Կորոնիկ… Ահա այսպիսի անուն են հորինել երեխաներս այս սարսափելի վարակի համար: Բայց փաղաքշական այս ձևը հաստատ սրան չի սազում…
Բոլորիս թվում էր՝ սա էլ, իր մյուս «ցեղակիցների» պես, մի քիչ կզգաստացնի մեզ, մի քիչ կվախեցնի ու կհեռանա: Բայց, ցավոք, հիմնավորվեց ու այսօր իր նենգ «հունձն» է անում…
Արդեն հասցրել եմ ճաշակել իմ շրջապատից մի քանի սիրելի մարդկանց կորստի ծանր մղձավանջը…
Բայց հիմա ավելի շատ ուզում եմ խոսել կարևոր մի հարցի մասին, որն արդեն տևական ժամանակ է՝ ինձ հանգիստ չի տալիս: Այն մասին, թե ինչպես է այս համավարակը խարխլում մարդկային հարաբերությունների՝ նախկինում կանգնեցված հենասյուները, ու թե մենք ինչպիսի՛ ճիգերի շնորհիվ միայն կկարողանանք մեր ուսերին պահել այդ հարաբերությունների փլվող տանիքը, որ վաղը գոնե կարողանանք իրար աչքերի մեջ նայել:
Երևի երբևէ այսչափ խորությամբ չէի ընկալել, թե որքան կարևոր են ֆիզիկական շփումները մարդկային հարաբերություններում: Դրա կարևորության գիտակցումը մեր ընկալումների հարթակից ինքնաբերաբար դուրս էր մղվել՝ մեզ սթափեցնելու որևէ ջանք չգործադրելով, որովհետև դեռևս չկար նրա բացակայության աղետալի լինելու գիտակցումը մեր մեջ:
Մեր գենոֆոնդի ակունքներով դարերի ընթացքում մեզ փոխանցված տաքարյունությունն ու ջերմեռանդությունը, միմյանց հետ հարաբերվելու մեր «համայնքային» դրսևորումները, որով էլ տարբերվում ենք շատ ու շատ ազգերից, այսօր կանգնած է փորձության առջև, և այդ փորձության միակ թիրախը մենք ենք:
Ու մենք այսօր խոցելի ենք առավել, քան երբևէ: Որովհետև այս դժվարին իրավիճակը բոլորիս ստիպում է «շտկումներ» կատարել մարդկային շփումներում (նկատի ունեմ ֆիզիկականը), սակայն, մենք առավել, քան երբևէ, պատրաստ չենք դրան: Ու խարխլվում է մեր հոգու այն հիմնապատը, որի վրա կառուցել էինք հարաբերությունների «տունը»՝ չնայած այն բանին, որ վաղուց, արդեն տարիներ շարունակ, փայլուն դերակատարություն էինք ստանձնել վիրտուալ շփումների հարթակում. երբեմն նույնիսկ զավեշտի կամ անհեթեթության հասնող դերակատարություն…
Ու թվում է, թե մենք, առավել, քան երբևէ, պիտի պատրաստ լինեինք «դուրս մղելու» մեր հարաբերությունների ձևերից այդ «ֆիզիկական» կոչվող բաղադրիչն ու ապրել այս գերինֆորմացիոն ու գերքվանտային ժամանակաշրջանին բնորոշ մարդկային «հումքի» կարգավիճակով:
Բայց, ո՛չ…
Այսօր, երբ այսչափ արագորեն այս ու այն կողմ է տեղաշարժվում մեր կեցության առանցքը, հարկադրված ենք կրկին վերաձևակերպել ու վերաիմաստավորել մեր հարաբերությունների՝ նախկինում գործող ձևաչափը: Համավարակի իրավիճակում մենք ենթարկվում ենք հարաբերությունների այնպիսի ձևախեղման, որի ժամանակ շատ է դժվարանում զգալ մեր տեսակին պատկանող ուրիշ մեկի ջերմությունը, նրա էներգիան կամ աուրան: Մենք արդեն ապրում ենք բոլորովին այլ չափումներում, ուր հպանցիկ տևողությունները դառնում են դոմինանտ, և չենք հասցնում ժամանակին «ամրագրել» մեր զգացմունքները:
Ակներև է, որ այսպիսի ձևափոխությունների թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես մենք պատրաստ չէինք: Ու հենց այսպիսի իրավիճակներում է, որ կտրուկ մեծանում է հոգեկան «ցնցումների» հավանականությունը…
Մարդկային հարաբերությունների ֆիզիկական տարրի դուրս մղումը մեր իրականությունից հանգեցնում է մինչ այժմ գործող հարաբերությունների «պատուհանի» այնպիսի նեղացման, ուր մնացած ամեն բան լիարժեք չի տեղավորվում, ու մեզ կարող է թվալ թերի կամ անկատար: Հենց այստեղ է, որ այդ նույն, ոչ լիարժեքության ֆոնին, շատ հաճախ նույնիսկ մեզ համար անհասկանալի ձևով, ձևավորվում է «մեղքի զգացումի» համախտանիշն, ու կտրուկ նվազում է մեր ինքնիրացման գործակիցը:
Մենք, որ դարերով որդեգրել ենք մեր տեսակի հետ «առերեսվելով» ապրելու կեցույթը, այժմ հարկադրված ենք հարմարվել ավելի պասիվ մի մշակույթի, երբ դժվար է դառնում այլևս «ընդունել» դիմացինիդ էներգետիկ աուրայից քեզ փոխանցվող ազդակները, որոնք շատ կարևոր են հարաբերությունների ռեալ և ճիշտ գնահատման տեսանկյունից: Այսպիսի իրավիճակում մենք հայտնվում ենք և՛ զոհի, և՛ փրկչի դերում՝ բացառելով թե՛ զոհի, թե՛ փրկչի բացարձակ ընկալումն ուրիշների կողմից:
Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկային հարաբերությունների «կազմակերպման» ընթացքը միշտ կարող է ունենալ չնախատեսված իրավիճակներ, որոնք շատ հաճախ կարող են սկզբունքորեն հակադրվել մեր գլխում նախապես գծած մոդելին կամ ծրագրած որոշումներին ու ցանկություններին: Այս համավարակի պայմաններում մեզանից պահանջվում է ֆիզիկական շփումներում լինել ավելի զուսպ, և, ինքնին հասկանալի է, որ մենք գիտակցաբար, բայց միևնույն ժամանակ ընդդիմանալով տարիների ընթացքում ձեռք բերած և արդեն իսկ կարծրացած պայմանական ռեֆլեքսներին՝ փոխում ենք մեր ներքին ազատության վեկտորի ուղղությունը՝ նախապատվությունը տալով մեզանից պահանջվող առավել պասիվ բնույթի հարաբերություններին…
Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ մեզ մնում է տոկալ՝ չկորցնելու ամենաթանկը՝ Մեր Կողքի Մարդուն, և հուսալ, որ շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի, ու մենք կվերադառնանք շփումների հին ձևաչափին…