լողավազանի մեջ, որտեղ խոսքով իրավիճակը ներկայացնելու հիվանդությունը ոչ թե բուժման է ձգտում, այլ խոսքի միջից ջրծաղկի պես դուրս ցայտող ծաղկի:
Հակոբ Մովսեսը հիվանդ է բանաստեղծությամբ: Վկան` վարդածաղիկը, նրա հիվանդությունը ճանաչելու մունետիկը, կյանքի ու մահվան իմաստնությունը կրող կարմիր վարդի հետ նրա հաղորդությունը:
…Եվ քեզ մնաց/Ներսդ նայել -/Եվ վարդ դարձար:
«Լույս զվարթ» գրքի յոթ պատկերներից առաջինը «Վարդն» է` Հակոբ Մովսեսի բանաստեղծական հիվանդության ապաքինման ճանապարհը: Այդ վարդը «Վարդն է աշխարհի», ծննդի և մահվան, սիրո և հարության անցյալն ապագայի հետ կապող կարմիր խորհրդանիշը, որին իր ճշմարիտ կերպարի մեջ նկատողը չի կարող չշշնջալ այն խոսքերը, որոնք բանաստեղծ Հակոբ Մովսեսը զգուշորեն հանել է Մեծն Թումանյանի շնչառության միջից ու երկյուղածորեն տեղադրել իր «Վարդը աշխարհի» ստեղծագործության նախամուտքում. «…ինչպե՞ս եղավ,/Որ ծագեցիր դու մեզ մոտ»… Եթե Վարդի մեջ Հակոբ Մովսեսը նաև մահվան խորհրդանիշն է տեսնում, ապա այստեղ ևս պետք է տեսնել լրագրողին տրված` «Ձեր բանաստեղծության թեմաներից մեկը մահն է» հարցի նրա պատասխանը` «Այո, բայց այն մահը, որը միայն անմահը կարող է շռայլել…» (Տես` «Նարցիս», 2012 թ. N4, էջ 19):
Ներկա՞ է մեր կյանքում, թե՞ բացակա է դրախտը: Ո՞վ կարող է ավելի դյուրին բացել անմահության խորհուրդները, քան դա արել է Հակոբ Մովսեսը, որովհետև նրանը ոչ թե հայտնությունն է, այլ ճիշտ հայտնության կենտրոնում կատարվածին մասնակից լինելը.
«…աչքերդ բացե՛ք, փակ և բաց աչքերով տեսած վարդը կատարելապես նույնն է, ադամորդի՛ք…» (էջ 113):
Եվ մի՞թե շքեղ չէ այս իրավիճակը և մաքուր քրիստոնեաբար, որն իր հետ կիսելու է հրավիրում Հակոբ Մովսեսը:
Այսպես է դեպի մեզ գալիս Հակոբ Մովսեսը: Գալիս է աշխարհարարման սկզբից` իր ուժն առնելով վարդի գեղեցկագույն զորությունից, այսինքն` աշխարհարարման իմաստնությունից, և մատուցում լեզու առած խոսքերի իրողությունները: Գալիս է` ազդարարելով, թե` «Ես կրկին ելնում եմ որսորդության»: Այս բանաստեղծությունն է «Լույս զվարթ»-ի մուտքը, որտեղ, որպես նեկտարով ծանրաբեռ մի մեղու, ոտքերն է թափ տալիս բանաստեղծն ու ներս անցնում` աշխատելու լուսեղեն պատկերների վրա:
Վարդահենք ապրումի ընթացքը լռության մեջ է իր կենդանությունն առնում: Ահա այդ գիտակցումով է տող առ տող առաջանում բանաստեղծը.
Ես չգտա այստեղ, ձայնս փռած,/Որսատեղիները իմ լռության:-/Ուստի նետ-աղեղս ահա առած`/Ես կրկին ելնում եմ որսորդության:
Ինքն իրեն հուսադրելով է առաջանում բանաստեղծը: Նա գոհ է իր թե՛ բանաստեղծական, թե՛ զուտ մարդկային հնարքներով ու հնարավորություններով: Սակայն այդ ինչու, և ինչպես եղավ, որ որսը խույս տվեց, շրջանցեց կամ թաքնվեց.
…Եվ ես ամեն անգամ իմ սարերից/Արտասվելով իջա և ձեռնունայն:
Այսինքն` վրիպում: Եվ որքան էլ վրիպումը մարդկային է, հենց դրանից հետո է, որ «լուսեղեն թռչունների» տեղն ավելի պարզորոշ է դառնում: Այն պարզորոշ դառնալուն է օգնում նաև անհողեղեն, հեռուներից եկած ու սրբալույս խորհուրդ-պատգամը` բանաստեղծին.
…որսը քո – երբ թռցնես,/Որպեսզի երկնքում դիպչես նրան`/Քո սրտին դու պիտի նշան բռնես:
Ճիշտ այդպես էլ կա: Հակոբ Մովսեսի թիրախն իր սիրտն է, որի միջով անցնող յուրաքանչյուր կրակոց մի բանաստեղծություն է, իսկ բանաստեղծությունը` կարմիր վարդից լսած մի պատմություն` հավերժի մեջ անընդհատ հոլովվող սկզբի մասին:
Հայտնի ճշմարտություն է Պողոս Առաքյալի խոսքն այն մասին, որ պետք չէ կենտրոնանալ ու երկմտել բերանից ներս անցածի վերաբերյալ, այլ մտածել այնտեղից լեզվի միջոցով դուրս եկածի մասին: Լեզուն բխում է ներսի եղածից: Հակոբ Մովսեսի «Լույս զվարթը» նրա լեզուն է, որը խոսում է այն մասին, որ բանաստեղծի ներաշխարհը լի է լույսով:
Բանաստեղծական լեզվի մասին էլ Հակոբ Մովսեսն ունի ուրույն մտածողություն, որի հիմքում լեզուն իբրև բանաստեղծական պաթոսի աղբյուրի դիտարկումն է:
«Ես երբեք բանաստեղծական տեռորի, ագրեսիայի, անարխիայի կամ սադրանքի չեմ դիմում – ինձ խորթ են բոլոր այն բանաստեղծները (թեկուզև դա լինի Բայրոնը), ովքեր ընթերցողի զգացմունքների վրա բռնանում են, ովքեր ընթերցողին շշմեցնում են: Իմ ասածները բավական են համոզելու համար, որ որևէ առիթ չկա իմ բանաստեղծություններին կրոնական մեկնակետ տալու, ինչը վերջերս ընդհանուր պարզունակ միտում է դառնում: Հոգևորությունը պետք չէ խառնել կրոնականության հետ»: («Նարցիս», 2012, N4, էջ 20): Իր այս տեսակետով է, որ Հակոբ Մովսեսը լեզվի մեջ է տեսնում այն զորությունը, որի ուժով միջնադարի զարդը` «Նարեկը», հնարավոր է դառնում կանոնական աղոթագրքի համակարգից պոկել և տանել դեպի չնաշխարհիկ պոեզիայի տիրույթները:
Հակոբ Մովսեսը «արտաբանաստեղծական» է համարում յուրաքանչյուր ստեղծագործություն, որը շեղվում է իր համար որպես «վերջնական դրվագում» համարվող` «Բանաստեղծությունը ոչ թե գաղափարներով է գրվում, այլ լեզվով» բանաձևից: «Լեզուն է, որ բխեցնում է բանաստեղծության ձևը և բովանդակությունը» միտքը Հակոբ Մովսեսի կողմից առաջարկված բանալին է իր իսկ ստեղծագործական աշխարհի դռները բացելու համար:
Այս ամենից հետո, եթե կրկին հիշենք Պողոս Առաքյալին, որն ասում էր, թե լեզուն բխում է ներսի եղածից, ուրեմն` իսկապես, այս բանաստեղծի ներաշխարհում թագավորողը լույսն է:
