ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 26-ին Հայաստանի գրողների միություն այցելեցին «Բյուրակն» կրթահամալիրի աշակերտները: Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հասմիկ Հովսեփյանի, կրթահամալիրի փոխտնօրեն Անահիտ Պապոյանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհիներ Նարինե Ղազարյանի ու Արմինե Պետրոսյանի ուղեկցությամբ նրանք շրջայց կատարեցին ՀԳՄ շենքում: ՀԳՄ մշակույթի բաժնի պատասխանատու Կարինե Մեսրոպյանը նրանց ծանոթացրեց Գրողների միության պատմությանը: Կլոր սրահում աշակերտները հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Անահիտ Պապոյանն ասաց, որ հանդիպման նպատակը ժամանակակից գրողների ու նրանց ստեղծագործությունների հետ աշակերտների ծանոթությունն է: Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ասելով, որ ժամանակակից գրողներին ծանոթանալու համար պետք է շատ կարդալ և այցելել գրադարաններ, որոնք մշտապես համալրվում են տպագրված գրականությամբ՝ հրատարակչությունների կողմից, ինչպես նաև՝ հեղինակների նվիրատվությամբ: «Մենք՝ հայերս, ամբողջովին տրված ենք անցյալին, մեր գիտակցությունը ողողված է անցյալի պատմություններով: Մեր արժեքային համակարգը հիմնվում է ավելի շատ անցյալի վրա, քան՝ ներկայի: Բնականաբար, ամեն ժողովուրդ չի մոռանում իր անցյալը. լավագույն գրական, փիլիսոփայական, պատմական արժեքները պիտի իմանալ, բայց պետք չէ ժամանակակից կյանքը ստորադասել անցյալին: Անցյալի և ներկայի գումարն է ստեղծում ապագան, այդ պատճառով անհրաժեշտ է կարևորել ներկան գրականության և, ընդհանրապես, մշակույթի համար»: Նա խոսեց արևելահայ և արևմտահայ, ինչպես նաև այլազգի դասական գրողների մասին՝ կարևորելով նրանց փորձառությունը երիտասարդների համար: Հանդիպմանը ներկա էին բանաստեղծներ Շանթ Մկրտչյանն ու Գագիկ Սարոյանը: Նրանք պատմեցին իրենց գրական փորձառության մասին: Շանթ Մկրտչյանը նշեց, որ անհրաժեշտ է ունենալ մշակութաբանական գիտելիքներ՝ բարձրարժեք գրական ու մշակութային արժեքները տարբերելու և առաջին հերթին դրանցով կրթվելու համար: Բանաստեղծները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին: Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ պատվոգիր հանձնեց կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Պապոյանին և գրքեր նվիրեց գրադարանավարուհի Ռիմա Ղազարյանին:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։