***
Մի՛ գնա հեզ` դեպի գիշերն այդ բարի,
Ծերությունն է բռնկվելու խավարում,-
Միշտ մոլեգնիր, որ լույսն հանկարծ չմարի:
Թեկուզ գիտեն իմաստուններն աշխարհի,
Որ մութն է ճիշտ, խոսքը կայծակ չի վառում,-
Չեն գնում հեզ` դեպի գիշերն այդ բարի:
Բարի մարդիկ, միշտ հիշելով թախծալի`
Ալիքի պես անցնող գործերն աշխարհում,
Մոլեգնում են, որ լույսն հանկարծ չմարի:
Եվ վայրենին, երբ արևը վիթխարի
Սանձեց, ապա զգաց մորմոքն անմարում,
Չի՛ գնում հեզ` դեպի գիշերն այդ բարի:
Երբ կույր մարդիկ` մռայլ գրկում խավարի,
Մահվան շեմին լույսն զգացին արարուն,
Մոլեգնեցին, որ լույսն հանկարծ չմարի:
Հա՛յր, անիծիր տխուր բարձրից քո դարի
Եվ օրհնիր ինձ արցունքներով վարարուն:
Մի՛ գնա հեզ` դեպի գիշերն այդ բարի,
Միշտ մոլեգնիր, որ լույսն հանկարծ չմարի:
***
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Կմիավորվեն մեռյալները մերկ`
Քամու գրկի մեջ գտնվող մարդու և արևմուտքի լուսնկայի հետ:
Երբ ոսկորները նրանց
անմարմին կդառնան աճյուն,
Աստղեր կշողան նրանց
ոտքերին ու արմունկներին:
Թեև խենթացած, սակայն
ողջամիտ կլինեն նրանք,
Թեև ծովասույզ, բայց կելնեն
նորից ալիքներից վեր:
Սիրահարները` թեև կորուսյալ,
չի կորչի սերը:
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Ծովի փոթորկուն ալիքների
տակ երկար մնալով`
Չեն մեռնի նրանք անիմաստ մահով:
Գելարանների վրա տանջվելով,
երբ մկանները տեղի են տալիս,
Կամ անիվներին փոկերով կապված`
դեռ կմաքառեն:
Հավատը երկու մասի կբեկվի
նրանց ձեռքերում,
Կպատուհասի չարը միեղջյուր ու կբզկտի,
Եվ հիմնահատակ կլինեն նրանք, բայց
չեն խորտակվի վերջնականապես:
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Ճայերն այլևս չեն ճչա նրանց
ականջների մեջ,
Ու չի փշրվի ալիքն աղմուկով`
ծովի ափերին:
Եվ ուր ծաղիկն է ծաղկում,
միգուցե էլ ոչ մի ծաղիկ
Չի հանի գլխիկն` անձրևի իջնող
կաթիլին ընդդեմ:
Թեկուզ խենթացած ու
մեռած լինեն գամերի նման`
Մարգարտածաղկի ցողունների հետ
ձգվում են վերև:
Դեպի արևն են ձգվում մեկընդմիշտ,
մինչև կսպառվեն բոցերն արևի,
Եվ չի ունենա մահն իշխանություն:
Անգլերենից թարգմանեց
Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆԸