Մայիսի մեկին Գյումրու «Բեռլին» հյուրերի տանն ամփոփվեց «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական, գրական, երիտասարդական մրցանակաբաշխության 2023 թվականի արդյունքները։ Գրական հանդիսությանը ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մրցանակաբաշխության հիմնադիր և հովանավոր Արթուր Մկրտումյանը, ժյուրիի անդամները՝ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, բան. գիտ. թեկնածու Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծներ Գագիկ Սարոյանը, Սոնա Անտոնյանն ու Ռոզա Հովհաննիսյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը։ ««Արարատ Մկրտումյան» ամենամյա հանրապետական, գրական, երիտասարդական մրցանակաբաշխությունը եռանդ ու աշխուժություն է հաղորդում երիտասարդ և սկսնակ գրողներին՝ ստեղծելով գրական նոր մթնոլորտ: Հաղթողներին մենք դիտարկում ենք որպես ՀԳՄ անդամության թեկնածուներ»,- իր խոսքում ասաց Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը հայտնեց, որ ծավալած գրականանպաստ գործնեության համար Արթուր Մկրուտումյանի անունը, որպես գրականության բարերար, ընդգրկվել է ՀԳՄ պատվո տախտակին: Իսկ Անդրանիկ Կարապետյանին հանձնվեց պատվոգիր՝ ժամանակակից հայ գրականությունը հանրահռչակելու համար:
«Արարատ Մկրտումյանի տաղանդը, նրա գրական ժառանգության թողած հետագիծը այսօր գալիս են շարունակելու երիտասարդ ստեղծագործողները»,- իր խոսքում կարևորեց Արմեն Ավանեսյանը:
«Սա արդեն «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած թվով յոթերորդ մրցանակաբաշխությունն է, որը գրական նոր սերնդի՝ Շիրակի և Լոռու մարզերի երիտասարդ ստեղծագործողների ինքնահաստատման համար բացառիկ հնարավորություն է: Նրանցից մի քանիսը անթոլոգիայի լույս ընծայմամբ նշում են իրենց գրական նորամուտը, մյուսներն էլ խորացնում են պոետական խոսքի հունը ասելիքի թարմությամբ ու ինքնատիպությամբ, սերնդային մտածողության ակներև հատկանիշներով»,- իր ելույթում ընդգծեց Ա. Կարապետյանը։ Գլխավոր մրցանակին արժանացած Նվեր Մինասյանին հանձնվեցին գրական երախայրիք գիրքը՝ «Չեչաքարի պես» վերնագրով, և Արարատ Մկրտումյանի դիմապատկերով հուշամեդալը։
Խրախուսական մրցանակի արժանացած 15 հեղինակների՝ Աստղիկ Խաչատրյան, Սեդա Մինասյան, Աննա Գալստյան, Արմենուհի Բախչինյան, Գոհար Գրիգորյան, Էդիտա Գալստյան, Լաուրա Հարությունյան, Լիաննա Ստեփանյան, Լիլիթ Սարգսյան, Մարիամ Սարգսյան, Մերի Գևորգյան, Լևոն Բեժանյան, Միշա Մանուկյան, Վիլիկ Սահակյան(Վիլո), Մելիք Միքայելյան, ստեղծագործությունները տպագրվել են «Լույսի բեկորներ» խորագրով անթոլոգիայում: Մրցանակը սահմանվել է բանաստեղծի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման:
Նունե ՆԻԿՈՂՈՍՅԱՆ