Եվրոպացիներն իրենց սեփական մարզական մրցումներն ունեցան, այն էլ աշխարհի հինգերորդ ամենագրաքննվող երկրում, թեև դեռևս բացման արարողությունից առաջ արդեն ազդանշաններ կային, որ այդ երկիրը, ամենալավատեսական ցանկության դեպքում անգամ, ի զորու չէ կյանքի կոչել օլիմպիական գաղափարները: Ժողովրդավարությունը միշտ էլ խնդիրներ է ունեցել Ադրբեջանում, սակայն, եվրոպական խաղերով պայմանավորված, վերջին տարում է՛լ ավելի են աճել լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումները: Ադրբեջանը, չցանկանալով ներկայացնել բռնապետական էությունը, միջազգային դաշտում իր կեղծ իմիջն ավելի լուսապայծառ երանգներով ներկայացնելու նպատակով ոչ միայն լռեցրել է ներքին ձայները, այլև մերժել է միջազգային դիտորդների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հրաժարվել է հավատարմագրել որոշ խոշոր լրատվամիջոցների լրագրողներին, ինչն աննախադեպ է եվրոպական արժեքների համատեքստում: Տարօրինակը Բաքվի վարքը չէ. այն միշտ էլ աչքի է ընկել անհավասարակշիռ, ցինիկ ու հավակնոտ դրսևորումներով, տարօրինակը այն կազմակերպությունների` Միջազգային օլիմպիական կոմիտե, եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեներ և այլն, լռությունն է, որոնք կոչված և պատասխանատու են պաշտպանելու եվրոպական արժեքները: Երբ Եվրոպայի առաջադեմ զանգվածը պայքարի մեջ է ալիևյան ռեժիմի անօրինականությունների դեմ, այդ կառույցները շարունակում են կարծել, թե մարզական իրադարձության հետ կապված մարդու իրավունքների ոտնահարումներն իրենց հետ ոչ մի կապ չունեն, միաժամանակ հետնաբեմում շարունակելով միմյանց միջև բռնապետության մասին մտահոգ տեղեկատվություն փոխանակել՝ ապաքաղաքական միջավայրում կրկնելով սպորտի մասին գոյություն ունեցող գեղեցիկ տողերը: Մինչդեռ այս օրերին Ադրբեջանից մարդու իրավունքների ոլորտում դրական քայլեր պահանջելը պիտի լիներ նրանց հիմնական ու հրատապ խնդիրը: Այդ քայլերը պետք է ներառեն անարդարացիորեն ձերբակալվածների ազատ արձակումը, եթե ոչ, եվրոպական խաղերի թողած ժառանգությունը կարող է անդառնալի հետք ունենալ: Արդեն իսկ շշուկներ են շրջանառվում, որ Բաքվի եվրոպական այս միջոցառումը կարող է վերջինը լինել: Խաղերի բացումից դեռ առաջ, Հոլանդիայի կառավարությունը հրաժարվել է 2019 թվականի հաջորդ եվրոպական խաղերը հյուրընկալելու իր համաձայնագրից` նշելով, որ տնտեսական դժվարությունների պայմաններում չի կարող 60 միլիոնի ծախսը արդարացնել: Առայժմ անհայտ է այն երկրորդ երկիրը, ում խաղերի ավարտից հետո անհրաժեշտ կլինի հաջորդ խաղերի ջահը փոխանցել: Ի տարբերություն Հոլանդիայի, ապշեցնում է Բաքվի «շռայլությունը», երբ, որոշ տեղեկությունների համաձայն, Բաքուն մրցումների կազմակերպման համար մոտ 10 միլիարդ դոլար է ծախսել: Ավաղ, ինչպես նշում է Մեծ Բրիտանիայում Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նաոմի Վեսթլենդը. «Ադրբեջանը ցանկանում էր, որ եվրոպական խաղերը PR հաղթանակ լինեին` ցույց տալով աշխարհին ժամանակակից երկրի իմիջը, մինչդեռ փոխարենը PR աղետ ունեցավ: Պարզվում է` մարզական խոշոր միջոցառում անցկացնելը մի երկրում, որը ոտնահարում է մարդու հիմնական իրավունքները, այնքան էլ լավ միջոց չէ դրական իմիջի համար: Ադրբեջանն այդ կերպ ի դերև հանեց այն հին խաբեությունը, իբր նման ցուցամոլ մարզական ճոխ իրադարձությունները աշխարհի խաղաղության համար հրաշալի բանալի են, և ցույց տվեց, որ իրականում դրանք իշխանության, աշխարհաքաղաքական դիրքի և կապիտալի ցինիկ ցուցադրություն են»: Բաքուն իսկապես ամեն ինչ արել էր՝ միջոցառումը բազմաշող ու բազմերանգ ներկայացնելու համար: Սակայն նման ճոխությունն անգամ ի զորու չէր պարտակելու ոչ միայն իրավական ոլորտի, այլև առօրյա իրականության կեղտոտ տակաշորերը: Կրկին անգամ Բաքվին դավաճանեց ջայլամի հոգեբանությունը, երբ նավթի սևը փակում է աչքերդ, ոչինչ չես տեսնում, մտածելով, թե ինքդ էլ չես երևում: Սակայն դաժանությունն ու անարդարությունը չափազանց ցցուն են, եթե թշվառության մեջ են նրանց արմատները: Եվ այն զգացողությունն է, որ այդ արմատներն ավելի հակված են նոր ճյուղավորումների:
Կարդալ նաեւ․․․
ՄԱՆԱՍԵ
53 թ., Հայաստան: Հայոց արքա Արտավազդ Բ-ն, որ «…նույնիսկ ողբերգություններ…
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քսանհինգամյա անկախության ամենամեծ, նշանավոր վայելքը, նվաճումը Արցախի ազատագրական պայքարի հաղթանակն…
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հայաստանի անկախության քառորդդարյա հոբելյանի առթիվ ուզում եմ հայտնել իմ ջերմ…