Հակոբ Մովսեսի բանաստեղծական հերոսը լույսն է, որը թրթռում է ճառի, թղթի, քարոզի, առակի և ժանրային բոլոր այն դրսևորումների մեջ, որոնք օգտագործել է նա որպես թե՛ ազգային ավանդույթների, թե՛ համաշխարհային բանաստեղծական լավագույն որակների կրող: Նա ինքն անհանգիստ է Պոեզիայի ճակատագրի համար: Նա ոչ միայն շնչում և արտաշնչում է բանաստեղծության լույսը, այլև անհանգիստ փութկոտությամբ երբեմն-երբեմն ստանձնում է նրա լուսարարի գործը: Նրան զբաղեցնում են հարցեր, որոնք միտված են պոեզիայի ճանապարհը մաքուր պահելուն, որպեսզի «…պոեզիան Պոեզիա լինի, ինչպես որ ադամանդն է ադամանդ և ուրիշ ոչինչ: Եվ ինչպես որ աղն է աղ և ուրիշ ոչինչ»:
«1918 թ. Պոլ Վալերին գրում է. «Բանաստեղծությունը ապագա չունի»: Ես այս մտքից միշտ վիրավորվել եմ,- գրում է նա ու շարունակում,- բայց վերջերս կարծես քիչ-քիչ գալիս եմ այն գիտակցության, որ այո, բանաստեղծությունը նույնպես, իբրև, համենայնդեպս, ձեռակերտ բան, արդեն տրվում է կամ տրվելու է «այս աշխարհի իշխանին»: Բայց ես գլխի չէի ընկնում, թե ինչպես. հիմա հասկանում եմ, որ բանաստեղծությունը «այս աշխարհի իշխանի» ձեռքը տրվում է նրա լսարանի` խուժանի ձեռքը տրվելով…» (էջ 21):
Այս մտահոգությունից է ծնվել «Լույս զվարթը», որտեղ որոշակիացված է բանաստեղծի դերը` այս աշխարհի իր լսարանի համար կարդալ յոթնօրյա խորհուրդներ, որոնցից ամեն մեկն իր եղանակն ունի, եղանակ, որոնք դարձյալ ու դարձյալ լույսի փառաբանության համար են, կամ` լույսի պատմությունից:
«Առաջին եղանակն» ազդարարում է`
– Եվ լո՛ւյս եղավ: Աստծո դեմքը առհոսում էր ողորմածությունից: (էջ 44):
Լույսն ազդարարում է խավարի դեմ իր հաղթանակը, այսինքն` «ամենուր ծլնգում է կյանքը», «ճարճատում է պատիճն ընդենավորի»… Սակայն մի բան դեռևս այն չէ: Այն չէ, բայց և բանաստեղծն անիմանալի գաղտնիքներով լի հեռուներում փնտրտուքների կարիք չունի: Ճշմարտությունը մեկն է.
– Աստված արդեն այնքա՛ն է կոտորակված իրերի մեջ, որ այլևս ի զորու չէ ինքը իրեն հաշվել:
Ահա ճշմարտության հայտնությունը, որ այնքան պարզ ու առօրեական է մատուցում բանաստեղծը: Ճշմարտությունն այն մասին, որ թեև Աստծո ետևից վազ տվող ների այծի վզից կախված բոժոժի պես ամենուր ծլնգում է կյանքը, բայց և Աստված շրջում է մտամոլոր: Այստեղ է, որ բանաստեղծի լսարանը նույն բանաստեղծի հետ բաց է անում սրտի թախիծը պահող դուռն ու վեհ ակնկալիքով սպասում, թե ինքն իրեն այդքան բաշխելով միայնակ ու մոլորված մնացած Աստված ինչպես է արարելու նրան, ով լինելու է իր մենությունը փարատողը:
Եվ ահա նա` «Վեցերորդի խորունկ կեսգիշերին».
– Աստծո մաճկա՛լ,- առավոտյան նրան արթնացնելիս/ասում է հրեշտակը,-/Դու պետք է հերկես նրա արտը, դու պետք է կիսես/Նրա մենությունը: Լույսը,- դարձյալ ասում է,-/Բույսի մեջ կանաչում է, կարմրում է գազանի մեջ,/Իսկ քո աչքերում ահա`/ Ինչպես աղեղնավորը` իր վրանում ընտիր…
Դարձ ի շրջանս յուր: Այսինքն` հավատամք ու խոստովանություն այն մասին, որ բանաստեղծի ասելիքը կրկին որսի ու որսորդության մասին է, որտեղ որսորդը լույսն է, իսկ մարդկային աչքը` նրա ընտիր վրանը, լույսի իջևանատեղին:
Դարձ ի շրջանս յուր: Այսինքն` կրկին լույսի մասին` յոթ եղանակով, արարչագործության յոթ օրերի մեջ Աստվածաբաշխ ու Աստվածաշունչ տարաբնույթ իրողությունների, Գոյերի ու գոյությունների մասին, որոնցով իր լրումն առավ մարդկային կյանքը:
«Լույս զվարթը» պարզապես ըմբոշխնելու գիրք է, որի ընթացքում թերթ առ թերթ բացվում են մարդկության ծալքերը, և նրա մեջ անպայման հանդիպում ես ինքդ քեզ որպես մարդ արարած: Կանգնում ես ինքդ քո առաջ, բացվում ինքդ քո առաջ, ճանաչում ինքդ քեզ, հստակ կանգ առնում քո ճամփին հանդիպած մեծ ու փոքր այն իրողությունների մոտ, որոնք մնացել են հեռվում, բայց և նրանցով ամբողջացել է ներկան: Եվ այդ ամբողջությունն ահա լույսի հսկման ներքո է: Լույսը չլիներ, ինչպե՞ս կպատմվեր, և ո՞վ կպատմեր, որ «…ձեզանից որքան որ վերցվի, ձեր ունեցվածքը կկրկնապատկվի: Եվ ամենաահեղ ներկայությունը բացակայինը կլինի այստեղ» («Երկրի պատմությունից», էջ 55): Լույսը չլիներ, խոսքն ո՞ւմ համար կհնչեր, խոսքն ինչպե՞ս կդառնար մարդկային հոգևոր սննդի «բնամթերքը», որ «կանայք միշտ թարմ են պահում մառաններում» («Լույսի պատմությունից», էջ 49): Հակոբ Մովսեսի «Լույս զվարթի» հիմնական մաս կազմող ստեղծագործությունները, ինչի մասին էլ բարձրաձայնեն, դարձյալ ու դարձյալ լույսն է խաղում նրանց մեջ, և այդ լույսով են պահում իրենց կենդանի կապը ընթերցողի հետ:
Լույսն ինչպե՞ս կարող է համարվել անցած ու մոռացված, երբ այսպես է գրված` «Թագավորի Մար Աբաս Կատինա երեց գրագրի» ձեռքով.
«- Չէ՞ որ ինչը մոռացված չէ` դեռևս պատմություն չէ»:
Իսկ որպեսզի լույսի հիշողությունը վերարտադրվի, ըստ Հակոբ Մովսեսի, հոգևոր դասն էլ իր անելիքն ունի: Նրանցով է, որ`
– …Լույսը, Աստծո անդրանիկն ու միածինը, հպատակեցնում է/Ոչ թե սրով և թրով, /Այլ հպումով մատնեմատի:
Հակոբ Մովսեսի յուրաքանչյուր բանաստեղծություն, եթե կուզեք, բանաստեղծական յուրաքանչյուր տող, իսկական պոեզիա է, որի մեջ աշխարհիկն ու չնաշխարհիկը թևածում են` կազմելով Երկիր մոլորակի, մարդկության ու հայոց կյանքի աշխարհիկ և չնաշխարհիկ գիրկընդխառն ամբողջությունը: Այդ ամենի մասին կարող է խոսվել ընդամենը երկու տողի մեջ, կարող է ընդմիջվել ու շարունակվել հաջորդ բանաստեղծության հաջորդ տողերի մեջ: Այսինքն` «Լույս զվարթ»-ն ամբողջություն է, որտեղ լույսը տրոհված է, բաշխված թերթ առ թերթ` իր կայծկլտոցները մարելով ու վառելով մեկը մյուսի մեջ:
Իսկ այդ ո՞ր լույսերից սկիզբ առավ բանաստեղծի լույսը, նույն ինքը` բանաստեղծի կոչումը, շնորհը, գոյությունը…
Աշխարհստեղծման առաջին իսկ պահերին, երբ «ծռմռվում» էր տգեղ զանգվածը, ահա այդ ֆոնին` արևը, լուսինը, աստղերը, աղբյուրը, թռչունը, մանուշակը, շունը… յուրաքանչյուրն ըստ իր խորհրդի, և ողջ այդ խորհրդի գերակա խորհուրդը` լույսը, «իբրև վերից-վար իջնող ողնաշար»: Այս ամեն խորհուրդները, սակայն գաղտնազերծողներ, բացողներ ևս պետք են, որոնց դերում Հակոբ Մովսեսը տեսնում է հենց բանաստեղծներին.
…Հռոմեացիներ, տեսա՞ք, թե ինչպես,/Իր ձեռքը բռնած բերելով այսպես`/Ես իմ Բանաստեղծ Գեղեցիկին լուռ/Իր գահին բազմած Փարավոն-Լեզվի/Ոտքերի առջև նստեցրեցի,/Որ երազները նա նրա մաքուր/Այստեղ մեկնի և լացելով բացի:
Այստեղ միևնույն ժամանակ շատ պարզորոշ ենք նկատում Հակոբ Մովսեսի պոեզիային բնորոշ այն առանձնահատկությունը, որն աներկբա նրան է շնորհված` տեսնել մեծի մեջ փոքրը, և հակառակը` փոքրի մեջ մեծը: Հակոբ Մովսեսի պոեզիան այն կաթիլներից կազմված օվկիանոսն է, որի յուրաքանչյուր կաթիլի մեջ նույն օվկիանոսի համն է: Ներկա պարագայում` լույսի համն ենք առնում «Լույս զվարթից», կաթիլ առ կաթիլ, էջ առ էջ: Նույն էջերից մեկում բանաստեղծական հրաշալի մատուցումով ենք հաղորդ դառնում վերն արդեն հիշատակված աշխարհիկի և չնաշխարհիկի, օվկիանոսի և նրա կաթիլների միախառնումին, որը բացված է կիրակի օրվա նկարագրության ու նշանակության վերհանումով:
Իմաստասիրական մի հետաքրքիր անցում կա բանաստեղծի տողերի մեջ: Նրա «Երանի քեզ, վարդ, որ բուրելով ես արնաքամ լինում» տողը (էջ 128) բարուն և գեղեցիկին անմնացորդ նվիրումի, կյանքն իր իմաստի մեջ ապրելու, ծիծաղի ու արցունքի և բազում այլ նման որակների վերաբերյալ պատմությունների խորհրդանիշ է: Այդ խորհրդանիշը բանաստեղծի հոգում ծնվել է այն պահից հետո, երբ նա զգացել է բառերի բույրը: Սակայն բառին հատուկ չէ բուրելով արնաքամ լինելու հատկությունը, ինչը հատուկ է վարդին: Բառն ինքը կենդանության գրավականն է: Բառով արարվել է Երկիրը՝ Տիեզերքի մեջ: Ուրեմն՝ վարդին հատուկ արնաքամվելու կամ մահվան մեջ ևս, իսկապես, կենդանություն կա, որովհետև մահը չճանաչող բառերով են արարվել «Երանի քեզ, վարդ, որ բուրելով ես արնաքամ լինում» խոսքերը:
Բանաստեղծական կյանքի բոլոր ցավերը հաղթահարած ստեղծագործողի մտքի ու հոգու հասունացումով է բանաստեղծը հասել բաժանումների գլխավերևում շողացող լույսի ճանաչմանը և այն շնորհին, որով նկատում են նաև անլույս բաժանումներից առաջացած հավատը:
«Լույս զվարթն» ասես երկու տարբեր՝ արտաքին ու ներքին աշխարհներում գոյություն ունեցող մի հեքիաթ է, և այդ աշխարհների միջև հստակ սահմաններ չկան: Հեքիաթի բոլոր կերպարները մի միասնական, ընդհանուր տարածության մեջ են գործում, որտեղ բանաստեղծ Հակոբ Մովսեսը գնում է Թագավորի փոքր տղայի ետևից, ըստ իր «հայրենական քերթության վսեմ ոճի»:
Հակոբ Մովսեսի «Լույս զվարթը» նրա որոնումների հերթական ուղին է՝ այս անգամ հզոր լույսի ուղեկցությամբ, որի նպատակը գտնելն է մեր եղբորը՝ «Դրախտի առաջ­- նաբերքին»:
Հոդվածը տպագրվում է մասնակի կրճատումներով:
Ամբողջական տեքստը` grakantert.am-ում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.