ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / Մարաթոն

Ժամանակներն արդեն
խառնվել են իրար`
թամբի վրա, կարծեմ,
նախամարդն է նորից,
առաջին իսկ կոչով նրա փողի
քարայրներից ցեղը դուրս է հորդում
քարե կացիններով,
փայտե մահակներով գոտևորված:

Միջնադարի հորդան
միացել է նրանց`
սուր է ճոճում դարձյալ հին
օրերի հանգույն,
հրդեհների ծուխն է դեպի
երկինք ելնում,
նա` իր դարի հավատարիմ ոգին,
ընչաքաղց ու մոլի`
կողոպուտի քաղցր
երազներ է տեսնում:

Նրանց զինակիցը նույնպես
չի հապաղում`
տանիքներից կողքի
նշանառուն ահա
ուր որ է` կարձակի վերջին կրակոցը
ճիշտ այն տողի վրա,
ճիշտ այն բառի կրծքին,
որ հանդուգն է թվում ու աներկբա:

Եվ այս վազքի համար
ոչ մի կանոն չկա`
սեռ ու տարիք չկա,
չկա հսկիչ ու դատավոր,
բնազդային խուլ կիրքը
և մոլուցքը համր
համակել են ամենքին անխտիր,
և թիրախ է ինքը`
նշանառուն նույնպես,
միջնադարի հորդան էլ
փրկություն չունի,
ու լսվում է դարձյալ
նախամարդու ողբը,
թե՞ սա արդեն նորից
կանչ է ահազանգի…

Նույն քծնանքն է էլի
դահլիճներում ծաղկում,
ուստի սիրտն է ուրիշ`
անարձագանք, դատարկ,
հևոցներ են լսվում
փառքի մարաթոնից,
հետինները նրանց
կրունկներն են կոխում –
ինչ-որ մեկը մեռավ
վերջնագծից առաջ,
մեկ ուրիշի համար ճամփա բացվեց
ու Պեգասը թամբելու հեռանկար,
թեև բախտը նրան շատ
կարճ ժպտաց…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։