Անատոլի Հովհաննիսյանը հայտնի անուն է մերօրյա գրական ասպարեզում։ Գրականության մարդիկ նրան համարում են հետխորհրդային շրջանի հայ պոեզիայի ամենակարկառուն դեմքերից մեկը, թեպետ հանգամանքների բերումով հեղինակի անունը քիչ ծանոթ է երիտասարդ ընթերցողների շրջանում։ Խիտ է Հովհաննիսյանի բառի լիցքը. թեթև ու «եթերային» չէ նրա գիրը։ Ոչ ծավալուն բանաստեղծություններում ապրումը թանձրացած է, հմայությունն ու տառապանքի զգացողությունը՝ միատեղ։
Եթե երբևէ երևակայենք, թե ինչ հույզեր կունենար անձավում ինքն իրեն բանտարկած Փոքր Մհերը, թերևս հենց նրան նմանեցնեինք Անատոլի Հովհաննիսյանի քնարական հերոսին։
Ինչո՞ւ է մարդը մեկուսանում, որքա՞ն է փորփրում ինքն իր ներսը, որ տողերն այդչափ հղկվում են, իմաստները՝ ծանրանում ժայռաբեկորների պես։ Կարելի էր և «ժայռ» բառը գործածել, բայց ժայռաբեկորներն են, պոկված ամբողջությունից, ճանապարհին ընկած լինում՝ ընթացքիդ մեջ քեզ էլ մեկեն քարացնող պատկերների պես։
«Ես այն սարն եմ, // Որն հոգնել է արդեն // Սեփական անդունդները նետվելուց…»,- գրում է բանաստեղծը, և այս տողերը, երևի թե ավելի քան որևէ գրականագիտական վերլուծություն, հենց իրենք են բանաձևում նրա ստեղծագործության էությունը։ Իսկ ընթերցողին մնում է միայն խորհրդածել այս ներամփոփության պատճառների շուրջ, երբ մարդն ինքը կարծես թե լուռ է, և նրա սենյակի պատերն են աղաղակում։
Հատկանշական է նաև ժողովածուի անունը՝ «Գնում եմ կորեմ»։ Ծնողից նեղսրտած երեխաներն են հաճախ իրենց խռովքն այդպես արտահայտում. «Գնում եմ կորեմ»։ Եվ երբ այս դարձվածքն «ընտրում» է արդեն բանաստեղծը, այն և՛ ցավ, և՛ ջերմություն է ծնում մարդու սրտում։
Քնարական խոսքի կառուցման առումով՝ Ա. Հովհաննիսյանն իրեն չի կաշկանդում ո՛չ հանգավորման կանոններով, ո՛չ տողերում վանկերի քանակի հավասարությամբ և ո՛չ էլ պոեզիայի՝ ավանդական դարձած արտահայտչաձևերով։
Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների այս ժողովածուն ընդգրկում է նրա նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջությամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով, ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու հեղինակի անցած ողջ գրական ուղին ու ստեղծագործության զարգացումը՝ ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։
*«Էդիտ Պրինտ» հրատարակչության
«Արդի» մատենաշար