Մանավանդ այսօրվա դեպքից հետո չեմ ուզում անուն կամ ազգանունով ներկայանալ: Հորաքույրս ասում է. «Բավական է քեզ նման սիրուն աղջիկը մի տեղ հայտնվի… ու հենց հայտնվեց, ներկաները միանգամից ու միաբերան, մտքում թե բարձրաձայն կասեն. «Ուա՜ուու, էս ո՞վ էր»: Ուրեմն, անունս չասեմ, մանավանդ որ տարածված հայկական անուններից է, հիշվող, առանց ինձ՝ ոչինչ չասող, բայց ինձ սազում է:
Հենց նոր եմ տուն մտել այս վերջին ամիսների արդեն որերորդ հարցազրույցից: Եվ ուզում եմ սրտանց ծիծաղել: Եկե՛ք միասին ծիծաղենք: Եվ լացս է գալիս: Պետք չի, ես մենակ կլացեմ: Կմտնեմ սենյակս, կլացեմ: Այս անգամ հարցազրույց անցկացնող հյուրանոցի տիրուհին՝ Ալբինան (կասկածներ ունեմ, որ սա նրա իսկական անունը չէ), 30-ին մոտ մի աղջիկ էր, ինձնից տարիքով մի քիչ մեծ: Բայց տե՛ս ինչերի է հասել: Հյուրանոց ունի, շքեղ մեքենան ինքն էլ չի քշում, այլ վարորդը դուռը բացեց նրա առաջ, քիչ էր մնում գլուխը խոնարհի, ձեռքն էլ դնի սրտին, ասես թագուհու դեմքին նայելու, հայացքով նրա աչքերին հանդիպելու իրավունք չունի: Թեև հաստատ չեմ կարող ասել, բայց պատկերացնել կարող եմ, որ նրա կարճ փեշի, բարձրակրունկ կոշիկների, շպարի, օծանելիքի, մի խոսքով՝ այն ամենի արժեքը, որ իրենից դուրս է՝ իր վրա ծախսված, իմ հաշվելու բանը չէ: Ես կամ իմ արտասահմանում ապրող զարմուհիների second hande հագուստներն եմ հպարտությամբ, քիթս վեր ցցած կրում կամ դրանք համադրում եմ էժան խանութներից իմ ճարպիկ գնումների հետ, ստացվում է՝ դիտարժան: Բայց, դե, իմացողը լավ գիտի, թե ինչ արժեմ ես՝ իմ հագուստով, և ինչ արժե Ալբինան հագուստով և առանց հագուստի: Նա լավ աղջիկ է, դժվար չէր նրանից ճառագող ճոխ հրապույրներից չճնշվելը: Ինքն էլ իր լավ հոտառությամբ զգում էր, որ գործի հաջողությունից ելնելով՝ ինձ չարժի ճնշել, առանց ինձ էլ ում ուզի կճնշի: Եվ կարծեմ, եթե խորը մտածես, նրա կյանքը հենց այդ երկու բաղադրիչներն են կազմում՝ ճնշել, չճնշելը: Չճնշվել-ճնշվելու փուլը վաղուց է անցել, հաստատ: Բայց չեմ նախանձում նրան: Նախանձել արժի նրան, ում հետ ուզում ես և կարող ես ոտք մեկնել: Ոչ մեկին չեմ ասում, բայց նողկում եմ ֆիլմերում բաց տեսարաններից: Կասեն՝ ո՞ր դարում ես ապրում: Նույնիսկ իմ Ռոբն է ծիծաղում վրաս: Օրվա մեջ մի քանի անգամ «Չաթով» խոսում ենք: Ասում է՝ «Մեր երկրից լավը չկա»: «Մեր աղջիկները ամենալավն են»: Շատ եմ ուզում հավատալ, որ Շվեյցարիայում իր նման տղայի շուրջը պտտվող թռչնիկների հետ երբեք ձախ չի գնում:
Ալբինայի հետ մեր հարցազրույցը՝ հյուրընկալի հաստիքով աշխատելու համար, կարծես թե հունի մեջ էր: Նա ինձ հետ խոսում էր այնպես, կարծես անընդհատ վազքից հանգստանալու պահին ուզում էր ձեռքի հետ թեթև մի գործ ավարտին հասցնել: Ինձանից առաջ արդեն երկու աղջիկ էին մտել-դուրս եկել: Ինձնից հետո էլ դեռ հինգ աղջիկ կար: Բայց բոլորին արդեն հայացքով տնտղել էի. ոչ մեկին ո՛չ իմ սիրունությամբ, ո՛չ էլ ինտելեկտով չէի զիջում, նույնիսկ բոլորից լավն էի: Արդեն Ալբինայի հետ խոսել էինք, տեսավ, որ անգլերենս շատ լավ է, համակարգչից լավ եմ գլուխ հանում, որ մի քանի անգամ տարբեր ծրագրերով արտասահմանում եմ եղել: Ու կարծես թե արդեն հաղթանակն իմն էր: Այդ պահին նրա բջջայինի վրա զանգ եկավ: Գեղեցկության սրահով հենց նոր անցած երկար մատիկները սահեցին էկրանով: Սկսեց խոսել, նույնիսկ դեպի ինձ մի թեթև ժպիտ ուղղելով՝ ասաց. «Կարծես գտել եմ, ոնց որ թե իմ պատկերացրածը հենց էսպես շիկակարմիր մազերով պետք է լիներ: Անո՞ւնը, հա՛, որտեղի՞ց գիտես»: Նրա հետաքրքրված հայացքը մի պահ կանգ առավ դեմքիս, որևէ բանից հանկարծակիի գալու անընդունակ դեմքը փոխվեց: Ասաց. «Ինչ էլ ժամանակին էր զանգդ: Արդեն ընդունում էի»: Հետո եղավ ամենաանսպասելին: Նա միանգամից փափուկ, ջերմ, նույնիսկ ընկերական հայացքով մի անգամ էլ ընդգրկեց ինձ, ծիծաղեց ու ձեռքերն իրար խփելով՝ տվեց անունս ու ազգանունս. «Լսի՛ր, քեզ մի խորհուրդ տամ, էլ ոչ մի հյուրանոց, ոչ մի հարցազրույց: Կամ էլ ներկի՛ր մազերդ, ակնո՛ց դիր կամ պարիկ: Երևի արդեն Երևանի ամբողջ հյուրանոցային ցանցը գիտի քո մասին. գնում ես հարցազրույցի, անցնում ես, հաջորդ օրը զանգում, ներողություն ես խնդրում, հրաժարվում: Մտածում են, թե դու ինչ-որ գաղտնի հանձնարարություն ես կատարում: Հետևում ես մեր աշխատանքին»: Ա՛յ քեզ բան: Ասացի. «Իսկ դուք վստա՞հ եք, որ էդպես չի»: «Ես ծնված օրից հոգեբան եմ, ու մասնագիտությունս էլ դա է»: Միասին փռթկացինք: Նա մի պահ մոռացել էր, թե ինքը ով է, որ միջանցքում դեռ հինգ աղջիկ են սրտի տրոփյունով իրենց հերթին սպասում, միանգամայն նորմալ, էությամբ, նույնիսկ բնավորությամբ ինձ մոտ մարդու պես ասաց. «Խնդրում եմ, ասա, էլի: Ինչո՞ւ ես էդպես անում: Զանգող ընկերոջս հյուրանոցը իմից բարձրակարգ է, բոլոր տեղերում հարցազրույցը անցել, ընդունվել, չես գնացել: Ինչո՞ւ»:
Չասացի, որ ոչ միայն հյուրանոցներում, այլև ամենաընտիր ռեստորաններում եմ հարցազրույցներ, նույնիսկ փորձաշրջան անցել: Զանգվի ձորի «Կոն Թիկի» նավանման ռեստորանը միակ դեպքն էր, որ մտածում էի. «Կմնամ, կաշխատեմ, էս ջրերի հանգիստ խշշոցի տակ, սիրուն տեսարան, առանձնապես շատ մարդ չի գալիս», պայմանավորվել էինք՝ միայն ցերեկային ժամերին եմ աշխատելու: Հենց ընդունվելուս օրը մի գերմանացի ինձ հրավիրեց կողքի՝ «Կոմս Մոնտե Քրիստո» ռեստորանը՝ ընթրիքի: Ասացի՝ չեմ կարող, նշանածիս հետ եմ ժամադրված: Իհարկե, Ռոբի հետ նշանվածներ չենք, բայց ինքը գիտի՝ հավատարմորեն սպասելու եմ մինչև դասընթացներն ավարտի, գա: «Կոն Թիկիի» վերակացուն օրվա վերջում մոտեցավ ինձ, ասաց. «Վաղը մի՛ եկեք, մենք ձեզ կզանգահարենք»: Միամիտս մի քանի օր սպասում էի զանգի: Վերջերս էլ պատճենահանման մի փոքրիկ կետիկում քիչ էր մնացել՝ աշխատանքի անցնեի, բայց տերը՝ բարեհաճ տեսքով քեռին, ոչ միայն չուզեց տալ խոստացածը՝ օրական 1800 դրամ, այլև հենց նոր գնած ապրանքը զննողի հայացքով (մի բան, որ մինչև այդ օրը բացահայտ չէր արել) ասաց. «Եթե ինձ հետ երբեմն դրսում հանդիպես, իհարկե, ավելի շատ կստանաս»: Գոնե չասաց՝ եռապատիկը, քառապատիկը, բազմապատիկը:
Ալբինային ասացի. «Տատս ասում է՝ «Իմ թոռնիկը հյուրանոցում աշխատի՝ ես կմեռնեմ»: Պապիս ջահել օրերի հյուրանոցային արկածները չի կարողանում մոռանալ: Իսկ ես էլ, դե ինքնահաստատվում եմ»: Իրականում դեռ հույս ունեմ, թե տատիս ու Ռոբին կկարողանում համոզել, որ մարդկանց հյուրանոցներ, իսկ հյուրանոցներին շուրջօրյա աշխատողներ են պետք, ու դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Աշխարհին կարող եմ ապացուցել, որ եթե լուրջ մարդ ես, ոչ մի արաբ, գերմանացի կամ պարսիկ քեզ չի կարող շեղել Աստծու պատվիրաններից: Ալբինան ասաց. «Կուզեի քո նման ընկերուհի ունենալ: Լուրջ: Չմտածես՝ լեսբուհի եմ»: Մտքովս էլ չէր անցել: Ծիծաղեցինք: «Ես քեզ հարմար աշխատանք կգտնեմ»:
Հարցազրույցից հետո դուրս եկա փողոց, ուրախ տեսք ընդունեցի, ուզեցի հորաքրոջս ծնունդի առթիվ մի փոքրիկ ծաղկեփնջով տուն մտնել, ուրախացնել նրան: Իսկ նա՝ խեղճս, ուրախանալու ուժ չգտավ իր մեջ: Հազիվ էր ոտքի վրա կանգնում: Վերջապես աշխատանք է գտել մի շքեղ ռեստորանում՝ որպես աման լվացող: Հնագետի իր երկարամյա կենսափորձը մնաց մեր ընտանեկան ալբոմներում: Ոչ մի աշխատանք չէր գտնում գոնե իր գլուխը պահելու համար. ու դեռ ցավում էր, որ ինձ չի կարողանում օգնել: Կարծում էր՝ պարտավոր է ու չի կարողանում ինձ երես տալ ջահել օրերի նման, երբ դեռ պապս կար, «Արմենիա» հյուրանոցի ադմինիստրատորն էր (հյուրանոցների նկատմամբ իմ ջերմ հակումը տատս սրանով է բացատրում), իսկ ինքը՝ պեղումներ կատարող խմբի ղեկավար էր: Ինձ՝ որբուկիս, ողողում էին նվերներով:
Նա ոտքերը դրել էր աղաջրով տաշտակի մեջ, քերծված, ճաքճքած ձեռքերին կրեմ էր քսում: Տատիս չեմ ասում իմ հարցազրույցների մասին, բայց հորաքրոջս ամեն ինչ ասում եմ: Տատս ասում է՝ «Կմեռնեմ»: Դե արի մեռնենք, ըհը, ի՞նչ անեմ: Երեք օր աշխատեցի սուպերմարկետում՝ որպես հսկիչ-ուղեկցող: Երեք ամբողջ օր՝ 12 ժամ, ոտքի վրա կանգնելուց հետո ողնաշարս արդեն ծռմռվել էր: Չհասցրի որտեղից որտեղ հայտնված՝ հետս անհամ կատակ անող թլոշ դասընկերոջս գոնե մի թեթև շշպռել: Համարեց, որ մեր կարգավիճակները հավասարվել են, ու դեռ ինքն է ինձնից առաջ անցել. պապան իր համար վերջին մակնիշի ավտո է գնել: Մի կին էլ, առաջին անգամ ինձ տեսնելով, ցուցափեղկերի արանքում առաջարկեց իր տղայի հետ ամուսնանալ: Մի ուրիշ զազրելի, գռեհիկ, դասական կավատուհու արտաքինով կին, որի նմաններին միայն կինոյում եմ տեսել, ասաց. «Ափսոս չե՞ս, արի մեր բաղնիսը, օրը 500 դոլարին փող չես ասի»: Աչքիս պոչով նայեցի, զրո գնահատեցի աղջիկ հավաքագրողի նրա հնարավորությունը: Բայց ի՞նչ իմանաս: «500-ը քիչ չի՞ իմ նման աղջկան»,- ասացի ու կատակիս ձեռքը կրակն ընկա: Օրվա ընթացքում մի քանի անգամ հայտնվեց ցուցափեղկերի արանքում, հաշիվը մինչև 650 բարձրացրեց: Խանութում, պարզվեց, նրան լավ էին ճանաչում, եկան, փրկեցին ինձ:
Համալսարանական տարիների ընկերուհիս, գարեջրի բարում աշխատելով, օրական 15000 դրամ է վաստակում: Նրա գործատուն նայեց իմ թևերին, ասաց. «Դու էդ ծանր բաժակները սկի դատարկ վիճակում չես կարող տեղափոխել»: Մի օր էլ չդիմացա, ճիշտ էր ասում:
Իսկ իմ Ռոբը նույնիսկ չիմացավ այդ դժոխային օրերի մասին:
«Էդ ծաղիկները դիր էն ծաղկամանի մեջ, ի՜նչ լավն են»,- հազիվ բարբառեց հորաքույրս ու հենց այդպես՝ ոտքերը աղաջրի մեջ, քնեց մեր շքեղ օրերից մնացած փափուկ բազկաթոռի մեջ: Իսկ երբ արթնացավ ու իմացավ հարցազրույցիս մասին, ձեռքը թափ տվեց, ասաց. «Դա քո բանը չի, բալիկս»: Էլի պատմեց, որ գրեթե ամեն օր կամ օրը մեջ աման լվացող են ընդունում իրենց շքեղ ֆրանսիական ռեստորանում: Ինքն է, որ դիմանում է: Ոչ մեկը օրը 3000 դրամով, եթե անգամ ավելին վճարեին, չի մնում, գնում է: Մենեջերուհին հեռացողին չի խնդրում մի երկու օր էլ մնալ, դիմողները հերթի են կանգնած: Մինչև աշխատավարձ է տալիս, հոգին էլ հետն է տալիս: Ըստ պայմանի՝ հորաքրոջս ու մյուս երեք աշխատողներին գիշերվա կեսին տաքսիով տուն գնալու փող էր տալիս, հիմա դա էլ է կտրել: «Ամեն մեկդ որ 200-ական դրամ տաք, չեք տուժի»: «Էլ չեմ դիմանա»,- ասում է հորաքույրս,- երկու մետրանոց խոհանոցում օդանցք չկա: Երկու հատ գազօջախ, երկու միկրոալիքային անընդհատ միացած են: Հարյուր տեսակ ճաշի ու խմորեղենի հոտերից անընդհատ սիրտս է խառնում: Էդ հսկայական թավաները, որ տեսնում եմ… Օրը մի քանի անգամ խոհարարը իր ֆիրմային ճաշը եփելիս տժտժացող թավայի մեջ գինի է լցնում, ծխից իրար չենք տեսնում: Ու էդ, էդ, էդ անտեր դուռը, որ իմ հինգ քաշին է, գոնե երկու րոպեով բաց թողնելու իրավունք չունենք»: «Արի՛ վաղվանից մի գնա,- ասացի,- մի բան կանենք»: Արձագանքը անգիր գիտեմ: Անմիջապես առույգ տեսք է տալիս իրեն, մոռանում է ցավերը:
«Ես կդիմանամ, իմ մասին մի՛ մտածիր, բայց էդ ռեստորաններն ու հյուրանոցները քեզ նմանների համար չեն: Մտքիցդ հանիր»,- եզրափակեց հորաքույրս, երբ դեռ չէի պատմել իմ այսօրվա հարցազրույցի մասին: Ի՞նչ անեմ, որ հայտարարությունները նայելիս աչքս կանգ է առնում հյուրանոցների ու ռեստորանների վրա: Ուրիշ կարգի հայտարարություններ չկան էլ: Եթե լինում են, անմիջապես տակը գրված է լինում՝ արդեն զբաղված է: Կարծես հենց հայտարարություն տալու նույն օրը, նույն րոպեին տեղը զբաղվում է:
Գնամ սենյակս, մի քիչ ծիծաղեմ, մի քիչ լաց լինեմ, մտածեմ, թե ո՞նց եմ դուրս գալու պարտքիս տակից, որ անսպասելի կուտակվեց Հունաստանի Լեսբոս կղզին իմ ուղևորությունից հետո: Ներգաղթի և արտագաղթի խնդիրներին նվիրված երիտասարդական այս հավաքում մենք խմբով խոսեցինք մեր երկրից մարդկանց հեռանալու պատճառների մասին: Ռոբս պատմեց Սոցիալական Ձեռներեցության մեջ (ՍՁ) մեր առաջին քայլերի մասին: Էկրանին ցուցադրեցինք Կապանի Առաջաձոր գյուղի բարձրադիր մասում Ռոբի ձեռք բերած հողակտորը, նաև Ռոբի հորեղբոր որդու՝ բնությունից նվաճած այգին, ճամբարային տնակները, դեպի անտառ տանող նրա բացած ճանապարհը՝ նաև ձիերով զբոսանքի համար: Շատերի համար նորություն էր, որ կարելի է առանց մի լումա դրամ ունենալու՝ ձեռնարկատեր դառնալ: Իսկ ինձ համար նորություն էր, որ Իսպանիայից էլ են մարդիկ հեռանում այլ երկրներ: Ասացին՝ պատճառը կոռուպցիան է և ապրանքների անլեգալ վաճառքը: Ռումինացիներն ասացին գրեթե այն, ինչ մենք՝ աշխատանք չկա, անարդարությունները խեղդում են: Հույներն ասացին՝ «Մեր երկիրն աղքատ է, իսկ ժողովուրդը աշխատել չի սիրում»: Մտածեցի՝ «Կարո՞ղ է՝ մենք էլ աշխատել չենք սիրում»:
Այդ օրերին արդեն Սապֆոյի ու նրա գեղեցիկ բանաստեղծությունների կղզին ողողված էր ամեն գույնի փախստականներով: Նրանք խռնված էին ամենուրեք՝ փողոցներում, մայթերի վրա, զբոսայգում… Ելույթներիցս մեկի ժամանակ ասացի. «Մի՞թե մեծ տերությունների վրա ավելի էժան չի նստի, եթե այնպես անեն՝ բոլորը մնան իրենց երկրներում, որպես ազգ փրկվեն ոչնչացումից, որպես երկիր չվերանան աշխարհի քարտեզից»: Ոչ ոք մի խելքը գլխին պատասխան չտվեց իմ այս հարցին: Ինձ թվաց՝ կա՛մ հարցս էր անհասկանալի, կա՛մ հիմարություն էր ասածս, կա՛մ էլ՝ այդ հարցը ինձանից առաջ դեռ ոչ ոք չի տվել, ուրեմն՝ պատասխանն էլ դեռ չկա:
Այսօր մի բան էլ հասկացա. սիրուն լինելը ինձ նման պահպանողականին խանգարում է աշխատանք ճարելու հարցում… Գնամ սենյակս… Ծիծաղեմ, երաժշտություն լսեմ… Լաց լինելուց օգուտ չկա: Հետո «Չաթով» Ռոբիս կպատմեմ այսօրվա հարցազրույցիս մասին: Կասի. «Հանկարծ չներկես մազերդ, քիթդ չվիրահատես: Խնդրում եմ, էլ ոչ մի հարցազրույց… կամ էլ գնա, բայց ոնց որ պայմանավորվել ենք՝ ինքնահաստատվելու համար: Ինձ երկու ամիս մնաց, կպրծնեմ էս ախմախ երկրից: Ես ու դու Կապանը՝ էկոլոգիապես վտանգավոր Կապանը, էկոտուրիզմի կենտրոն ենք դարձնելու»….
Դեռ չէի մոտեցել համակարգչիս, զանգեց Ալբինան: «Քեզ համար մոդելի տեղ եմ ճարել: Հագուստի խանութ է: Մի քանի նկարահանումներ կանեն, կինքնահաստատվես, տուն կգնաս»: «Հարցազրույց չկա՞»: «Չկա: էնտեղ քո տարիքի մի համր աղջիկ էր աշխատում: Խուլ ու համրերի՝ Եվրոպայի շախմատի առաջնության չեմպիոնուհի դարձավ, ամուսնացավ, գնաց Սերբիա»: «Բաց տեսարաններ չկա՞ն»: «Չէ՛, չկան, ցերեկներն ես աշխատելու: Հենց որ մութն ընկնի, տուն կգնաս՝ տատիկիդ մոտ»: Ծիծաղեցինք:
Նկարագրված դեպքերից ոչ մեկը հորինված չէ, միայն ժամանակներն ու տեղերն են մի փոքր ետուառաջ: