Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Զ Ս Պ Ա Ն Ա Կ Ը
Զսպանակը կոտրվեց: Առավոտ էր,
երբ ծորաց արևն ինչպես քսայուղ:
Ու՝ օրվա թմրած նյարդերը,
գազե օդը,
անկյունից՝ հազար աչքեր՝
հիվանդ, կակուղ…

Զսպանակը կոտրվեց: Գազանիկ եմ
ու փախել եմ անտառից վայրի:
Վերևում չխկում է մետաղյա
տանիքը. քայլերի նման է,
նվագախումբ քայլի:

Ես ջարդում եմ ժամացույցս,
ուժ չկա,
իմ գլխում հիմա կերգի պայթյունը:
Ինձ տվեք դադար,
տվեք խխունջ կամ,
որ քնեմ, երբ չխկչխկան
տանիքը, տունը:

Ու վազքով մտա խավար
սենյակը ես,
միջանցքից լսում եմ
խոսքերի շրշյունը.
«Բարև ձեզ», «Ցտեսություն»,
«Ցտեսություն», «Բարև ձեզ»…

Ու փնտրում եմ ինչ-որ տեղ, ու
փնտրում եմ հայացքով հայցող
նախաբիբլիական լռությունը:

Կ Ո Ղ Մ Ն Ա Կ Ի Ն
Ես երկաթգծի վերջին հասա,
ես մի փոքրիկ բացատ տեսա,
ես կանաչին այն պառկեցի
ու երկար, երկար իմ երկնքին
նայեցի:

Նա լուռ լսեց՝ ես խոսեցի,
նա լուռ խոսեց՝ ես լսեցի:
Երբ մայրամուտը գունատվեց,
վեր կացա, վերադարձի գծով գնացի:

Սև պատերի կողքից անցա,
գորշ շենքերին մեր մոտեցա:
Ինձ այդ աշխարհը չի խժռի,
չէ՞ որ կկպչեմ իմ մոր խոսքին
թրմացած:

Ես պինդ կկպչեմ իմ մոր խոսքին
թրմացած:

Ն Ո Յ Ե Մ Բ Ե Ր
Կաթիլը երկար կախվեց ճյուղից,
ընկավ, և ստվերը
ծխի նման սահեց պատով:

Քո գրկում ես այնպես,
այնպես ուզեցի
կծկված ոզնի դառնալ:

Ա Ղ Ե Ր Ս
Երբ կմեռնեմ, ինձ թաղեցեք
շապկի մեջ մանկական,
որ ես լինեմ վաղվա նախավկան:

Ինձնով փակվեն դռները հին,
բացվեն կանաչ դաշտեր,
որտեղ կվազվզեն ժիր մանուկներ:

Եվ դաշտերի եզրին ստանամ
փոքրիկ, փոքրիկ անկյուն,
քանզի միշտ շրջմոլիկ էի անտուն:

Ու, երբ հիշեն ու զարմանան,
ինձ ողորման գուցե,
քանզի Վահանը խելք չի ունեցել:

Եկել է, մոլորվել ու գնացել:

ԹԱՓԱՌԱԽՈՒՄԲԸ
Իմ մայրը գնաց թափառելու հավերժ:
Իմ տատը մուրացկան է հյուսիսի
սառույցներում:
Իմ նախնիները լուռ շարքով գնում են
անվերջանալի ու մութ
ճանապարհներով:

Ով աշխարհ,
թաց սպիտակեղենի,
քամու աշխարհ,
լաչառ կանանց աշխարհ,
հարբած հարևանիս
աշխարհ, քո թաղերում
հենվում եմ ես
թեքված ցանկապատին, ցեխոտ,
բոկոտն երեխան
նայում է ինձ՝ ձեռքին
կեղտոտ խնձորը,
ու դեռ երկար նա կծամի
խնձորն այդ…

Ու մենք էլ կգնանք թափորի ետևից,
ու մենք էլ չենք փոխվի՝
հպարտ ու կույր…

Հպարտ ու կույր:

ԱՆՁՐԵՎԻՑ ԹՐՋՎԱԾ ՃՆՃՂՈՒԿ
Անձրևից թրջված ճնճղուկ,
ինչո՞ւ ես փքվել այդպես:
Մոլորվել ես, բույնը քո կորցրել ես,
չի օգնում ոչ ոք, ախ, քեզ:

Կամ էլ բույն դու չես ուզում,
ձանձրացել ես քո բնից:
Դու ուզում ես, որ գա վերջակետը,
որ կորչես այս աշխարհից:

Ես էլ քեզ նման եմ, տես,
ու մրսում եմ անձրևից:
Բայց ավելի ծանր են հաչոցները,
որ գալիս են չորս կողմից:

Մարդկային կերպար չկա
– թե՞ երբեք էլ չի եղել …
Բայց ինչո՞ւ եմ կարոտում անցյալը,
ինձ այնտեղ եմ ես թաղել:

Քեզ հեծնեմ՝ թռչենք-գնանք
ու կորչենք, չքվենք հեռու:
Չի բացվում այստեղ էլ լուսաբացը,
թաց է մոմը, չի վառում:

Թող հաչան՝ ինչքան ուզեն,
թող գզեն՝ ում ցանկանան:
Իսկ հետո՝ իրենց գզի ուրիշը,
և օրերը գան-գնան:

Բ Ա Բ Ե Լ Ո Ն
Խորանարդ խորանարդի ետևից
շարեցինք ու բարձրացանք:
Աշտարակ՝ աշտարակի ետևից:

Ոչ գրպաններում թռչուններ կան,
ոչ էլ գլխարկներում
ծղոտի ծեղ – ինչքան էլ ցանկանաս,
բարեկամս, միևնույն է,
իրար այլևս չենք հասկանա.

կյանքն անընդհատ զարգացում է,
հոսք,
իսկ դու ուզում էիր կանգնել,
ծղոտե գլխարկ էիր դու ուզում,
թռչուն՝ ափի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։