ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

Զավեն ԲեկյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
***
Ինչպես թթաստանների
վարպետն անզուգական`
որդը շերամի –
պոետն էլ է հյուսում
գիշերուզօր
բոժոժն իր բանավոր…-
Հավանաբար`
աշխարհից թաքնվելու համա՞ր,
կամ` Գեղեցիկն արարելու`
ի հեճուկս աշխարհի
տգեղության ու չարությա՞ն…
Բայց շերամի որդի բախտն այստեղ,
պետք է ասել,
ավելի շատ է բերել –
քանզի նրան չեն խեղդում ջրով եռման`
դեռ իր բոժոժը չավարտած,
ինչպես…պոետներին` հաճախ`
«շերամապահները» ժամանակի –
Ստալինը, Ֆրանկոն կամ
երիտթուրքը հենց…

ՄՇԱԿՆԵՐՍ ՄԻ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ

Հրաչյա Բեյլերյանի հիշատակին

Ահա զարթնում է մեր մահկանացուն…-
Տեսած երազը չըմբռնած լրիվ`
ադամամութին եզները լծում,
ցանքադաշտերն ենք մեկնում մենք գրի…

Մի հրեշտակ է հերկն առաջ տանում,
իսկ իր ակոսին հետևում ենք մենք`
բառ շոշափելով ծոցագրպանում,
որ ապա հանենք` իր ծիրին փռենք…

Հեհե՜յ, երկնքի երդիկից արձակ
շողը գալիս է տողը գուրգուրում…
Պոետը` բառի մշակն հերարձակ,
արդեն իր բերքն է տեսնում լազուրում…

Կեսօրին հոգնած կնստենք հացի,
ապա ելնելով` մինչ իրիկնամուտ
առատ կլինենք մենք օրհնության պես
Բարձրյալի:… Երբ գա մեր ժամը այն լուռ,

ասքի խրձերը դարսած` կննջենք
դրանց շուքի տակ, ձեռնիկուրծք պառկած…
Կպարուրի մեզ մի անուշ խոնջենք,
այլ արթնություն մի կբացվի, դանդա՜ղ…

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
Եվ անկախ նրանից,
թե պատմաբաններն ինչ կգրեն մի բուռ
սիսեռի դիմաց,
լրագրերի կապոցներն ինչ լուր
կթողնեն արխիվներում,
ինչ մենագրություններ կգրվեն
կոչումների ու շքանշանների հանուն,
ինչ վավերագրական ժապավեններ կնկարահանվեն,
ինչ սեպագիր կսեպի ռուզիկ ստրատեգն իր բիհիսթունյան ժայռի վրա`
այս սատրապության վասն –
ես` հայ պոետս,
որ հնարավորինս ապրեցի ըստ խղճի և
մեծամեծերի ձեռքին չնայեցի,
արձանագրում եմ հայոց սույն թվականին –
կարեվեր թշվառ էր երկիրս ու լքված…
Եվ պատճառը երաշտը չէր կամ մարախը,
ոչ էլ մուղալը, լեզգին ու քարեկարկուտը…-
ազգիս տակա՛նքն էր ծանրացել սև
ամպի պես երկրիս վրա,
որկրամոլը, որովայնախոսն
ու տգետ սրիկան…
Տեր, կեցո զհայս…

***
Թրթռուն աստղալույսի տակ
մոլորակները, շուրջանակի պտույտով,
թավշե խավարն էին կալսում…
Հավանաբար
հրեշտակապետերից մեկի շնչից արթնացած
անեզրական հոծ, կապույտ քամին էր`
Հարդագողի ուղու մղեղները
քամհարելով եկած, որ բերեց
երազով այս տեսիլքը:- Մանուկ էի,
և նորից մեր թաղ էր ներխուժել
շրջիկ մաղ ծախողների թափորը
(բոշանե՞ր, թե` գնչուներ…),
«Մա՜ղ, շարմա՜ղ, մա՜ղ…».- աղաղակելով:
Ու մեկը նրանցից` մի ալևոր, ինձ
արեգակի պես շողշողուն,
պղնձաթելերից հյուսված
մի մաղ նվեր տվեց,
ասելով.-«Սա` ընծա՜ քեզ,
քանզի երբ մեծանաս, մանչս,
բառ մաղող ես դառնալու…»:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մանկության ժամանակը կանգ էր առել,
ասես թռիչքի պատրաստվող զատիկը`
ցուցամատի ծայրին…
Սպիտակ ներկով, կարմիր կտորի վրա տողած,
լոզունգն էր ակումբի ճակատին փողփողում.
«Անշեղորեն առա՜ջ դեպի
կոմունիզմի հաղթանակը»:-
Ու այսպես դանդա՜ղ առաջ էր գնում
սովետական ժամանակը`
փնթփնթան ծերունու պես, մերթընդմերթ…
քորելով քամակը…
«Ամիրկեն (ԱՄՆ-ը – Ծ.Հ.) որ չլիներ`
հիմի Սովետը վաղու՜ց քերթել էր
էդ Սարաջօղլու կաշին / Թուրքիայի
նախագահն`
այդ ժամանակ – Ծ.Հ.)»,- ասում էր պապս…
Երևի դա էր պատճառը, որ մի մատ երեխա`
վախենում էի օձնեցի կաշի մթերող
հաստափոր Խարաշոյից (մականունն էր):
Ո՜նց էր խաբում տատիս` կաշի չափելիս
(մերոնք հանդում էին) .«Մի դեցի` էս կողմ,
մի դեցի` էն կողմ,- մի մենձ բան չի, այ քիրա…
Էս էլ` հրես քու փողը…Խարաշո՞…»:
Նրան նաև թևավոր մի խոսք էր պատկանում.
«Էշը, վեշը, կնիկը` տեղ տանելու բան չեն…»:
…………………………………………………………………….
Տոն ու անտոն օրերին, հարբած, «ուռա տալով»,
գյուղամիջում մոլեգնում էր հովեկ Իլոն.
«Մենձ Իլյիչը շինեց էս աշխարհքը,
որ պուճուր Իլյիչը քեֆ անի, բա ո՞նց…»:
…Մանկության ժամանակը կանգ էր առել,
ասես թռիչքի պատրաստվող զատիկը`
ցուցամատի ծայրին…

***
Եվ բառիվ արբեցողությամբ
ընկա դաշտերը ներշնչանքի
սրբազան խելացնորության,
և գեղեցիկ ասքի շուշաններով պճնվեցի –
միա՛յն ի փառս Քո…
Զի այն պահերին, երբ պերճանքն իմը համարեցի`
խոսքս տկարացավ ու գնաց
ածուներով խոտոր…
Եվ այն պահերին, երբ լույսն ստացվածք
իմը համարեցի` դարձա մոլոր
ու տխեղծ լուսին մի հալածված…
Ե՛վ հերկը, և՛ ցանքը, և՛ բերքն ու բարիքը,
և՛ աղորիքը, և՛ սանդն ու ձավարացուն Բանի –
Քո՜նն են այժմ և հավիտյանս հավիտենից…

***
Եվ մաճկալն այդ կարճահասակ էր, բայց` ճապուկ,
և հոնի ճիպոտ ուներ ձեռքին իր հոտաղը
(բայց մաճկալը թույլ չէր տալիս` եզներին դաղի…):
Եվ մաճկալն այդ ժրաջան ձայնեղ էր նաև –
և մի օր, երբ «ակը ճըլվըստ-ճըլվըստ լալիս էր»,
աջ ձեռքը վերցրեց մի պահ մաճից,
Աստված կանչեց
ու երգեց հորովելն, և Աղոթրանն իր
զնգուն, ամենահաս ձայնից սարսռաց,
և գութանավորները կանգ առան
Հողոմսու դաշտում`
իր երգն ունկնդրելու…

………………………………………………………………………
Եվ մաճկալն այդ պապն էր իմ Ավետիք: –
Գուցե իրենի՞ց է, որ այսպես ձայնեղ եմ…գրավոր…
«Հա, բալա ջան,- ասում էր,- այդպես եղել է:
Լավ ձայն ունեի: Քաղքից էլ կանչեցին մի օր,
որ իմ ռավելը պլաստինկա գցեն…
Ի՞նչ ասեմ, եղել է…»:

Հեղինակի ծանոթագրությունները
Հողոմսի: – Ծննդավայրիս տեղանուններից է:
Ռավել:- Հորովելի բարբառային անվանումը:
«Պլաստինկա գցեն…»:- Հայտնի չէ` թե ով, որտեղ,- բայց ժամանակին պապիս
հրավիրել, իր երգը ձայնագրել են:

***
«Եվ քանզի մեր` Տիրոջ սպասավորների
մահկանացու մարմինները զուրկ են
աստվածային ճառագումից`
ինչպիսին որ Հիսուսինն էր մեր տեր –
ուստի ձեռք ենք մեկնում պճնվելու
կերպասեղենին ու անգին քարերին`
աչքին մեր հավատացյալի
Տիրոջ փառքը ցոլացնելու համար…»
(ամենայն հայոց կաթողիկոս
սրբ.Հովհան Օձնեցու պատասխանից`
արաբ մեծամեծի հարցին):
Ու ճիշտ այդպես էլ, քանզի
մեր` պոետներիս խոսքը չունի
Բանի զորությունը տերունական,
մեղվապահի նման` տքնանքի
ծխից արցունքակալած աչքերով,
մենք ձեռք ենք մեկնում մեր լեզվի
դարավոր փեթակին, շուռումուռ տալով
մանրազնին շրջանակները` ազդեցիկ
մի բառ կորզելու հույսով…

ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Այսօր գալով հմայանքի ու հրաշքի երկրի հովիտներից,
շնորհացուցադրության եմ հրավիրում բոլոր
հմայախոսներին, աճպարարներին, մոգերին` սև թե սպիտակ,
Հինդու երկրից` օձահմաներին ու
կենդանի օձ ուտողներին,
կրակ կլլողներին ու ծծմբի գոլորշի արտաշնչողներին,
Ճենաց երկրից` դանդաղաշարժ պանդաների համբերատար վարժեցնողներին,
մագնիս թովողներին և կողմնացույցի սլաք ապակողմնորոշողներին,
Ֆրանկների երկրից` աջ ճկույթով ձախ ճկույթի վրա
բյուրեղապակյա գնդեր խաղացնողներին,
Մեքսիկայի շիկացած, կրային անապատներից`
շանթակատար աքաղաղներ կռվեցնողներին,
Ճապոնիայից` գեղեցկացնորության իքեբանա
նրբահյուսողներին,
Ռուսիայից` կեչու կապույտ երազանքից
օղի թորողներին,
Անգլիայից` սիրահարների համար
հատուկ մշուշեղեն
հալյուցինացիաներ սարքող վարպետներին,
Պարսկաստանից` պոեզիայի վսեմաշուք ափիոնով
երազանքի թմբիր հարուցողներին…
Այսպես` բոլո՜ր, բոլոր հրաշագործ շնորհալիներին…
Իսկ աշակերտների մոտ Նրա` ով հարսանքատանը
ջուրը գինի դարձրեց, ես ինքս կգնամ,
իմ ձեռքով քամած գինու տիկը գրկած
ու ազնվազարմ ասքի նեկտարով պաղպաջուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։