Եվ ահա եկավ երկար սպասված օրը, ու Ձմեռ պապը վերջապես հասավ մանկատուն: Նա հավաքեց երեխաներին իր շուրջը և հեքիաթներ պատմեց մութ-մութ անտառների ու երջանիկ մարդկանց մասին: Իսկ նրանք գաղտագողի տնտղում էին Ձմեռ պապի տոպրակն իրենց պստլիկ թաթիկներով, շոշափում ու գաղտնիքներ էին փսփսում միմյանց ականջներին: Եթե հրաշք կար, ապա հրաշքը հենց այստեղ, այս պարկի մեջ պիտի լիներ:
Եվ դատարկեց Ձմեռ պապն իր տոպրակը` հանելով խաղեր ու քաղցրավենիք, խաղալիք ու երազներ, հագուստ, կոշկեղեն ու բոլոր մրգերն Արևելքի…
Ապա փղեր, կապիկներ և ձեռնասուն այլ կենդանիներ դուրս եկան, և աշխարհի բոլոր դղյակներն իրենց դռները բացեցին…
Եվ կարուսելներ պտտվեցին խև քամիներից, և երջանկության փաթիլներ պար եկան ձմռան երկնքում, և խոսեցին ամանօրյա զանգերը` զվարթ ծիծաղ պարգևելով…
Եվ նա, որ ամենափոքրն էր երեխաներից, որ հազիվ էր քայլում, որովհետև դեռ չէր մեծացել բավականաչափ, և հազիվ էր խոսում, որովհետև մի քանի բառ գիտեր ընդամենը… Նա լաց եղավ հանկարծ` լռության պատճառ դառնալով:
Երեխան տնտղում էր պարկը, որ դատարկ էր արդեն, բայց…. այնտեղ ծնողներ չկային: