ԵՐԱԶԱՆՔ
Սիրով՝ Գոհար Հովհաննիսյանին
Ես այնպես էի ուզում,
Այնպես էի ուզում
դաշնակահար դառնալ,
Բայց ո՛չ մեր տանը,
ո՛չ էլ դպրոցում
Դաշնամուր չկար…
Ես մի անգամ էի
դաշնամուր տեսել
Ու լսել նրա ձայնը հոգեթով,
Ու ինձ թվում էր, եթե ես
Նստեմ դաշնամուրի մոտ,
Մատներս սահեն ստեղնաշարով,
Իմ հոգու երգը կհնչի հպարտ,
Հզոր, առնական,
Մարդկանց կփրկի անհույս ապրելուց…
Բայց ո՛չ մեր տանը, ո՛չ էլ դպրոցում
Դաշնամուր չկար…
Ու տարիների բեռը ուսերիս
Հաճախ եմ հիմա երազում նստում
Դաշնամուրի մոտ
Ու նվագում եմ մեր սուրբ հանճարի
Երգը հոգեթով.
«Գարուն ա, ձուն ա արել,
Իմ յարն ա ինձնից սառել,
Ա՜խ, չորնա, ա՜խ, չորնա
Չար մարդու լեզուն…»
Ես այնպես էի ուզում
Դաշնակահար դառնալ,
Բայց ո՛չ մեր տանը, ո՛չ էլ դպրոցում
Դաշնամուր չկար…
***
Իմ ունեցածը սիրո ծաղիկ է,
Անուշ տաղեր կան ծոցիկի մեջ,
Ծոցիկը վարդի բույրով լեցուն է,
Հրաշք ծաղիկ է աշխարհի մեջ:
Ես պարտիզպան եմ,
Քաղիր ծաղիկս, պահեմ,
Պահպանեմ պարտեզիս մեջ,
Սրտիս խաղերը շաղ կտամ
Քո ծով ծամերի մեջ:
Իմ ունեցածից աշխարհը չունի.
Մի հատիկ ես դու աշխարհի մեջ,
Նման ես երկնի կապույտ անհունին,
Ո՛չ սկիզբ ունես և ո՛չ էլ վերջ…
Իմ ունեցածը քնքուշ ծաղիկ է.
Անուշ տաղեր կան ծոցիկի մեջ,
Ծոցիկը վարդի բույրով լեցուն է,
Ապրում է միայն իմ սրտի մեջ:
ԻՆՔՍ ԻՆՁ
Ի՞նչ ես նստել մենակ, մոլոր՝
Կառչած հուշիդ ծվենից,
Ե՛լ, ե՛լ, թմբուկդ ա՛ռ,
Զարկիր կողին,
Շուրջպար բռնիր դու նորից,
Ծունկդ ծալիր,
Ոտքդ ամուր զարկ հողին,
Անանց սիրով, երազներով
Նայիր անվերջ
Քեզ հետ պարող
Աղջիկների աչքերին…
Ի՞նչ է կյանքը…
Կյանքը կապույտ թռչուն է,
Անանց թռչող, ոսկեթև,
Մի՛ ափսոսա, որ չես բռնել
Դու քո կապույտ թռչունը…
Դու հայրենիք ունես՝ երկինք միտված
Հպարտ, անպարտ սարերով,
Եվ ժողովուրդ՝ հաց արարող,
Որ ապրում է այդ երկնասույզ սարերում…
Հիմա ի՞նչ ես նստել մոլոր,
Հառաչում ու տրտնջում,
Հառաչանքի սափոր դու չես,
Այլ քիչ հոգնած այր ես դու մի՝
Անհուն սիրով քո աշխարհին
Սիրահարված ջերմ սիրով…
Հիմա ի՞նչ ես մոլոր նստել,
Տրտնջում ու հառաչում,
Հառաչանքի սափոր դու չես.
Երազանքով, սիրով լցված
Այր ես դու դեռ կանգուն…
– Ե՛լ,
Ե՛լ,- քեզ ասում եմ,-
Թմբուկդ ա՛ռ,
Շուրջպար մտիր դու նորից…