ՉԿԵՏԱԴՐՎՈՂ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ թե արևն է իրերին տաքացնում, այլ նա, ով նրան երկինք է
բարձրացնում:

Հենրիկ Էդոյան

Լույս է տեսել Հենրիկ Էդոյանի «Էլեգիկ մտորումներ» բանաստեղծությունների ժողովածուն, որի անոտացիան ընդամենը մեկ նախադասություն է. «Հեղինակի վերջին շրջանի ստեղծագործությունները (2018 աշուն – 2019)»: Ըստ էության, Հենրիկ Էդոյանի նորահրատ գիրքն ամփոփում է նրա մերօրյա էլեգիկ մտորումները, որտեղ «Հուզմունքը//տեղ չունի, սոսկ փորձն է դիմադրում», ուր մտասևեռուն է պոետը. «Փաթաթված թիկնոցիս մեջ//գնում եմ ընդառաջ չոր քամուն, չոր աստղերին», և լուսին – երազի ներքո զարմացած է նա. «Ո՞վ է ժամանակից//հանել ապագան», իսկ մի ձայն ավետարանական հորդորի պես շարունակաբար հնչում է. «Քո տունը կարգի բեր», երբ աշխարհից կտրվելը արտասվելն է, թեկուզ և «Տղան մոր հետ» նկարի առջև:
Հենրիկ Էդոյանի հիշյալ ժողովածուն, թերևս կարելի ասել, բաղկացած է երեք բաժնից` «Էլեգիկ մտորումներ», «Բանաստեղծություններ» և «Հեղինակային ծանոթագրություններ». մի ամբողջություն, որտեղ բանաստեղծը խոստովանում է. «Դարերի քրքիջը//ես շփոթել եմ//ջութակի մեղեդու հետ», ինչը նրան հասցրել, թե՞ պարգևել է «Մի վիճակ`//գեղեցիկ և անմատչելի»:
Ժողովածուն սկսվում է «Էլեգիկ մտորումներ» վերնագրված, կարելի է ասել, տասներկու սեղմապոեմների շարքով, որոնցից յուրաքանչյուրը խտացված բանաստեղծությունների հանրագումար է. «Նա ո՛չ լռություն է, ո՛չ խոսք, ո՛չ արարք,//այլ մարմին` անտես ու//անհասկանալի, անցյալի մի երազ,//որ վաղուց մոռացված է,//բայց դեռ բաբախում է//քո կյանքի զարկերակում, ինքնուրույն, ինքն իր մեջ,//իր կյանքով, իր մահով»: Հենրիկ Էդոյանի բանաստեղծություններով սեղմապոեմների մասին է ասես գրել Հակոբ Մովսեսը «Գրառումներ 3» գրքում. «Վատ բանաստեղծներն իրենց նպատակը նախապես գիտեն և առաջին իսկ տողից սլանում ու իսկույն հասնում են նրան: Բայց թե այնպես չէ, որ լավերը չգիտեն, սակայն նրանք հենց որ ձեռնամուխ են լինում դրան, լեզուն (մտորումները – Հ.Հ.) այն նրանց քթի տակից թռցնում է լորի պես կամ բանաստեղծին խաբում և նրա ուղին շեղելով` նրան տանում բոլորովին այլ տեղ…», և ուր էլ որ տանում է, միևնույն է. «Ամենահեռավոր կետը այն վայրն է,//ուր հիմա դու կանգնած ես: Շրջի՜ր տիեզերքը //և կտեսնես, որ քո//վայրը անփոփոխ է: Մեկը քեզ է փնտրում, որտեղ էլ դու//լինես, բայց դու//նույն տեղում ես: Բոլոր շարժումները//հենված են քեզ վրա»: Ահա թե ինչու Հենրիկ Էդոյանը միշտ ծանրախոս ու հավասարակշռված պոետ է. նա չի տրվում հուզմունքին, այլ հույզերը բառերով բծախնդրորեն անթեղում է տողի մեջ և միաժամանակ սեղմում տողը իր իմացականությամբ` նրան փոխանցելով ժամանակի իմաստությունից հարստացած կենարար էներգիան, որը խոհեմության (որքան էլ տարօրինակ թվա պոեզիայի համար) ծիրն է դարձնում կյանքի առաձգականության պատճառահետևանքային աբսուրդը ու դրանից ածանցված հոգեզգայական դաշտի ելևէջումները: Այստեղ, մեջբերման կարգով, առաջ անցնեմ և «Բանաստեղծություններ» պայմանական բաժնից անդրադառնամ «Մի հետք» բանաստեղծությանը, որի հերոսը Հենրիկ Էդոյանի մտահղացած «Երկրորդ տարբերակ» բանաստեղծությունում (առաջինը տպա­գրված է «Լույսը ձախ կողմից» ժողովածուում, և նկատելի տարբերություններ կան կատարման մեջ) ներկայություն է քնի և արթնության միջև, ինչպես և մշտական Ուղեկիցը անկման ու հարության: Բանաստեղծը «Մի հետք»-ում կանխորոշում է. «Բոլորն էլ ընտրյալներ են//բոլորն էլ մեծից փոքր//բոլորն էլ ընտրյալներ են//բայց կա մեկը ում վրա//Արարչի հայացքը/ կանգ է առնում մի պահ //և թողնում մի հետք//հազիվ նշմարելի//մի աստղ փոշու մեջ //որ ինչքան էլ չափես նա քո//չափածից ավելի հեռու է/ բացարձակ հեռու//բայց նրան մի՜ փորձիր//նա անչափ հեռու է///մի պատկեր ում վրա//նա մի պահ կանգ է առել»: Հենրիկ Էդոյանը մերժում է պատահականությունները` յուրաքանչյուրի մեջ ի վերջո տեսնելով ընտրյալին: Նրա համար աշխարհում ոչինչ անպատեհություն չէ, ցաքուցրիվ չէ: Անգամ վերոնշյալ բանաստեղծությունը, որը գրքում զետեղված անկետադիր երկու բանաստեղծություններից մեկն է, անհրաժեշտություն է, անպարփակություն է, անսահմանություն, իսկ մի կողմից էլ 12-րդ սեղմապոեմում Հենրիկ Էդոյանը գրում է, որ 21-րդ դարը 20-րդ չէ, բայց «Դիակը դամբարանից//երկիրն է կառավարում: Բռնակալ մարդասպանի//ծխամորճի մոխիրը//մինչև այժմ թափվում է վախից կուրացած//մարդկանց գլուխներին»: Ինչպես տեսնում ենք, կյանքը պարադոքսով է լեցուն ու կոնտրաստով. «Ուր մարդու դեմքը թեքվում է ներքև, ստվերի վրա,//ամպերից բարձր, խոտերից ցածր, բոլոր հնարավոր//ճիգերից վերև և մարմին առած//անկումներից ներքև»: Խելակորույս աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք կփորձենք խորհել մեր հասկացածի մասին, ու այն, ինչ որ բնական էր թվում, այլևս բնական չի ընկալվում, և դարձյալ անհրաժեշտաբար բանաստեղծն ասում է. «Խոսիր թվերով, ոչ թե//բառերով, որոնք//չեն հասկացվում»: Հետաքրքիր է Հենրիկ Էդոյանի թվայնացված մտածողությունը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ թվերի միստիկ պոեզիա. այն ավելի շուտ ներ­զգայականի, քան տրամաբանության արգասիք է: Այսպես, մեկ օրինակ` «Էլեգիկ մտորումներ» շարքը, արդեն նշվել է, որ բաղկացած է 12 սեղմապոեմներից. 12 թիվը մեծ հաշվով ժամանակի խորհուրդ ունի, և 3 թիվը` Սուրբ Երրորդության (Հենրիկ Էդոյանի պոեզիան, որով որքան էլ հոսում է Հին աշխարհի զարգացած միտքը, համենայնդեպս, քրիստոնեական է), երբ խաչվում է (բազմապատկվում) 4-ին` աշխարհի ծագերը խորհրդանշող թվին, ստացվում է 12, իսկ ըստ բանաստեղծի` «Մի ցնցող ճշմարտություն//սպասում է ոլորանում, ժամանակի վտանգավոր//կոտրվածքի մոտ: Ես կարո՞ղ եմ ասել` «ահա//մի անավարտ կենսագրություն»: Ես կարո՞ղ եմ պնդել -//«Կյանքը սոսկ սխալների թվաբանություն է»:// Դժվար է գտնել ելքը արարքների լաբիրինթոսից»: Գուցե ամեն ինչն ավելի պարզ է ու