1. 1991-ի սեպտեմբերի 21-ին իսկական տոն էր Լոռվա մայրաքաղաքում, իսկ երբ հայտարարվեցին քվեարկության արդյունքները, ուղղակի ցնծություն էր տիրում, մանավանդ գրողների, արվեստագետների, մտավորականության շրջանում: «Վերածնունդ» թերթը լայնորեն լուսաբանեց Անկախության հանրաքվեն, որի մասին հրապարակումների մեծ մասի հեղինակը ես էի:
Մենք բոլորս արդեն անկախ Հայաստանի քաղաքացիներ էինք, թեպետ շատերը մոլորված էին՝ ինչպես ենք պահպանելու այդ անկախությունը: Արցախյան պատերազմը շարունակվում էր: Քաղաքի Արցախ պուրակում հաճախ էինք հրաժեշտ տալիս պատերազմում զոհված քաջարի լոռեցիներին: Չպետք է մոռանալ, որ ՀՀ առաջին նախագահի օրոք ազատագրվեցին Արցախի հինգ շրջաններ, իսկ թշնամին խայտառակ պարտություն կրեց
2. Անկախությունն ինձ և գրչակից ընկերներից շատերի համար առաջին հերթին արժևորվեց գրաքննության վերացմամբ: Արցախյան շարժման ընթացքում գրել էի շուրջ 80 բանաստեղծություն, որոնցում գերակշռում էին հատվածային ոգևորությունն ու զգացմունքայնությունը: 1991-ին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց բանաստեղծություններիս առաջին՝ «Շարունակվող մղձավանջ» ժողովածուն: Այդ գործերից ընդամենը մի քանիսը զետեղեցի գրքում: Սակայն 1980-ականների կեսերին քաղաքական թեմայով գրված «Իբրև լռության փրկագին» սոնետների պսակը հնարավոր եղավ հրատարակել 2001 թվականին, իմ երկրորդ՝ «Անդրադարձներ» գրքում:
Անկախության տարիներին աննախադեպ զարգացում ապրեց քաղաքական, հրապարակախոսական բնույթի գրականությունը, հատկապես պոեզիան: Անցած ավելի քան 2,5 տասնամյակում գրական մամուլում տպագրված իմ բանաստեղծությունների բոլոր շարքերն սկսվում են մեր իրականության ստվերոտ կողմերին վերաբերող գործերով: Նույն սկզբունքով են կազմված նաև վերջին չորս գրքերս և նոր ժողովածուս, որը տպագրության կհանձնեմ այս տարի:
Չնայած խոսքի ազատությունը մեր երկրում վերածվել է ամենաթողության, գեղարվեստական գրականության առումով այն բավականին լուրջ արդյունքների է հանգեցրել:
Իսկ գրողի կարևոր պարտականություններից մեկը տվյալ ժամանակաշրջանի օբյեկտիվ արտացոլանքն ստեղծելն է՝ զերծ անհարկի ներբողներից ու պսևդոհայրենասիրությունից՝ լինելով իր երկրի լիարժեք քաղաքացին: Բարեբախտաբար, ժամանակակից գրողների շարքերում քիչ չեն այդպիսիները: