ՆԱՆԵ

***
Առավոտ վաղ է. Կյանքի դժվարը
Դեռ չի շուլալվել
Օրվա նորաքայլ ու քնատ երթին-
Ճախրող գույներ կան դեռ հորիզոնի
Փեշերին ծածան,
Ու ոսկեման է օդը թափանցիկ…
Արթնանալ մեջն այս երգ-առավոտի
Ու չլինել հանց իր լույսն ու արփին
Անհնարին է…
Ու երեկվանը, օրերը անցած,
Հիշել չեմ ուզում.
Նոր օրը գուցե ժամերն իր անցնի
Հրաշքի՞ միջում…
Բայց պահը պահի
Մաղձոտ մշուշ է օդում թանձրանում,
Ու ոլորվում է թուջե թուխպն էլի
Շենքերի վրա, ծառ ու մայթերի…
……………..
Պարզ է… քիչ առ քիչ
Արթնացան մարդիկ…

***
Ճամփաներ անցա խառնիխուռն,
Ոլորապտույտ ու ցանցով
Փակուղիների,
Բայց դժվար էր ճանաչել աշխարհը
Ինչպես կա….
Եղա մութ անկյուններում բոլոր՝
Վեր ու վար խառնած իրար.
Քանի կող ու գլուխ ջարդեցի,
Եվ անհնար էր հասկանալ
Հանելուկն աշխարհի…
Դու գիտե՞ս,-
Հարցրեցի պատահողից ամեն,
Գիտուններին, փիլիսոփաներին հանդիպած,
Փողկապավորներին փքուն,
Աթոռապաշտներին համառ
Ու ամբարտավան…
Գրքերի կույտեր հալվեցին հերթով-
Իրար հրմշտելով անգամ՝
Հյուրը դառնալով գրասեղանիս հոգնած.
Այսօրվա պատասխանը գտած՝ ջնջվում էր-
Եկող օրերի նոր ու խրթին
Տարափից հարցերի…
Ու… կանգ առա՝
Անսալով աղերսին ոտքերիս խոնջացած,
Կանգ առա՝ աչքս կտրած
Ճամփաներից անհաշիվ և ունայն…
Գամվեցի առանցքին իմ՝ անտեսված վաղուց
Եվ իր շուրջ՝ իմ պտույտին կարոտ…
…………….
Ու… ճանաչեցի աշխարհը–
Ծիրանենուս կապույտ շուքի տակ նստած…

***
Մշուշվեց հեռուն.
Շամանդաղի գորշ քուլաներ եկան
Ու չթողեցին հեռանկարից
Անգամ մի երիզ…
Մշուշվեց հեռուն՝
Թուխպ է կաթնագույն –
Երկինք ու երկիր իրարու բերած՝
Անգիծ, անանցում…
Փրկելու համար հոգիս մշուշից՝
Բացված-չբացված այս առավոտին-
Փակվեմ իմ առաջ,
Վարագուրեմ ողջ սենյակս ու ինձ,
Հառվեմ ձյուներից փրկած այս փնջի
Երանգներին տաք…
Տաք սուրճի գավաթ
Ու… Տաք մեղեդի…
Հեռու չէ պահը, երբ հոգուս խորքից
Արևը… կելնի…

***
Սպասում ենք Նեռին…
Սպասում է գիշերվա մեջ-
Շնչահեղձ՝ կոշմարներից բացվող օրվա,
Որն արդեն
Կոնցլագերային առավոտ է հիշեցնում,
Կամ թատերաբեմ պատերազմի՝
Մշտանորոգ ու գոռ…
Սպասում ենք Նեռին-
Տագնապից դողահար ու կծկված՝
Քիչ թե շատ տեղում ապահով-
Ուր դեռ ոչ ահագնացող
Պայթյունների ձայներն են հասնում,
Ոչ աղետներ անում հողը տակնուվրա…
Բայց լուրեր են գուժկան
Պայթում մեր ունկերից ներս.
Արյունոտում ահահոտ լուրեր,
Որ հաստատումն են մարդու անկումի
Ի վերջ,
Աղետաբեր սկավառակների հրեշտակաց
Ու հիշեցումը… երկրորդ գալստյան
Քրիստոսի…
Բայց մենք… Նեռին ենք սպասում,
Որն արդեն վաղուց է
Շոշափուկներով իր բազում
Գրկի մեջ առել գունդն այս մեր միամորիկ.
Եվ ամենքս ենք քիչ թե շատ
Կրում նրան մեր մեջ՝ ոխով, չարությամբ,
Վախով հոգեկործան.
Եվ աղոթքի տեղ՝
Երբեմն… դրսից էլ առավել-
Մրմունջ բողոքի ու անեծք է շուրթերին մեր,
Զայրույթ ու մաղձ է հոգիներում՝
Որ արդարության պահանջ ենք հորջորջում՝
Արդարացնելով անկումը մեր օրից օր…
Մինչ արդարությունը՝ վաղուց զատված մեզնից-
Ինչ-որ կապույտ հեռվում,
Սպասում է ժամին իր նախասահմանված…
Սպասում ենք Նեռին…
Իսկ… Ո՞վ է դիմավորելու
Որդուն Աստծո…

***
Մելամաղձիկ է գիշերաժամին
Խավար փեշերին
Խճճված քամին…
«Ուււ»,- սուլում է խև, ուժահատ, անկամ-
Կաղնիների ձիգ, գորշ բների մեջ՝
Իր բողոք-վիշը միացրած վայրի
Շների ձայնին,
Որ լուսնին դրած տեղ մարգարեի՝
Նրան միջնորդած-
Նույն աղոթք-երգն են
Հղում Բարձրյալին…
Կաղնուտում ժամեր մոլորված քամին՝
Ով գիտե, փրկված խելահեղ հևքով
Մոլորակի որ արյունոտ ափից,
Որ դավից զզված, որ «քաղաքակիրթ»
Անառակ որջից.
Հաստատ, մտքի մեջ թունդ հայհոյելով
Մարդ-պատուհասին-
Անդորրիկ մի ափ հազիվհազ գտած.
Իր խոնջ մարմինն է ուզում հանդարտել
Տակ պատուհանիս…
……………..
Ոչինչ չպատմես…
Արի, քեզ օրոր լոկ երգեմ, Քամիս…

***
Եթե, սովորականի պես,
Իմ տեղը կրկին դատարկ գտնեք
Անցուդարձում օրվա բարկ ու հևիհև
Ու գտնել կամենաք ինձ-
Մի՛ ճշտեք հասցեն իմ տան,
Ոչ էլ տարբեր
Կապ ու տվյալ էլեկտրոնային…
Փնտրեք ինձ
Դաշտամիջում կեսօրյա՝
Արևային ցնցուղի տակ
Ոսկեփոշի շողարձակող…
Փնտրեք կապույտ լեռան
Լանջին ծաղկաժանյակ
Եվ… ավելի հեռու՝
Գանգուրներում ամպերի
Կապարաթույր,
Աստղերի շուրջպարում կեսգիշերյա…
Կամ ընդամենը…
Աշխարհում իմ…

***
Ինչ-որ մեկն ասաց.
Այրենք թղթերը բոլոր,
Թղթերն են, որոնց վրա կնքվում են
Ու հաստատվում
Օրենքներ անօրեն,
Դատավճիռներ անարդար…
Եվ ծափերի տակ համաձայնության-
Խլեցին նաև թղթերը դեռ կիսագիր
Ձեռքից Պոետի…
Ջարդենք աթոռները
Բազմաձև ու բազումորակ…
Մեկ ուրիշը ճչաց մոլուցքով արդարության-
Նրանք երբեմն ասես
Սև մոգություն ունեն իրենց մեջ
Ու դիպչողը նրանց, էլ չասած՝
Նստողը հարմարավետ.
Ջնջում է դեմքն իր մարդկային,
Հոգին երկնատոչոր
Ու լույսը արարչապարգև…
Եվ հիացական ծափերի
Շլացուցիչ տարափի ներքո
Անցան գործի…
Մեկից մյուսին հասան՝ հերթով խառնիխուռն…
Հետո…
Մեղավոր էին նաև փողկապները բոլոր.
Կարմիրը, դե, առանց կասկածի…
Ջիպերն ու պալատները՝
Շքեղության ճիչ վերջին,
Հաշիվները բանկային՝ անվերջ կլորացող-
Մեղավոր ու մեղավոր…
Ավարտեցին գործը,
Ապա քայլեցին թեթևացած, դատարկաձեռն –
Տանելով իրենց հետ
Դատավճիռներն ու օրենքները անօրեն,
Դավերն ու ագահությունն անսպառ
Ու սև մոգությունը նաև –
Հոգիներում ապահովաբար
Իրենց ժամին սպասող…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։