Մարդը չէր հիշում, թե ինչ է եղել: Նա կանգնած էր հսկայական հյուրանոցի առջև և գիտեր, որ ներս է մտնելու: Շուրջը համատարած խավար էր, և միայն հյուրանոցի լույսերն էին խորհրդանշում ինչ-որ իրական ու շոշափելի մի բան:
Հյուրանոցի ապակեպատ դռներն անընդհատ բացվում էին ու փակվում. մարդիկ էին ելումուտ անում: Հայտնվելով դրսում` մարդիկ աղոտանում ու վերջապես չքանում էին մթության մեջ:
«Մթությունը կուլ է տալիս նրանց»,- մտածեց մարդն ու քայլեց դեպի հյուրանոց:
Նա մտածեց նաև, որ անծանոթ այս վայրում իր հայտնվելն անպայման ինչ-որ իմաստ ու պատճառ ունի, և մեխանիկորեն թեքվեց ճամպրուկը վերցնելու: Ոչ մի ճամպրուկ էլ չկար:
Ձեռնունայն ձգվեց առաջ, սակայն հասկացավ, որ մի կպչուն լարով կապված է մթության հետ: Եվս մի ճիգ, և լարը կտրվեց: Մարդն իրեն հանկարծ որբացած զգաց ու շքադռներով մտավ ներս: Խավարն ավելի տաք էր, քան լույսը:
Սպասասրահը լիքն էր իր նման եկվորներով: Մարդիկ մի կերպ էին տեղավորվել նստարաններին, ոմանք կանգնած էին ինչ-որ սեղանների ու փեղկերի մոտ և հյուրանոցում տեղավորվելու փորձեր էին անում: Ոմանք էլ նյարդայնացած ետ ու առաջ էին շարժվում` դժվարացնելով սպասավորների ու բեռնակիրների մրջնային աշխատանքը: Բոլորն սպասում էին:
Նրան ոչ ոք չնկատեց: Սկզբում դա դուր եկավ. «Ավելի լավ, ի՞նչ կարիք կա»: Հետո սպասասրահի անտարբերությունն սկսեց գրգռել նրան. «Ինչո՞ւ ոչ ոք չնկատեց, մի՞թե իմ հայտնվելով այստեղ ոչինչ չփոխվեց»:
Սենյակ վարձելու փորձերը ձախողվում էին:
– Ազատ համարներ չկան, պետք է սպասեք,- մեքենայաբար կրկնում էր ընդունարանի հերթապահը:
Մի պահ թվաց` պատի տակ կանգնած անծանոթը մատով կանչեց իրեն:
«Խաբկանք է»,- մտածեց ու դեմքով շրջվեց դեպի պատը:
Անծանոթն արտացոլվեց սպասասրահի հայելանման փեղկերի մեջ և երկար նայելուց հետո հեռացավ:
Մարդը, քանի որ անելու բան չուներ, գնաց նրա ետևից: Խճճված միջանցքները դատարկ էին ու մութ: Անծանոթը քայլում էր առջևից` ստեպ-ստեպ շրջվելով և համոզվելով, որ եկվորը ետ չի մնում:
Հանկարծ հայտնվեցին լուսավոր մի սենյակում, ուր բազմաթիվ գեղեցիկ կանայք, գրասեղանների ետևում նստած, ինչ-որ բան էին գրում: Նրանք բոլորը մերկ էին:
Անծանոթը որսաց նրա հայացքը.
– Հաշվետվություն են գրում:
– Իսկ ինչո՞ւ են մերկ,- հարցրեց` զգալով, որ քրտնում է:
– Հը՜մ,- քմծիծաղեց անծանոթը:- Դա նրանց ծառայողական արտահագուստն է:
– Մերկությո՞ւնը …
Անծանոթը ոչինչ չպատասխանեց: Նա մարդուն թևանցուկ տարավ գրասեղաններից մեկի մոտ: Երկիմաստ ժպտաց ու հեռացավ:
– Նստեք, խնդրեմ,- ժպտաց կինը,- ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
Մարդն ապշահար նայում էր նրա մերկ մարմնին ու զգում էր, որ կարկամում է.
– Ես… ես…
Հանկարծ հսկայական ստինքների տակից կինը մի թուղթ հանեց.
– Ձեզ սենյա՞կ է հարկավոր:
Մարդը չլսեց նրան: Գլխում միայն մի միտք էր պտտվում. «Կրծքերը կարծես փչած լինեն: Հաստատ իսկական չեն»:
– Պարո՛ն, դուք ինձ չեք լսում,- սեթևեթեց ծառայողուհին:- Եթե կասկածում եք, կարող եք ձեռք տալ:
Մարդն ապշահար ընկավ աթոռի թիկնակին` զգալով, որ իր մտքերը կարդացին: Ծառայողուհին տեղից բարձրանալով` դանդաղ մոտեցավ և նստեց նրա ծնկներին: Հետո բռնեց ասես կաթվածահար ձեռքերն ու դրեց ստինքների վրա:
– Հիմա համոզվեցի՞ք,- քրքջաց կինն ու վերադարձավ իր տեղը:
Մարդը կնոջ բերանից փչող մեռելային գարշահոտից սթափվեց: Թվաց` ինքն ավելի մերկ է, քան իր դիմաց նստած կնոջ տարփալից մարմինը:
– Հյուրանոցն սկսվում է նկուղային հարկերից և վերջանում է…
– Չի վերջանում,- Անծանոթը դարձյալ հայտնվել էր,- և որքան վեր ենք բարձրանում, այնքան համարները գեղեցիկ ու հարմարավետ են դառնում:
Անծանոթը ինչպես հայտնվել էր, այնպես էլ հեռացավ: Եվ մարդը միայն հիմա նկատեց հարևան գրասեղանի մոտ նստած նորեկին:
– Պարո՛ն, ինչպիսի՞ համար եք ուզում,- շարունակեց ի՛ր բաժին ծառայողուհին:- Ընտրեք ինքներդ:
Նրա առջև, սեղանի վրա, բազմաթիվ նկարազարդ ալբոմներ էին փռված` սենյակների շքեղազարդ բազմազանությամբ: Մի պահ գլուխը պտտվեց կյանքի պատկերների այդ զեխությունից, ու կտրուկ ոտքի ելավ.
– Ինձ ոչինչ հարկավոր չէ: Ես չեմ կարող վճարել…
Հետո սեփական ձայնի բարձրությունից ու մերկ կանանցով լցված սենյակի անհեթեթությունից զարմացած` շարունակեց.
– Ես… ես նույնիսկ ճամպրուկ չունեմ:
Ծառայողուհին ստինքները փռեց սեղանի վրա, ձգվեց դեպի մարդն ու հեշտագին փսփսաց.
– Դուք ունեք այն ամենը, ինչ մեզ հարկավոր է: Միայն ցանկացեք:
Կնոջ բերանի գարշահոտից ազատվելո՞ւ, թե՞ մեկ այլ պատճառով մարդն արագ համաձայնեց.
– Այո՛, այո՛… իհարկե… ցանկանում եմ…
– Ա՛յ, դա լավ է,- դռան ետևից Անծանոթը կրկին երևաց:
Բնակարանի ընտրությունը երկար չտևեց:
– Փառահեղ ընտրություն է: Մեկ-երկու օրից կպայմանավորվենք նաև վճարի մասին: Իսկ հիմա…
Սենյակի դռները հանդիսավոր բացվեցին, և աներևույթ թմբուկների դղրդյունը ներկաներին ստիպեց ձգվել: Անծանոթը փոքրիկ գրքույկներով ծանրաբեռնված մի սկուտեղ մոտեցրեց ու հաղթանակած ժպտաց.
– Ընտրեք` որն ուզում եք:
Զգալով պահի հանդիսավորությունը` մարդը վերցրեց գրքույկներից մեկն ու դողացող մատներով բացեց այն: Անձնագիր էր` իր նկարով և ինչ-որ անուն-ազգանունով: Մյուս անձնագրերում ևս իր լուսանկարն էր փակցված, բայց անուններն ուրիշ էին:
Մարդը զարմացած նայեց անծանոթին ու վարանեց:
– Մի՛ նեղվեք, ընտրեք` որը կհավանեք,- նրան դարձյալ քաջալերեցին:
Նա փակեց աչքերն ու վերցրեց առաջին պատահած գրքույկը:
Մերկությունը ծափահարեց նրան:
Մարդը հուզված էր: Շուրջն իրադարձություն էր, որի հանդիսավորությունը, որքան էլ որ շինծու, միևնույն է, ստիպում էր հուզվել:
– Շնորհավորում եմ: Մարդ դառնալու համար անունն ու անձնագիրը բավականին ծանրակշիռ փաստարկներ են:- Անծանոթը մտերմիկ թփթփացրեց նրա ուսին ու հեռացավ:
Օրերն անցնում էին` բազմոցների փափկության մեջ խեղդելով ժամանակը: Մարմնական երանությունը քաղցր թմբիրով պաշարել էր իրականության ամրոցը, և աշխարհը մի կախարդական հեքիաթ էր` անսկիզբ ու անվերջ:
Մի օր էլ, երբ կիսամութ միջանցքների զվարճալիքներից ու վավաշանքի գրավչությունից ընդարմացած մարդը վերադարձավ իր համարը, սեղանին անձնագրերի ծանոթ սկուտեղը տեսավ:
Սկզբում ոչինչ չհասկացավ: Հետո միայն, երբ մինչև վերջ ընթերցեց վրան դրված կտրոնների տրցակը, հասկացավ, որ եկել է վճարելու ժամանակը: Վերջին կտրոնի ներքևում գրված էր. «Ընդամենը` մեկ աչք»:
Մարդը մեկ անգամ էլ կարդաց, հետո էլի մեկ անգամ և… ոչինչ: Նա շփոթված նստեց բազմոցին ու փորձեց հասկանալ իրողությունը:
Հանկարծ դուռը թակեցին: Սպասուհին էր:
– Վճարելու համար դուք պետք է ներքև իջնեք: Ձեզ սպասում են:
Մտածելով, որ ինչ-որ բան սխալ է, մարդը շարժվեց սպասուհու ետևից ու հայտնվեց վերելակում: Նա երբևէ այդ վերելակից չէր օգտվել: Որքան էլ փորձեց, չկարողացավ հիշել, թե միջանցքի որ մասում էր այն: Վերելակն անշուք էր, բորբոսնած պատերով: Մարդկանց բազմությունը մի կերպ խցկվել էր ներս ու հրմշտում էր իրար` լպրծուն պատերին չկպչելու համար: Վայրէջքը երկարում էր: Մարդը նկատեց, որ բոլորի ձեռքին իր կտրոնի նման թղթի կտորներ կան: Սարսափի ալիք անցավ մարմնով, և կորցրեց հավասարակշռությունը: Մտածեց փախչել, բայց գջլոտ պատերը սահմանափակել էին աշխարհը: Քայլ արեց ու տրորեց հարևանի ոտքը և քանի որ քաղաքավարի էր` մեխանիկորեն ներողություն խնդրեց: Հարևանը միայն ժպտաց` ակնոցի տակից ի ցույց դնելով միակ աչքը.
– Դարդ մի՛ անի, եղբա՛յր, պրոթեզ է…
Հանկարծ վերելակը կենդանացավ, և փորձառու բազմությունը սկսեց կատակել.
– Երևում է` առաջին անգամ ես վճարելու,- շարունակեց հարևանը:- Ոչինչ, բոլորս էլ դրանից ենք սկսել:
Մարդը պապանձվել էր: Միայն մտքերն էին գժի նման բախվում մամռոտ պատերին ու փշրվում: Աչքերը գամվել էին վերելակի առաստաղին, ուր հստակ գրված էր` «No exit»: Վերջապես գահավեժը դադարեց, ու վերելակի ուղևորները, շարունակելով կատակել նորեկի կապակցությամբ, սփռվեցին տարբեր սենյակներում: Մարդը միջանցքների խաչմերուկում մնաց մենակ.
– Դուք նորե՞կ եք,- ետևում ձայն լսվեց:- Տվե՛ք ձեր կտրոնը:
Պատասխանի չսպասելով` «Ձայնը» վերցրեց այն ու թևքից բռնելով` մարդուն առաջ տարավ: Ոտքերը միաժամանակ և՛ ծանր էին, և՛ դողդոջ: Երկյուղից չռված աչքերը սենյակների դռների վրա կարդում էին «Աչք», «Վերջույթներ», «Երիկամ» և այլն:
Հավաքելով համարձակության վերջին մնացորդները` մարդը կանգ առավ.
– Ի՞նչ է կատարվում, ո՞ւր եք ինձ տանում,- փորձեց ազատել «Ձայնի» աքցանած թևքը:
Պատասխան չէր էլ լինելու: Նա հասկացավ, որ գիտեր նաև դա:
Հրելով սենյակներից մեկի դուռը` նրան ներս խցկեցին ու հեռացան:
Հետո… հետո նա այլևս ոչինչ չհիշեց:
Երբ բացեց աչքերը, պարզվեց, որ մեկն արդեն բաց է: Դարձյալ իր երանավետ սենյակում էր:
Վազեց հայելու մոտ ու սկսեց շոշափել այն, ինչ աչքի փոխարեն էր: Ամեն ինչ շատ բնական էր:
– Մի քիչ կցավի, և վերջ:- Սպասուհին էր:- Պրոթեզը ինքներդ ուզեցիք,- շարունակեց նա` զգալով կենվորի հարցական հայացքը:
Երբ մենակ մնաց, փակվեց ննջարանում: Կատարվածի հրեշավորությունն անըմբռնելի էր ու անբնական: Նա հասկացավ, որ վերելակի մյուս ուղևորների նման ինքն էլ վճարեց այն ամենի համար, ինչ արեց և ինչ իրեն արեցին:
«Դուք ունեք այն ամենը, ինչ մեզ հարկավոր է»,- հիշեց տարօրինակ ընդունարանի մերկ աշխատակցուհուն ու հասկացավ, որ վերադարձ չկա. «Հյուրանոցը խեղանդամների ծպտյալ կրկես է»:
– Ո՛չ,- սեփական մտքերից փախչելու համար նա անբնական գոռաց ու ափերով սեղմեց խեղված գլուխը:- Ես… Ես չեմ ուզում… Այսպես չի կարող շարունակվել… Պետք է մի բան անել…
Դարձյալ վերելակում էր` հայելապատ ու հարմարավետ, գոհունակությունից ժպտացող կանանցով ու տղամարդկանցով լի: Նրանք նայում էին իր մերկությունը մի կերպ ծածկող թավշյա խալաթին ու փսփսում:
Հայելու մեջ արտացոլվող սեփական անփույթ արտաքինը մարդուն այլևս չէր հուզում:
Ներքևում կիսամութ միջանցքների լաբիրինթոսը դարձյալ մոլորեցրեց նրան: Սակայն շուտով գտավ` ինչ փնտրում էր:
– Մենք կենվորների հետ չենք աշխատում,- հարցի չսպասելով` նախահարձակ եղավ ստինքաշատ ծառայողուհին:
– Ես այն մարդուն եմ փնտրում, նրան, ով ինձ այստեղ բերեց, օգնե՛ք, խնդրում եմ:
Ծառայողուհու նախկին սիրալիրությունը չքացել էր:
– Դուք ինձ խանգարում եք աշխատել և հետո` ոչ ոք ձեզ այստեղ չի բերում. ինքներդ եք գալիս,- ֆշշացրեց նա ու ինչ-որ կոճակ սեղմեց:
Երկու հաստամռութ հայտնվեցին, և մարդն արդեն ներքնահարկում էր:
– Դուք ի՞նձ էիք փնտրում…- Անծանոթի ծանոթ ձայնն ստիպեց ցնցվել:
Մարդը լարեց միակ աչքը և մթության մեջ փորձեց զանազանել այն, ինչ խոսում էր:
Անծանոթը մոտեցավ ու թևանցուկ արեց.
– Ես գիտեմ, գիտեմ… Կարող եք ոչինչ չասել:
Խոսակցի հանդարտությունից մարդն իրեն ավելի վստահ զգաց.
– Բայց չէ՞ որ դա աբսուրդ է… վճարման ձեր համակարգը…
Անծանոթն սկսեց ծիծաղել` ցնցելով ձեռնափայտը: Մարդը մտածեց, որ առաջին անգամ է այդ ձեռնափայտը տեսնում.
«Գուցե նրա ոտքը ևս»:
– Ո՛չ, ո՛չ, սիրելի՛ս, իմ ոտքն իսկական միս ու արյունից է,- մտքերն ընդհատեց Անծանոթն ու շարունակեց քայլել:
Միախառնվելով` ներքնահարկի խոնավությունն ու խավարը անդորրի ու խաղաղության անսահման մի ներդաշնակություն էին ստեղծել:
– Ի՞նչ եք զգում:
– Խաղաղություն: Գիտե՞ք,- խոսեց մարդը,- զարմանալի է, բայց ես ինձ հրաշալի եմ զգում: Թվում է` երբևէ այսպես լավ չեմ զգացել:
– Կուզեի՞ք այստեղ մնալ:
Հարցն անսպասելի էր, և մարդը կանգ առավ: Նայեց շուրջն ու զարմացած տարածեց ձեռքերը.
– Բայց այստեղ ոչինչ չկա…
– Չէ՞ որ այստեղ դուք ձեզ լավ եք զգում, և երբևէ այդպես լավ չեք էլ զգացել: Մի՞թե սրանք ձեր խոսքերը չեն:
Լռություն: Մարդը պատասխան էր փնտրում ու չէր գտնում.
«Ինչո՞ւ է նկուղի դատարկությունն այսքան ձգում ինձ: Մի՞թե սա է ելքը…»:
– Ուզո՞ւմ եք վերև բարձրանալ,- Անծանոթը ձեռնափայտին էր նայում:
Մարդը կանգնած էր ու չէր հասկանում, թե ինչ է ուզում: Նա պարզապես զգում էր տարածության ու ժամանակի այդ պահը, զգում էր, որ այն ճամփաբաժանի է նման, և որ իր մի քայլով ժամանակի սլաքը պիտի բարձրանա կամ պիտի իջնի: Ինչո՞ւ որոշումը հենց ինքը պիտի կայացներ: Դա արդարացի չէր: Մի՞թե ի՛ր կամքով էր հայտնվել հյուրանոցում, ո՞վ էր հարցրել` ուզո՞ւմ էր արդյոք ընդհանրապես այստեղ գալ: Իսկ հիմա` կամք… ընտրություն… Տրամաբանություն չկար:
Թող որոշում կայացնի նա, ով մինչև հիմա դա արել է իր փոխարեն:
– Օգնե՛ք ինձ, խնդրում եմ: Ես չգիտեմ` ինչ եմ ուզում,- ձայնը հևում էր մարաթոնյան վազորդի շնչառության ռիթմով:- Ես պատրաստ եմ վճարել…
– Բայց չէ՞ որ դուք նույնիսկ ճամպրուկ չունեք…
Անծանոթը հիասթափված էր ու տխուր.
– Ո՛չ, ո՛չ, ես ձեզ չեմ մեղադրում: Պարզապես ձեր հայտնվելով` դարձյալ ոչինչ չփոխվեց: Իսկ ես դեռ հույս ունեի… Գիտե՞ք` միշտ ավելի հեշտ է ասել, որ ելք չկա:
Մարդը երկա՜ր նայեց հեռացող ձեռնափայտի ետևից, հետո հավաքեց խալաթի փեշերն ու քայլեց դեպի վերելակը: Նա շատ էր ուզում նստել: