Հանդիսություն` նվիրված Հրաչյա Սարուխանի ծննդյան օրվան

Սեպտեմբերի 3-ին Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված երջանկահիշատակ անվանի բանաստեղծ Հրաչյա Սարուխանի ծննդյան 69-ամյակին: Միջոցառումը, որը կազմակերպել էին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը և տուն-թանգարանը, վարում էր ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Նրա առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրաչյա Սարուխանի և այդ օրը վախճանված բանաստեղծ, թարգմանիչ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը: «Անհնար է Վանաձորը պատկերացնել առանց Սարուխանի: Նա մահկանացու էր հավերժի մեջ: Ինչքան հեռանանք Սարուխանից, այնքան բարձունքներում ենք տեսնելու նրան»,- ասաց արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը: Վաղեմի ընկերոջ մասին հուշեր պատմեց բանաստեղծ Արտաշես Արամը և ասմունքեց Հ. Սարուխանին նվիրված իր բանաստեղծությունը: «Հրաչյա Սարուխանի ստեղծագործությունների խոր վերլուծություն մինչև հիմա չի կատարվել: Իմ առաջարկն է «Մեր սիրված բանաստեղծությունները» խորագրով Սարուխանի գրքի տպագրումը: Առաջիկայում նաև նախատեսվում է Հրաչյա Սարուխանի անվան գրական մրցանակի հիմնադրումը, որը կկրի «Հրաչյա» անվանումը»,- իր խոսքում նշեց արձակագիր Վան Արյանը: Խոսք ասացին արձակագիր, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, երգահան Գագիկ Աղաբաբյանը, բանաստեղծներ Շանթ Մկրտչյանը: «Անդին» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը հուշեր պատմեց իրենց համատեղ գրական-ստեղծագործական և ընկերական կյանքից և տեղեկացրեց, որ այսուհետ լինելու է «Անդինի» Հ. Սարուխանի անվան մրցանակ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգով: Ջիվան Սարգսյանն առաջարկեց Հ. Սարուխանի 70-ամյակին ընդառաջ նրա տուն-թանգարանը բացել ծննդավայր Մարգահովիտում կամ Վանաձորում: Ելույթ ունեցան նաև գրականագետներ Վալերի Փիլոյանը, Վանո Եղիազարյանը, արձակագիր Վանուշ Շերմազանյանը, բանաստեղծներ Լենա Անթառանյանը, Վարուժան Խաստուրը: Իր շնորհակալական խոսքը ներկաներին և միջոցառման կազմակերպիչներին ասաց Հ. Սարուխանի այրի Անահիտ Պետրոսյանը: Ցերեկույթից հետո մասնակիցներն այցելեցին Սարուխանի ծննդավայր Մարգահովիտում գտնվող նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով պոետի հիշատակին:

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։