Ոչ թե խոկալ, այլ տոկալ:
Ասացվածք
Մեծ է ներշնչանքի ուժը, շատ մեծ։ Կարող է մարդու վրա և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն ունենալ: Այդ մասին շատերն են գրել՝ բազմաթիվ օրինակներ բերելով: Վերջերս մի բան կարդացի, որը, հիշեցնելով վաղուց լսածս մեկ այլ բան, խորհրդածելու տեղիք տվեց:
Բեռնար Վերբերը պատմում է հետաքրքիր մի դեպքի մասին, որ վերնագրել է «Մտքի ուժը»:
20-րդ դարի 50-ական թվականներին Պորտուգալիայից մադերայի շշեր տեղափոխող անգլիական մի բեռնանավ ժամանում է Շոտլանդիայի նավահանգիստ։ Նավաստիներից մեկը մտնում է մթերքները սառը պահելու բաժին՝ ստուգելու, թե արդյո՞ք բոլոր շշերն են բեռնաթափվել: Այդ մասին չիմանալով՝ մյուս նավաստին դուռը դրսից կողպում է։ Ներսում փակված նավաստին ձայն է տալիս, գոռում, ամբողջ ուժով հարվածում պատերին ու միջնորմներին, բայց ոչ ոք նրան չի լսում: Նավը վերադառնում է Պորտուգալիա:
Բանտարկված նավաստին բեռնամթերքների բաժնում բավականաչափ ուտելիք և ջուր է գտնում: Բայց գիտեր, որ ցածր ջերմաստիճանի պայմաններում երկար չի կարող ապրել։ Նա վերցնում է մետաղաձողի մի կտոր և փակված օրերի ամբողջ ընթացքում իր ողջ էներգիան ծախսում է՝ ամեն օր, ժամ առ ժամ, միջնորմների վրա քերծելով. գրի է առնում այդտեղ անցկացրած իր տառապալից կյանքի պատմությունը:
Նավաստին գիտական ճշգրտությամբ էր նկարագրել իր ցրտահարվելն ու հոգեվարքը՝ ինչպես է ցուրտը կաշկանդում մարմինը, ինչպես է սառեցնում քիթը, ձեռքերի ու ոտքերի մատները, ինչ անտանելի է սառցակալած օդը…
Երբ նավը խարիսխ է գցում Լիսաբոնում, բեռնամթերքների բաժնում գտնում են մահացած նավաստուն։ Իսկ պատերին փորագրված էր նրա պատմությունը։ Բայց դա ամենազարմանալին չէր։ Օդի ջերմաստիճանը չափելիս նկատում են, որ ջերմաչափը ցույց է տալիս պլյուս 19 աստիճան։ Քանի որ նավը վերադառնում էր առանց ապրանքի, սառեցման համակարգը միացված չի եղել։ Նավաստին մահացել էր միայն այն պատճառով, որ կարծել էր, թե ցրտահարվում է։ Նա, փաստորեն, դարձել էր սեփական երևակայության զոհը։
Երբ կարդում էի Վերբերի այս պատմությունը, հիշեցի մեկ այլ դեպքի մասին, որ ժամանակին ինձ պատմել էին:
Խորհրդային Միության տարիներին Կիրովական (այժմյան Վանաձոր) քաղաքի մսի կոմբինատում նմանատիպ վիճակ է ստեղծվել: Կոմբինատի մի աշխատող, մտնելով մսի պահպանման հսկա սառնարաններից մեկը, հայտնվում է բանտարկման մեջ. գործընկերը դրսից փակում է դուռը՝ չլսելով նրա գոռոցներն ու աղմուկ-աղաղակը:
Բայց սառնարանում բանտարկվածին հաջորդ օրը մահացած չեն գտնում: Պատճառն այն է, որ նա ամբողջ փակված ժամանակ աշխատել էր՝ մսի կտորներն այս ու այն կողմ տեղափոխելով, հաղթահարելով քունը, որպեսզի չսառչի: Իհարկե, առողջական որոշակի լուրջ խնդիրներ ձեռք բերելով՝ նա կարողացել էր ողջ մնալ:
Հետևությունը մեկն է. անգամ ամենանեղ, անելանելի վիճակում պետք է գործել և մտածել գործ անելու, գործով անելանելի վիճակից դուրս գալու մասին: Եթե անգամ անհույս թվա ամեն մի ելք: Քանի որ վատագույնը միշտ կա ու կա:
Մեզ չներշնչենք, թե փրկություն չկա: Ամենաանհույս իրավիճակում էլ փորձենք անել այն, ինչ կարող ենք: «Ոչ թե խոկալ, այլ տոկալ»,- ասում են: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խոկալ՝ մտածել, այլ խոկալ գործելու մասին, որպեսզի կարողանանք տոկալ: Տոկալ, դիմակայել և գործել:
Հ.Գ. – Ներկայացրածս նկարն անվանելով «Մտածողը և գործողը»՝ հարկ եմ համարում նաև ասել, որ այս խորհրդածությունս առայժմ, ցավոք, դեռ սոսկ մտածողի խոկում է: