Հռիփսիկ ծյոծյան / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Զարթուցիչի զանգն ազդարարեց օրվա սկիզբը, թեև գիշերը դեռ չէր ավարտվել: Բաց աչքերով լուսացրած աղջիկը դժկամ վեր կացավ անկողնուց: Քաղաքի հեռավոր թաղամասերից մեկում ուսուցչուհի էր աշխատում ու արթնանում էր լույսը չբացված: Ամեն օրվա պես մատների ծայրերին քայլեց դեպի լոգարան, որ չարթնացնի կողքի սենյակում քնած մորը, ու ամեն օրվա պես տեսավ, որ նա խոհանոցում արդեն իր նախաճաշն է պատրաստում:
– Մա՛մ, էս ո՞նց ես ամեն օր ճիշտ ժամին արթնանում: Ախր, զարթուցիչի ձայնը կամացացրել եմ, որ չլսես-չարթնանաս:
– Դիմացի շենքում մի վարորդի բնակարան կա, հենց դրանց լույսը վառվում է, հասկանում եմ, որ ժամը վեցն է, վեր եմ կենում:
– Դիմացի շենքի՞ց ինչ գործ ունես: Էդ վարորդին որտեղի՞ց ես ճանաչում:
– Ոչ մի գործ էլ չունեմ, ոչ մեկին էլ չեմ ճանաչում:
– Բա ի՞նչ գիտես, որ վարորդի բնակարան է:
– Դե, էս ժամին մենակ վարորդներն են արթնանում:
– Հա՜: Ուրեմն ես էլ տոմսավաճառ եմ:
Երկուսով փռթկացին:
Լոգարանում լսեց մոր հարցը.
– Սուրճդ դնե՞մ, թե՞ դեռ ուշ ես դուրս գալու:
– Սուրճ չեմ խմելու,- լոգարանից դուրս գալով ասաց աղջիկը:
– Ինչո՞ւ:
– Սուրճը Հռիփսիկ ծյոծյան կտա:
– Հռիփսիկ ծյոծյա՞ն ով է:
– Գործարար կին է, սուրճի գործ է անում:
– Որտե՞ղ:
– Դպրոցի կողքի շուկայում: Շուկայի առևտրականների սուրճ եփողն է:
– Ձեռ ես առնո՞ւմ:
– Չէ՛, մա՛մ, երեք օր է՝ դարձել եմ նրա հաճախորդը:
– Գնում, շուկայում սուրճ ես խմո՞ւմ, հո խայտառակ չե՞ս: Աշակերտներդ ի՞նչ կմտածեն:
– Ի՞նչ անեմ, էդպես ստացվեց,- սեղանին մոտեցավ ու նախաճաշել սկսեց աղջիկը:
– Կարող ե՞ս նորմալ բացատրել, թե էդ ինչ Հռիփսիկ ծյոծյա է:
– Իբր ես գիտե՞մ, որ քեզ բացատրեմ: Երեք օր առաջ պատուհան ունեի, ասացի՝ գնամ մի սրճարան գտնեմ, մի բաժակ սուրճ խմեմ, մի քիչ էլ ցրվեմ: Որ կողմ նայեցի, էդ կորած թաղամասում սրճարան չգտա: Մոտեցա կրպակներից մեկին, հարցրի՝ էստեղ սրճարան չկա՞: Ասացին՝ չկա, բայց Հռիփսիկ ծյոծյան սուրճ տալիս է: Մտքումս ծիծաղեցի, ուզում էի շրջվել-հեռանալ, տեսնեմ՝ կողքիս մի ծեր կին է կանգնած՝ ժանգոտ սկուտեղը, մրոտ սրճեփն ու կիսակոտրած բաժակները ձեռքին: Կրպակի վաճառողն իրեն չկորցրեց, Հռիփսիկ ծյոծյային առաջարկեց մի բաժակ սուրճ տալ ինձ:
– Հետո՞, փողոցում սուրճ խմեցի՞ր:
– Չխմեցի, աչքերս ու քիթս փակած՝ մեկ-երկու կում արեցի ու հայտարարեցի, թե իբր ուշանում եմ, վճարեցի 100 դրամ ու փախա: Բայց դրանից հետո, երբ ինձ տեսնում է, առանց հարցուպատասխանի, սուրճը լցնում, տալիս է ձեռքս: Կարգին գործարար է, նոր հաճախորդից հրաժարվողը չի:
– Խելքդ գլխի՞դ է: Էդ սուրճից խոլերա կկպնես:
– Սուրճից՝ չգիտեմ, բայց բաժակներից հաստատ կկպնեմ:
– Հենց էսօր Հռիփսիկ ծյոծյայիդ կասես, որ էլ սուրճ չես խմելու, սիրտդ վատ է:
– Ա՛յ մամ, ի՞նչ սիրտ, ի՞նչ հրաժարվել: Մի ամբողջ էպոպեա պատմեց էդ կինը: Նախկինում «Նաիրիտի» գանձապահն է եղել: Աշխատավարձի օրերին էնքան փող է բերել տուն, որ իր աշխատավարձը հավաքել, պահ է տվել սովետական բանկին: Հետո հա՛մ իրեն են գործից հանել, հա՛մ էլ բանկն է ունեցած գումարը կուլ տվել: Տղան չի դիմացել էս կյանքին, գնացել է Եվրոպա: Բայց հիմա եվրոպաներում էլ մի բան չի, էնտեղ էլ արդեն ապրելու հնար չկա: Ու Հռիփսիկ ծյոծյան որոշել է, որ շուկայում քայլող սրճարան աշխատելով պիտի փող հավաքի, ուղարկի տղային, որ սա գնա Երուսաղեմ, Տիրոջ շիրիմը համբուրի, ու դրանից հետո գործերը լավանան: Չնայած, ոնց հասկացա, տղան ո՛չ գործեր ունի, ո՛չ էլ թե՝ լավանան:
– Ինքդ քեզ լսո՞ւմ ես: Հիմա Հռիփսիկ ծյոծյա՞ն է աննորմալ, թե՞ դու:
– Մա՛մ, հա՛, մի քիչ աննորմալ է, բայց դե, մեղք է, մի բաժակ սուրճի չափով չօգնե՞մ:
– Լսի՛ր, էս աշխարհի բոլոր Հռիփսիկ ծյոծյաներին դու պիտի օգնե՞ս: Հենց հիմա էս սուրճը խմիր ու մի քիչ խելոքացիր,- տաք ու բուրավետ սուրճը բաժակի մեջ լցրեց բարկացած մայրը:- Քեզ էլ լուրջ մարդու տեղ են դրել, դասարան են վստահել: Տնօրենդ քեզ էդ Հռիփսիկի կողքին տեսնի, տեղնուտեղը ազատմանդ դիմումը գրել կտա: Մեկ էլ եմ կրկնում, կասես, որ սիրտդ վատ է, էլ սուրճ չես խմում: Թե շատ ես խղճում, հենց էնպես օրը 100 դրամ տուր էդ կնոջն ու պրծիր:
– Չէ՜, ի՞նչ ես խոսում, մա՛մ, գիտե՞ս ինչ ինքնագնահատական ունի: Արդեն քսան անգամ պատմել է իր գանձապահական հեղինակության ու տղայի բոյ-բուսաթի մասին: Նրան մուրացկանի տեղ դնել չի կարելի: Շատ կվիրավորվի:
– Էլ քեզ լսելու համբերություն չունեմ: Ասելիքս ասացի: Հիմա էս սուրճը խմիր: Թե՞ Հռիփսիկ ծյոծյայի չափ չկամ, իմ սուրճը լավը չի:
– Լա՜վ-լավ, կխմեմ, Հռիփսիկ ծյոծյայից էլ մի կերպ կճողոպրեմ:
Երրորդ դասից հետո դուրս եկավ դպրոցից ու շուկայի միջով քայլեց դեպի թերթի կրպակ: Հռիփսիկ ծյոծյան ասես գետնի տակից բուսնեց ու արդեն ծանոթ ժպիտով ձեռքն առավ սկուտեղին դրված սուրճի դատարկ բաժակը:
– Ես էլ ասում եմ՝ էս ո՞ւր ես, չկաս: Երևի սուրճս չես հավանել, որ չես գալիս:
– Չէ՜-չէ, Հռիփսիկ ծյոծյա, ուղղակի սիրտս…
– Լա՜վ, հիմա էս սուրճը տաք-տաք խմի, նոր կգնաս:
Ուսուցչուհին ճարահատյալ կուլ տվեց բաժակի պարունակությունը, հետո աչքերը փայլեցնելով ասաց.
– Հռիփսի՛կ ծյոծյա, ձեզ մի գործնական առաջարկ ունեմ: Եկեք կոմպանյոն դառնանք:
– Էդ ի՞նչ բան է,- կասկածանքով հարցրեց կինը:
– Դե, ո՞նց բացատրեմ: Կոմպանյոնները միասին ներդրում են անում որևէ գործի մեջ, հետո շահույթը կիսում: Բայց դուք մի՛ անհանգստացեք, ասածիս երկրորդ մասը մեզ հետ կապ չունի: Ես ներդրումը կանեմ, բայց շահույթից մաս չեմ վերցնի:
– Ի՞նչ ես է խոսում: Աշակերտներիդ է՞լ ես էդ տեսակ դժվար բաներ ասում: Էդ խեղճ երեխեքը քեզ ո՞նց պիտի հասկանան:
– Հիմա կհասկանաք,- ասաց ուսուցչուհին ու արագ մտավ մոտակա խանութը:
Խանութից դուրս եկավ մեկանգամյա օգտագործման բաժակները ձեռքին ու տվեց կնոջը:
– Մարդկանց էս բաժակներով սուրճ տվեք: Ավելի բարձրակարգ կդառնա սպասարկումը: Համ էլ բաժակները դեսուդեն չեք տանի, չեք լվանա, չեք սառեցնի ձեր ձեռքերը: Բա մեղք չե՞ք, մեծ կին եք, կմրսեք:
– Վա՜յ, ապրես դու, աղջի՛կ ջան: Առանց էն էլ տանս բաժակ չի մնացել: Մեծ մասը կոտրվել է: Ո՜նց չէի մտածել: Բայց էս բաժակներով սուրճը 100 դրամով չեմ տա, կդարձնեմ 150: Էդ քեզ չի վերաբերում, դու էլի 100-ով կխմես: Էդ էլ կլինի էն… բառը մոռացա, էն որ փողը դնում-կիսվում էին:
– Կոմպանյոն:
– Հա՛, էդ կոմպանյոնի պահով դու էլ քո փայը կունենաս, 100 դրամով կխմես իմ սուրճը:
– Չէ՜, ես կխմեմ ինչպես բոլորը՝ 150 դրամով,- անառարկելի տոնով ասաց ուսուցչուհին՝ հասկացած, որ Հռիփսիկ ծյոծյան իրենից ձեռք քաշողը չէ:
Տուն գնալիս շուկայի մեջտեղում հանդիպեց կոմպանյոնին: Ժանգոտ սկուտեղին իր գնած բաժակներն էին՝ խմած սուրճի նստվածքով:
– Վա՜յ, մաքուր բաժակ չի մնացել,- աշխույժ ու մտերիմ ասաց քայլող սրճարանը:- Թե չես շտապում, հիմի կտանեմ տուն, կլվանամ ու քեզ մաքուր բաժակով սուրճ կտամ:
– Հռիփսի՛կ ծյոծյա, ի՞նչ լվանալ, ի՞նչ բան: Էս բաժակները չեն լվանում, օգտագործում-դեն են նետում: Բա չպայմանավորվեցի՞նք, որ ես ամեն օր ձեզ համար էս բաժակներից եմ գնելու:
– Էս սիրուն բաժակները մեկ անգամ օգտագործեն ու դեն նետե՞ն: Ա՛յ աղջիկ, դու հեչ խելք չունես: Ամուսնացա՞ծ ես:
– Դա ի՞նչ կապ ունի:
– Էն կապն ունի, որ քեզ նման հարսին սկեսուրը մի օր էլ չի պահի: Էս դժվար կյանքում բաժակը մի անգամ կխմեն ու կթափե՞ն: Ուրիշների մոտ էդ տեսակ բան չասես: Սպասի, հիմի կգամ ու քեզ սուրճ կտամ:
– Չէ՛, Հռիփսիկ ծյոծյա, ես սուրճ չեմ ուզում, սիրտս…
Կինը ոչ էլ հարկ համարեց լսել ուսուցչուհու սրտի մասին: Արագ մտավ մոտակա շքամուտքը, րոպեներ անց դուրս եկավ իր նախկին բաժակներից մեկը ձեռքին ու մեկնեց արդեն մշտական դարձած հաճախորդին:
– Դե որ չես ուզում 150 դրամով խմել, 100-ով խմիր, բայց իմ բաժակով,- իր առատաձեռնությամբ հպարտ հայտարարեց կոմպանյոնը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։