***
Դու եկար ուրիշ հեռուներից
Ու շինեցիր մենությանս ավերակները:
Ճակատագիրը հղիացավ
իր Աստվածներից
Ու մեկնվեց ավազաբնում:
Ես պաշտում եմ քո մատղաշ հրումները…
***
Ճակատագիր` փորված մատնեմատով,
Միասնության դաշինք այլախոհի,
Ու ներդաշնակ առևտուր է Տիեզերքում,
Ի՜նչ փույթ, թե չի սազում Քոնը Իմին…
***
Դու որտեղի՞ց եկար միամտորեն,
Այդ ի՞նչ կապով կցեց Տերը
Քեզ իմ կողին:
Ջանա՛, եղբա՛յր,
Արի քիչ էլ վերև,
Ձուլվենք աննյութեղեն, կամայածին:
Դեռ չպղծված, թարմ
զարմանքիդ օտարական
Կարեմ թևեր, հասնենք Աստվածներին:
Ու չզբոսնած Նրանց
պարտեզներում փարթամ,
Ուժգնանա վախը մայրանալու,
Տո՛ւր ձեռքդ ինձ, եղբա՛յր,
Մենք պարտվում ենք անկման ժամին:
Հեռանալուց առաջ մատաղեաղ ցանիր
Արդեն իմաստնացած տառապանքիս:
***
Ես չգիտեի, թե դու էլ ինձ պես
լացել ես թաքուն
ուրիշի ճերմակ անկողիններում:
Որ դու էլ ինձ պես
սեր ես շպրտել`
ուրիշի ծնկներին ննջելու համար:
Որ քո չստացված բախտը ծաղրելով`
պարպվել ես անհայտ մոլորակներում:
Ու չգիտեի, որ քո թևերի
խաչված անկյունում
դեռ տեղ ես թողել
իմ հեգ գլուխը հակելու համար…
***
Նմանվում են պատմությունները`
Կիսահանգույց ու անընդունելի:
Եվ անծայրության գիշերամիջին
Խաղացողներն են պարտվում համակից:
Ես ինչքա՞ն պիտի տառապեմ վերից`
Զրկված հաղթությամբ անհնարինի,
Ու միջադրյալ ուժով վսեմի
Դեռ որքա՜ն պիտի ձգվեմ մոլեգին:
Երբ թուլությունը հիմքն է պաշտության,
Ու Աստված ինքը
Հիսուսադըրեց Մայրամե կույսին,
Շղթայակապված կսպասենք երկար,
Մեր հեռու ու սուրբ Մեծ Վերադարձին…
***
Մնա՛ մի քիչ երկար,
Մի քիչ ինձ հետ մնա,
Ընտելանամ տառապանքիդ`
Մեծ գիշերից առաջ,
Ու մռութիս իջած
Ջահել պաչիդ
Հմտորեն հևամ ես անպաշտպան…
Մնա՛, մի քիչ ինձ հետ մնա:
***
Քեզ նետել ես վշտիս
հեռաստանը կարմիր,
Եվ հրատարփ կնոջ մեղրամոմե`
Գգվանքներից անհագ ու կրքահար,
Հմայքներիդ ջահել հեղեղումն է հորդում`
Բորբոքելով երջանկափառ
Խնդությունը վերջին…
***
Երբ քո ազդրերից
իջավ ծնկներիդ
ու հանգիստ առավ
հոգնությունը իմ,
Կցված տագնապով հավիտենական`
դու ցանկահոժար անմեղ հնարքիս
խնդությունն առար
գազանավայել…
Կեսգիշերային ներդաշնակությամբ
մեր սերը հրե,
Չվստահելով կեղեքիչ օրվա
զորությանն ահեղ,
Գեղեցկանում էր
փառավորումով թարմությամբ որձի…
Արևից առաջ
հոգնած, անհավես
սեղմած կոկորդիս
Ես Քո
անունը
վանկարկում էի…
***
Միջնախռով աշնան երկնախորշում
Հեկեկում է կիսատ մի խոսք ցավերիս մեջ:
Ու փաթաթված վզիս ծալքին դատարկ`
Ատելությունն է
դառնանում թախանձանքով:
Գիտեմ, կգաս, ի՛մ բարեկամ,
Հավատամքով ճշմարտորեն:
Քո չստացած այն նվերի դիմաց
Ես բախտով եմ հատուցանել:
***
Երեկվա կույսը
այսօր խնամքով
ներքնաշորերն էր փռում պարանին
և լցահյութից ձգված կրծքերը
թաքցնում էր իր սև երկար մազերում:
Քո տան պարանին
մի կախաղանված
անրջանք է օրորում քամին…
***
Ամենագեղեցիկ քնած տղամարդը
Դու էիր:
Թարթիչներիդ տակ`
առեղծվածային,
դեռ երեկվանից
անդամահատված
բառն է երանգվում…
***
Այնպես սիրուն ես լռում իմ
ջրասույզ հեքիաթի մասին
քո աներևույթ ավազուտների խորշերում:
Ձուկ…
***
Երբ միասին ենք տրորում
առավոտը նեղ անկողնու,
երբ վերսկսում ենք` դավաճանելով
ադաթներին անպաշտելի`
փակել սենյակի դուռը
Սատանայի ու Տիրոջ հետևից,
երբ մեր երակներում սառչող արյան ռիթմը
միակ այտուցված բույսի
կենսահյութը ունի,
աշխարհի սերմնասերուցքը
տենդաթաղանթի նման
չորանում է ճշմարտության դեմքին:
Ու երեկոն կապարագույն է կաթում
էգի լքված միջնապատին ու
վերջին կողին որձի.
ու երբ միջնօղակում հակադրվող
վաղվա գոյամարտն է հաղթում,
մենք միասին ենք տրորում
մի նոր առավոտ` մեր նեղ անկողնու…