ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԲԱՐԻԿԱԴ

2778496_detail
“Литературная газета”-ն և “У Никитских ворот” հրատարակչությունը լույս են ընծայել Հրանտ Ալեքսանյանի “Страна словозавра” բանաստեղծությունների ժողովածուն: «ԳԹ»-ի ընթերցողներին ենք ներկայացնում գրքի առաջաբանը, որը գրել է բանաստեղծ Հակոբ Մովսեսը: Հակոբ ՄՈՎՍԵՍ

Հրանտ Ալեքսանյանի բանաստեղծությունը «բաց» խոսք է, ինչն ընդհանրապես հատուկ է ժամանակակից բանաստեղծությանը. այն ուղղակի արձագանք է մեր կյանքին, նրա ամենօրյա իրողություններին, նրա փլուզումներին, տագնապներին, բայց միաժամանակ` հույսերին ու սպասումներին: Սրանով հանդերձ` ես այդ բանաստեղծության մեջ` բացխոսությանն այնքան հատուկ մերօրյա հրապարակախոսություն չեմ տեսնում. այն իր միջոցներով, հուրախություն ինձ, չափազանց բանաստեղծական խոսք է: Այդ բանաստեղծականությունը ձեռք է բերված առաջին հերթին լեզվով. անգամ ժամանակակից «տերմինաբանական» բառապաշարը, երբեմն նրան և մեր ժամանակներին հատուկ «տեխնիկական» զանազան խառնուրդներով, այնպես է ներքաշված բանաստեղծության և նրա պաթոսի մեջ, որ լուծված է այնտեղ, ինչպես աղը` ջրում. իսկույն կռահում ես, որ բանաստեղծի համար, մատն իր ժամանակի զարկերակին պահելու զգոն դիրքորոշման, բանաստեղծությունը կոնկրետ իրավիճակների և կոնկրետ իրերի ու իրողությունների դաշտում պահելու հետ մեկտեղ, ամենակարևորը հենց ինքը` բանաստեղծությունն է: Այն ապահովագրված է խիզախ ու շոշափելի պատկերներով, իրականության վիճակների անխարդախ, բայց միաժամանակ պատկերավոր ներկայացումներով, խոսքի փոխաբերականությամբ ու բազմաշերտությամբ, իրերի ու երևույթների դիպուկ և անվրեպ լեզվամարմնավորմամբ. այս ամենն ստեղծում է ժամանակակից հայ բանաստեղծության մեջ բանաստեղծի ուրույն մի ներկայություն, որի տողերի վրայով բանաստեղծության հետամուտ աչքը անտարբեր չի սահի-անցնի:
Հրանտ Ալեքսանյանը ծնվել է, ապրում ու ստեղծագործում է Հայոց Արցախ աշխարհում: Սա նրա բանաստեղծությանը երկակի լիցք է տալիս. իր հայրենի եզերքի հազարամյա ներկայության և միաժամանակ հակասությունների, գրեթե պատերազմական թոհուբոհի մեջ հայտնված մեր ժողովրդի մի հատվածի քաղաքացիական-հերոսական կեցվածք: Ընթերցողը դյուրավ կնկատի, որ այս բանաստեղծություններում ասես խտացված է նրա ժողովրդի պատմության ողջ «աղմուկն ու ցասումը», միաժամանակ` սերը, հավատը, հույսերն ու սպասումները: Այստեղ ասես բովանդակ Հայաստանն է` խտացված իր մի պատառի` Արցախ աշխարհի ոսպնյակի մեջ, նրա ողջ պատմությունն է կիզակետի բերված այն իրավիճակում, որում հայտնվել է Հայոց աշխարհի այս խրոխտ ու աննկուն երկրամասը, որը մեր գրականությունը դարերի ընթացքում հարստացրել է բազմաթիվ դեմքերով և իր այդ առաքելությունը շարունակում է նաև այսօր: Ապրել Լեռնային Ղարաբաղում, կրկնում եմ, նշանակում է ապրել տագնապների ու սպասումների հորձանուտում, միաժամանակ` ավելի պարզ ու հստակ տեսնել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք համամարդկային են, որոնք հատկանշական են այսօրվա աշխարհին ու մարդուն և որոնք, այսպիսով, այս բանաստեղծության «սադրիչն» են. բանաստեղծի Արցախի մեջ, ուրեմն, կիզակետի է բերված ոչ միայն իր ժողովրդի կորովը, հույսն ու սպասումը, այլև, թող չափազանցություն չթվա, ողջ աշխարհը. իր այդ փոքրիկ եզերքում բանաստեղծը, այո՛, այսօրվա աշխարհում է, ուր, ինչպես ինքն է ասում` «կրակում են խոսքի աստվածության վրա` վարձու մարդասպանի նշանառությամբ»:
Հրանտ Ալեքսանյանի հրատարակած բանաստեղծական ժողովածուները (դրանք մեկ տասնյակից ավելի են) մեզ ժամանակակից շատ ինքնատիպ մի բանաստեղծի կերպար են ներկայացնում: Այդ կերպարի երկու հատկանիշներ ակներև են: Նախ` թե՛ թեմատիկայի և թե՛ «արվեստ քերթության» տեսակետից` ընդգծված արդիականությունը: Բայց այնպիսի մի արդիականություն, որտեղ ոչ այնքան բանաստեղծն է իր ժամանակի ժամանակակիցը, ինչը հատուկ է մոդեռնիզմի կեցվածքին, որքան հակառակը` նրա ժամանակն է արտածված նրանից, ինչը մոդեռնիզմը պահում է գրականության մեջ. Հրանտ Ալեքսանյանի ժամանակը նրա ժամանակակիցն է, հետևաբար` նրա բանաստեղծական կրեդոյի կրողը: Իսկ դրա մեջ մտնում են առաջին հերթին այդ ժամանակի բոլոր դրսևորումները. նրա մեջ իր տեղն ու դիմակայությունները կորցրած անհատը, կյանքի դիմազրկումն ու միջակացումը, իրերի ու առարկաների հրոսակային արշավանքը, պատերազմները, նվաստ կենցաղը, շփոթն ու քաոսը: Հրանտ Ալեքսանյանի բանաստեղծությունը բարիկադ է այս ամենի դեմ:- Եվ ապա` այդ կերպարի անհանգիստ, խռովյալ ու խռովարար բնույթը:- Մեր առջև ասածս արշավանքի ավերմունքներից մի կողմ քաշված և լիրիկայի ու անձնական ապրումների մեջ պատսպարված մի բանաստեղծ չէ, ընդհակառակը, նա այդ թոհուբոհի հորձանուտում է հենց այնտեղ, որտեղ բանաստեղծական խոսքը կրող է և պետք է արթուն պահի մեր զգոնությունը: Նեկրասովը դա կոչում էր «քաղաքացիականություն»:
Հասկացությունը չխառնելով քաղաքականության հետ, որի մեջ ոմանք այսօր փորձում են ներքաշել բանաստեղծությունը, մեր ժամանակների մի այլ իդիոմ օգտագործենք` պայքար «ռնգեղջյուրացման» դեմ, որը, հիշո՞ւմ եք, ռումինական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգի հիմնական պահանջն էր ժամանակակից մարդուց…
Ես արդի հայ բանաստեղծության ակտիվ ու անհանգիստ դեմքերից մեկի` Հրանտ Ալեքսանյանի մասին իմ կարճ խոսքն ուզում եմ ավարտել մի կարճ բանաստեղծությամբ, որն ասածներիս լավագույն հավաստումը կարող է լինել. նրանում ավետարանական մի վստահությամբ խոսք է ասված այսօրվա բարդ ու հակասական այս աշխարհում նույն ավետարանական սկզբունքը պահելու միակ խորհրդի` լույսի խորհրդի մասին:
Աղբանոցին ընկած արևաշողերը
Ելնում-տարածվում են մաքրությամբ նույն,
Մինչդեռ բավական է ձեռքդ հպես աղբին,
Աղտոտվում ես` ամեն
Գարշանք իրեն ձգող մագնիսի պես.
– Կեղտոտնե՛ր, իսկ դուք
սրբությունից եք բարբառում դեռ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։