Օլգա ԴԱՐՅԱՆ

ԵՐԵԿ + ԱՅՍՕՐ…
Այսօր տեսա Շուշին՝
թռչնի թռիչքի բարձրությունից…
և ուզեցի թռչուն մնալ…
Ղազանչեցոց եկեղեցին
նման էր սրտից վիրավոր հարսի,
որին ստիպում էին
մուղամի տակ պարել…
Ես չգիտեի,
որ թռչունները լալիս են,
իսկ կարոտը երկնքում
պտտվել գիտի…
ԼՈՒՌ ԶԱՆԳԵՐՈՎ ՃՉԱՆ ՍԻՐՏ
Իմ սրտից մի թռչուն պոկվեց
Ու հասավ Շուշի,
Նայեց քանդված գմբեթներին
Պտույտից ղշի…
Ու ներքևից զանգերը լուռ
Նայում էին նրան,
Հրեշտակներն էին լալիս,
Որ վաղուց չկան…
Իմ թռչունը՝ քարի նման,
Վայր ընկավ, մնաց.
Սրտիցս մաս կորցրեցի՝
Ցա՜վն է անպակաս…
***
Ապագայիս,
աչքերիս ու հոգուս
թանձր մշուշի միջից
երջանիկ ժամանակների
վարդագույնը տեսա քարերին,
Երևանիս ձեռագործ քանդակների
սքանչելի՜ն տեսա և ուրախացա,
որ նրանց չեն լքել աղունիկները…
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ
Ես ցավ ապրեցի, երբ մտա քո տուն,
Քո բուդդաների փեշերը ընկա,
Իրերն ու փաստերն ինձ լացացրեցին,
Քո մեն վերարկուն մտովի հագա…
Մի դուռ կար այնտեղ,
որտեղ մահն էր լուռ
Բոլոր դռները փակել քո առաջ,
Միայն թողել էր ճամփան Աստծու
Եվ քո շուրթերից գարունվող հառաչ…
Որ այն փոթորկող արևներ հեղի
Մոլորյալներիս ճամփեքին սառած,
Որ թևաբախի երկիր Նաիրին,
Ինչպես քո լույսին հասած երազանք։
***
Երբ բառը հոգուց է գալիս՝
Կուտակված քարերի, տիղմի հետ,
Ու երգը հանգիստ չի տալիս,
Գտե՛լ ես ճամփան քո, պոե՛տ…
Գտել ես քո լաց ու ծիծաղ,
Խառնել ես լույս ու մութին
Եվ պարտ ես ամբողջ մի կյանք
Ներսիդ պայթուցիկ խառնուրդին…
Ըմբոստ պոետի՜ն ես պարտ,
Որ մի օր ծնվեց քո ներսում,
Շալակեց ծանր մի խաչ
Ու լեռանը սպանդի չի հասնում։
Գույնե՜րը, բույրե՜րը նրան
Երգ են բերում մահվան հետ
Ու փսփսում են կամաց.
«Եկել է Մուսան քո, պոե՛տ» …
***
Մեր անմոռուկներին արյուն է շաղվել՝
Թարմացնելով
անցավորաց ու մեր վիշտը…
Մեր կարոտների կռունկը
լացեց ավելի ուժգին,
Ու նորից հոսեց մեր հոգիներում ու մեր հողերին
Անտունին հայիս… Մեր, մեր, մեր…
Իսկ մենք նման ենք տարբեր
կոչերով ու լոզունգներով
Այսուայնկողմ շաղ եկած թռուցիկների.
Քշվում ենք քամուց, ոտատակ լինում
Եվ տրորում ինքներս մեզ…
Իսկ մի փոքրիկ աղջիկ
Այդ ճմրթված թռուցիկներին ու մեր ժանգոտ հոգիներին
Ծաղիկներ է նկարում ու ժպտում աշխարհին,
Ինչպես բոլոր ժամանակների երեխաները…
***
Շնչե՛ք, ծառե՛ր, բողբոջե՜ք,
Լայն բացած աչքերով նայեք աշխարհին,
Երկնքի՛ն նայեք, որ ձեր օրինակով
Զարթոնքից արբենան հայոց մայրերը
Եվ հավերժալույսը թևերին առած՝
Ընդմիշտ հաղթանակների
զավակներ ծնեն
Ու սփռեն, սփռեն լույսն ամենուր
Եվ ավելի ամուր մխրճեն արմատները
Հայրենի հողում։
Շնչե՛ք, ծառե՛ր, բողբոջե՜ք…
***
Հերի՛ք է իմ սիրտը ճանկեն
Հոտառու անգղներն արտի,
Հերիք է իմ շուրջը կիտվեն
Մահաբեր կմախքներն ահի։
Իմ երկի՛ր, աննման Նաիրի՝
Հին օրից ավելի տխրադեմ,
Չարենցը կհառնի մահից,
Կըերգի՜, հաստատ գիտեմ…
Մեռած կա՝ ապրողից ուժեղ,
Մեռած կա՝ հաղթել է մահին,
Մեռած կա՝ հավերժ կենդանի,
Կարոտով սեփական տապանի։
Իսկ դուք, նենգե՛ր, հեռացե՛ք
Ձեր եկած ճամփով վայրենի…
ԾՆՆԴՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Ներիր ինձ, Հիսուս, աղոթքից բացի
քեզ ողջունելու ոչինչ չգտա.
ոչ ուրախություն, ոչ կիսաժպիտ,
ոչ տոնական զգեստ, ոչ էլ տոնածառ…
Միայն բալենու անկենդան մի ճյուղ ես զարդարեցի,
որ լինի ավագ խնկենին իմ տան։
Ու խզված ձայնիս ողջ անզորությամբ
ես քեզ խնդրեցի ու դեռ կաղաչեմ.
– Որդի՛ միածին, ազատիր դու մեզ
մեր գլխին թափված, կործանման տանող ցավից անարդար…
Ականջխլության, խնդրում եմ, չտաս.
էն էրեխեքի աչքերը տեսա՞ր,
որոնք հեռու են իրենց տներից,
կամ բոլորովին արդեն տուն չունեն…
Ես գիտեմ՝ դու միշտ գնահատել ես մեր ով լինելը,
բարեհաճությամբ ու սիրով ես
դու Դրախտը հիմնել,
որ մեր գալի՜քը քայլի
Դրախտով, ո՛չ թե
անսերունդ սատանաները
հայտնվեն մի օր,
մատնացույց անեն մեր
Հայաստանը ու մե՛րն է՝ ասեն…
Ներիր ինձ, Հիսուս, որ ես այդպես էլ
քեզ հետ զրուցել չսովորեցի,
ու հիմա իմ մեջ կիտված
քարերը ջրին չտվա՜ծ,
տեղ չհասցրա՜ծ՝ ասում եմ՝ ԱՄԵՆ։
***
Բանաստեղծությունս
Խառնվեց ահա իմ եփած ճաշին,
Արած լվացքին ու… սանրվածքին…
Ու նոր սկսված օրս հանգ առավ,
Ու դեռ չսկսված կյանքս կանգ առավ,
Որ կենցաղային գործերս թողած՝
Նվիրվեմ երգին…
Եվ այդ օրը խենթ
Հոգուս դռնակի փականին դիպավ,
Որ ինձ հասկացնի,
Որ իմ գոյության պահանջը միակ
Իմ մեջ անհաշտիս պիտի արթնացնի,
Անգամ սլացնի՛ լիճս տաղտկալի,
Նրա մեջ առնի անձայն մի ձկան,
Որն օձագալար իր հրճվանքներում
Հանկարծ բարբառի.
– Արարո՜ղ եմ ես…
***
Կարճ երազի սկզբում
Մենք արևիկներ ենք…
Որոշ ժամանակ անց՝
Նժույգնե՜ր,
Որ չգիտես՝ ուր են սուրում՝
Սլանում ինչ-որ բան որոնելու…
Շողշողուն երազի վերջում
Ամենքս թռչուն ենք դառնում,
Որ մեզ ընդունի երկինքը
Եվ պարուրի խնկաբույրով…
***
Դուք նկատե՞լ եք,
որ միջազգային լուրերից հոսող
«անհապաղ» բառը
վաղուց ուժ չունի…
Ու թվում է, թե
վաղուց ժամկետանց մի  պահածո է,
հոտած պահածո,
որը փքվելուց, ուռչելուց բացի,
կարող է պայթել
հրեշտակաթև բարուրներ փռած
սիրուն քաղաքում…
ԲԻԲ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏ
Հորիզոնահաս կարմիր արևին
Փորձում են խաչել Քրիստոսի նման,
Իսկ նա… շողյունոտ իր լուսե ճամփան
Ու  վաղվա օրն է սփռում ծովերին…
Ասես աշխարհը աչք է արյունոտ,
Որում արևը բիբ է մարգարիտ.
Նրան փորձում են խաչել գամերով,
Իսկ նա հառնում է ծովերից վճիտ…
Հառնում է հպարտ, մի՛շտ է հառնելու՝
Լույսի օրհներգը լուսաբեր շուրթին,
Բռի աշխարհը թող լսի այս երգն
Առավոտներում ու մթում խրթին.
– Արևալույսն իմ խաչել ուզեցին,
Բայց ո՞նց ծիծաղեն
ծովերն առանց ինձ,
Աչքն արյունոտ է բռի աշխարհքի,
Ե՜ս եմ նրանում բիբ ու մարգարիտ…
ԱՂՈԹՔԻՍ ՇԱՂԱԽՎԱԾ
Երկնային պտույտ
Եվ ըմբոստ լեռներ…
Թե՞ ածխացել են
Խոհերն Աստծո…
Բայց չեն մոխրացել՝
Հավերժ բռնկուն
Նրա ցասումի
Կա՛յծն է մնացել…
Հիմա ուզում եմ
Անվերջ աղոթել,
Հոգուս աղերսը
Հասցնել Նրան.
– Ո՜վ Ամենազոր,
Քո Հոգու կայծի
Խարույկն եմ ուզում՝
Արնախումներին
Սաստելու համար…
Հանուն Հոր և Որդվո
Եվ Հոգվույն Սրբոյ…
ԿՏԱՎ
Ես մի զինվոր տեսա
Ու խաչ տեսա հեռվում,
Մի խաչ էլ կա ընկած
(ինչո՞ւ վեր չի ելնում)…
Եվ հարսանիք տեսա
Ձնած լեռնապարին,
Եվ մարդուկներ անտիկ,
Եվ մարդուկներ արդի…
Եվ, աչքս վեր հառած,
Դարձյալ պիտ աղերսեմ,
Որ ընձյուղեն դարերն
Այսօ՛րը և հետո՛ն,
Եվ այս պահից սկսած՝
Հայի Նոր Դար կերտեն,
Որ ջրերում շողա
Մեր կերպը արևոտ…
***
Լուսինն այսօր՝ ուղիղ կես,
Իմ սիրտն էլ է երկու կես,
Մի կեսն հեռու է, հեռու,
Որտեղ ողբ է ու արյուն…
Իսկ մյուս կեսը արնախեղդ
Որբացած է մեկընդմիշտ՝
Այնքան ցավ է ներառել,
Խենթանալու չափի վիշտ…
Ա՜խ, փորձում եմ հասկանալ,
Ինչ է ուզում ինձ ասել՝
Կիսազարկերն եմ լսում.
– Էրեխեքի՜ն տեր եղեք…
***
Հեռանում է սայլը.
Անիվներն են ցավով ճռճռում,
Սայլի հետ տանում
Արցախ աշխարհի
Պերճ ճակտազարդը…
Տեսարանից ըմբոստացած՝
Հայհոյում եմ ինքս ինձ, անիծում,
Թե ինչու լեզուս չպապանձվեց…
Ո՞ՒՐ ԵՆ ԲԱՀԵՐԸ
Մի տեղ արնախում
գայլերն են ոռնում,
Մի տեղ՝ անկատար խրամատները…
Դե հնչե՛ք, զանգե՛ր,
Աշխարհի նման դո՞ւք էլ եք լռում.
Ո՞ւր է մեր տաճար,
Ո՞ւր են ժամհարներ,
Այս օրը միայն տագնապ է շնչում
Եվ ազդարարում մահեր միմիայն…
Ո՞ւր եք, ճառողներ,
Թե՞ հայոց վերջն էր
Ձեր օրակարգի միակ նպատակ՝
Անգործ, կործանիչ և անփառունակ։
Ոմանց փոխարեն… բահե՛րն են խոսում,
Խրատ են տալիս մեզ ճարահատյալ.
– Թե խրամատներ դեռ չեք փորելու,
Ուրե՛մն փորեք հայոց գերեզման…
   Մի տեղ կատաղած գայլերն են ոռնում,
Մի տեղ՝ չփորված խրամատները…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։