Ս Պ Ա Ս ՈՒ Մ
Խոստացել էիր, որ պիտի գայիր.
Այդպես էլ չեկար:
Ես այն գրեցի ջրերի վրա:
Իսկ հոգնած օրը ինձ չի ճանաչում.
Ճկվել եմ արդեն քո լռությունից
Ձյունած ծառի պես:
Եվ ամեն մի քար խոսում է ինձ հետ
Ապառաժ լեզվով:
Հիմա, հավատա,
Մտքիս թելերը կապանքներ չունեն.
Կարծես բոլորը կտրել ես մեկ-մեկ
Կռնատ հույսի պես:
Եվ ես սեղանին դրել եմ մի զույգ
Գավաթներ գինու՝ լցված ափեափ,
Կողքին՝ աղ ու հաց,
Որ կենացների մաղթանքը հնչեր
Աղոթքի նման:
Դու չեկար, չեկար…
Ագռավները սև հիմա երգում են
Մերկացած կեչու սառած ճյուղերին:
Փշրանք եմ անում հացը մեր սիրո
Ու շաղ եմ տալիս ձյուների վրա,
Որ կտցեն, կտցեն սպասումը իմ:
Իսկ գինին… գինին
Կդառնա արյուն
Ճերմակի վրա:
Իմ սպասումը կարմիր գույն ունի:
ՔՈ ԴԱՓՆԻՆԵՐԸ
Կյանքս դարձել է խաղ-պահմտոցի,
Ինքնաբացարկ եմ ես հայտարարում,
Քո դավ-կատակից իսպառ հոգնեցի,
Դու թաքնվում ես քո իսկ ստվերում:
Բայց խաղը ունի հստակ կանոններ,
Չի կարող մեկը միշտ փնտրող լինել։
Ես՝ մոլորվածս, հավատով իմ թյուր,
Կամովին ուսած դերը պարտվողի՝
Որոնում եմ քեզ, փնտրում ամենուր՝
Իմ երազներում, պատրանքներիս մեջ,
Մտքերիս անհուն եզերքում անծիր
Եվ երանգներում ներկապնակիս:
Սակայն լավ գիտեմ, որ մտել ես դու
Անշուք մի պանդոկ կամ էլ գինետուն՝
Խաղալիք դարձած ինչ-որ կավատի…
Ամբողջ երեկո ասպետի հանգույն՝
Կեցվածքով քո վեհ՝
Կենացն ես խմում պչրուհուդ չքմեղ
Եվ պարծենում ես, թե եղել ես միշտ
Հաղթություն տանող այր մի փառահեղ:
Իսկ ես անծանոթ ու մութ փողոցում
Քո դափնիները խարույկն եմ գցում:
ՉԿԱ ԺԱՄԱՆԱԿ
Դու թաքցնում ես հայացքդ ինձնից,
Որ չորսամ լուռ աչքերիդ կայծը,
Հագնում սոփեստիդ հանդերձը նորից,
Ուղղում ինձ այն նույն հնամաշ հարցը:
Այո՛, կարոտն էլ իր գույնը ունի,
Եվ լռությունը` հնչյուններն իր բյուր,
Ինչո՞ւ է թվում` հիմա կանգ կառնի
Իմ ժամացույցը. դու եկել ես հյուր:
Բայց սլաքներն են վազում խելահեղ՝
Մեկը մյուսից անհամբեր, արագ,
Քմահաճ խաղիդ չեն կարող սպասել,
Կանգառի համար չկա ժամանակ:
ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ
Չկարողացար ապրել առանց ինձ,
Ոչ էլ իմ կողքին գտար հանգրվան։
Ծոցագրպանդ՝ հոգուդ անթափանց
Գաղտնապահոցը,
Իր կրքոտ գրկում մեկ էլ գողեգող
Վայրի քնքշանքով փայփայում է իմ
Տաք շունչը կրող
Այն կենտ ձեռնոցը,
Որ հրաժեշտիս ալեկոծ պահին
Մնաց ափիդ մեջ:
Դատավճիռ է, գիտեմ՝ մի՛ ասա,
Մեզ անջրպետող վերջնագիրն է սա.
Դու ուրիշինն ես,
Ես էլ՝ քոնը չեմ։
Ունայնությունից հորանջող օրս
Նիրհում է անվերջ,
Կարկամած ինչպես
Խորշակի համբույր առած հողագուղձ՝
Աներկունք ու ստերջ։
Բառաշեղջերս հին կարոտախտից
Լուռ մոխրանում են խեցիներիդ մեջ:
Արդեն շատ վաղուց
Երգս չի ծնվում։
Այս կեսգիշերին ո՞վ հիշեց ինձ, ո՞վ,
Ունկս ալիքվող ձայներ է որսում։
Բջիջներս բյուր զգում են հեռվից՝
Ինչպես ձեռնոցիս մատները թաքուն
Հպվել են կրծքիդ,
Սրտիդ թրթռուն ելևէջները
Զգայարաններիս հազար լարերով
Շնչառությունդ հաղորդում են ինձ։
Չկարողացա ապրել առանց քեզ,
Ոչ էլ քո կողքին գտա հանգրվան։
ՆԱՄԱԿԴ ԵԿԱՎ
1. Նամակդ եկավ։ Պահս սարսռաց:
Անակնկալից հայելիս եղավ հազարափշուր:
Չա՞րը խափանվեց:
Սո՜ւս, սատանայի ականջները խուլ:
Սպասումներս մեջը ամբարած՝
Մի մեծ, հաստ ծրար
Իր նենգաժպիտ քամահրանքով
Փորձում է պարտված հայացքս որսալ։
Դողդոջ մատներս վարանելով են
Ծրարին դիպչում:
Բացե՞լ – չբացե՞լ…
Գալարվող միտքս ջրապտույտում
Անառագաստ մի նավակ է դարձել.
Իրեն ափ հանող թիեր է փնտրում,
Փրփուրներին է ձեռքերը գցել:
Իսկ նամակդ այս թվաց ինձ փրփուր,
Տանս պատերն էլ՝ երկաթե աքցան:
Քամվում է հույսս սպունգի նման:
2. Ես շտապում եմ դեպի սրճարան՝
Սիրո տաճարը մեր եդեմադուռ,
Որտեղ պատերը դեռ չեն թոթափել
Իրենց վրայից քո ներկայության
Մրուրանման ամպեղեն շունչը:
Ձեռքս ակամա պատին է հպվում:
Թվում է՝ ծուխը օծանելիքիդ հոտով է լցված:
Սուրճն անգամ այստեղ քո բույրը ունի:
Իսկ մեր անկյունը… Այս մոխրամանը,
Որ հիշեցնում է խափշիկ պարուհու,
Մատնահետքդ է կոնքերին կրում,
Ծածուկ վայելում քո գլանակից
Իրեն քսմսված շուրթերիդ համը…
Եվ ուղարկել ես ինձ այս ծրարը:
Ի՜նչ ես հորինել յոթ սարից անդին,
Ինչո՞ւ վախ չունես, որ իմ աշխարհը
Փուլ կգա կրկին:
Եվ քո նամակը հենց մոխրամանում
Կորուսյալ սիրո մոխիր է դառնում: