Բահլուլի կամ Աբու Վահիբ իբն Օմր Սեյրեֆի Քուֆիի կյանքի և գործունեության մասին տեղեկությունները սակավաթիվ են և վիճելի: Մի բան հստակ է` նա ծնվել և մեծացել է Քուֆայում (Իրաք), 8-րդ դարում, և Հարուն ալ Ռաշիդ խալիֆի ժամանակակիցն է եղել: Նա իր ժամանակի ամենաիմաստուն մարդկանցից էր, աշակերտել էր Իմամ Սադեղիին և մեծ հարգանք էր վայելում ժողովրդի կողմից: Ապրում էր ժուժկալ կյանքով, արդարամիտ էր, աստվածավախ:
Վարկածներից մեկի համաձայն` Հարուն ալ Ռաշիդը նրան առաջարկում է դառնալ իր տերության դատավորը, Բահլուլը մերժում է` պատասխանելով. «Կարծում եմ` արժանի չեմ այդ պատվին: Նման պարագայում կամ ես միշտ պետք է ճիշտ խոսեմ, իսկ այդ դեպքում դատավոր լինել չեմ կարող, կամ պետք է ստեմ, բայց ստախոսը դատավոր կլինի՞»: Հարուն ալ Ռաշիդին չի գոհացնում նրա պատասխանը, նույնիսկ սպառնում է մահապատժի ենթարկել նրան: Բահլուլը մի օր է խնդրում` մտածելու համար: Նա խորհրդակցում է իր ուսուցչի` Իմամ Մուսե Քազեմիի հետ: Վերջինս խորհուրդ է տալիս` անելանելի իրավիճակներում գժի դեր խաղա: Հաջորդ օրը խալիֆին հայտնում են` Բահլուլը ցախավել հեծած (որոշ աղբյուրներում` թրի պես եղեգի ճյուղը ճոճելով) շրջում է շուկայում` ինքն իրեն խոսելով: Հարունը գուցե կռահում է` ինչն ինչոց է, բայց Բահլուլին պատժել չի կարողանում:
Բահլուլը շարունակում է ապրել նույն վարքագծով: Լինելով անչափ սրամիտ, խելացի, բայց խելառի տեղ դնելով իրեն` Բահլուլը կարողանում է ասել մտածածը, սուր պատասխաններով դաս տալ ժամանակի երևելիներին և խուսափել պատժից մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ անտեղի ասված մի բառը կարող էր կյանք արժենալ:
Արևելքի շատ ժողովուրդների բանահյուսության և գրականության մեջ առկա է Բահլուլի կերպարը: Ներկայացված են նրա երգիծական մանրապատումները, խրատական պատմությունները, հեքիաթները, բանաստեղծությունները: Ցավոք, Բահլուլի ստեղծագործությունների բնօրինակները (ենթադրաբար` արաբերեն) չեն պահպանվել: Հետազոտողներն օգտվում են այլ լեզուների` հատկապես պարսկերեն, հայերեն թարգմանություններից: Ի դեպ, Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են Բահլուլի կամ Փահլուլի ստեղծագործությունների տասնյակից ավելի ձեռագիր ընդօրինակություններ (15-19-րդ դդ.):
Ի միջի այլոց, ադրբեջանական աղբյուրներում Բահլուլը ներկայացվում է իբրև ադրբեջանցի: Թերևս դա Բահլուլի կենսագրական ու ստեղծագործական կյանքին վերաբերող միակ վարկածն է, որը կարելի է վստահորեն մերժել` առանց որևէ հետազոտություն կատարելու` մատնացույց անելով միայն Բահլուլի ապրած ժամանակաշրջանը:
Ներկայացված երգիծական մանրապատումները թարգմանված են պարսկերենից:
Մի օր, երբ Բահլուլը նստած էր Բաղդադի դատավորի աշխատասենյակում, գրիչն ընկնում է դատավորի ձեռքից: Բահլուլն ասում է.
– Մե՛ծն դատավոր, քլունգդ ընկավ, վերցրո՛ւ այն գետնից:
Դատավորը, քմծիծաղ տալով, պատասխանում է.
