Երիտասարդների ուսուցիչը և դաստիարակը / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Ջոն ԿիրակոսյանՀունիսի 20-ին լրացավ Ջոն Կիրակոսյանի մահվան երեսուն տարին: Պետք է խոստովանել, որ այդ անունը թնդում էր հատկապես անցյալ դարի 70-80-ական թվականներին: Իսկ այդ աներևակայելի ճանաչվածության պատճառն այն չէր, որ նա երկար տարիներ զբաղեցնում էր կուսակցական և, ինչպես այն ժամանակ էին ասում, խորհրդային (գործադիր) բարձր պաշտոններ՝ Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ, ՀԿԿ ԿԿ գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, կյանքի վերջին 10 տարիներին՝ ՀԽՍՀ ԱԳՆ նախարար, իսկ ինչո՞ւ չհիշել՝ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր: Ջոնի ընկերները միայն աշխատանքային կոլեգաները չէին, նաև՝ վարորդներ, բժիշկներ, ուսուցիչներ, ֆուտբոլիստներ, գրողներ, հատկապես՝ բանաստեղծներ, կոլտնտեսականներ, դերասաններ, երգիչներ, ծերունիներ, երիտասարդներ: Երբ մահացու հիվանդացավ, և վաղ առավոտյան նրան տարանք «Լեչկոմիսիայի» հիվանդանոց, ապշեցինք՝ ընդունարանի մուտքի մոտ տեսնելով լռակյաց մարդկանց ահռելի բազմությունը: Կեսօրին ողջ Երևանը, հետո իմացա, նաև՝ հանրապետության 36 շրջանները խոսում էին Ջոնի հիվանդության մասին: Նրանք բոլորը, կարծում եմ, առաջին հերթին ընթերցողներն էին պատմաբան Կիրակոսյանի, ով հասցրել էր գրել տասնյակ ծանրակշիռ մենագրություններ, որոնց թվում էին հիմնարար աշխատություններ՝ «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը», «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (երկհատորյակ՝ հայերեն, մեկ հատոր՝ ռուսերեն) և շատ այլ գրքեր:
Ցավոք, այսօր Ջոն Կիրակոսյանին քչերը գիտեն: Սա իսկական հոգևոր աղետ է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ջոնն առաջնահերթ սիրում էր հայ երիտասարդներին: Չէ՞ որ նա դասախոսում էր Երևանի պետական համալսարանում: Հաճախ ելույթներ էր ունենում շրջկենտրոններում, գյուղական երիտասարդության առջև: Թեմաները ոչ միայն պատմական էին, այլև արդիական, հրատապ, հրապարակախոսական:

Ջոնը ոչ թե պարզապես սիրում էր զավակներին, այլ իսկապես հարգում էր նրանց: Հայրն ուզում էր, որ երեխաները, այն ժամանակ ընդունված «մոդային» հետևելով, գնային, ասենք բժշկական, իրավաբանական ֆակուլտետներում սովորելու: Բայց Ջոնի դաստիարակած երեխաները չէին կարող դավաճանել Ջոնի ոգուն: Որդին՝ Արմանը, որոշեց դառնալ պատմաբան, Նունեն՝ դուստրը, կենսաբան:
Ջոնը, հաճախ խոսելով երեխաների ընտրած մասնագիտությունների մասին, անդրադառնում էր ընդհանրապես երիտասարդության թեմային, մոդայիկ դարձած «մասնագիտական կողմնորոշմանը»: Նրան անհանգստացնում էին երիտասարդության բազմաթիվ բարդ խնդիրներ: Իհարկե, ոչ մի սարսափելի բան չկա, որ երիտասարդները ցանկանում են դառնալ բժիշկներ, իրավաբաններ, առևտրի աշխատողներ: Բայց այստեղ մտորելու առիթ կար: Ո՞ւմ երեխաներն են հիմնականում ձգտում դառնալ բժիշկ, իրավաբան, առևտրի աշխատող: Սա պարապ հարց չէ: Մեծամասամբ նրանք, այսպես կոչված, պատասխանատու աշխատողների երեխաներն են: Ջոնը միշտ այդպես էլ ասում էր. «Այսպես կոչված, պատասխանատու աշխատողներ»: Ու երբ հարցնում էի՝ ինչո՞ւ «այսպես կոչված», պատասխանում էր. «Որովհետև աշխարհում բոլոր աշխատանքներն էլ պատասխանատու են, դա նշանակում է՝ նաև բոլոր աշխատողներն են պատասխանատու, և՛ հացթուխը, և՛ նախարարը»: Եղվարդի ակումբում հանդիպում ուներ երիտասարդության հետ: Ես ներկա էի այդ հանդիպմանը: Մոտավորապես մեկ ժամ պատմաբանը խոսեց միջազգային դրության մասին, ապա սկսեց պատասխանել հարցերին: Բարձրահասակ և ցցված ադամախնձորով շատ նիհար մի երիտասարդ խիստ հուզվում էր: Խոսում էր խճճված, բայց զգացի, որ դահլիճը բացահայտ հարգանքով է վերաբերվում նրան: Տեսա, թե ինչպես է հուզվում այդ երիտասարդի համար ինքը՝ պատմաբանը: Հարցը մոտավորապես այսպիսին էր. «Վերջերս շատ օրինախախտների մի ինչ-որ տարօրինակ և կարծես թե անմեղ բառով անվանում են՝ «ցեխավիկ»: Տերմինին ես համաձայն չեմ, բայց իմաստը հուզում է ինձ: Բանն այն է, որ այդ «ցեխավիկ» կոչվածները արդեն ուժ են ներկայացնում և նույնիսկ՝ իշխանություն: Ի՞նչ եք մտածում դուք այդ կապակցությամբ»:
Դահլիճում քար լռություն տիրեց: Ես խղճացի Ջոնին: Հարցը խրթին էր, բարդ, չնայած «խճճվածությանը»՝ շատ կոնկրետ: Ջոնը անմիջապես չպատասխանեց: Սեղանի վրա մի քանի գրքեր կային՝ նշանադիրներով: Նա սկսեց ինչ-որ բան փնտրել դրանցից մեկի մեջ: Փաստն ինքնին պերճախոս էր: Ջոնը չէր ենթադրում, որ այդպիսի հարց կտան: Պարզ էր, որ ցանկանում էր պատասխանը սկսել մեջբերումի ընթերցմամբ, բայց չէր կարողանում այն գտնել: Վերջապես գտավ և կարդաց. «Պորտուգալյանը գրում է, որ Բոսֆորի ափերին բնակվող հայ երիտասարդությունը կարգին չի իմանում, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Եթե հարցնես՝ որտեղ է այդ Հայաստանը, ապա կպարզվի, որ նրանք ոչ մի գաղափար չունեն: Պորտուգալյանը նշում է, որ երիտասարդությունը գիտեր Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները, Գլադստոնի ճառերը, իսկ Հայաստանի մասին աղոտ պատկերացում ուներ»:
– Իսկ դուք գիտե՞ք, ովքե՛ր էին այդ երիտասարդները,- Ջոնը դիմեց դահլիճին և պատասխանի չսպասելով՝ շարունակեց:- Նրանք, ինչպես գրում է Պորտուգալյանը, փողատեր երևելիների զավակներն էին, ամիրաների երեխաները, այսպես կոչված, սարաֆների: Դուք գիտեք, իհարկե, թե ինչի հանգեցրեց այդ նույն երիտասարդության հանցավոր անտարբերությունը, որոնք գաղափար անգամ չունեին իրենց հայրենիքի ո՛չ պատմության, ո՛չ էլ աշխարհագրության մասին: Իսկ ամիրաներն ու սարաֆները այդ նույն ցեխավիկներն էին, որոնց մասին հարցնում էր երիտասարդը: Ես նույնպես համաձայն չեմ տերմինների հետ: Ոմանց հաջողվում է, շրջանցելով օրենքը, մասնավոր ցեխ կազմակերպել, արտադրել լայն սպառման ապրանքներ: Բայց այդ մարդիկ, ինձ թվում է, բոլորովին էլ սարսափելի չեն: Նրանք, համենայնդեպս, աշխատում են, ինչ-որ բան են արտադրում: Այդ ի՛նչ տաղանդի տեր պիտի լինեն, որ սոցիալիզմի օրոք սեփական բիզնես բացեն: Թեև համաձայն եմ, գոյություն ունեցող օրենքները խախտելու համար պետք է պատիժ կրեն բոլորն անխտիր: Ոչ մի, նույնիսկ ամենաազնիվ նպատակը, չի կարող արդարացնել ապօրինի միջոցները: Ի վերջո, ինչպես կյանքը ցույց է տալիս, նպատակն էլ այդպիսի դեպքերում ազնիվ չի լինում: Շատ ավելի սարսափելի են նրանք, ովքեր, չլինելով արտադրող-ցեխավիկ, բայց ունենալով անվանական իշխանություն, չարաշահում են այն, հեշտ ձեռք բերված փողեր կուտակում: Այդպիսիներից ամեն ինչ կարելի է սպասել: Եվ այդ մասին նույնպես խոսում է պատմությունը: Այդպիսի մարդիկ դժվարին տարիներին ծախել են հայրենիքը՝ իրենց փողերը փրկելու համար: Սակայն դա էլ այնքան սարսափելի չէ, քանի որ նրանք այսօր առանձնապես վտանգ չեն ներկայացնում: Այստեղ հարկ է հիշեցնել նրանց երեխաների մասին, որոնք, ինչպես ասում են, տեսնում ու լսում են ամեն ինչ: Նրանք տեսնում են, լսում, գիտեն, թե իրենց հայրը ինչպես և ինչ ճանապարհով է ձեռք բերում այդ փողերը: Եվ մանկուց երեխայի համար ստեղծվում է երկու իրողություն, երկու ճշմարտություն: Մեկը՝ ընդունված բոլորի համար, մյուսը՝ հոր: Բոլորին չի թույլատրվում գողանալ: Հորը թույլատրվում է, որովհետև նա բոլորի նման չէ: Նա՝ հայրը, ամեն ինչ կարող է, միայն եղանակը չի կարող պատվիրել, թեև եթե շատ ցանկանա, այդ էլ կանի: Բավական է նա ցանկանա, և ոմն անձնավորության պաշտոնը կբարձրացնեն, իսկ մյուսին կհեռացնեն աշխատանքից: Նա՝ հայրը, կարող է արհամարհանքով խոսել գիտնականի մասին, հողագործի, գրողի, օրենքների մասին…
Ես ջանում եմ հատվածներ մեջբերել Ջոնի ելույթից, որ ձայնագրել եմ: Եվ խոստովանում եմ, որ դժվար է ներկայացնել այն կիրքը, որով նա խոսում էր երիտասարդության առաջ, ընդգծելով այն միտքը, որ ավերված տունը կարելի է վերականգնել, խոպանը միշտ էլ կարելի է հերկել, բայց երիտասարդության ավերված հոգիները, նրանց կոշտացած սրտերը անհնար է փրկել: Եվ դարձյալ վկայակոչեց պատմությունը, որը բազմահազար օրինակներ էր տալիս:
– Մի՞թե սրբապղծություն չէ,- ասում էր նա,- որ, վերջապես եկել է այն օրը, երբ հնարավորություն կա ամեն ինչ անել հայրենիքի իսկական ծաղկման համար, ու հանկարծ մենք հանդուրժում ենք մի վարակ, որ սնուցող միջավայր է գտել մեզ մոտ, և որը տարածվում է այդպես հեշտ ու անպատժելի: Ամեն անգամ ուզում եմ գոռալ, երբ իմանում եմ, որ նույնիսկ հաշմանդամից են կաշառք վերցրել նրան «Զապորոժեց» ավտոմեքենա տալու համար: Պետությունը հատուկ միջոցներ է հատկացրել հումանիստական գործի համար, բայց ինչ-որ մեկը, հաճախ պաշտոնական անձը, հանկարծ պղծում է այդ հումանիզմը: Կամ բողոքները, նկատի ունեմ, այսպես կոչված բնակարանային բողոքները: Կապիտալիստը նախքան տուն կառուցելը, որը նա տալու է բնակիչներին, մեծ քանակությամբ սեփական փող է ծախսում: Իսկ այստեղ ինչ-որ մեկը սպասում է, որ պետությունը իր ուժերով ու միջոցներով շենք կառուցի, չգիտես ինչու, ստանում է բանալիները և անպատիժ վաճառում այդ նույն բնակարանները: Եվ լկտիության գագաթնակետն է, երբ ղեկավարը թփթփացնում է մարդու ուսը, իբր, այդ ինքն է նրան տալիս բնակարան, ավտոմեքենա: Ինքը, և ոչ թե պետությունը:
Ես այլ մեկին չեմ տեսել, ով նման նախանձախնդրությամբ վերաբերվեր պետության գործերին ու պատվին:
Ջոնի մեջ խոսում էր, ես կարծում եմ, ոչ թե հրապարակախոսը, այլ՝ գիտնական-պատմաբանը, ով չափից դուրս լավ Էր գիտակցում ժամանակին իր պետությունից ու պետականությունից զրկված ժողովրդի ողբերգությունը և պետություն ու պետականություն ձեռք բերած ժողովրդի երջանկությունը:

***
Ջոնը մեռավ հունիսի 20-ի առավոտյան: Եթե անգամ Աստված ինքը իջներ, ոչինչ չէր կարող անել: Չէր կարող այդ անկրկնելի կյանքին ավելացնել թեկուզ մի օր: Մարդն ինքը չէր համաձայնվի: Ջոնը այդպես էր որոշել: Կյանքը, կասեր նա, արվեստ է, իսկ արվեստը, ամենից առաջ, չափի զգացումն է:
Մինչև Երևան հասնելը սրահների մեռյալ անդորրը խաթարում էին միայն շարժիչների համաչափ գվվոցը և Ջոնի կնոջ՝ Լիայի հառաչները: Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ջոնը վերադարձավ տուն:
Ուղևորներից ոչ ոք տեղից չշարժվեց, մինչև հանգուցյալի հարազատներն ու մտերիմները շարժասանդուղքով ներքև չիջան: Արագ ինքնաթիռին մոտեցան մի քանի մեքենա: Առաջինը մեքենա նստեցրին Լիային: Դեռ չէր հասցրել դուռը փակել, երբ ծանրաքայլ մոտեցավ մի ճերմակահեր ծերունի, որը, հավանաբար, նույն ինքնաթիռով էր եկել: Նա խոնարհեց գլուխը, բռնեց Լիայի ձեռքը և կամաց ասաց.
– Ցավդ տանեմ, աղջի՛կս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։