ՓՐԿԵՆՔ ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ նախաձեռնող խմբի անդամներս, դիմում ենք հայոց մտավորականությանը և բոլոր մտահոգ անձանց՝ հայտարարելով.

Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ՝ ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի:

Ո՞ւմ համար են կառուցվում այդ շենքերը, ի՞նչ հիմունքներով և ո՞ւմ փողերով:

Զարմանալիորեն մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձևակերպված է, որ Ծաղկաձորում երեք-չորս հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:

Առկա աղետից բացի, կան նաև տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել Հայանտառի համակարգից և սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ու ոչնչացման վտանգի տակ են:

Սիրելի՛ մտավորականներ, սիրելի՛ մտահոգ անձինք, մի տարի հետո ուշ կլինի, կավարտվի ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե ոչ՝ մեր թոռները Ծաղկաձորում ո՛չ ծաղիկ կգտնեն, ո՛չ ծառ…

Ուրեմն, հենց հիմա է պահը՝ հրավիրել մտավորականների համաժողով և դիմել Հայաստանի գրողների միությանը և ստեղծագործական բոլոր միություններին, որ մասնակցեն համաժողովին, որը կայանա հենց Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը՝ համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով կդիմի Ազգային ժողովին. շուտափույթ քննել արդեն վաղուց հասունացած խնդիրը և ընդունել օրենք՝ ԾԱՂԿԱՁՈՐԸ ՀՌՉԱԿԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը:

 

Մտահոգությամբ և հավատով՝

Հենրիկ Էդոյան,

Արտեմ Հարությունյան,

Մերուժան Տեր-Գուլանյան,

Մովսես Մանուկյան,

Աշոտ Օհանյան,

Ժիրայր Դադասյան։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.