Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՈՆ ՇԱԽԿՅԱՆԻՆ

Եթե պարոն Շախկյանը իսկապես «անհամբերությամբ սպասում է յուրաքանչյուր ուրբաթ օրվան, երբ ձեռքի տակ կունենա հարազատ «Գրական թերթի» հերթական համարը», ապա պետք է նկատած լիներ, որ Ալիս Հովհաննիսյանը` այդ «ճանաչված և վաստակաշատ հրապարակախոս, գրողը», սկսյալ 2015 թվականից` հրապարակում է Րաֆֆու ստեղծագործություններին ու նրա զարմանալի կյանքի բոլորովին այլ, դեռևս չուսումնասիրված կողմերին նվիրված իր գրողական դիտարկումները` ամենևին հավակնություն չունենալով կտրուկ, գիտական, անառարկելի լինելու: Մինչև այս էսսեներն ամբողջական գրքով տպագրելը` հեղինակը բազմաթիվ ոգևորիչ կարծիքներ է լսել, այդ թվում և առաջին հերթին` րաֆֆիագետների մեջ իր բացառիկ տեղն ունեցող Սերգեյ Սարինյանի: Ընդ որում, մահվանից մի քանի օր առաջ, ինչպես ամեն անգամ հերթական էսսեի տպագրությունից հետո, նա զանգահարել է հեղինակին և հենց պարոն Շախկյանի «սուր քննադատությանն» արժանացած «Մուշեղ և Մամիկոնյաններ» էսսեի մասին ասել, որ շատ տպավորված է և սպասում է նրա այս շարքի հաջորդ հրապարակումներին:
Այսքանը փորձեցի գրել երրորդ դեմքից, ինչպես Րաֆֆին` Հայկունուն իր պատասխանը գրելիս: Բայց, քավ լիցի, այս հանճարեղ պաշտպանականի ոճը, որ մեկ անգամ ևս Րաֆֆու բացառիկ գեղագիտությունն ու սուր միտքն է ապացուցում, անկարելի է ընդօրինակել:
Ես էլ, ճիշտն ասած, երբ սկսեցի կարդալ պրն Շախկյանի հրապարակումը*, չէի սպասում, որ ՀՀ գիտության վաստակավոր գործիչը կփորձի հակադրվել մի բանի, որ գոյություն չունի: Պրն Շախկյանի «քննադատության» նյութ դարձած իմ այս էսսեի հիմնական նպատակը հենց Մամիկոնյանների առաքինությունները շեշտադրելն է, իհարկե, միայն Րաֆֆու «Սամվելի» ուսումնասիրման շրջանակներում: Բոլոր մեջբերումներն ու փաստերը վերցված են Բուզանդից:
Եթե փորձեմ նորից բացատրել, թե ինչի համար են և որտեղից ու որ կոնտեքստում են իր, հաճախ խեղված, մեջբերումները, ստիպված կլինեմ մեկ առ մեկ մեր հարգարժան գիտնականին բացատրել, որ դա այսպես չէ. այնպես է գրված, որ չի կարելի ինչ-որ բան ապացուցելու համար աղավաղել ամբողջ կուռ տեքստը, երբ հասկանալի էլ չէ, թե ի՞նչ է ուզում ապացուցել հոդվածագիրը: Այսպես, եթե ընթերցողը ծանոթ չէ իմ էսսեին, չի հասկանա, թե ով էր «իր ընտանիքը թողել բախտի քմահաճույքին ու փախել, և ում վախկոտության հետևանք էր Համազասպուհու սոսկալի մահը»: Իմ հոդվածում շատ պարզ, ցանկացած ընթերցողի համար մատչելի լեզվով գրված է, որ իր ընտանիքը բախտի քմահաճույքին թողնող-փախչողը Ռշտունյաց տեր Գարեգինն էր, ով Մամիկոնյանների տոհմի հետ ոչ մի կապ չուներ: Վեպում նա Սամվելի նշանածի` Աշխենի հայրն էր, և Րաֆֆին նրան նույնիսկ դրական հատկանիշներով էր օժտել:
Բերված բոլոր հատվածներն իմ էսսեից կամ վերապատմված են` խեղելով իմաստը, կա՛մ քմահաճորեն կրճատելով` առնված են միմյանցից իմաստով և տարածությամբ հեռու նախադասություններից: Չեմ ուզում կանգ առնել հոդվածագիր գիտնականի այլ սխալների վրա, պարզապես փորձում եմ հասկանալ, թե ի՞նչն է մղել նրան հոդված գրելուց առաջ գիտնականի բարեխղճությունը դնել մի կողմ, առանց մի անգամ էլ կարդալու իր գրածը և համեմատելու իմի հետ, նետվելու անիմաստ մի վեճի մեջ, որ հոդվածագրի բառերով ասեմ` «տխուր տպավորություն է թողնում»: Չեմ ուզում անգամ հոդվածագրին հիշեցնել, որ Մերուժանը քննության առարկա նյութի մեջ ոչ թե Ամատունի էր, այլ Արծրունի: Իսկ թե ինչ է ասել Թումանյանը իր բարեկամին Րաֆֆու մասին, էլի ոչ մի կապ չունի այս նյութի հետ: Սրա մասին, քայլ առ քայլ հետևելով Րաֆֆու վեպում այս բազմաբարդ կերպարի զարգացմանը, գրել եմ իմ հաջորդ էսսեում, որ վերնագրված է «Սամվելի դժնդակ ճանապարհը հայրական դաստակերտից մինչև…»: Կարծում եմ, եթե Թումանյանի բարեկամը հարկ համարեր նույն հետևողականությամբ անցնել Սամվելի անցած ճանապարհներով, չէր կասկածի Րաֆֆու «տիպեր», այն էլ բացառիկ հոգեբանական տիպեր կերտելու հանճարին: Որ Սամվելը այլևս ոչ մի ելք չէր տեսնում հայրենիքը հոր, մոր և քեռու չարագործություններից փրկելու, վեպում միանգամայն բացատրված է: Իսկ թերթի նույն համարում տպված Ս. Խանոյանի հոդվածը, որի մասին նույն հոդվածում և նույն անհասկանալի ոճով ակնարկում է պրն Շախկյանը, ընդհանրապես կապ չունի Մամիկոնյանների, իմ էսսեի և Րաֆֆու հետ:

* Գ. Շախկյան. «Մի հրապարակման առիթով»,
«ԳԹ», թիվ 19

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։