– Որ ասում են խենթ ես, հո իզուր չե՞ն ասում: Ախր, սա գրիչ է, ոչ թե քլունգ:
– Խենթը դու ես, որ մինչ այսօր գլխի չես ընկել` այս գրչով գրվող դատավճիռները կործանում են մարդկանց տները: Դե, հիմա ինձ ասա` սա գրի՞չ է, թե՞ քլունգ,- պատասխանում է Բահլուլը:
***
Մի օր Հարուն ալ Ռաշիդն անցնում էր գերեզմանոցի մոտով, երբ նկատեց Բահլուլին ու գիժ Ալիանին, որ կողք կողքի նստած զրուցում էին: Ցանկացավ նրանց հետ կատակ անել: Հրաման տվեց, երկուսին էլ մոտը բերեցին: Ասաց.
– Իմ տերության խելագարների վերջն այսօր տալու եմ: Դահճին կանչեք:
Անմիջապես հայտնվեց դահիճը` մերկ սուրը ձեռքին: Եվ երբ խալիֆը նշան արեց, որ Ալիանի գլուխը թռցնեն, Բահլուլը գոռաց.
– Ի՞նչ ես անում, ո՛վ Հարուն:
– Ասացի`այսօր խելագարների վերջը տալու եմ:
– Ամենազո՛ր Աստված, այս քաղաքում մինչև այսօր գիժը ես ու Ալիանն էինք, հիմա երրորդն էլ հայտնվեց: Լավ, ասենք մեզ սպանեցիր, բա քո՞ վերջն ով է տալու:
***
Մի օր, երբ Բահլուլն անցնում է փողոցով, կտուրից մեկը ձայն է տալիս. «Ո՛վ իմաստուն Բահլուլ, խնայած գումար ունեմ: Ասա՛, ի՞նչ գնեմ, որ հետո վաճառելով` շահույթ ստանամ»:
– Գնա, թութուն գնիր:
Մարդն այդպես էլ անում է: Երբ ձմեռ է գալիս, թութունի գինն աճում է: Մարդը թանկ գնով վաճառում է թութունի մեծ մասը, մնացածն էլ ինչքան հնանում, այնքան թանկանում է, և նա մեծ շահույթ է ստանում: Ու մի օր, նորից Բահլուլին տեսնելով փողոցում, տղամարդը կանչում է. «Խելա՛ռ Բահլուլ, անցյալ տարվա խորհուրդդ շատ օգնեց ինձ, մեծ շահույթ ստացա: Ասա՛, այս տարի ի՞նչ գնեմ»:
– Գնա, սոխ գնիր:
Տղամարդը, որ արդեն Բահլուլի հորդորով հաջողության էր հասել, առանց տատանվելու ունեցած ամբողջ գումարով մեծ քանակությամբ սոխ է գնում, դատարկ գրպանով ամբողջ ձմեռը սպասում, թե երբ է սոխի սակավություն լինելու, որպեսզի ունեցածը թանկ գնով վաճառի: Բայց սոխն սկսում է հոտել: Ու քանի որ մարդը չգիտեր սոխի պահպանման եղանակը, օրական մոտ հարյուր նեխած սոխ է դեն նետում, մինչև ամբողջը փչանում է, և ինքը վերջը մեծ կորուստ է կրում:
Գազազած տղամարդը փնտրում է Բահլուլին, որպեսզի գտնի ու վրեժխնդիր լինի: Երբ հանդիպում է նրան, ասում է. «Ո՛վ Բահլուլ, ինչո՞ւ հորդորեցիր սոխ գնել, երբ այդչափ վնաս էի կրելու»:
Բահլուլը պատասխանում է.
– Բարեկա՛մս, այն ժամանակ, երբ ինձ «իմաստուն Բահլուլ» կոչեցիր, ես իմաստնացած պատասխանեցի. «Գնա, թութուն գնիր», հաջորդ անգամ, երբ «խելառ Բահլուլ» դարձա` խելառավարի խորհուրդ տվեցի. «Գնա, սոխ գնիր», և այս ամենը հատուցումն է միմիայն քո արարքի:
Տղամարդն ամոթահար հեռանում է` պարսավելով ինքն իրեն և հասկանալով, որ իսկապես մեղքը միայն իրենն է:
***
Մի օր մի արաբ անցնում էր շուկայով, մթերավաճառի կաթսայից բարձրացող ճաշի գոլորշին գրավեց նրան: Ունեցած հացի կտորը պահեց գոլորշու վրա, ապա կերավ: Երբ պատրաստվում էր հեռանալ, մթերավաճառն ասաց. «Դու օգտվել ես իմ կաթսայից բարձրացող գոլորշուց ու պիտի վճարես»: Մարդիկ հավաքվեցին: Չքավոր, շվարած արաբը հանկարծ նկատեց Բահլուլին, որն անցնում էր այդ կողմով ու խնդրեց օգնել իրեն: Իմաստունը հարցրեց մթերավաճառ-խոհարարին.
– Արդյոք կերե՞լ է այս մարդը քո պատրաստած ճաշը:
– Ո՛չ, չի կերել, բայց օգտվել է իմ ճաշի գոլորշուց:
Բահլուլը գրպանից արծաթե մի քանի մանրադրամ հանեց, ցույց տվեց մթերավաճառին, ապա մետաղադրամները գցեց գետնին` գոռալով.
– Է՜յ, խոհարար, ստացի՛ր «փողի ձայնը»:
Ապշահար վաճառականն ասաց.
– Սա վճարելու նո՞ր ձև է:
– Նա, ով վաճառում է ճաշի գոլորշին, փոխարենը պիտի վերցնի փողի ձայնը,-պատասխանեց Բահլուլը:
***
Մի օր Բահլուլը ներկա է գտնվում դասի, որտեղ իրեն իմաստուն կոչող ուսուցիչը քարոզում էր.
– Ես հերքում եմ երեք դրույթ, և դրանք անտրամաբանական եմ համարում:
1. Ասում են` սատանան կրակից է ստեղծված, ապա ինչպե՞ս է չարը դժոխքի կրակներում տանջվելու:
2. Եթե Աստծուն չես կարող տեսնել, ապա ինչպե՞ս հավատաս մեկի գոյությանը, որն անտեսանելի է:
3. Ասում են` ամեն ինչ Աստված է արարել և ամեն ինչ նրա ձեռքում է, ուրեմն ինչու՞ դատել չարն ու հանցանքը:
Այդ միջոցին Բահլուլը գետնից մի գուղձ է վերցնում ու շպրտում քարոզչի ուղղությամբ: Հողակոշտը պատռում է վերջինիս ճակատը. արյուն է հոսում: Աշակերտները բռնում են Բահլուլին և նրան տանում Հարուն ալ Ռաշիդի մոտ: Խալիֆը հանդիմանում է նրան ու հարցնում.
– Ինչո՞ւ ես վնասել այդ իմաստուն մարդուն:
– Նախ ապացուցեք: Ոչինչ էլ չեմ արել:
Երբ ներս է մտնում ճակատը վիրակապած ուսուցիչը, Բահլուլը նայում է նրան ու ասում.
– Ի՞նչ վնաս եմ հասցրել քեզ:
– Սրանից ավելի` ի՞նչ լիներ: Գլուխս ջարդել ես ու ցավից հանգիստս կորցրել եմ:
– Ցույց տուր այդ ցավը, -ասում է Բահլուլը:
– Ցավը ցույց տալ չի լինում:
– Ուրեմն սուտ ես ասում: Դու էիր համոզում, որ հնարավոր չէ հավատալ մի բանի, որն անտեսանելի է: Հետո էլ` ինչպե՞ս կարող էր հողի կոշտը քեզ վնաս տալ, չէ՞ որ դու էլ, գուղձն էլ հողի ծնունդ եք: Ասում էիր` կրակը կրակին չի այրի,- պատասխանում է Բահլուլը:
– Այսի՞նքն,- կարկամում է ուսուցիչը:
– Եթե նույնիսկ ընդունենք, որ քեզ հարվածել եմ, ասում էիր, չէ՞, որ ամեն ինչ Աստված է արարել, ուրեմն նաև ինձ` նվաստիս, և ամեն ինչ նրա կամոք է տեղի ունենում, ապա ինչպե՞ս եք դատելու ինձ:
Խալիֆին դուր է գալիս Բահլուլի պատասխանը:
Սուտ իմաստունն ամոթահար հեռանում է:
Թարգմանեց
Նունե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