Դու էլ եկար ու գնում ես, 2022 թվակա՛ն:
Ի՞նչ ժառանգեցիր, ի՞նչ թողեցիր… կորուստներ ունեցար քո նախորդի պես, շռայլեցիր մեր համբերությունը, և նույն հենակը մնաց մեզ, մի կերպ ոտքի վրա մնալու հենակը՝ հույսը: Քո շռայլ խրախճանքները, ինքնասեր ու ամբարտավան պահվածքը, ժողովրդին խաբելու վարպետությունը, հավասարների մեջ անհավասար, ուժեղների մեջ թույլ լինելու տափուկ վիճակդ ողորմելի էր: Միակ թողածդ դասն այն եղավ, որ համոզեցիր՝ հայի ամենամեծ խաբեբան ու հարատևելու ակունքն իր հույսն է:
Այդ խաբկանքին հլու և գերի, ինձպեսների պես ես էլ փորձեցի հյուլեաչափ մասնաբաժին ունենալ հարատև երթին և հաղթահարելով պատերազմում ամոթալի, դավադիր, անհավատալի պարտության բերած ընկճախտը՝ փորձեցի դուրս պրծնել ընդարմացման ճիրաններից: Գրքեր հրատարակեցի, պիեսներիցս բեմադրվեցին, նոր ստեղծագործություններ, հոդվածներ գրեցի: Այսքանը կարողացա՝ չկարողանալով ըմբռնել, թե ո՞ր դարում, ինչպիսի՞ երկրում եմ ապրում: Հա՛, հենց այդպես:
Իմ ընկերներից բժիշկ Տիգրան Աբրահամյանը, որն իր սուղ միջոցներով, նվիրյալ ընկերների հետ, Կանադայում արդեն 15 տարի «Գեղարդ» կայքն է հրապարակում, օրերս խմբագրական էր գրել՝ «Փրկութեան երաշխաւորուած ուղին՝ հայրենադարձութի՛ւն»: Ես նրա հետ համաձայն եմ, բայց մի «աննշան» վերապահումով. այո՛, հայրենադարձությո՛ւն, բայց, առաջին հերթին՝ Հայաստանում բնակվողներիս համար: Հեռացանք հայրենիքից, այնքան հեռացանք, որ սերմն իր ծիլը չի ճանաչում, ծիլը՝ արմատը, հողը խռովել է երկրագործից, երկրագործն՝ Աստծուց, Աստված՝ բոլորիցս: Կարդացեք Ավետարանի յոթ մեղքերը, էն ո՞րը չի մեր հագով:
160 միլիոն տարի Երկիր մոլորակի վրա գերիշխած դինոզավրերը տարերային աղետից ոչնչացան: Այս ի՞նչ հուժկու աղետ է անցնում իմ երկրի վրայով, որ վերացնում է այն ամենն, ինչն ազգային է: Անում ենք այն, ինչ մեր թշնամիներն են ցանկացել: Քայքայվում ենք ժանգոտած երկաթի պես: Թշնամին կրկին սպառնում է, իսկ մենք դեռ սև-սպիտակի գզվռտուքի մեջ ենք:
Ինձ ինքն իր շվաքից վախեցած ասեք, հոռետես ասեք, ասեք, որ կույր եմ, չեմ տեսնում մեր վառ ապագայի ցոլքերը, բայց որտե՞ղ է, ո՞ւր է այն Արևը, որը վաղվա լուսաբացն է ավետելու: Բանական ու բնական օրենքներից դուրս գոյատևում ենք:
Ամանոր է: Ինչպես միշտ՝ բարեմաղթանքների հորձանք: Ես էլ եմ բարեմաղթում.
- Հայրենադարձվե՛նք: