Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խաչիկ-Մանուկյան1Իմ Հայրենիքն ի՛ նձ պիտի ուտեր –
Ես իր ամենա-համո՛վն էի,
Դուխո՛վ,
Կռվազա՛ ն,
Ջանո՛վն էի –
Իմ Հայրենիքն ի՛ նձ պիտի ուտեր…
Ամենուր իրեն ծառա ու տեր –
Եզի պես անդուլ բանո՛ղն էի,
Դարն ի վե՜ր քաշող-տանո՛ղն էի –
Իմ Հայրենիքն ի՛ նձ պիտի ուտեր:
Իր սրտի տրոփն ու դողն էի –
Աղոթո՛ղն էի,
Լույս տո՛ղն էի,
Ես իր երկնասույզ կոթո՛ղն էի –
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր:
Ես իր ամենա-համո՛վն էի,
Դուխո՛վ,
Կռվազա՛ ն,
Ջանո՛վն էի,
Հրե երկինքն ու սուրբ հո՛ղն էի –
Իմ Հայրենիքն ի՛ նձ պիտի ուտեր:

ԵՐԱՆԻ ԱՍՏԾՈՒՆ
Երանի Աստծուն, որ իր հետ ես, Մա՜յր,
Հայացքդ՝ բոլոր իր սահմաններին-
Մոլորակները առած թևերիդ՝
Լցնում ես սիրո լույսերով զվարթ,
Խաղա՜ղ ճախրում են շուրջդ վերուվար՝
Հրեշտակները՝ Սուրբ-Սուրբ երգելով,
Եվ բարությունդ հոսում է վարար՝
Որպես անսպառ գգվանք ու գորով:
Հավատն է մարում իմ հոգում խռով,-
Գոնե ինձ մի՜ քիչ քո լույսից մնար,
Որ չլինեի լքված ու մոլոր…
Երանի՜ Աստծուն, որ իր հետ ես, Մա՜յր:

***
Տարօրինակ սերեր –
Արկածներով լեցուն –
Շղթայեցիք,
Անցաք
Առանց լացի –
Եղան՝
Հայհոյեցին իմ պահապան Աստծուն,
Եղան՝
Ի սեր՝ թաքուն աղոթեցին:
Իսկ նա,
Որ վախվորած միշտ հեռու էր փախչում,
Ուսին՝ երազային թիկնոց փռած՝
Այրվող իր գոյության
Մոխրացումն էր տենչում
Եվ փնտրում էր այն չուն,
Որ փախչում էր անդարձ –
Նա ուզում էր ճախրել՝
Խարկվել շառափներին,
Հետո հրավառված
Սլանալ ցած
Եվ նվաղել այդպես՝
Արևին ու լուսնին
Եվ աստղերին բոլոր սիրահարված…
Հիմա հպարտորեն
Էլ բառեր չեմ ասում,
Տաք հույզերն են խեղդվում
Թաց ափերին…
Հեռվից այն աղջկա
Շշուկներն եմ լսում
Եվ մնում եմ նրա
Սիրո գերին:

Տ Ե Ս Ա
Ինչքան շատ մահ կար,
Կյանքն ինչ անփույթ էր մայթից մայթ անցնում,
Կյանքն ինչ անփույթ էր…
Ինչքան շատ մահ կար՝ ԱԺ դահլիճում,
Կառավարության արտահերթ նիստին՝
Օսլայված, փքված, շնչող դիակներ՝
Փողակույտի տակ…
Ինչքան շատ մահ կար:
Ինչքան շատ մահ կար,
Որ մարդկանց տեսքով
Անհոգ շրջում էր ծաղկած փողոցում,
Եվ կրծքաբացը հմայիչ էր շատ՝
Չորացած կաթը՝ պաղ երակներում:
Ռեստորաններում, խաղատներում
Ինչքան շատ մահ կար՝
Բյուրեղյա գավով
Մոռացման թուրմը շաղվում էր զվարթ…
Ինչքան շատ մահ կար:
Ամենաքաջը մուրացկան էր մի,
Որ գնդակի տեղ այս գունդն էր տշում
Ու թքա՜ծ ուներ ամենքի վրա:
Ես հետ չեմ նայում,
Ես փախչում եմ, սե՜ր,
Ինքնասպանված այս տարածքներից,
Ուր փուչիկներն են մահաշունչ փչվում,
Որ հրալեզու վիշապներ դառնան…
Ես նրանց մեջ չեմ,
Ես քեզ հետ եմ, սե՜ր…

***
Դու չգիտեմ ով ես,
Բայց ծիծաղս տարար,
Անհոգ երգս տարար –
Դու չգիտեմ ով ես:
Ու կփնտրեմ ես քեզ
Այս աշխարհում արար –
Դու չգիտեմ ով ես,
Բայց ծիծաղս տարար:

***
Ես հետո կգամ,
Երբ ելք չի լինի,
Երբ շուրջդ բոլոր դռները փակվեն,
Երբ թթվի սիրուդ քաղցրահամ գինին,
Հոգնած թևերդ ոտքերիդ հակվեն,
Երբ կենսաշնորհ վերջին լարումով
Աղի կաթիլներ հատակին թափվեն,
Եվ ամպե ճերմակ թաշկինակները
Հոգուդ աչքերը փափուկ շոշափեն:
Ես հետո կգամ,
Երբ ժամանակի գայլերը սոված
Երազիդ վերջին պատառը լափեն,
Երբ շողակները բոլոր թափվեն ցած՝
Ողջ տիեզերքը խավարով պատեն,
Եվ հրեշտակի աչքերը սառած՝
Անսեր, անժպիտ հայտնվեն քո դեմ:
Ես հետո կգամ,
Երբ ինձ այլևս
Քո ուրվականը կընդունի անդեմ,
Երբ կարոտներդ լրիվ շվարած՝
Որբերի նման անտուն ու անտեր,
Իրենց գոյության խորհուրդը կատեն…
Բայց կավն իմ ձեռքում կլինի արդեն,
Եվ Աստծո շունչը իմ շնչում պահած՝
Կգա՜մ,
Որ մահվան կապե՜րը քանդեմ,
Որ բո՜ցս տալով կրակիդ մարած՝
Լուսե՜ մարմինդ նորից շոշափեմ:

***
Տեսա-
Արնոտ է մայրամուտը,
Արյուն է երկրի վրա հոսում,
Լսվում է հնչեղ ձայնը –
Մութը
Էլ շշուկով չի հետս խոսում –
Այն, ինչ անցել է՝
թվաց սուտ է,
Այն, ինչ գալու է՝
դեռ կստվի,
Ողջն Աստծուց հղված մի ասույթ է,
Որ արտաբերեց զրո թվին:

***
Լսո՞ւմ ես…
Աստղերը երկնքից չտանես,
Մարում է կրակը թևերիս:
Մոտ կգաս գիշերով,
Շորերդ կհանես,
Մնացածը գիտես,
Սիրելի՛ս:

Մեկը կար,
Ասում էր՝
Խփել ու կերել են
Սիրո ակը հսկող դևերիս –
Հիմի չարն ու բարին
Հարվել ու մերվել են
Սրտիս տաք ափերում,
Սիրելի՛ս:

Գիտեի՞ր, որ արդեն
Հեռուները հանել են,
Մոտերն են մնացել աներիզ –
Փոխվել են բառերի՝
Տողերիս թառել են,
Միայն դու ես հեռվում,
Սիրելի՛ս:

***
Փռվեմ արտերին ու մրափեմ՝
Հասկերի առաջ ծունկ ծալելով,
Երազի անհամ ճաշը լափեմ՝
Զահլա չտանեմ իմ ցավերով:

Ողջույն հղեմ քեզ, կույս մեղավոր,
Գոնե դա քո մեջ տեղավորիր,
Արժան չտեսար, որ գամ մի օր
Եվ ջերմ շշնջաս՝ բեղմնավորի՜ր:

Հպանցիկ ու լուռ հովի նման
Քսվում ենք կյանքի թաց աչքերին
Եվ չենք նկատում թախծոտ նրան՝
Ով մնում է մեր սիրո գերին:

Փողոցում՝ խաբված նույն ամբոխն է,
Շառլատանները՝ հարթակներին,
Որ վամպիրի պես մեզ ըմբոշխնել
Ու չեն հագեցել դեռ լիովին:

Հե՜յ, արքաների քմահաճ խաղ,
Հե՜յ, լքվածների խոնարհ հուզում:
Նույն պատմությունն է դարերից կախ,
Որը ջնջե՛լ եմ հիմա ուզում:

***
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Շրխկում է ամառային տաք անձրևը,
Վաղուց էր, որ ծաղիկները չէին բուրում,
Վաղուց էր, որ սերն իմ սրտում պապանձվել էր:
Նորից անցած հեքիաթներ եմ մտաբերում,
Հեշտ տրվում է անմահության բանաձևը,
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Իսկ սրտիս մեջ ծիածան ու տաք անձրև է:

***
Գիտեմ՝
Աշունս մի օր կգա:
Հսկա ջութակը դրած ուսին,
Եվ հնչյունների չուն կպատմի
Հեռավո՜ր, պայծա՜ռ սիրո մասին,
Հետո ջութակը ցած կդնի
Եվ քամո՛ւն կտա ամբողջ ոսկին՝
Միայն թե նորից գարունը գա՝
Ամեն ինչ խառնի սիրո հոսքին,
Միայն թե նորի՛ց գարունը գա՝
Որպես գտնված մի թա՜նկ երազ,
Բայց… սայթաքում եմ օրերում պաղ,
Եվ փաթիլներն են թափվում վրաս:

***
Էս ո՞ւմ վրա են քարը դրել,
Թիվ ու անուն են գրել քարին,
Երևի նրան չեմ հանդիպել
Իմ թեթև կյանքի ճանապարհին,
Գուցե քարեր է կյանքում կրել՝
Քարը տաշել է, դրել քարին,
Կամ էլ ցորեն է դաշտում փռել
Ու ոսկեբեռն է ուսել կալին:
Չէ՛, նրան հաստատ չեմ հանդիպել
Անպտուղ կյանքիս ճանապարհին,
Բայց… ի՛նձ վրա են քարը դրել
Եվ ի՛մ անունն են գրել քարին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։