հստակ, ու 12-ը հուշում է ընդամենը բանաստեղծի «տասներկու աշակերտների» ակնարկը. «Վերևում ամեն ինչ այնպես չի դասավորված,//ինչպես թվում է: Տասներկու աշակերտներ//աստղերի սխալն են փորձում սրբագրել: Աստղերի//սխալը մեզ մահ է պարտադրել»: Սեղմապոեմներից մյուսը գլխագրված է 7, այդ թիվն ու էդիպյան ճակատագիրը Հենրիկ Էդոյանի պոեզիայում հանդիպել են նույն բանաստեղծական տարածքում, կամք կառավարող Սֆինքսի, կլանող տիեզերական սևախոռոչ հայացքի ներքո, որտեղ գործում են տիեզերական գրված ու չգրված օրենքները. «Ոչ թե Սֆինքսն է//կլանում անապատը, այլ նա, ով դրել է նրան//անապատում: Անապատի բերանը//փնտրում է նոր լեզու: «Եղի՜ր անցորդ»: Այս հրահանգից//շարժվում են ավազները: Կո՜ւյր եղիր, և դու//աշխարհը կտեսնես: Ամեն մարդ Էդիպ է»:
Հենրիկ Էդոյանի էլեգիկ մտորումներում առանձնանում է 8-րդ սեղմապոեմը` որպես տերունական աղոթքի էդոյանական կատարում, որի տեքստը կազմված է ոչ թե սովորականի պես աղերս-ցանկությամբ, այլ զավակի հորդոր-քմահաճությամբ, ինչը իր հետ բերում է բացատրական շեշտադրումներ: Մեջբերեմ մի հատված. «…և մի՜ պահանջիր մեզանից//փոխհատացում (անհնար է քեզ//մեր պարտքը վճարել) – և Ազատություն//մի՜ տուր մեր սրտերին, որ այդքան//փորձություն չեն կարող հաղթահարել»: Պարզից էլ պարզ է, ըստ Հենրիկ Էդոյանի, մարդու աշխարհը ողողված պետք է լինի իրատեսությամբ ու արդարությամբ. «Մարդուն` երազը, իսկ Աստծուն` իրականությունը»: Երբ Նյուտոնը դռան վրա մեծ ու փոքր անցք էր բացում, մտածում էր` «Թող ամեն մեկը իր տեղն ունենա», շատերի համար զավեշտալի էր մեծ գիտնականի նման մոտեցումը, իսկ Հենրիկ Էդոյանը զավեշտալի ոչինչ չի տեսնում, քանի որ ամեն ինչ իր տեղը պիտի ունենա, և տրամաբանականն ու հոգեկանը հավասարապես կարևոր են. «Քաղաքում, ինչ էլ լինի, չես քայլի//ոտաբոբիկ: Չափելով կյանքի//բոլոր հետքերը` մենք ընտրում ենք ամենա -//վտանգավորը, մեր ձեռքերի կորուսյալ//իրականությունը, որ տարօրինակ է և անմատչելի,//բայց հակառակ չէ ճշմարտությանը»:
«Բանաստեղծություններ» պայմանական բաժինը քաղաքագիր, մի ամբողջ կյանք ապրած պոետի տագնապի պոեզիան է, երբ «Վաթսունականների ոճը ավարտվել է://Ժամանակը մի նոր//դիմակ է հագնում մեղմահոս լուսնի տակ,//ուր իրերը փոխում են իրենց տեղերը, սկիզբն ու վերջը//դառնում են անհամաչափ, դեմքերը ` անծանոթ//և օտարոտի», այդ պատճառով գուցե բանաստեղծություններում ակնհայտ է մի տրամադրություն, որը գեղեցիկ պատկերներից եկող թախիծի ելևէջումներով զգացում է զղջումի ու կարոտի. «Կյանքը, ինչպես մի կին, պառկած էր կողքիդ, գլուխը`//ձեռքիդ վրա://Դու սիրել ես նրան, բայց նա//քոնը չեղավ»: Բանաստեղծություններով անցնում է նաև հայ բանաստեղծի մեջը նստած հայրենյաց` կարծես խրոնիկական դարձած ցավը: «Ամեն ինչ նույնն է: Հինավուրց երկիր,//ճահճի մեջ բռնված մի թռչունի պես, քեզ ո՞վ է ձեռք տալու,//քեզ ո՞վ դուրս կհանի//դարերի նկուղից, ուր հանգչում է ամեն//մտահղացում,//գայլերի ոհմակից»:
«Երեք օր առանց ժամանակի» 2005 թվականին հրատարակած բանաստեղծությունների ժողովածուում Հենրիկ Էդոյանը գրում է. «Նա բացեց աչքերը, տեսավ, որ բոլոր ծառերն արգելված են, բացի մի ծառից, ի՜ր իսկ երազից», և պոետը մշտամնա նվիրվածությամբ հավատում է դրան. «Նա գիշերները քնում էր ակնոցով,//որպեսզի երազները կարդալ կարողանար», սա արվում է ավելի քան լուրջ, քանի որ «Չկա մի ուրիշ իրականություն,//բացի բառերի երազից հարատև: Կյանքը բառերի//անկատար կրկնությունն է: Բոլոր մայրամուտները//անցան, անհետացան, բայց այս//մայրամուտը գիշեր չի դառնում»: Այն հենց բանաստեղծի սահմանած չարգելված պտուղն է, որը երբեք նրան չի կործանի և աճում է ներկայում. «Անցյալը մարդունն է, ապագան ` Աստծունը,//ներկան այն վայրն է, ուր երկու աշխարհները//շփվում են իրար հետ, կայծեր արձակում://Պատկերը չքանում է նրա լույսի մեջ,//որն ընկնում է շփոթված մի դեմքի վրա://Աստված անցյալի մեջ է, մարդը` ապագայի»:
Ուշագրավ է Հենրիկ Էդոյանի գրքի նաև «Հեղինակային ծանոթագրություններ» բաժինը, որտեղ հեղինակը տալիս է նաև որոշակի դիտարկումներ ու մեկնաբանություններ իր ստեղծագործություններին, մանրամասնում որոշ իրողություններ: Օրինակ` «Ով անցնում էր լուսեղեն իր ճանապարհով».- Ակնարկ Մ. Մեծարենցի «Գիշերերգ» բանաստեղծությանը. «Լուսեղեն ճամփան ես կանցնեմ գինով». Լուսեղեն ճամփան այն հոգևոր ուղին է, որով անցնում է մարդկային հոգին սիրո, ներշնչանքի, ինքնամոռացության մեջ` լուսավորված երկնային լույսի շողերով: Գիշերը Մ. Մեծարենցի պոեզիայում լուսավորված է «ներքին լույսով». հոգևոր-պոետական իրականության մշտական բնութագիրը: Կարելի է հիշել գերմանացի ռոմանտիկ մեծ բանաստեղծ Նովալիսին. «Գիշերը հոգու ցերեկն է»:
Տարիներ առաջ Հ. Էդոյանի բանարվեստին նվիրված «Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում» էսսե – գրախոսականս սկսել եմ «Մի կենսա­գրություն, որ կարող էր լինել նաև իմը» բանաստեղծությամբ: «Էլեգիկ մտորումներ» գրքի մասին խոսքս ուզում եմ ավարտել «Հիսուն տարի անց» բանաստեղծությամբ` փորձելով էդոյանական ժամանակի շարունակականությունը տեսնել հակադարձ շարժման դիտակետից (ի դեպ, «Հիսուն տարի անց»-ը գրքի երկրորդ անկետադիր բանաստեղծությունն է): «Մեռավ//Սպասեց/ Սպասեց//(Մոխրամանում Պրևերի//մոխիրը թողեց)//Ծխեց//Մի սիգարետ վառեց//Կանգնեց անձրևի տակ//Բարձրացրեց օձիքը//Մի վերարկու հագավ//Նա եկավ//Նա եկավ//ահա նա վերադարձավ»: Ուշագրավ է, որ նրբաթախիծ խոկումների ծիրում բանաստեղծն անդրադարձել է արևմտահայ վաղամեռիկ երկու էլեգիկ հոգիների` Մ. Մեծարենցին ու Պ. Դուրյանին:
Չեմ կարող զսպել գայթակղությունս և Հ. Էդոյանին վերապահումով չնույնացնել Պետրոս Դուրյանին («Պետրոս Դուրյանի վերջին գիշերը»,- տես «Այսքան տարի, Պետրոս»). «Այսքան տարի, Պետրոս,/ապրեցիր դժոխքում, այժմ կապրես ինձ մոտ,/դրախտի լույսի մեջ»:
Մնացյալը թող խոսի լռությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։