Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ՇՈՒՇԻ

Վիրավո՛ր հայրենիք, տանիքդ

հուշասյուն է դարձել, հողը տաք է,

զինվորի վրեժն է եռում

նրա երակներում, հաղթանակի

երազներն են այնտեղ սավառնում, և

կարոտի արցունքներն են հոսում

աչքերից մանուկի, որոնք հերոսածին

մայրերի գրկում, հպարտ զինվորին

ճանապարհ են դնում…

 

Ներիր ինձ, Շուշի՛, ես թողեցի քեզ

մշուշում միայնակ, բայց ոչ լքված,

հոգեմաշ բառերի նման դժբախտ,

ճենապակե տիկին, սառույց ես թե

ադամանդ, հավաքիր մտքերս,

կարդա աղոթքս, որ հնչում է

Ղազանչեցոց եկեղեցու գմբեթներից

և արձագանքում սրտիս մեջ, ափում

սեղմելով խաչը հավատքի, ինչպես

մեռնողը, որ միշտ վերջին հրաշքին է

սպասում, երբ լռում է ճակատագիրը`

խոսում է կամքը, նույնն էլ ես, հավատարիմ

կնոջ պես սպասում եմ վերադարձիդ, որ

կրկին զանգեր կհնչեն պսակի և ճիչեր

նորածին մանուկների, ում կկնքեն քո

անունով, չքնա՛ղ Շուշի:

 

ԱՐՑԱԽՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ

                    ԱՐՑԱԽԸ ԵՍ ԵՄ

Պապիս` Միքայել Արտեմի Հարությունյանին

 

Արցախը խոցված իմ սիրտն է վիրավոր,

Այրվող հողի ամեն մի կտոր

Զավակին կորցրած մոր սիրտն է սգացող,

Ում սփոփանքը իր օրհնանքն է, որ

Սնում է մարտի կանչին շտապող

Հոգին զինվորի…

 

Այստեղ՝ անկոտրում լեռան թիկունքում,

Պահապան բազեն է շրջում, ուր

Մխիթար Գոշի հայրենիքի՝ Գանձակի

Ծխացող երդիկների սև փոշին է

Խառնվում տիեզերքի աղոթքներին,

Թողնելով իր հետքը նահատակ

Քաջերի շիրմաքարերին,

Ի պատասխան խուլ աշխարհի

Խաղաղության կոչերի…

 

Արցախը հնչյունների երկիր է, որ

Ամեն մի տաղ մեր պապերի

Ձայնն է արձագանքվող լեռներից,

Որ կոտրում է երիտթուրքի ողնաշարը,

Ով կփորձի ոտք դնել իր գագաթին,

Ինչքան էլ շուրջդ նայես, ամեն մի

Փլված կտուրից անգամ, ծածանվում է

Հաղթանակի եռագույնը…

 

Գրկիր ինձ, հայրենի՛ք, թույլ տուր զգալ

Սրտխփոցը աշխարհի, թող որ առնեմ

Կարոտս մայրական քնքշանքների,

Զգամ ջերմությունը այտերիդ, երբ

Խոնարհվելիս դիպչեմ քարքրոտ

Ճամփեքիդ, միևնույն է, մոլորակի

Գանձերից անգամ թե աչքդ կշտանա,

Հոգիդ պիտի դրախտ տենչա, դեպի

Բյուրեղն աշխարհի, պապերիս հողն

Արցախի…

Արցախը ես եմ…

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Քեռուս` Արտեմ Հարությունյանին

 

Խաղաղության լուսաբացին արևը բացեց

Իր արյունոտ աչքը և հաղթանակած

Լանջերի ծաղկեփնջերը կապեցին սև

Ժապավենները, իսկ մանկությունս

Խլացրեց ականի պայթյունը, և ես բռնեցի

Վիրավոր հրեշտակի ձեռքը, սրբեցի

Արցունքները նրա, որ թրջում են արյունոտ

Հողը, տարածվելով ժամանակի ճաքերում…

 

Մարմինս կարծես պատվել է ականներով,

Ու սիրտս պայթում է ներսից…

Այժմ իմ սգացող հոգին միայն մի հարց է

Տանջում. կա՞ արդյոք աշխարհում

Թշնամու անհետացող տեսակ, ով գիտի,

Գուցե հողը իմանա, չէ՞ որ հողը արյան

Հիշողությունն է, որ խմում է իրականության

Բաժակից, ուր թեժ մարտից ընկած

Զինվորի արյունն է հոսում կաթ-կաթ,

Մինչ բաժակի բերանն է լցվում, բայց

Աշխարհի հարցերին կա հստակ

Մի պատասխան. Արցախցին է միշտ

Հաղթում…

 

ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԹԸ

Հողը ալեկոծ է, հերոսների արյունն է

Հոսում նրա երակներում, և իր

Արմատներն է տարածում ծիրանենին,

Որի ճյուղերին բացվում են ալ կարմիր

Բողբոջները, որ շիկնել են մերկությունից,

Արյան ալիքը վեր է բարձրացնում

Պայքարող ձեռքը և ի ցույց դնում

Հարվածող բռունցքը, պապիս տնկած

Նռնենին ծաղկել է կրկին, բայց արդեն

Ոչ մեր այգում, ծաղկած շիվերից

Զինվորի երգն է հնչում…

 

Գարունը կարծես խենթացած

Կնոջ պես իր հմայքն է ի ցույց դնում

և փոթորկվում, երբ անփույթ քամին

Ուսը ուսին խփելով, անտարբեր

Անցնում է իր կողքով, շաղ տալով

Սերմնացանը գարնան, մարտիկներն են

Նրանք գալիք սերունդների, որ պիտի

Ծաղկեն խաղաղ երկնքի տակ,

Անցնում են նրանք անդարձ, կիսադեմ

Ու կիսաստվեր գետնանցումներով խոնավ,

Առանց անցյալ ու անվերադարձ, մշուշոտ է

Ապագան, բայց և այնքան պարզ, չէ՞ որ

Հաղթանակները հենց նրանց է տրված:

 

ՍԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ԵՐԱԶ

Երազում դու տենչում ես միայն ինձ,

Իրական են հույզերդ և խոստումներդ՝

Կեղծ. կառչել եմ երազից ու ոչ մի կերպ

Բաց չեմ թողնում քեզ, իսկ քամին

Չի հեռանում, սավառնում է շուրջս

Անվերջ, ցնորքի պես, ինչպես և դու, որ

Երբեք չես լքում ինձ իմ հուշերում և

Անկարողությանս մեջ…

 

Ծովառյուծի պես հզոր, թափառում են

Հոգիները մեր և ամպերից էլ վեր,

Մեկ մարմին դառնում, այլևս

Անբաժան ենք մենք, ինչպես երկինք և

Երկիր, այս անավարտ երազում չկա

Արդարացում ո՛չ մենության, ո՛չ այն սիրո,

Որը երբեք չեն խոստովանում, մնա ինձ

Հետ, որպես երազ, և ես չեմ արթնանա

Այդ երազից…

 

ԹԱՔՆՎԱԾ ԳԱՐՈՒՆ

Հողը ճաք է տալիս, երբ ցնցվում է

ճակատագիրը, քամին վեր է բարձրացնում

փոշին, որ նստում է շերտավոր խմորի նման,

փնտրելով թափառող արմատները

լքված անտառների, նման են նրանք

այն դատարկ դարակներին, որտեղ ցեցերը

թողել են իրենց մատնագիրը

պապիրուսի և մաշված թաշկինակի

արանքում, մինչդեռ այնտեղ կարող էին

ծաղկել մանուշակները, չէ՞ որ այդտեղից է

սկսվում գարունը և գիշերները

զով ու մի փոքր անքուն, որից հետո

բացվում են ամենապայծառ լուսաբացները,

և դուրս է գալիս ամենադեղին արևը

կապտականաչավուն երկնքում,

իսկ մարդիկ շարունակում են փնտրել

քաղաքը, որտեղ թաքնվել է գարունը և

այն ծառը, որը վաղուց է կորցրել իր արմատները,

անտառներում մաշված ու գունատ, հիմա,

երբ կարոտը քո անունն է տալիս, կարևոր չէ,

թե ուր մնացին հետքերը, քամուց ճկված ծառերը,

մեղուները, որ իրար հրմշտելով

սիրահետում էին ծաղկած դաշտերը,

կուլ տալով ծաղկափոշին՝ բզզում էին նրանք

մեկը մյուսի ականջին, խոստովանանքը

մերկ ծառերի, որ սպասում էին իրենց ծաղկունքին,

ես շարունակում եմ փնտրել քաղաքը,

որտեղ ծաղկում են մանուշակները:

 

ՍԻՐՈ ՉՈՐԱՑՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

ԳՈՐՇ ԿԱՅԱՐԱՆԻ ԹԱՎՈՒՏՆԵՐՈՒՄ

 

Զարկերիդ համընթաց աշխարհը փոխվում է՝

ի ցույց դնելով իր իրական դեմքը, և ես

շտապում եմ գտնել դեպի քո սիրտ

տանող ամենակարճ ճանապարհը,

ժամանակը արթուն է և չի սպասում մեզ

կայարաններում, որտեղ օտարացող

մարդիկ բաժանման պահին դեռ

երկար կնայեն իրար աչքերի և

կապրեն ակնթարթներ կարոտի

հերթական անգամ, այնտեղ դողացող

ձեռքերը իրենց գիրկն են առնում

մեկը մյուսին և երբեմն նկատում, որ

օտար են մնացել ժամանակի

խոշոր հատվածներում և ճիգ անում

նորից միանալ, բայց, ավաղ, գնացքը

մեկնել է արդեն՝ սփռելով զայրույթի

կայծեր ռելսերի վրա…

 

Աշխարհը օտարանում է մարդուց՝

նրա չարագործ արարքների համար,

ով կարծում է, թե տարածությունը

շտկում է ամեն ինչ, դարձնելով

կյանքը անպատասխանատու ընթացք,

և շտապում բարձրացնել ծանր

ճամպրուկները հույսով լցված,

հրաժեշտից և համբույրից առաջ

վերջին անգամ փայփայելով միմյանց…

 

Կորուստները ճիչեր են, որ խլացնում են

տիեզերքից եկող զգուշացնող ձայները,

որոնք մարդ արարածին ասում են իր

քանդված էության մասին, և որ մի օր

դու դառնալու ես ձարխոտի

չորացած շիվ, հաշմանդամի պես

հենակների վրա կախված, ինչպես

օդում ճոճվող զանգ, որ բուժում է

մարդու անհուսության, սոսկալի

չարության իր բաժինը և

նախազգուշացնում, որ աշխարհում

չկան վայրեր, որտեղ կորուստներ

չլինեն և մոռացում, հնի ու նորի և

կանխագուշակվող ապագայի, ողջը

պայքար է կարծես, իմ ու քո միջև,

որտեղ չկա անջատում, ինչպես

երազում, իրականի և թվացյալի

միջև, երջանկությունը թախիծ է,որ

գալիս է աշնան հետ, գուշակներն են

միայն երջանիկ իրենց ստահոդ

դարձվածքներով և փորձում են

մարդուն համոզել, մի քիչ էլ

ապրել, մինչ գուշակումը

կիրականանա, իսկ նա վաղուց

սոսկ օդե մի տոպրակ է,

երեխայի ձեռքում, որ պայթեցնում են

հուսահատության պահին՝

դարձնելով շնչելու օդը խաղալիք և

դատարկ հնչյուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։